Միացյալ Նահանգները շարունակում է պտտվել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ – Գրավոր հարցեր՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարին… ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել 84 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակը, որով նրան կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը…

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ հունվարի վերջերին երկրի պետքարտուղարի, այսինքն՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում ձայների 11-ը 1Օ-ի հարաբերությամբ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը։ Ի դեպ կողմ են քվեարկել հանձնաժողովի հանրապետական բոլոր սենատորները, դեմ՝ դեմոկրատ բոլոր սենատորները։

Մինչեւ հանձնաժողովում հաստատվելը, նույն հանձնաժողովում ավելի վաղ անցկացվում են լսումներ, որի ժամանակ հարցեր են ուղղում թեկնածուին։ Թիլերսոնի հարցով լսումներն անցկացվել էին հունվարի 13-ին, դեռեւս մինչեւ Թրամփի երդմնակալությունր։ Սենատորները նրան էին հղել աշխարհի տարբեր հատվածներում ԱՄՆ-ի քաղաքականության մասին հարցեր։

Սակայն ժամանակի սղության պատճառով լսումներից զատ հանձնաժողովի անդամ սենատորներին տրվում է թեկնածուին նաեւ գրավոր հարցեր հղելու հնարավորություն։ Գրավոր հարցերին թեկնածուն տալիս է գրավոր պատասխաններ։

Այս օրերին, երբ Հայոց ցեղասպանությունը հերքող ուժերը կոչ են անում նախագահ Թրամփին ու նրա աշխատակազմին երաշխավորել, որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվելու իր վարչակազմի կողմից, թեկնածուի գրավոր հարց հղելու հնարավորությունից օգտվել է նաեւ Նյու Ջըրզի նահանգը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսը։  

Հայոց ցեղասպանության մասին սենատոր Մենենդեսի հարցին ի պատասխան, Դոնալդ Թիլերսոնի գրավոր պատասխանում ասված է. «1915 թվականի գազանությունները մնում են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում ցավոտ մի հարց, եւ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ ապահովենք խաղաղ ու կայուն հարաբերություններ երկու երկրների միջեւ։ Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կպաշտպանեմ պատմական իրադարձությունները լիովին հաշվի առնելու եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ տարածաշրջանային կայունության շահերից բխող երկխոսություն սկսելու կարեւորությունը»,-  գրել էր Թիլերսոնն իր գրավոր պատասխանում։

Ի դեպ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ինչ որ հռչակագիր ընդունելու մասին հարց է սենատոր Ռոբերտ Մենենդեսը հղել նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Նիքի Հեյլիին՝ նույն՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումներից հետո։ Սենատորը հարցրել է, թե արդյոք Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը բացասական ստվեր չի գցում ամերիկյան արժեքների վրա, ու արդյոք այն չի խրախուսում նման հանցագործությունների շարունակումը։

Գրավոր պատասխանում, Հեյլին գրում է. «Ես երբեք չեմ խուսափելու այն երկրներին դատապարտելուց, որոնց կողմից իրականացված գործողությունները հակասում են ամերիկյան արժեքներին, ոտնահարում են մարդու իրավունքները եւ հակասում միջազգային չափանիշներին»։

Ամերիկայի հայկական կազմակերպությունները բարձր են գնահատում հայկական հարցերի նկատմամբ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից ցուցաբերված երկարամյա աջակցությունը եւ շնորհակալություն հայտնում վերջին լսումների ընթացքում թեկնածուներին հղած հարցերի համար։

Բարձր պաշտոնների համար բոլոր թեկնածուներին հղված գրավոր հարցերն ու պատասխանները մշտապես պահվում են Սենատի պահոցներում։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թեկնածությունները հաստատվելուց հետո, վերջնական հաստատումը տեղի է ունենում Սենատի լիագումար նիստի արդյունքում։

Սեփ. լրատվություն

* * *

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել 84 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակը, որով նրան կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի խոսքով, պետք է հաշվի առնել մարդու իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ-ի առաջամարտիկ լինելը եւ այս տարի նախագահի ելույթում պատշաճ կերպով 1915թ. կատարվածը պետք է բնութագրել որպես ցեղասպանություն: «Ավելի քանի 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից եւ ժամանակն է ճանաչել հայերի նկատմամբ իրականացրած վայրագությունները՝ հստակ կոչելով իրեն անունով՝ ցեղասպանություն: Դա կարող է լինել հզոր հայտարարություն նախագահ Թրամփի կողմից իր նախագահության առաջին փուլում՝ հիշելով 1,5 մլն հայերի, որոնք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերն էին»,- ասել է նա:

Նախագահ Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասված է. «Անկեղծորեն եւ ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը՝ դուք պետք է հետեւեք նախագահ Ռոնալդ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981թ., եւ Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951թ՝. գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»:

Նախագահության տարիներին Ռոնալդ Ռեյգանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն, ինչպես Հայոց ցեղասպանությանը, որը տեղի ունեցավ մինչ այդ, եւ Կամբոջայի ցեղասպանությանը, որը հաջորդեց դրան:

 «Լուսանցք» թիվ 15 (448), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։