Շռայլող աղքատի հոգեբանությամբ Էներգարդյունավետության ծրագիրը կկարողանա՞ մի բան փոխել – Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների  արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1- 4 ցենտին համարժեք դրամ – ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է…

Հայաստանի Հանրապետությունը հարուստ երկիր է: Գիտենք՝ ինչով: Հայաստանի Հանրապետությունը աղքատ երկիր է՝ բնակչության կենսամակարդակի տեսանկյունից: Եվ աղքատ լինելով՝ հարուստին հարիր շռայլություն է իրեն թույլ տալիս՝ էլէներգիայի ծախսի առումով: Պատճառը միայն սովետական հոգեբանությունը չէ: Այսօրվա փաստը այդ պատճառի հետեւանքն է (այստեղ արդեն դադարում ենք հոգեբանության մասին խոսել). թեկուզ խորհրդային տարիներին կառուցված բնակֆոնդի գերակշիռ մասը. բազմաբնակարան շենքեր, որոնք այնպես են կառուցվել, որ ոչ մի «գրամ» էլէներգիա ու ջերմություն խնայելու հնարավորություն չլինի: Վայն եկել-տարել է նրանց, ովքեր սովետական այդ շենքերում այսօր նույնիսկ չեն հասցրել վերացնել սովետական թեկուզ ներքին հետքերը, ասենք՝ ապրում են քամուց բացվող, լավ չնստեցրած պատուհաններով տանը: Դե արի ու էներգիա խնայիր: Եվ այդ տանը ապրողը ինչքան էլ ցանկանա էներգիախնայող լինել, չի կարող:

Ինչեւէ, մասնավոր դեպքերից գանք պետական մասշտաբի:

Վերականգնվող էներգետիկային առնչվող խնդիրները քննարկելիս մեկ բան հաստատ կարող ենք նշել. այլընտրանքային էներգաղբյուր է համարվում նաեւ էներգախնայողությունը: Սրան մասնագետները լուրջ են վերաբերում եւ վստահ են, որ որոշ ոլորտներում էներգախնայողության մակարդակի բարձրացմամբ կարող են զգալի առաջընթաց ապահովել:

Աշխարհի զարգացած շատ երկրներ անցյալ դարի վերջին տասնամյակների էներգետիկական ճգնաժամային պայմաններում ձեռնամուխ եղան խիստ թերի օգտագործվող սեփական վառելիքաէներգետիկ աղբյուրների էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Այս ընթացքում բացահայտվեցին տնտեսությունում օգտագործվող տեխնոլոգիական գործընթացների անկատարությունը էներգետիկական տեսակետից եւ դրանցում առկա էներգախնայողության մեծ ներուժը: Զարգացած երկրներում այսօր արտադրության ծավալների աճի համար անհրաժեշտ էներգապաշարների գերակշռող մասը լրացվում է էներգախնայողության հաշվին: Հայաստանը, տնտեսական կառուցվածքով եւ տրամաբանությամբ լինելով հետխորհրդային երկիր, էներգախնայողության մասով շատ բան ունի անելու, եթե հակիրճ, ապա՝ տնտեսական սպառման հոգեբանությունից պետք է անցնենք խնայողական հոգեբանության:  

Հայաստանի տնտեսության եւ էներգետիկայի կայուն զարգացումն ու անկախության ապահովումը պետք է հիմնվի էներգասպառման բոլոր ճյուղերում էներգաարդյունավետության բարձրացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման ռազմավարության ու ծրագրի վրա:

Երբ մեր երկրում նոր-նոր էր խոսվում էներգախնայողության՝ իբրեւ վերականգնվող էներգիայի աղբյուրի մասին, մասնագետները նկատում էին, որ մենք տնտեսության շատ ճյուղերում էներգախնայողության ներուժ ունենք: Դեռ 2010թ. հաշվարկում էին, որ, ասենք, էներգախնայողության ներուժ կա տրանսպորտային ոլորտում: Հանրապետության ավտոտրանսպորտում շարժիչային վառելիքի խնայողության ներուժը 2010թ. համար գնահատվում էր 293,4-ից մինչեւ 307,6 ՏՋ չափով՝ տրանսպորտային միջոցների քանակի, համապատասխանաբար, 20% եւ 30% աճերի դեպքում: Այս շրջանում էներգախնայողության միջոցառումներ համարվեցին  ասենք, լուսացույցների աշխատանքի կարգավորումը, հին տրանսպորտային միջոցների փոխարինումը նոր էներգաարդյունավետ միջոցներով, հեղուկ եւ սեղմած գազի օգտագործումը դիզելային վառելիքի եւ բենզինի փոխարեն, ավտոճանապարհների բարելավումը:

Էներգախնայողության ներուժ կա Հայաստանի բնակելի հատվածում. այն ջեռուցելու համար ջերմային էներգիայի տարեկան պահանջարկը կազմում է 11,15 մլն. Գկալ: Շենքերի ջերմամեկուսացման բարեփոխմամբ ջերմային էներգիայի ծախսը տնտեսապես ձեռնտու է նվազեցնել առնվազն 30%-ով: Այս դեպքում բնակելի սեկտորի ջեռուցման էներգախնայողության ներուժը տարեկան կկազմեր 3,35 մլն.Գկալ: Քաղաքացիական նշանակության շենքերի ջեռուցման էներգախնայողության ներուժը ջերմամեկուսացման բարեփոխումից տարեկան գնահատվում էր 0,67 մլն. Գկալ մեծությամբ:

