Նախկինները եւս փորձում են ներկա գրվել – ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, նախկին վարպապետ Հովիկ Աբրահամյանը եւ խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այլք…

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը անդրադառնալով ընտրությունների օրինականությանը, հայտարարեց, թե ականատես եղան բազմաթիվ ընտրախախտումների, բայց պետք է առաջ շարժվել, եւ իհարկե, դասեր քաղել խորհրդարանական վերջին ընտրություններից: Բայց ամեն ինչ դեռ նոր է սկսվում.- նշեց այս գործիչը:

Այդ ամեն ինչը՝ խորհրդարանական երկրի անցնելու կարգավիճակն է, երբ պետության թիվ 1 դեմքը կառավարության ղեկավարն է՝ վարչապետը:  Երկրի նախագահը այլեւս չունի հզոր լծակներ, ինչպես նախկին կիսանախագահական համակարգում էր, սակայն որոշակի իրավունքների տիրապետում է եւ կարող է ինքնուրույն քայլերի գնալ:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը կմնա իր պաշտոնում մինչեւ 2018թ., երբ կլրանա նախագահի պաշտոնավարման ժամանակը: Բայց շատերն են վստահ, որ նա այլեւս չի առաջադրվի այդ պաշտոնում, քանի որ խորհրդարանական Հայաստանում ՀՀԿ-ն ծրագրել է իշխանությունն իրականացնել ՀՀԿ առաջնորդի գլխավորությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Իսկ ո՞վ կդառնա երկրի նախագահ: Շատերն են կարծում, որ ներկայիս վարչապետին է դա հասանելի լինելու, եւ Կարեն Կարապետյանն է հաջորդ նախագահը Հայաստանի Հանրապետության:

Իսկ արդյո՞ք նախկին նախագահները կփորձեն դառնալ ներկայիս նախագահ:  

ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար այս պահին դա իրականացնելն անհնարին է, նրա ղեկավարությամբ գործող ՀԱԿ-ը անգամ խորհրդարանական ուժ չդարձավ:

Իսկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե աշխուժացել է: Լուրեր կան, թե նա խորհրդարանական ընտրություններից հետո բավական ակտիվացել է, ցանկանում է հանդիպել Գագիկ Ծառուկյանի շրջապատի որոշ մարդկանց, ցանկանում է առավել գործնական հարաբերություններ հաստատել: Անգամ ինքն է հանդիպման փորձեր անում, որպեսզի վերսկսի շփումները: Նույն տեղեկություններն ասում են, որ Բաղրամյան 26-ում հաստատված իր նախկին ենթականերին՝ գործող նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի եւ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի հետ էլ է կապվել Ռոբերտ Քոչարյանը։ Հանդիպել են նրանք, թե ոչ՝ պարզ չէ։

Նշենք, որ ՀՀ 2-րդ նախագահի մասին ավելի շատ խոսել են ոչ թե այս եւ գալիք ընտրության պահով, այլ այն դեպքից հետո, երբ նախկին նախագահի տան ուղղությամբ նռնակ էր նետվել: Այդ գործով  կալանավորված Հովհաննես Մուրադյանը առաջիկայում կրկին պետք է հետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան։ Նետած նռնակը չէր պայթել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել, եւ Հովհաննես Մուրադյանին ուղարկել հարկադիր բուժման։

Բուժվողի հայրը՝ Սերգեյ Մուրադյանը նշել է, որ արդեն 1 տարի է, ինչ որդին հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում։ Նա 2014թ.-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ ախտորոշմամբ։

Այս հարցը դեռ նախաքննության փուլում է, բայց դա չի անհանգստացնում նախկին նախագահին եւ 2018թ. նախագահի ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանը որոշակի քայլեր է կատարում:

Իմիջիայլոց, քայլեր է կատարում նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չնայած նախկին վարչապետերը հիմնականում նոր պաշտոնավարության են անցնում կուսակցական աստիճանա սանդղակով, եթե անգամ պատգամավոր են դառնում:

Սակայն նախկին վարչապետի քայլերը համարժեք քայլեր չեն համեմատ այն ամենի, ինչը կատարում է նախկին նախագահը:

Ավելին՝ Հովիկ Աբրահամյանը պարբերաբար սրում է իրավիճակը իր անձի շուրջ, եւ դա կարող է լուրջ ու բացասաբար անդրադառնալ նրա հետագա գործունեության վրա: Նման մի իրավիճակում հայտնվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ավելի նախկին ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դուրս եկավ իր նախկին կուսակիցների դեմ… Հիմա նախկին ԱԳ նախարարները ԱՄՆ-ում են, իսկ ինքը պետք է հասկանա, թե ինչու կալանավորվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ընտրությունների շեմին եւ ինչ շարունակություն կստանա այս գործը:

Չնայած կարծիք կա, որ Սամվել Բաբայանը ազատ է արձակվելու: Իսկ Կամանդույուշչիին դեռ հարցաքննում են: Գործի քննությանը մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը եւս հավաստել է, թե բաց կթողնեն, քանի որ «Սամվել Բաբայանն իրեն ճիշտ է պահել»:  Բայց Սեյրան Օհանյանը դեռ քաղաքական հովերի մեջ է եւ շարունակում է համարել, որ ձերբակալության հիմքում քաղաքական պատճառներ են: Դրան ի պատասխան փաստաբանը կրկին նշել է, որ «Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»:

«Ես չեմ պարտվել եւ ամեն ինչ դեռ առջեւում է»,- Աշոտ Մանուչարյանի նման հայտարարել է Հովիկ Աբրահամյանը մի հարցազրույցում: Նրա հրաժարականից եւ ՀՀԿ-ից դուրս գալուց (եթե չասվի՝ հեռացվելուց) հետո, հերթով պաշտոններից հեռացան նրա բարեկամներն ու ծանոթները, իսկ որդին՝ Արգամ Աբ-րահամյանը Արտաշատի քաղաքապետի պաշտոնում մնաց այնքան ժամանակ, որքան պետք էր, որպեսզի իր աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի դաշինքով ընտրվի ԱԺ պատգամավոր:

Նախկին վարչապետը տքնաջան փորձում է մնալ վերնախավային կարգավիճակում, գուցե նաեւ փայփայում է երկրի նախագահը դառնալու հնարավորությունը: Նա չկարողացավ «տեղավորվել» «Ծառուկյան» նախընտրական դաշինքում, դա միանձնյա չէր կարող որոշել նրա խնամին, ինչը եւս սրել է հարաբերությունները կուսակցական վերնախավի հետ: Ավելին, ըստ որոշ աղբյուրների, վարչապետ Կարեն Կարապետյանը վիրավորել է Գագիկ Ծառուկյանին եւ Հովիկ Աբրահամյանին մի թաղման արարողության մասնակցելու ժամանակ, որտեղ նաեւ ռուսաստանաբնակ քրեականներ են եղել, ինչը խիստ վիրավորական է եղել ու դեռ չի մարսվել խնամիների կողմից:

Անգամ զրույցներ կային, թե Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը որոշել են ընտրություններից հետո հանդիպել վարչապետին: Դեռ ձայն չկա… Իսկ ընտրությունների ժամանակ, շատերը կհիշեն, թե ինչպիսի սառը պաշտոնական ընդունելություն եղավ Արտաշատում՝ Կարեն Կարապետյանի հանդիպումների ժամանակ, որին չմասնակցեց նաեւ քաղաքապետը՝ Արգամ Աբրահամյանը:

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է նոր թիմ ձեւավորել եւ մեկ այլ Կարեն Կարապետյանի առաջ մղել՝ «Տաշիրի Կարենին»՝ Սամվել Կարապետյանի եղբորը, որպեսզի նա դառնա ԱԺ նախագահ…

Այստեղ, իհարկե մեկ այլ տեսակետ էլ պիտի հայտնվեր եւ այն չուշացավ: Սկսեցին լուրեր տարածել, թե Վլադիմիր Պուտինը այսպիսով խլում է իշխանությունը Սերժ Սարգսյանի ձեռքից… Այսինքն՝ գործող նախագահը 2018-ին չի կարողանալու նստել վարչապետի աթոռին, քանի որ Ռուսաստանի նախագահի միջամտությամբ ներկայիս վարչապետը չի զիջելու պաշտոնը, իսկ մյուս Կարեն Կարապետյանը պիտի հսկի խորհրդարանը, եւ նախագահի աթոռին կհասնի Ռոբերտ Քոչարյանը՝ կրկին պուտինյան ծրագրով…

Բայց ս  ա ընդամենը տեսակետ է:

Կարծում ենք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է ինքնուրույն ակնկալել 2018-ին նախատեսված երկրի նախագահի աթոռը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի կուսակցաշինարարական աշխատանքները եւս կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, անգամ վերջերս ՕՐՕ դաշինքի առաջացումը, որը ստվերային վերահսկում էր Սամվել Բաբայանը:

Նման բաները դեռ հասանելի չեն լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար: Չնայած պետք է հիշել, որ պաշտոնանկությունից հետո Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որպեսզի չիջնի ջրի հատակը, մինչեւ… կարողանա կապերը վերականգնել իր նախկին կուսակիցների հետ:

Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցը եւս փորձ եղավ կապերի վերականգնման համար, սակայն ՀՀԿ-ն այդ հարցը չի քննարկել նախկին վարչապետի հետ: Բայց Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ քաղաքական  ծրագրեր ունի, եւ փաստորեն պիտի փորձի մնալ գոնե արտաշատյան կլանում:

Մի կողմից էլ զրույցներ կան, թե Հովիկ Աբրահամյանն ու Արայիկ Գրիգորյանը քննարկում են Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող թեկնածու առաջադրելու տարբերակը, բայց սրանից առաջ էլ խոսք կար, թե ՀՀԿ-ն պաշտպանելու է «գազի» Հովոյի որդու թեկնածութփյունը, ում դեմ կլինեն Աբրահամյանները:

Մինչ նախկինները փորձում են ներկա գրվել եւ այս ու այն կողմից զրույցներ են «դուրս տալիս» ու լուրեր են շպրտում՝ արժանահավատ եւ ոչ այնքան, ժամանակը կանգ չի առնում. հաղթողը հաղթում է: Խորհրդարանական ընտրությունը շատերի խաղաքարտերը բացեց, շատերինն էլ փակեց: Գուցե վերջնականապես:

Պատրաստվում ենք մեկ այլ ընտրության՝ Երեւանի ավագանու: Քարոզարշավի մեկնարկը այսօր է: Սա շատ կարեւոր ընտրություն է՝ ոչ պակաս խորհրդարանականից: Մնում է երեւանցին ճիշտ կողմնորոշվի:

Անի Մարության

 «Լուսանցք» թիվ 15 (448), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։