Երեւանյան ընտրությունները՝ ավելի հաշվարկելի եւ ավելի պարտավորեցնող – Ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ… Փաստորեն, Երեւանի գործող քաղաքապետը բոլոր հնարավորություններն ունի վերընտրվելու – այստեղ պարզապես մի հարց պիտի լրացուցիչ լուծվի, ո՞վ կդառնա մայրաքաղաքային ընդդիմություն եւ ի՞նչ հնարավորություններով…

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն տեղեկություններ է հրապարակել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի եւ այլ տվյալների վերաբերյալ:

ԿԸՀ-ն ձեւավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Ընտրությունների անցկացման համար Երեւանում ձեւավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով: 1-ին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, 2-րդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, 3-րդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, 4-րդը՝ Արաբկիր վարչական շրջանը, 5-րդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, 6-րդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, 7-րդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, 8-րդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, 9-րդը՝ Նորք-Մարաշ եւ Կենտրոն վարչական շրջանները, 10-րդը՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները:

Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում գրանցվել է (երեկվա դրությամբ) դիտորդական առաքելություն իրականացնող 1 հ/կ՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն (147 դիտորդ): Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Երեւանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար կարող են ԿԸՀ դիմել մինչեւ ապրիլի 29-ը ներառյալ:

Ընտրությունները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները եւս ԿԸՀ կարող են դիմել մինչեւ ապրիլի 29-ը ներառյալ: Այս պահի դրությամբ Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ-ում գրանցված լրատվամիջոցներ չկան:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ԿԸՀ-ին տեղեկատվություն է ներկայացրել Երեւանում ընտրողների թվաքանակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 841 հազար 973 ընտրող:  

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեին մինչեւ ապրիլի 9-ը: Մասնակցելու հայտ է ներկայացրել Հանրապետական կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը եւ «Ելք» դաշինքը:  Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

Ըստ որոշ փորձագետների, իշխանության շանսերն ամենամեծն են առկա վիճակում, հատկապես գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի պարագայում, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակի 2-րդ հորիզոնականում էր: Սակայն, իշխանության հաղթանակը անվիճելի չեն համարում:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմոկրատական կեցվածքը ստիպել է արեւմտամետ տրամադրվածությամբ մարդկանց, մի ստվար զանգվածի քվեարկել ՀՀԿ-ի օգտին, ինչը թերեւս կշարունակվի նաեւ այս ընտրությանը: Ըստ նրա, Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցելը նվեր է «Ելք»-ին, Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ԲՀԿ-ի չմասնակցելը ամենազարմանալին է նրա համար: Բայց այս առումով քաղտեխնոլոգը նկատել է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն չէր վերադառնա, «եթե չլիներ 2018թ. հայտնի իրադարձությունը, այժմ՝ չմասնակցելով Երեւանի քաղաքապետի ընտրություններին՝ իրեն ապահովագրեց նոր հնարավոր անհարմար իրավիճակներից»:

«Ծառուկյան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է, որ դաշինքը կազմավորվել էր ԱԺ ընտրությունների նախաշեմին, եւ «հանրությանը ներկայացել էր գրագետ մշակված ծրագրով եւ առաջարկությունների փաթեթով, ուստի, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երեւանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր ու պատշաճ ծրագիր»:

«Ժառանգության» չմասնակցելը, արդեն ԱՄՆ-ից, Րաֆֆի Հովհաննիսյանը կապեց իբր ընդդիմությանը կրկին չմասնատելու հետ, բայց կուսակցության ամենաակտիվ գործիչներից Արմեն Մարտիրոսյանը ուղղակի զրկվեց կրկին ավագանու անդամ վերընտրվելուց, որովհետեւ ՕՐՕ-ն եւս չի գործում:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» նախկին պատգամավոր  Զարուհի Փոստանջյանի ղեկավարած քաղաքական ուժի մասնակցությունը, ապա սա, Վիգեն Հակոբյանի խոսքով, նորաստեղծ «Երկիր ծիրանի»-ի համար յուրահատուկ շնորհանդես է՝ «բայց եթե Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի ընթացքում արմատական լուծումներով հանդես գա, շատ հնարավոր է՝ կարողանա իր կողմը գրավել ԲՀԿ-ի ընտրազանգվածին՝ սոցիալապես անապահով եւ բողոքական մարդկանց»:

Ընտրությունների հավանական հաղթող Տարոն Մարգարյանը կգլխավորի Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը: Աժ փոխնախագահ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կուսակցությունը այդ որոշումը կայացրել է ՀՀ  եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով: Տարոն Մարգարյանին կհաջորդի շախմատի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, 3-րդը Հովիկ Մուսայելյանն է:

«Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երեւանում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, եւ ՀՀԿ-ն լիահույս է, որ հաջողության դեպքում Երեւանի ավագանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կշարունակի այն բարեփոխումները, որ նախաձեռնել է տարիներ առաջ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը։

