Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը անպարտելի մնաց Գերմանիայի «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում… Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում… Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր … Թաեքվոնդոյի, պրոֆեսիոնալ բռնցքամարտի, սամբոյի մեր հաջողությունների մասին… «Արարատ»-ը վերջապես հաղթանակ տոնեց եւ մարզական այլ լուրեր…

Լեւոն Արոնյանը ջախջախեց մրցակցի ամրոցը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: 3-րդ փուլում նա սպիտակ խաղաքարերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ: Դժվարին դիրքում մեր շախմատիստը զինվորներով գեղեցիկ գրոհ կազմակերպեց, զոհաբերեց մեկին, սակայն ստացավ դիրքային առավելություն… եւ ֆրանսիացի շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար, չինուհի Հոու Յիֆանին, ով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց:

Հ.Գ. - Լեւոն Արոնյանը վստահ հաղթեց Մատիաս ԲլյուբաումինՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2-րդ հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: Կայացած 4-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով մրցեց մրցաշարի ետնապահներից մեկի՝ գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ, հաղթեց եւ իր միավորների քանակը հասցրեց 3-ի:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը հաղթեց նաեւ միակ կին մասնակցին - Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նոր հաղթանակ տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: 6-րդ փուլում մեր հայրենակիցը սպիտակներով մրցեց մրցաշարի միակ շախմատիստուհու՝ չինացի Հոու Յիֆանի հետ եւ հաղթեց նրան: Լեւոն Արոնյանը տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը եւ այժմ 5 միավորով շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հ.Գ.- վերջնական – Լեւոն Արոնյանը անպարտելի էր Գերմանիայում – Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Գերմանիայում կայացած «Գրենկե Չեսս Կլասիկ» միջազգային մրցաշարում: Կայացած վերջին 7-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Լեւոն Արոնյանը չնայած ժամանակից շուտ ճանաչվել էր մրցաշարի հաղթող, սակայն կրկին մարտական էր տրամադրված եւ փորձեց հերթական միավորը վաստակել: Խաղի ընթացքում մեր շախմատիստը դիրքային եւ նյութական մեծ առավելություն ստացավ, սակայն մի պահ հապաղեց եւ մրցակցին թույլ տվեց հակագրոհ կազմակերպել: Արդյունքում, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 2-րդ համարը փորձեց թագուհով պայքարել երկու նավակների դեմ, բայց՝ ապարդյուն: Պարտիայի 61-րդ քայլում Լեւոն Արոնյանը մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:

Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 5,5 միավորով եւ մեծ առավելությամբ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդող Ֆիաբիանո Կարուանան ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը բավարարվեցին 4-ական միավորովԱյս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը 15,3 կետով բարելավեց իր վարկանիշային միավորները եւ ՖԻԴԵ-ի աղյուսակում 9-րդ տեղից բարձրացավ 6-րդ հորիզոնական:

Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Ռիգայում տեղի ունեցավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 7-րդ փուլը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ ելույթները, այս փուլում նա սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Օլգա Գիրյային, վաստակեց 5,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներին՝ Ալեքսանդրա Գորյաչկինային եւ Նանա Ձագնիձեին: Մեր մյուս շախմատիստուհիներն առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում: Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով ընթանում է 65-րդ հորիզոնականում, իսկ Մարիա Գեւորգյանն ու Լիլիթ Գալոյանը 3,5-ական միավորով բաժանում են համապատասխանաբար 74-րդ եւ 84-րդ տեղերը: Հիշեցնենք, որ այս մրցաշարում շախմատիստուհիները պայքարում են ոչ միայն Եվրոպայի մեդալների, այլեւ աշխարհի հաջորդ առաջնության 14 ուղեգրերի համար:

