Մեծ Մերձավոր Արեւելք. Պայքար տարածաշրջանի գերիշխանության համար

Վերջին տարիներին միջազգային քաղաքականության ամենաթեժ կետերից մեկը Մերձավոր Արեւելքն է, որը Զբիգնեւ Բժեզինսկին անվանել է «գլոբալ Բալկաններ»: Բուն «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը առաջ քաշվեց Ջեյմս Բեյքերի Հրապարակային քաղաքականության ինստիտուտի մասնակցությամբ: Այն նախատեսում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի հիմքի վրա աշխարհաքաղաքական նոր տարածաշրջանի ստեղծումը, որում ընդգրկվում են Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, Մերձավոր Արեւելքի արաբական երկրները, Իսրայելը, Թուրքիան, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը եւ Հյուսիսային Աֆրիկան: Ըստ այդ նախագծի, ԱՄՆ-ն Չինաստանից մինչեւ Բալկաններ ստեղծում է «ազատ մայրուղի», որտեղ չի կարող գոյություն ունենալ ԱՄՆ շահերին հակառակվող որեւէ երկիր ու վարչակարգ: Դա կլինի տարածաշրջան ԱՄՆ-ի համար, որը մեծ նշանակություն կունենա համաշխարհային տնտեսակարգի վրա ազդելու համար. այստեղ են շահագործվում նավթի ու գազի զգալի պաշարները, որից այսօր կախում ունի նաեւ ԱՄՆ-ի տնտեսությունը: Սակայն այսօր այդ, այսպես կոչված, մեծ կամ ազատ մայրուղու վրա կա մի խոչընդոտ՝ Իրանը, որն էլ իր հերթին է ձգտում դառնալ տարածաշրջանային նշանակության տերություն:

Իրանը երկիր է, որը ԱՄՆ-ի նյութապաշտական ու, բառի ամենաիսկական իմաստով, սանձարձակ քաղաքակրթական համակարգին հակադրում է հոգեւոր ու պահպանողական, իսլամական կրոնահենքին հիմնված քաղաքակրթություն: Սա լուրջ բախում է, որը սպառնում է ԱՄՆ-ին դուրս մղել տարածաշրջանից: Իրանի որդեգրած քաղաքակրթական արժեքները տարածաշրջանի բազմաթիվ իսլամական երկրների համար առավել ընկալելի են, քան՝ ԱՄՆ-ի թելադրած քաղաքակրթությունը:

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի «ձեռքերն ազատվեցին» իրեն հակառակորդ երկրների դեմ համատարած «հակաահաբեկչական» գործողություններ սկսելու համար: Այս գերտերությունը ձեռնամուխ եղավ հակառակորդ երկրներում վարչակարգերի տապալման գործին ու այդ երկրների մեկուսացմանը: Հաջողվեց վերացնել Սադամ Հուսեյնի իշխանությունն Իրաքում, թալիբներինը՝ Աֆղանստանում, հնազանդեցրեց Լիբիան՝ երբեմնի ըմբոստ Կադդաֆիի կառավարությանը, որոշակիորեն ներթափանցեց Լիբանան, նաեւ եվրոպական համագործակցության աջակցությամբ այս երկրից հանել տվեց Սիրիայի զորքերը, իսկ Իսրայելի օժանդակությամբ փորձում է դեռ թուլացնել «Հիզբալլահ»-ի դիրքերը: Արաբական մի շարք երկրներ էլ, ինչպիսիք են Հորդանանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը եւ այլք, վաղուց համագործակցում են ԱՄՆ-ի հետ: Պակիստանում նույնպես թուլացել են կրոնական արմատական ուժերի դիրքերը, Թուրքիան ու Իսրայելը ԱՄՆ հիմնական գործընկերն են տարածաշրջանում, Վրաստանն ու Ադրբեջանն արդեն հիմնովին բռնել են արեւմտամետ ուղղություն:

Փոքրիշատե ոչ ամերիկամետ է մնացել Հայաստանը, որտեղ դեռեւս առկա է ռուսաստանյան ազդեցությունը: Որոշակիորեն խոչընդոտ են նաեւ Պաղեստինը, Սիրիան, սակայն, վերջինիս մեկուսացումը կամ որի վրա հարձակումը կանխվեց միայն Իրանի այն հայտարարությունից հետո, թե Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը կդիտարկվի որպես Իրանի վրա հարձակում:

Այսպիսով, միակ անկախ եւ ինքնուրույն հակադրվող երկիրը մնացել է Իրանը, որն իր բնական հարստությունների պաշարներով, զարգացող տնտեսությամբ, մեծ տարածքով ու աշխարհագրական դիրքով, ռազմա-քաղաքական եւ կրոնա-բարոյական համակարգերով կարողանում է պահպանել իր ինքնուրույնությունը, ավելին՝ հակառակվում է ԱՄՆ-ի շահերին:

Եվ ահա, ԱՄՆ-ն փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի միջոցով պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ: Սակայն այստեղ էլ խաչվում են Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Չինաստանի շահերը: Վերջին երկու երկրները լավ են հասկանում, որ Իրանի վարչակարգի անկումից եւ ամերիկամետ կառավարության ձեւավորումից հետո իրենք տարածաշրջանում այլեւս լուրջ անելիքներ չեն ունենա եւ պիտի խաղան ԱՄՆ-ի թելադրած խաղի կանոններով: Թվում է՝ ԱՄՆ-ն մեծ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում երկարատեւ հիմնավորվելու համար, սակայն թող տարօրինակ չհնչի՝ այդ հաջողությունները կարող են վաղը լուրջ խոչընդոտներ դառնալ այս երկրի համար: Այսինքն՝ Լիբանանում սիրիամետ եւ իրանամետ ուժերը կարող են օգտվել ԱՄՆ-ի միջամտությունից պարբերաբար առաջացող ներքաղաքական հակամարտություններից ու հոգնեցուցիչ անկայուն վիճակից, նման իրավիճակ է նաեւ Իրաքում: Իսկ Աֆղանստանում եւ Պակիստանում միշտ էլ կա կրոնական ծայրահեղականների հեղաշրջման հնարավորությունը, որոնք սպասում են հարմար պահի, երբ ԱՄՆ-ն կսայթաքի: Այդ սայթաքումից հետո սադամյան ու թալիբյան վարչակարգերի փոխարեն այդ երկրներում կարող են հանդես գալ իրանամետ ուժերը եւ բոլորովին նոր կարգավիճակով կդրսեւորեն իրենց «Արաբական պետությունների լիգա»-ն, «Իսլամական համաժողով»-ը եւ «Իսլամական խորհրդարան»-ը:

Այս հնարավոր ծավալումներին զուգահեռ Իրանը կիրառում է տարածաշրջանային սեփական քաղաքականությունը, զարգացնում է իր տնտեսությունը եւ միջուկային ծրագիրը, որից էլ այդպես խրտնում են ԱՄՆ-ն ու Իսրայելը: Հատկապաս տարածաշրջանի շիա ուղղության հետեւորդները սերտ կապերի մեջ են Իրանի հոգեւոր կենտրոնի հետ: Իրանի առավելությունը ոչ միայն կրոնական ոլորտն է, այլեւ՝ տարածաշրջանի շատ ազգերի հետ ծագումնաբանական նույնությունը, որը համապատասխան քաղաքականության դեպքում նույնպես լուրջ գործոն կդառնա: Պարսկական լեզվաընտանիքը մեծ սփռվածություն ունի: Իսկ «Հիզբալլահ»-ն ու «Համաս»-ը լուրջ գործոններ են արաբական միջավայրում, որոնց անմիջական օժանդակություն է ցուցաբերում Իրանը:

Ինչեւէ, Իրանի տարածաշրջանային նկրտումներին հակադրվում են ոչ միայն ԱՄՆ-ն ու Իսրայելը, այլեւ արաբական աշխարհի երկու հզոր երկրները՝ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան, անուղղակիորեն՝ նաեւ Թուրքիան: Այս երկրների բնակչության զգալի մասը իսլամի սունի ուղղության հետեւորդ է (ավելին՝ Սաուդյան Արաբիայում կան մեծ թվով վահաբականներ), եւ սրանք Իրանին լուրջ կրոնա-գաղափարական հակառակորդ են համարում (իսկ շիիթներին՝ գրեթե ոխերիմ թշնամիներ), որի պատճառով էլ համագործակցում են ԱՄՆ-ի հետ: Սակայն կրոնա-գաղափարական հակադրությունը միակը չէ, կա նաեւ գաղափարա-քաղաքական հակամարտություն Իրանի հետ, արաբական հիշյալ երկրները փորձում են դառնալ առաջատարը համաարաբականության ձեւավորման մեջ, որը թույլ կտա Ասիայի եւ Աֆրիկայի ավելի քան 20 արաբական երկրների առաջատարը դառնալ: Թուրքիան էլ ունի համաթուրանականության ծավալման խնդիրը, որը ներառում է Կովկասը, Կենտրոնական Ասիան, Ռուսաստանի զգալի մասը (Թաթարստան-Բաշկորտոստան…-Ալթայ-Սախա-Յակուտիայով) մինչեւ Չինաստան (Ույղուրստան): Իսկ ահա, Արաբական Միացյալ Էմիրությունները 1971թ.-ից տարածքային խնդիրներ ունի Իրանի հետ (իրանյան զորքերը ԱՄԷ-ից գրավեցին Պարսկական ծոցի երեք կղզիներ՝ Աբու Մուսան, Մեծ եւ Փոքր Թոմբերը, ինչը ռազմավարական նշանակություն ունեցավ եւ թույլ տվեց Իրանին վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի վրա):