Ցուցակում ավելի քան 100 հոգի է ընդգրկվել, նոր ցուցակում  փոփոխություններ չկան, թեեւ նոր մարդիկ կլինեն հատկապես սպորտի, մշակույթի եւ գիտության ոլորտից, ինչպես ասենք, հայտնի դերասան, երգիչ եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: Բայց սա նրա համար քաղաքականություն չէ ուղղակի, հայտնի արտիստը ավագանու անդամ է դառնում որպես մշակութային գործիչ եւ փորձելու է «մշակութաբար վերաբերվել Երեւանին», իր լուման ներդնել:

«Մենք գնում ենք շարունակական ճանապարհով եւ պատրաստ ենք ազատ ու արդար մրցապայքարի»,- համոզված են ՀՀԿ-ականները, որ ոգեւորված են ԱԺ ընտրություններում տարած հաղթանակից:

Ներկայիս քաղաքապետի դեմ փորձեց հանդես գալ իր կուսակից, ոչ անհայտ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, բայց դա շատ անզգույշ ու տգեղ արեց եւ, ըստ այդմ, նույնքան անթաքույց: Այնքան, որ նույնիսկ Տարոն Մարգարյանին չհավանողները Միհրան Պողոսյանի օգտին չգործեցին:

Բացի այդ՝ շատ այլ պատճառներ էլ կան, որոնցից ելնելով շատերի համար էր պարզ, որ ԱԺ ընտրություններում, թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ռեյտինգայինով նաեւ Միհրան Պողոսյանն էր առաջադրված, չէր հաղթելու (զինվորի մորը խոսեցնելը համբերության բաժակը լցրեց): Չէր հաղթելու՝ 1-ին տեղը գրավելու իմաստով: Չէր հաղթելու. կերպարային գործոնը թույլ չէր տալու:

Հաղթողը Տարոն Մարգարյանի աներորդին էր՝ Ռոբերտ Սարգսյանը: Նրանց երկուսին էլ հարգում են Ավանում:

Իսկ Միհրան Պողոսյանի թիվ մեկը չլինելու պատճառը գուցե պարզունակ հնչի, բայց հիմնավոր է. տարիներով բանան չկերած երեխաների ծնողները այս մարդուն չէին ներելու՝ տարիներ շարունակ բանանով բտվելու համար: Կրկնում եմ՝ սա պարզունակ պատճառ է, բայց պատճառներից է՝ քաղված մասնավոր զրույցներից:

Հիմա երբ Միհրան Պողոսյանը այլեւս չի կարող հավակնել ոչ ոստիկանապետի եւ ոչ էլ Երեւանի քաղաքապետի պաշտոնին, փորձում է ստանալ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը: Չուզելով իհարկե, բայց դե, էլի պաշտոն է:

ԱԺ ընտրություններում մեծ աղմուկ բարձրացրած, բայց բավականին համեստ ցուցանիշներ գրանցած ՕՐՕ դաշինքը կարծես ինքնըստինքյան կազմալուծվեց, ինչն էլ հասկանալի պատճառ դարձավ՝ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու համար: Նախկին ԱԳ նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը գնացել են ԱՄՆ, որտեղից էլ եկել ու գալիս են ընտրությունների ժամանակ: Իսկ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մնացել է մենակ եւ անգամ վիրավորվել է ՕՐՕ-ի եռյակի մյուս անդամներից:

Չի բացառվում, որ փոփոխություններ կլինեն ԱԺ ընտրություններին մասնակցած գործիչների կողմնորոշումներում, ինչպես Անահիտ Բախշյանի դեպքում, ով «Ազատ դեմոկրատներ»-ի կազմում էր խորհրդարանական ընտրություններին, բայց Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելք»-ի ցուցակով, քանի որ «Ազատ դեմոկրատներ»-ը հրաժարվել են մասնակցությունից:

ԱԺ-ից դուրս մնացած, նախորդ ընտրություններում ՀԱԿ-ի կազմում մասնակցած Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Նա դեռ պատգամավոր է եւ տարիներ առաջ մասնատված ՍԴՀԿ-ի մի հատվածի ատենապետը:

Իսկ կարճ ժամանակ առաջ նա հայտարարել էր, թե՝ «առայժմ պիտի ասեմ, որ ակտիվ հանգստի մեջ եմ, զբաղվում եմ կուսակցական գործերով, հանդիպում եմ քաղաքական գործիչների հետ եւ չեմ բացառում մասնակցությունս ավագանու ընտրություններին»:

ՀՎԿ-ն եւս չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, երեւի թե այլեւս համոզվածություն չկա ընտրական շեմը հաղթահարելու առումով (նախկինի պես վերեւից չկար աջակցություն):

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը տեղեկացրել էր, որ կուսակցությունը նշված հարցի առնչությամբ հստակ որոշում չունի։ Եվ, փաստորեն, այդպես էլ չունեցավ:

Դաշնակցությունը նույնպես չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին:

Փաստորեն, Երեւանի գործող քաղաքապետը բոլոր հնարավորություններն ունի վերընտրվելու:

Այստեղ պարզապես մի հարց պիտի լրացուցիչ լուծվի, ո՞վ կդառնա մայրաքաղաքային ընդդիմություն եւ ի՞նչ հնարավորություններով:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։