«Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին… Արտաքին կապեր… Հաստատվում եւ ընդլայնվում են մայրաքաղաքի գործընկերային հարաբերությունները… Երեւանը՝ աշխարհի տարբեր վարկանիշային աղյուսակներում…

Սկիզբը՝ թիվ 7-13-ում

Արտաքին կապեր

Երեւան քաղաքի արտաքին կապերի ոլորտում իրականացվող աշխատանքների գլխավոր նպատակը Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ճանաչելիության բարձրացումն է, դիրքավորումն ու հեղինակության կառավարումը տարբեր երկրների եւ դրանց բնակչության շրջանում: Այդ համատեքստում տարբեր քաղաքների եւ շրջանների, ինչպես նաեւ միջազգային կառույցների եւ կազմակերպությունների հետ կապերի ստեղծումն ու զարգացման աշխատանքները ակտիվորեն շարունակվել են նաեւ 2016թ.:

Հաստատվում եւ ընդլայնվում են մայրաքաղաքի գործընկերային հարաբերությունները:

– 2016թ. դրությամբ Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է ավելի քան 5 տասնյակ քաղաքների եւ շրջանների հետ:

– Ընդլայնվել են գործընկերային կապերը միջազգային եւ տարածաշրջանային կառույցների հետ:

– Ավելի քան 30 գործընկեր քաղաքների պատվիրակություններ համագործակցության շրջանակներում այցելել են Երեւան:

– Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երեւան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

– Երեւանում անցկացվել են Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի օրեր:

– «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում մայրաքաղաք են ժամանել շուրջ 20 գործընկեր քաղաքների պատվիրակություններ:  

– Երեւանում առաջին անգամ կազմակերպվել է արտաքին գովազդի միջազգային «YOAF 16» փառատոնը, որը համախմբել է տարբեր քաղաքների ոլորտի պատասխանատուներին, գովազդի ոլորտում հայաստանյան եւ միջազգային փորձագետների, խոշոր կազմակերպությունների արտ-տնօրենների։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են համաժողով, կլոր սեղաններ, վարպետության դասեր։

– Միջազգային «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) գործակալության հանրային ֆինանսների բնագավառում Երեւանին շնորհել է B+ (կայուն վարկանիշ)։ Նման վարկանիշի առկայությունը միջազգային խոշոր ներդրողների կողմից Երեւանում ուղղակի ներդրումներ կատարելու վերաբերյալ որոշումներ ընդունելիս կարող է կարեւորագույն խթանիչ գործոն լինել։

* * *

Ակտիվացվել է Երեւանի համագործակցությունը ԼՂՀ քաղաքների, շրջանների եւ ՀՀ մարզերի ու համայնքների հետ: Երեւանը շարունակել է տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերը ԼՂՀ շրջանների եւ քաղաքների հետ:

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվում է «Ազատամարտիկների» պուրակը:

Երեւանը՝ աշխարհի տարբեր վարկանիշային աղյուսակներում

Արդի քաղաքների կայուն զարգացումն իր արտացոլումն է գտնում միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակներում ու անվանակարգերում: Վերջին տարիներին Երեւանում գրանցվող զարգացումները բացառիկ են այն առումով, որ Հայաստանի մայրաքաղաքը միաժամանակ մի քանի հեղինակավոր վարկանիշային աղյուսակներում հայտնվեց՝ գերազանցելով տարածաշրջանային եւ եվրոպական զարգացած մի շարք քաղաքների, ինչպես նաեւ գրավելով միջազգային հանրության, զբոսաշրջիկների եւ ներդրողների ուշադրությունը:

Երեւանը՝ կայուն զարգացող քաղաք – ըստ «Ֆիչ Ռեյթինգս»-ի գնահատման

2016թ. միջազգային «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) հեղինակավոր գործակալությունը Երեւան քաղաքն առաջին անգամ դասակարգեց քաղաքների վարկանիշային աղյուսակում, այն էլ՝ B+ (կայուն վարկանիշ) անվանակարգում: Նման վարկանիշի առկայությունը կողմնորոշիչ կարեւոր գործոն կարող է լինել միջազգային խոշոր ներդնողների համար Երեւան քաղաքում ուղղակի ներդրումներ կատարելու որոշման հարցում:

Երեւանը մատչելի քաղաք՝ ապրելու եւ աշխատելու համար – ըստ «Ֆասթքամփնի»-ի գնահատման

2016թ. գործարար աշխարհում հայտնի «Ֆասթքամփնի» (Fastcompany.com) հեղինակավոր պարբերականը հրապարակեց ապրելու եւ աշխատելու համար աշխարհի 10 ամենամատչելի

քաղաքների ցանկը, որը ներառում է նաեւ Երեւանը: «Քաղաքում արձանագրված տնտեսական վերելքը Երեւանի սրճարանները լցրել է օտարերկրյա աշխատակիցներով»,- գրում է պարբերականը:

Տասնյակում են ընդգրկվել նաեւ Բանգկոկը (Թաիլանդ), Բալին (Ինդոնեզիա), Բելգրադը (Սերբիա) եւ այլ  քաղաքներ:

Երեւանը հարմարավետ քաղաք՝ կյանքի որակի տեսանկյունից – ըստ «Մըրսըր»-ի գնահատման

2016թ. «Մըրսըր» (Mercer) միջազգային խորհրդատվական ընկերությունը Երեւանն ընդգրկեց աշխարհի այն քաղաքների ցուցակում, որոնք առավել հարմարավետ են ապրելու տեսանկյունից։ Ընտրության չափանիշներն են եղել կրթության հնարավորությունները, հանցավորության մակարդակը, հանգստի կազմակերպումը, քաղաքական կայունությունը, տրանսպորտը, բնապահպանությունը եւ այլն։

Հայաստանի մայրաքաղաքը «Quality of living» վարկանիշում է, որում ընդգրկված են աշխարհի 230 քաղաքներ։ ԱՊՀ քաղաքներից ցանկում են նաեւ Վիլնյուսը (Լիտվա), Տալինը (Էստոնիա), Ռիգան (Լատվիա), Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը (Ռուսաստանի Դաշնություն):

Երեւանը՝ Եվրոպայի հնագույն քաղաք – ըստ «ԴըԹելեգրաֆ»-ի գնահատման

2016թ. բրիտանական հեղինակավոր «Դը Թելեգրաֆ» պարբերականը (The Telegraph) հրապարակել է Եվրոպայի 16 հնագույն քաղաքների ցանկը, որոնք արժե կյանքում գոնե մեկ անգամ այցելել: «Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկայիս մայրաքաղաքն Ասիայից դեպի Եվրոպա ընկած ճանապարհին կարեւոր առեւտրային կանգառ է եղել։ Այն ենթարկվել է հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի, իսկ ավելի ուշ՝ 1920թ., խորհրդային Կարմիր բանակի ներխուժումներին»,- գրել է պարբերականը Երեւանի մասին՝ աղյուսակում առաջարկների հատվածում ավելացնելով Հայաստանի մայրաքաղաքը:

Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում են հայտնվել նաեւ Զադարը (Խորվաթիա), Լիսաբոնը (Պորտուգալիա), Աթենքը (Հունաստան), Հռոմը (Իտալիա) եւ այլն:

Երեւանը արագ զարգացող քաղաք՝ էլեկտրոնային կառավարման տեսանկյունից – ըստ «Ռաթգրս»-ի գնահատման

2003թ. ի վեր ԱՄՆ-ի հեղինակավոր «Ռաթգրս» (Rutgers) համալսարանը հրապարակում է աշխարհի քաղաքների գնահատման ցանկը՝ էլեկտրոնային կառավարման տեսանկյունից:

2014թ. ի վեր Երեւանը վարկանիշային աղյուսակում առաջատար դիրքերում է, ընդ որում, էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երեւանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով աշխարհի 100 խոշոր քաղաքների շրջանում՝ 1-ին հորիզոնականում: Ցուցակում ընդգրկված են նաեւ Սեուլը (Կորեա), Նյու Յորքը (ԱՄՆ), Հոնկոնգը (Չինաստան), Սինգապուրը (Սինգապուր):

* * *

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդն է

Զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 136 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը: Այս մասին նշված է «Զբոսաշրջության եւ ճամփորդությունների մրցունակության զեկույց 2017»-ում, որը պատրաստվել եւ հրապարակվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը անվտանգության պայմաններով զբաղեցնում է 34-րդ տեղը, առողջապահության եւ հիգիենայի մակարդակով՝ 48-րդ տեղը, մարդկային ռեսուրսների եւ աշխատուժի մասով՝ 45-րդ տեղը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների ենթակառուցվածքների մասով՝ 71-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշները վատ են միջազգային թափանցիկության առումով՝ 95-րդ տեղը, գների մատչելիության մասով՝ 80-րդ տեղը, էկոլոգիական կայունությամբ՝ 102-րդ տեղը, ավիացիոն ենթակառուցվածքների մատչելիությամբ՝ 88-րդ տեղը, մշակութային ռեսուրսների եւ գործարար այցերի մասով՝ 99-րդ տեղը եւ բնական պաշարների հարստությամբ՝ 89-րդ տեղը:

Այս ցուցանիշներից յուրաքանչյուրն ունի մի շարք այլ բաղադրիչներ, որոնցով պայմանավորված ձեւավորվում է վերջնական գնահատականը: Նշենք, որ մրցունակությամբ Հայաստանին գերազանցում են Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար՝ 70 եւ 71-րդ տեղերը: Այս ցուցանիշով առավել մրցունակ են Ռուսաստանը եւ Թուրքիան, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար՝ 43 եւ 44-րդ հորիզոնականները:

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։