Գլխավոր ու միակ ընդդիմության ախտանիշը – ՀԱԿ-ը ընդդիմության առաջատարի կարոտախտում… Հավատալն անշուշտ դժվար է, երբ նայում ես այս կառուցի անդամների՝ մեր դաժան օրերում անցած առուծախի ճանապարհը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ –Դրա պատասխանն էլ ցույց տվեց ժողովուրդն իր քվեարկությամբ…

Խորհրդարանական ընտրություններում պարտված եւ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցող ՀԱԿ-ը շարունակում է փորձերը՝ մնալ որպես միակ ընդդիմություն: Եթե նախկինում ՀԱԿ-ը փորձում էր իր շուրջը համախմբել ընդդիմադիր դաշտը, ինչը եւս տապալվեց, ապա այժմ փորձում է ստվեր գցել մյուս ընդդիմադիրների վրա, հատկապես խորհրդարան մտած ուժերի:

«Մենք Հայաստանում հասել ենք նրան, որ մարդիկ զանգվածաբար հասկանում են, որ մեր դաշինքն առաջարկելով խաղաղության ծրագիրը, ցանկանում է իրենց ազատագրել թշվառությունից, աղքատությունից, անհեռանկար փակուղուց, զինվորների կյանքի համար մշտական մտավախությունից»,- ԱԺ ընտրություններում պարտություն կրելուց առաջ ասել էր ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու  Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ իրենք ուզում են ժողովրդին վերադարձնել հանգիստ, հավատ սեփական ուժերի, հեռանկարի, զարգացման նկատմամբ: Ինչին հավատալը, անշուշտ, դժվար է, երբ նայում ես այս կառուցի անդամների անցած ճանապարհը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ինչն էլ ցույց տվեց ժողովուրդը իր քվեարկությամբ...  

Այս գործչի խոսքերով, ժողովրդի մի զգալի հատվածում դեռ կա շփոթ, թե ինչ չափանիշներով պետք է ղեկավարվեն ընտրություններին: Ինչեւէ, նա համարում է, որ իրենք են այն ուժը, որը «ժողովրդական շարժման դրոշակակիրն է, արմատական փոփոխությունների պահանջով պայքարող քաղաքական ուժը, եւ շարունակում է մնալ այդպիսին»: Բայց պարզվեց, որ այդ ուժը չի կարողանում «իրենց հետեւորդ» հազարավոր մարդկանց հանել փողոցներ, տանել երթի նախկին ուժգնությամբ: Չնայած, պիտի շեշտենք, որ նախկինում էլ ընդդիմությունը աջակցել ու մասնակցել է երթերին ու հանրահավաքներին, ինչը ՀԱԿ-ը վերագրում է բացառապես իրեն… Բայց չէ, նրանք դեռ շարունակում են նույնն անել: «Այս հարցում, կարծում եմ, արդեն բոլորիդ համար էլ ակնհայտ է, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը մրցակից չունի»,- ասել էր դաշինքի պատգամավորության թեկնածուն:

«Կոնգրեսի դեմ շատ լուրջ քարոզչություն է տարվում այսպես կոչված ընդդիմադիրների կողմից»,- նախընտրական հանդիպումների ժամանակ մյուս ընդդիմադիրներին հարվածում էր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը, ով փորձում էր համոզել մարդկանց, թե դաշինքի օգտին չքվեարկելու դեպքում «իրենց ձայնը փոշիանալու է»: Բայց ստացվեց այնպես, որ «ժողովրդի հիշողությունը կարճ է» թեւավոր դարձած խոսքը այս անգամ բումերանգ եղած հարվածեց ՀԱԿ-ի կամ նախկին ՀՀՇ-ի «միակ ընդդիմադիրներին»: Իմիջիայլոց, այս բումերանգը առաջին անգամ հարվածեց նաեւ ՀՎԿ-ին կամ նախկին ՕԵԿ-ին՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ով դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից ջահել-ջահել գալիս էր նրան փառաբանելով, նրա մասին գրքեր գրելով, հետո նաեւ հաջորդ նախագահների հերթը եկավ՝ Ռոբերտ Քոչարյանի, ապաեւ՝ Սերժ Սարգսյանի…

Լեւոն Զուրաբյանը ավելի շատ «Ելք» դաշինքի մասին էր խոսում՝ երեւի թե այն դիտարկելով իրենց փոխարինող ուժ խորհրդարանում, ինչպեսեւ եղավ: «Իրականում, հաճախ շատ ավելի լեգիտիմ է լինում այն ընդդիմությունը, քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանից դուրս են, քան այն ուժերը, որոնք այնտեղ ներկայացված են: Դա այդպես է լինում հենց այսպիսի դեպքերում, երբ տոտալ ընտրակեղծարարությամբ աղավաղվում է ժողովրդի կամքը»,- ասել է նա՝ հավելելով, որ «Ելք»-ը վերահսկվող ընդդիմություն է համարում:

Եվ այսպես, իրենց միակ ընդդիմություն համարող ուժը դիմել է ԿԸՀ եւ ՍԴ՝ բողոքարկելու ԱԺ ընտրության արդյունքները: Նշվել է, որ իրենք դիմում են ՍԴ, որպեսզի հայ հասարակությունը, միջազգային հանրության տեղյակ լինի, թե Հայաստանում ինչ է կատարվում, «այս կամակատար ՍԴ-ի, ԿԸՀ-ի հետ որեւէ հույսեր չենք կապում, պատրանքներ չունենք, որ ինչ-որ բան կարող է այնտեղ լինել, բայց գոնե մեր փաստարակները, ապացույցները կներկայացնենք, դա կֆիքսվի, ստիպված պետք է պատասխաններ տան: Առաջիկայում ՀԱԿ-ը կորոշի իր անելիքները. «Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ հասկանանք՝ ինչ նոր քաղաքական իրավիճակում ենք հայտնվել, ինչ վերադասավորումներով, վերախմբավորումներով, վերաիմաստավորումներով, պիտի շարունակել պայքարը Հայաստանում»,- ասել է ՀԱԿ-ական գործիչը, ում վերջին խոսքերը լուրջ ընկճախտի մասին են խոսում:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։