Նորընտիր խորհրդարանը ժամացույցը կլարի Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին – Քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն… Այնպես որ, Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությունը կարելի է ավարտված համարել, սակայն առջեւում երեւանցիներին սպասվում է եւս մեկ ընտրություն՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունը…

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները եւ ստորագրեց համապատասխան արձանագրությունը։

Քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն.

«Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 122 հազար 65։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 14 հազար 739։

«Հայկական վերածնունդ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 58 հազար 265։

«Ծառուկյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 428 հազար 836։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 25 հազար 950։

Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 770 հազար 441։

Հայաստանի կոմունիստական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 11 հազար 741։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 32 հազար 508։

Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 103 հազար 48։  

Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 585 հազար 134: Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 15: Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2572: Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թիվը՝ 747:

Անվավեր քվեաթերթիկների թիվը 6675 է:

ԿԸՀ վերջնական տվյալներով, ընտրողների ընդհանուր թիվ կազմել է 2 միլիոն 588 հազար 468, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93%-ը:

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն այնուհետեւ ստորագրվեց հանձնաժողովի բոլոր 7 անդամների կողմից։

Նշենք, որ քվեարկության օրը Հայաստանի ամբողջ տարածքում ձեւավորվել էին 13 ընտրական տարածքի 2009 տեղամասեր:

Երեւանի տարածքում կազմավորվել էին 4 ընտրական տարածք՝ 1-ին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, 2-րդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, 3-րդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, 4-րդում՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները: Մարզերում կազմավորվել էր 9 ընտրական տարածք՝ Արարատի մարզի (թիվ 5), Արմավիրի մարզի (թիվ 6), Արագածոտնի մարզի (թիվ 7), Գեղարքունիքի մարզի (թիվ 8), Լոռու մարզի (թիվ 9), Կոտայքի մարզի (թիվ 10), Շիրակի մարզի (թիվ 11), Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի (թիվ 12), Տավուշի մարզի (թիվ 13):

Ընտրություններին մասնակցել էին 9 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն եւ 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5%-ը, դաշինքներին՝ 7%-ը։

Ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցան 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը եւ ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ- ն՝ 7 մանդատ:

Ազգային ժողովի անդրանիկ նիստը, ըստ ամենայնի, կհրավիրվի մայիսի 15-ին։ Նախապես որոշված էր նիստի օրը՝ ապրիլի 27, սակայն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառով այն կհրավիրվի մոտ 20 օր ուշացումով. հաշվարկվել է, որ ՍԴ քննությունն այդքան կտեւեւի:

Նշյալ դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշված են իրենց կողմից արձանագրված խախտումները եւ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը եւ ընտրական գործընթացի լայնածավալ եւ կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Նպատակ ունենալով հնարավորություն տալ քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալու խախտումների մասին արձանագրված փաստերին՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը եւ լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին ներկայացնելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ եւ ՍԴ՝ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:

Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված ապրիլի 4-ի հաղորդագրության՝ տեղեկացվել է, որ «ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 495 հաղորդումներ  եւ դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաեւ  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 309 ահազանգերը:

Ի տարբերություն Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքի, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Գեյր Յորգեն Բեկեւոլդը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենը, ԵԽԽՎ առաքելության ղեկավար Լիլիան Մորի Պասքեն, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հայդի Հաուտալան, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել Գեորգ Լինկը, Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը, ինչպեսեւ Հայաստանի դիտորդական առաքելություն իրականացնող հ/կ-ները եւ դիտորդական առաքելություն իրականացնող Արցախի ԱԺ պատվիրակությունը հավաստեցին, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ, թափանցիկ ու կազմակերպված:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւի կարծիքով՝ «իշխող կուսակցության պարագայում վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի մեջ էր»: Իսկ Եվրախորհրդարանը հայտարարել է, որ սերտորեն կաշխատի Հայաստանի ապագա խորհրդարանի հետ.

Այնպես որ, ՀՀ նոր ԱԺ-ի ընտրությունը կարելի է ավարտված համարել, սակայն առջեւում երեւանցիներին սպասվում է եւս մեկ ընտրություն՝ Երեւանի ավագանու ընտրությունը, որը տեղի կունենա մայիսի 14-ին, մայիսի 15-ի նախորդ օրը, երբ կգումարվի խորհրդարանի առաջին նիստը։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին եւ կավարտվի մայիսի 12-ին։

Ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը եւ «Ելք» դաշինքը։

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։