Հայաստանը՝ հեթանոսական եւ քրիստոնեական պատմական սահմանին – BBC-ին ծանոթացրել է Հայաստանի հեթանոսական եւ քրիստոնեական անցյալին, ավանդություններին ու մշակութային ժառանգությանը… Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական՝ համոզված է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը…

Հայաստանը՝ հեթանոսական եւ քրիստոնեական պատմական սահմանին

Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունն ընթերցողներին ծանոթացրել է Հայաստանի հեթանոսական եւ քրիստոնեական անցյալին, ավանդություններին ու մշակութային ժառանգությանը:

Հոդվածում անդրադարձ է կատարվել հազարամյակների հայկական մշակույթի հեթանոսական անցյալին, բովանդակությանն ու էությանը, ավելի հանգամանալից ներկայացվել են Գառնու հեթանոսական տաճարը եւ Քարահունջի աստղադիտարանը:

«Գառնիից հյուսիս-արեւելք գտնվում է Գեղարդի վանքը, որը եւս ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ըստ ավանդության՝ առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն, ավանդաբար, վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին: «Գեղարդ» անվանումը բացատրվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը»,- գրել է պարբերականը։ 

«3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկն է: Բայց երկիրը զգալի տեղ է զբաղեցնում հոգեւոր պատմության մեջ. պատմաբանների մեծ մասը հավատացած է, որ 301թ-ին Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը հեթանոսական շրջանից անցում կատարեց դեպի քրիստոնեություն, պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն»:

Լրատվամիջոցը համոզված է, որ այսօր հայերի շուրջ 95%-ը քրիստոնյա է, եւ Հայաստանի հոգեւոր պատմությունը հնարավոր է ներկայացնել նրա հնագույն հուշարձանների ու տեսարժան վայրերի միջոցով:

Պարբերակամը ներկայացրել է «հայերի քրիստոնեություն ընդունելու ավանդությունները, «Գրիգոր Լուսավորչի մասին հիշատակումները՝ պատմական եւ կրոնական աշխատություններում, Տրդատ Մեծ արքայի կողմից քրիստոնեության ընդունումը եւ տարածումը ողջ երկրի տարածքում»:

Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ 1 տարի առաջ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ նախաձեռնել է 1994թ. զինադադարից ի վեր աննախադեպ մասշտաբներով հարձակում։ Այդ հարձակումն ավարտվեց ռազմական անհաջողությամբ, ինչը եւս մեկ անգամ կարեւորում է հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է տեղի ունենա երկու կողմերի՝ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական երկխոսության հաստատման միջոցով։

Բարեկամության շրջանակը նաեւ հիշեցնում է, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց հարձակման ընթացքում Արցախի սահմանամերձ գյուղերի հայ քաղաքացիական բնակչության դեմ իրականացրեցին բազմաթիվ հանցագործություններ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս ընդունել եւ ընթացք է տվել արցախցի քաղաքացիների կողմից ներկայացված քսաներեք դիմում-բողոքների, որոնց հարազատները ենթարկվել են դաժան խոշտանգումների եւ ապա սպանվել ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ Կասկած չկա, որ կանոնավոր զինված ուժերին բնորոշ վարքագծին հակասող այդ խոշտանգումներն Ալիեւի վարչակարգի հայատյաց քաղաքականության հետեւանքն են եւ հստակ հրահանգների արդյունք»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Բարեկամության շրջանակը նշում է, որ նման գործողությունները միմիայն նպաստում են անվստահություն մթնոլորտի ամրապնդմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարի հետաձգմանը:

«Ահա թե ինչու նախապայմաններ պետք է հանդիսանան Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ բանակցային սեղանի շուրջ նրա վերադարձը եւ ոչ թե Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատմանն ուղղված իրականացվող հիպոթետիկ միջոցառումները»,-  եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Բարեկամության շրջանակը կարծում է, որ մարտի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը մեկ քայլ առաջ է այդ ուղղությամբ եւ աջակցում է Մինսկի խմբի առաջարկները, ինչպիսիք են՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչ եւ դեսպան Անդրեյ Կասպրշիկի դերակատարության ամրապնդումը, ինչպես նաեւ նրա գրասենյակին՝ հրադադարի վերահսկման եւ միջադեպերի ծագման վերստուգման նպատակով իրական հնարավորությունների տրամադրումը:

 «Լուսանցք» թիվ 15 (448), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։