Իհարկե, այդ հանգամանքը բացասականորեն ազդեց արաբական աշխարհի վրա եւ «Արաբական պետությունների լիգա»-ն իր գագաթնաժողովներից մեկում սուր դիրքորոշում է ընդունել այս հարցում: Հարցն առ այսօր առկախ է, քանզի ԱՊԼ գլխավոր քարտուղար Ամր Մուսան Իրանին նախազգուշացրել է, որ կղզիները չվերադարձնելու դեպքում իրենք ստիպված կլինեն դիմել Հաագայի դատարան: Արաբական մի շարք պետությունների մտահոգում է նաեւ Իրանի միջուկային ծրագիրը, որը իրենց կարծիքով կխախտի տարածաշրջանային հավասարակշռությունը: 2007թ. արաբական պետությունների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ Պարսից ծոցի Համագործակցության Խորհրդին կոչ արեցին Իրանի դեմ միացյալ ճակատ ստեղծել:

Եթե կղզիների հարցում արաբական աշխարհի ըմբոստությունը որոշակիորեն հասկանալի է, ապա Իրանի միջուկային ծրագիրը տարածաշրջանային հավասարակշռության խախտում դիտարկելը, երբ Իսրայելն արդեն միջուկային երկիր է, անհասկանալի եւ տարօրինակ է: Այս ամենին զուգահեռ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան մեծ ճիգեր են գործադրում «Հիզբալլահ»-ի դիրքերը տարածաշրջանում թուլացնելու համար: 2006թ. Իսրայել-«Հիզբալլահ» պատերազմից հետո հատկապես Սաուդյան Արաբիան մեծ դրամական միջոցներ է տրամադրում Լիբանանին՝ տնտեսությունը վերականգնելու համար (վերջին բախումներից հետո էլ նույնը Արեւմուտքն է անում), փորձում է անմիջական միջնորդ դառնալ պաղեստինյան հակամարտ ուժերի՝ «Համաս»-ի եւ «Ֆաթհ»-ի միջեւ: Այսպիսով, արդեն զարմանալի չէ, որ պահպանողական արաբական երկրները վարում են խիստ արեւմտամետ քաղաքականություն՝ հույս ունենալով, որ Իրանի տապալումից հետո իրենք կդառնան գերիշխող տարածաշրջանում՝ չգիտակցելով, որ այդ դեպքում Արեւմուտքը արդեն Իրանին կդարձնի իրենց համար զսպիչ ուժ:

Տարածաշրջանի մեկ այլ հզոր պետություն՝ Իսրայելը, նույնպես ունի իր շահերն ու խնդիրները: Առաջին լուրջ խնդիրը սեփական տարածքում արաբական բնակչության թվաքանակի հետզհետե մեծացումն է: Չնայած աշխարհի այլ երկրներից հրեաների պարբերաբար «ներկրմանը», այդ վտանգը շարունակում է մնալ եւ մոտ ապագայում կարող է փոխել հրեաների եւ արաբների հարաբերակցությունը: Երկրորդը՝ թշնամական արաբական երկրներով շրջափակված լինելու հանգամանքն է, որը դժվարացնում է նաեւ Իսրայելի տնտեսության արագ զարգացումը: Սրանից բխելով էլ այս երկրում հարկային դրույքաչափերը ամենաբարձրն են տարածաշրջանում: Իսրայելի անվտանգությանն արդեն իսկ լրջորեն սպառնում է Իրանի միջուկային ծրագիրը, եւ Իսրայելի բոլոր ջանքերն ուղղված այդ հարցին դեռեւս արդյունքներ չի արձանագրում: Անմիջականորեն Իսրայելի գոյությանը սպառնում են Լիբանանի «Հիզբալլահ»-ն ու Պաղեստինի «Համաս»-ը, որոնք չեն ճանաչել Իսրայելի գոյության իրավունքը:

Տարածաշրջանային տերություն դառնալու մյուս հավակնորդը՝ Թուրքիան, «թուրքական» դիվանագիտության սահմաններում բազմակի խաղ է խաղում՝ սերտորեն համագործակցելով եւ՛ ԱՄՆ-ի հետ, եւ՛ Իսրայելի, եւ՛ Եվրամիության: Իսլամական գործոնն օգտագործելով փորձում է միշտ լավ հարաբերություններ պահպանել Սիրիայի եւ Իրանի հետ: Թուրքիան փորձում է աշխարհիկ եւ հոգեւոր ոլորտներով միջանկյալ կապ դառնալ Արեւմուտքի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի միջեւ: Նույնիսկ քրիստոնյա-ժողովրդավարական արժեքներին համահունչ առաջարկում է իսլամական ժողովրդավարական արժեքներով Եվրոպա մտնելու (կամ համագործակցելու) տարբերակ, ինչը համարում է նաեւ նպաստավոր գործոն՝ Կովկասում (ներկայիս Կովկասյան միության գաղափարը) եւ Կենտրոնական Ասիայում իր տիրապետությունը հաստատելու առումով: Թուրքիան չի կարող Արեւմուտքի հետ չհամագործակցել, քանզի մեծ ռազմական աջակցություն է ստանում, հատկապես ԱՄՆ-ից, իսկ հարավային հարեւանների հետ պարտադրված է համագործակցել՝ քաղաքական ու տնտեսական շահերով պայմանավորված: Իսկ Իրանից ներկրվող գազը այսօր խիստ անհրաժեշտ է Թուրքիայի տնտեսության համար: Իրանի եւ Սիրիայի հետ էլ միասնական ճակատ կա Քրդստան պետության ստեղծումը կասեցնելու հարցում: Դրա համար «թուրքական» դիվանագիտության սահմաններում թուրքական ծայրահեղ իսլամական կազմակերպությունները պարբերաբար քննադատում են իսրայելական հակաարաբական քաղաքականությունը եւ հարց են բարձրացնում հրեաների կողմից պաղեստինյան ցեղասպանության առումով (իսկ ԱՄՆ-ին մեղադրում են բնիկ հնդկացիների ցեղասպանության համար): Սա է պատճառը նաեւ, որ Իսրայելը ժամանակ առ ժամանակ արծարծում է Հայոց ցեղասպանության հարցը: Այո՛, Թուրքիայի համար լուրջ խնդիրներ են Հայոց ցեղասպանության («Հայկական հարց»-ը) եւ Կիպրոսի («Հունական հարց»-ը) խնդիրները:

Այս ամենին նայելով մեր տեսանկյունից՝ նշենք, որ բազմիցս ասվել է, թե Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը կարեւոր հանգամանք է հայության զարգացման եւ հարատեւման համար: Ուստի, երբ խոսում ենք Հայկական լեռնաշխարհում միացյալ հայրենիքի վերակերտման մասին, դրանք պարզապես հերթապահ խոսքեր չեն, քանզի միայն այդպիսով Հայաստանը կդառնա Արեւմուտքն ու Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը կապող աշխարհաքաղաքական գործոն՝ դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով: Ուստի՝ Արցախի ու ազատագրված տարածքների կամ Ջավախքի հարցը պիտի դիտարկել այս տեսանկյունից: Եվ մեր թշնամիներն էլ են դիտարկում այս հարցերը (նաեւ Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության) հենց այդ տեսանկյունից:

Դրա համար է, որ եւ՛ ԱՄՆ-ն եւ՛ Եվրամիությունն ու Ռուսաստանը, եւ՛ Չինաստանն ու տարածաշրջանի երկրները փորձում են ամրապնդվել մեր տարածաշրջանում: Եվ ԱՄՆ-ի կողմից սանձազերծված վրաց-օսական (ռուսաստանյան) հակամարտությունն էլ այդ ենթատեքստն ունի: Սա կարեւոր հանգամանք է Հայաստանի համար՝ իր պատմական տարածքներին վերատիրելու եւ ազդեցիկ երկիր դառնալու համար:

Եթե տարածաշրջանային ծրագրերում կան «Մեծ Իսրայել», «Մեծ Քրդստան» կամ «Մեծ Թուրքիա», «Մեծ Ադրբեջան» կամ «Մեծ Վրաստան» տարբերակները, ապա կարող է եւ ավելի հավանական է, որ լինի «Մեծ Հայաստան» տարբերակը, որը եւ՛ պատմական եւ՛ իրավական տեսանկյուններից միակ արդար տարբերակն է: Գործե՛լ է պետք:


Արմեն Վարդանյան

Արման Դավթյան

«Լուսանցք», թիվ 31, 2008թ.

Կարդացեք «Լուսանցք»-ը www.hayary.org կայքում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։