Այս ընթացքում լուսանցույցներն են փոխվել, ամբողջովին ջերմամեկուսացված շենքերի օրինակներ կան եւ այլն: Վերջնարդյունքի տեսակետից ընթացքը, ճիշտ է, դանդաղ է: Թերեւս ամենակարեւորն այն է, որ էներգախնայողության հետեւանքով մթնոլորտային արտանետումների ծավալն է կրճատվում:

Հավելենք, որ մենք էներգախնայողության ներուժ ունենք հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում, նաեւ կենցաղում: Երբ մեր պետությունը փոքր ու միջին ձեռներեցության աջակցման ծրագիր է մշակում, վարկավորման առաջնայնություն է տալիս այն ձեռներեցներին, ովքեր էներգաարդյունավետ մեխանիզմներ կիրառելու պատրաստակամություն ունեն:

Մեր էներգախնայողության խթանմանն ուղղված հիմնական փաստաթղթերից մեկը «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ծրագիրն» է՝ հավանության արժանացած 2010թ. կառավարության որոշմամբ: Ըստ այդ ծրագրի սահմանվել են գործողություններ տասնամյա հեռանկարում՝ 2011-2020թթ., էներգախնայողության խթանման համար: Միաժամանակ սահմանվել էր փուլային մոտեցում, որպեսզի անհրաժեշտության պարագայում այդ գործողություններն ու համապատասխան թիրախները վերանայվեին, փոփոխված իրավիճակի գնահատման արդյունքում նոր գործողություններ եւ թիրախներ սահմանվեին: Ըստ այդմ էլ սահմանվեց 2017-2018թթ. էներգախնայողության գործողությունների ծրագրի (ԷԳԾ) 2-րդ փուլը:

Ինչո՞վ էր պայմանավորված սրա անհրաժեշտությունը: Ըստ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության, նախ՝ մեր երկրում սպառվող առաջնային էներգակիրների շուրջ 2/3-ը ներկրվում է, ինչն ինքնին խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը՝ հաշվի առնելով ՀՀ աշխարհաքաղաքական իրավիճակը: Էներգաարդյունավետության խթանումը կկրճատի առաջնային էներգիայի պահանջարկը՝ համամասնորեն կրճատելով նաեւ ներկրվող վառելիքի ծավալները:

Եվ հետո՝ էներգակիրների գնաճը սոցիալական խնդիրներ է առաջացնում, ինչն այսօր շատ ցավոտ հարց է:

Վերջին տասնամյակում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գներն աճել են 83-198%-ով, իսկ բնական գազի գները՝ 164-250%-ով: Ու եթե հաշվի առնենք, որ պետությունը մեծածավալ սուբսիդավորում է արել այդ թանկացման հետեւանքները բնակչության խոցելի խավի մասով մեղմելու համար, պարզ կդառնա՝ թե դա ինչ է երկրին արժեցել: Մինչդեռ, ինչպես համոզված են նախարարությունը, էներգաարդյունավետության խթանների կիրառման պարագայում այդ ծախսերի անհրաժեշտությունը կարող էր նվազել:

Սրան հավելենք, որ տնտեսության էներգատարությունը եւ էներգակիրների գների աճը մրցունակության խնդիրներ են առաջ բերում: Այն դեպքում, երբ միավոր արտադրանքի մեջ էներգիայի սպառման կրճատումը կբերի մրցունակության բարձրացման եւ ինքնարժեքի կայունության՝ սակագների հնարավոր աճի պարագայում:

Եթե ԷԳԾ-2-ն իրագործվի, ապա 2020թ. ակնկալվող թիրախային էներգախնայողությունը գնահատվում է գումարային 40 մլրդ կՎտժ՝ 2010-2020թթ. ժամանակահատվածում, ընդ որում, անհրաժեշտ ներդրումները հիմնականում (1,65 մլրդ ԱՄՆ դոլար) արդեն նախատեսված կամ հատկացված են միջոցառումների իրականացման համար՝ տարբեր ծրագրերի միջոցով: Էներգախնայողության միջոցառումներով ՀՀ վերջնական էներգասպառումը կարող է կրճատվել 37,4%-ով, որը համադրելի է էներգիայի առաջարկի հնարավոր պակասուրդին:

Նախարարությունից տեղեկանում ենք նաեւ, որ հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների  արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1-4 ցենտին համարժեք դրամ, մինչդեռ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է:

Թե էներգախնայողությանն ուղղված ինչ միջոցառումներ ենք անելու այս եւ հաջորդ տարում, կխոսենք հաջորդիվ (ի դեպ, դրանք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում էլ եմ ներկայացրել): Բայց որ այդ միջոցառումներն անհրաժեշտ են տնտեսական զարգացումն ապահովելու պայմաններ ստեղծելու համար, միանշանակ է:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։