Իշխանական մրցակցության ընթացքը – ՀՀԿ-ում սուր պայքար է ընթանում ոչ միայն այն հարցով, թե համա-մասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան ԱԺ-ից, այլ նաեւ՝ թե ովքեր կարող են ակնկալել խորհրդարանի ու կառավարության  ղեկավար պաշտոնների աթոռները…

ՀՀԿ-ականները, ովքեր ընտրացուցակով առաջադրվել էին պատգամավորության թեկնածուներ, դեռ անհանգիստ են, քանզի հայտնի չէ, թե վերջնականապես ովքեր են մնալու որպես պատգամավորներ, ովքեր են դիմումներ գրելու իրենց տեղը զիջելու համար: Այս սպասումների կրակի վրա յուղ լցրեց նաեւ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի հետաձգումը՝ կապված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ՍԴ դիմելու խնդրի հետ, որտեղ քննարկվելու է ընտրությունների օրինականության հարցը:

ՀՀԿ-ականները, իհարկե մտավախություն չունեն, որ նշյալ խնդիրը լուծելի է, քանի որ միջազգային եւ տեղական դիտորդների գնահատականները առավելապես դրական են ու ընտրությունները ճանաչվել են ազատ եւ լավ կազմակերպված: Սակայն, մայիսի 14-ին նշանակված Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները, ԱԺ նիստի նախօրեին, նոր բարդություններ է առաջ բերել, կապված այդ ընտրացուցակի լուծումների հետ եւս:

Նաեւ սպասումներ կան, թե ովքեր կմնան գործադիրում՝ ակնկալելով նախարարական պաշտոններ, ովքեր կանցնեն խորհրդարանական գործունեության, ինչը եւս վերջնականապես հայտնի չէ: Այստեղ հայտնի է սակայն, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի վերընտրվի իր պաշտոնում, որի հավակնորդները մի քանիսն են, այդ թվում՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Գալուստ Սահակյանն, իհարկե, չի ընդդիմանա, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քանի որ գիտակցում  է հետագա բարդությունները: Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով դեռ Արտաշատի քաղաքապետն է, իր աներոջ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ երեւի կմնա որպես «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր… Իսկ Գալուստ Սահակյանն ինքը պիտի մտածի, որ բարդությունները ոչ միայն իրեն չվնասեն, այլեւ՝ բարեկամական կապերով չանցնեն նախկին պատգամավոր եւ գործարար Աշոտ Աղաբաբյանին եւ իր որդուն՝ Արման Սահակյանին: Ով պատգամավոր է ընտրվել, որ դեռ հարցեր ունի՝ կմնա՞ որպես պատգամավոր, թե՞ կվերադարձնեն պետգույքի տիրույթ: Հայտնի է, որ մեկ տարի հետո այդ վարչությունը լուծարվելու է:  

Իսկ ԱԺ նախագահի այլ թեկնածուներ էլի կան՝ Կարեն Կարապետյանը՝ «Տաշիրի» Սամվել Կարապետյանի եղբայրը, ով նախկինում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր եւ ում թեկնածությունը պաշտպանում է վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպեսեւ՝ ՀՀ նախագահի Վերահսկողության վարչության  պետ Ֆելիքս Ցոլակյանը: Վերջնական որոշում կայացնողը Սերժ Սարգսյանն է լինելու, իհակե, ով նշյալների հետ դիտարկելու է նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը:

Այլ կանխատեսում էլ կա. ՀՀԿ ընտրացուցակի առաջին եռյակը տրոհվելու է. Վիգեն Սարգսյանը կնշանակվի ԱԳ նախարար, դա կախված է 2018թ. աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երկրների 17-րդ գագաթնաժողովից, Տարոն Մարգարյանը կվերընտրվի Երեւանի քաղաքապետ, եւ միայն Արփինե Հովհաննիսյանը կմնա ԱԺ-ում, բայց քիչ հավանական է, որ ընտրվի ԱԺ նախագահ:

Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարող է նշանակվել պաշտպանության նախարար, սակայն դա եւս պարզ կլինի 2018թ., եթե նախագահ Սերժ Սարգսյանը չարագացնի փոփոխությունների ընթացքը: Իսկ Ֆրանկոֆոնիայի երկրների հայաստանյան միջոցառման հեղինակը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը թերեւս վերադառնա Եվրոպա եւ զբաղվի իր նախկին գործունեությամբ:

ՀՀԿ-ում սուր պայքար է ընթանում ոչ միայն այն հարցով, թե համամասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան ԱԺ-ից կամ կառավարությունում պաշտոն ստանան, այլ նաեւ՝ թե ովքեր կարող են ակնկալել ԱԺ նախագահի, փոխնախագահի, կամ հանձնաժողովի նախագահների ու միջազգային կառույցներում ՀՀ պատվիրակությունների ղեկավարների տեղերի համար պայքարը։ Ու քանի որ ԱԺ հանձնաժողովները կրճատվելու են, մրցակցությունն ավելի է մեծացել: Տնտեսական հանձնաժողովի նախագահի աթոռի համար Հերմինե Նաղդալյանն է պայքարում, ով այլեւս չի հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին, իսկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի աթոռին ձգտում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Ինչպես երեւում է՝ տխրության շղարշը ոչ միայն պարտված ընդդիմադիրներին է պատել, այլ պատելու է նաեւ հաղթանակած մի շարք ՀՀԿ-ականների…

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։