Հ.Գ. – Էլինա Դանիելյանին չհաջողվեց պահպանել հաղթական ռիթմը՝: 8-րդ փուլում մեր ուժեղագույն շախմատիստուհին սեւ խաղաքարերով հանդիպեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ եւ պարտություն կրեց: Այդպիսով, Էլինա Դանիելյանը մնաց 5,5 միավորով եւ նահանջեց 10-րդ հորիզոնական: Աղյուսակը գլխավորում են նույն Նանա Ձագնիձեն ու Ալեքսանդրա Գորյաչկինան, որոնք 6,5-ական միավոր են վաստակել: Մեր մյուս մասնակիցները, հակառակը, բարելավեցին մրցաշարային գործերը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ելիզավետա Մալախովայի հետ եւ վաստակեց 4,5 միավոր: Նրան հավասարվեցին նաեւ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, որոնք այս տուրում հաղթանակներ տարան:

Հ.Գ. – Էլինա Դանիելյանը 7-րդն է ԵվրոպայումՌիգայում ավարտվեց շախմատի 2017թ. Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ավաղ, վերջին 11-րդփուլում չկարողացավ հաղթել Հունգարիայի ներկայացուցիչ Թրան Թան Հոանին, 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ բավարավեց 7-րդ տեղով: Սակայն մեր շախմատիստուհին իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի անհատական գալիք առաջնությանը:

Լիլիթ Մկրտչյանն առաջնությունն ավարտեց 46-րդ հորիզոնականում՝ վաստակելով 6,5 միավոր: Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը 5,5-ով զբաղեցրեց 75-րդ տեղը, իսկ մեր հավաքականի 4-րդ անդամը՝ Լիլիթ Գալոյանը, անհաջող հանդես եկավ եւ 144 մասնակիցների մեջ դարձավ 97-րդը:  

Կրկին կհանդիպեն շախմատի աշխարհի վետերանները

Ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 3-ը Հերսոնիսսոսում (Կրետե, Հունաստան) տեղի կունենա շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը: Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբերում 50-ից բարձր եւ 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում է 50-ից բարձր մրցաշարին: Մեր հավաքականի կազմում հանդես են գալու հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը եւ միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. Գերմանիայում անցկացված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավել էր  2-րդ հորիզոնականը:

Հայաստանի մարմնամարզիկները եւս Ռումինիայում են

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում երեկ մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ հանդես կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը:

Տեղի ունեցան որակավորման մրցումները: Վիճակահանության արդյունքներով մեր ընտրանին մրցաշարը կսկսի օղակների վրա վարժությունով, իսկ հետո ուժերը կփորձի պտտաձողում: Ապրիլի 21-ին կկայանան թիմային, իսկ 22-23-ին՝ առանձին գործիքների եզրափակիչները: Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 36 երկրների 168 մարմնամարզիկ:

Հ.Գ. - Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիրՀարություն Մերդինյանը հաջող հանդես եկավ Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Մեր մարզիկը հանդես եկավ նժույգթափեր վարժության եզրափակիչում: Նա ընդհանուր հաշվարկով վաստակեց 14,883 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Դավիդ Բելյավսկին՝ 15,100 միավոր:

Օղակներ վարժության եզրափակիչում մերոնցից հանդես եկավ 2 մարզիկ: Վահագն Դավթյանը 14,858 միավորով գրավեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Թովմասյանը 14,666-ով առաջնությունն ավարտեց 7-րդ հորիզոնականում: Արթուր Դավթյանը ուժերը կփորձի հենացատկում:

Թաեքվոնդոիստ Արսեն Գրիգորյանը՝ չեմպիոն

Թաեքվոնդոյի Հայաստանի ազգային հավաքականը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է «Fujairan Open 2017» ներկայացուցչական միջազգային մրցաշարին: 87 կգ քաշային կարգում Արսեն Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ: Արսենի անձնական մարզիչը 2008թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է: 68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան) դարձել է բրոնզե մեդալակիր:

G-1 կարգի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 երկրի 26 թիմ: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը (երրորդը՝ երկրների մեջ): Ազգային հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Հենրիխ Բադալյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ): Իրանում Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: Այժմ ազգային հավաքականը կպատրաստվի մայիսին Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Արթուր Աբրահամը անցկացրել է հայացքների մենամարտ

