Ազգ-բանակը՝ ծրագիր առ ծրագիր – Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմակրթական ոլորտին առնչվող 2 նոր նախագիծ ներկայացրեց… Հայ արիականները դեմ չեն ազգ-բանակի փուլ առ փուլ կայացմանը՝ բայց կան հրատապ խնդիրներ…

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարեց, որ նախատեսել են ռազմակրթական ոլորտին առնչվող 2 նոր նախագիծ ներկայացնել (հետաքրքիր է, որ հայ արիները ազգ-բանակ ձեւավորելու մասին վաղուց էին խոսում: Հիմա, երբ դա պետական մակարդակով է արծարծվում, այս երկու կողմերի ծրագրերի մեջ արդյո՞ք կան համադրելի կետեր: Առիթով գուցե անդրադառնանք թեմային,-խմբ.)։

«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը այսօր շատ քննարկվող խնդիր է ամբողջ աշխարհում, մեր խնդիրները շատ տարբեր են՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, մարտահրավերները, հաշվի առնելով, որ համայնքներ ունենք, որտեղ մարդիկ սահմանապահի սկզբունքով կանգնած են հայրենիքի պաշտպանության գործի համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը եւ կարեւորեց, թե ինչպես կկազմակերպեն աշխատանքը ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, եւ այս համաժողովը այդ ուղղությամբ առաջին քայլը համարեց:

Ըստ նախարարի՝ ապագա տեսլականը պետք է կառուցել պատմության լավ իմացությամբ, հետեւողական աշխատանք իրականացնելով, ինչը հնարավոր է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրմամբ:  

Նախարարը հայտնեց, որ նախատեսել են 2 նոր ծրագիր, եւ այս համաժողովն էլ համարում են հանրային քննարկման շրջափուլ:

Առաջին ծրագիրը պայմանական կոչվում է «Պատիվ ունեմ», որն ուղղված է սպայական մասնագիտության հանդեպ նոր հետաքրքրություն խթանելուն: Գաղափարախոսությունն է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ, եւ պետական հավատարմագրում ունեցող բուհում սովորող յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմել այդ ծրագրին: Այն ենթադրում է բուհական տարկետում ստանալու հնարավորություն վերապահել այն քաղաքացիներն, ովքեր որոշել են 3 տարվա վճարվող սպայական նշանակում ստանալ:

Այս ծրագիրը քաղաքացիական բուհում սովորող երիտասարդներին հնարավորություն է տալիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելել զինվորական պատրաստության դասընթացի, եւ քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանալ լեյտենանտի սպայական կոչում եւ 3 տարի ժամկետով անցնել ծառայության զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում՝ առաջնագծի զորամասերում։ Այս ծրագրով ծառայող քաղաքացիները նաեւ ստանալու են ամսական առնվազն 260.000 դրամ աշխատավարձ, իսկ ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաեւ կստանա  լրացուցիչ ֆինանսական բոնուս իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով:

Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ». այն կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը: «Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայություն իրականացրել մարտական հերթապահության իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի՝ ժամկետային պայմանագրային»,- ասել է նախարարը եւ նշել, որ ծառայությունը կտեւի 3 տարի:

Համաձայն այս ծրագրի՝ ժամկետային-պայմանագրային զինծառայությունն ընտրած նորակոչիկների հաշվին ծառայության ավարտին՝ 3 տարի անց, կփոխանցվի 5 մլն դրամ, որը նրանք կկարողանան օգտագործել բնակարան ձեռք բերելու, փոքր ֆերմա ստեղծելու կամ ուսման վարձը վճարելու համար։

«Ես եմ» կոչվող ծրագիր մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտեւի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով: Մեկ շաբաթ՝ արձակուրդում, մեկ շաբաթ՝ զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ՝ առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս…»:

 «Լուսանցք» թիվ 15 (448), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։