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր հանդիպել է իր առաջիկա մրցակցի՝ լեհ Ռոբին Կրասնիկիի հետ: Ինչպես տեղեկացնում է մեր հայրենակցի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը, նրանք մամուլի ասուլիս են տվել, ապա հայացքների մրցամարտ են անցկացրել: Արթուր Աբրահամ – Ռոբին Կրասնիկի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի Messehalle մարզապալատում: Սա մեր բռնցքամարտիկի թվով 51-րդ մենամարտը կլինի պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 50-ում Արթուր Աբրահամը տոնել է 45 հաղթանակ (30-ը՝ նոկաուտով):

Ռոբին Կրասնիկին պրոֆեսիոնալ ռինգում նույնպես 50 մրցամարտ է անցկացրել, սակայն մեկ հաղթանակ շատ է տարել (17-ը՝ նոկաուտով):

Եվս 7 մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունից

Պրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Երկրորդ օրը հայ սամբիստները եւս 7 մեդալ նվաճեցին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երիտասարդների պայքարում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Արծաթե մեդալի արժանացան Կարեն Հովհաննիսյանը (81 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ) եւ Աննա Մկրտչյանը (+80կգ, Մ 20): Բրոնզե մեդալ նվաճեցին Գասպար Հայրապետյանը (52 կգ, Մ 18), Սերգեյ Պողոսյանը (65 կգ, Մ 18), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ, Մ 18), Արթուր Մանուկյանը (52 կգ, Մ 20):

Առաջնության երկու օրվա արդյունքով հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ:

Հ.Գ. – Մեր մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում 14 էՉեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների, երիտասարդների միջեւ, որին, ի թիվս 25 պետության 200 մարզիկների մասնակցում էին նաեւ Հայաստանի հավաքականները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին եւ երկրորդ օրերին մերոնք նվաճել էին 12 մեդալ, որից 2-ը ոսկե, 3-ն արծաթ, 7-ը՝ բրոնզե:
Մեր մարզիկների համար պակաս բարեհաջող չէր նաեւ երրորդ օրը, երբ պատվո 3-րդ հարթակին կանգնեց երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, 2-րդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը: Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Ստորեւ ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին եւ մրցանակակիրներին.

Պատանիներ
Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ
Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ
Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ
Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի
Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ

Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ
Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ

Երիտասարդներ

Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ
Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ
Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ
Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ
Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ

Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի
Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ

«Արարատ»-ը վերջապես հաղթանակ տոնեց

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ փուլը սկսվեց «Արարատ»-«Փյունիկ» սկզբունքային մրցավեճով: Առաջին խաղակեսն անցել է երկուստեք գրոհներով, սակայն հուսալի են գործել թիմերի դարպասապահները: Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին, արագ հակագրոհի արդյունքում, Գեղամ Թումբարյանը դիպուկ հարվածով գրավել է «Փյունիկ»-ի դարպասը: Հենց այդ գոլի հաշվին արարատցիները վաստակեցին առաջին միավորները՝ առաջնության գարնանային հատվածում, բացի այդ, վերջապես խաղադաշտը լքեցին հաղթանակած:

Մնացած հանդիպումները տեղի կունենան առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին: Կենտրոնական խաղում Գյումրիի «Շիրակ»-ը, որը զբաղեցնում է 3-րդ տեղը, սեփական դաշտում կընդունի մրցաշարի առաջատարներից մեկին՝ «Ալաշկերտ»-ին:

Շենգավիթը դարձել է հանդբոլի Հայաստանի պատանեկան առաջնության չեմպիոն

Երեւանում ավարտվել է հանդբոլի Մ 17 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ առաջնության հաղթող է դարձել «Շենգավիթը», 2-րդ տեղը զբաղեցրեց Արցախի թիմը, 3-րդը` Ալավերդու «Օլեգ Գորբունովի» անվան ակումբը: Առաջնությանը մասնակցել է 8 թիմ:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Օհանյանն ուրախությամբ նշել է, որ նախորդ տարվա թիմերը պահպանվել են: Նա բավարար է գնահատել առաջնության մակարդակը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 15 (448), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։