Ֆրանսիան հայկական հարցերը կմտցնի՞ միջազգային օրակարգ – Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցնում են նաեւ՛ ապրիլքսանչորսյան ազդեցության տակ՝ բազմահազար հայեր եւս ընտրաձայն են եւ կարող են որոշիչ դեր ունենալ, բայց Ֆրանսիան այն երկիրն է, որը միայն ապրիլի 24-ի օրերին չէ՝ որ հիշում է Հայոց ցեղասպանությունը…

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցնում են նաեւ՛ ապրիլքսանչորսյան ազդեցության տակ, քանի որ բազմահազար հայեր եւս ընտրաձայն են եւ կարող են որոշիչ դեր խաղալ այս կամ այն թեկնածուի օգտին: Իհարկե, Ֆրանսիան այն երկիրն է, որը միայն ապրիլի 24-ի օրերին չի հիշում Հայոց ցեղասպանությունը, ուստի, արդարացի չի լինի թեկնածուների մասին մտածել, որ միայն այս օրերի պատճառով է, որ խոսում են հայկական հարցերի մասին: Ի դեպ, ընտրությունները կկայանան ապրիլի 23-ին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչած այն երկրներից է, որ փորձում են քրեականացնել ցեղասպանության ժխտողականությունը: Իմիջիայլոց, հայոց պահանջատիրության եւ վրիժառության թեմաները եւս հասկանալի են Ֆրանսիայում, անգամ ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողությունից հետո հայերի նկատմամբ չփոխվեց առաջադեմ ֆրանսիացիների վերաբերմունքը, ովքեր նաեւ մեծարել գիտեն ֆրանսիահայ հեղինակավոր մարդկանց:

Պետք է նշենք, որ շատ կարեւոր մի որոշում է կայացվել վերջերս, Մարսելի հրապարակներից մեկը կկոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով: Armenian Weekly պարբերականը գրել եւ հիշեցրել է, որ Սողոմոն Թեհլերյանը 1921թ. մարտի 15-ին Բեռլինում գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշային:

Ապրիլի 21-ին հրապարակի բացման արարողությանը կմասնակցեն Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, հասարակական ու քաղաքական գործիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:  

Դառնալով Ֆրանսիայի նախագահի թեկնածուներին՝ նշենք, որ ազգային-ազգայնական գաղափարների հետեւորդ Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում եւս կարեւոր հայտարարություն է արել, ըստ նրա, ցանկալի է այն լուծումը, որը «հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»: Նման համոզմունք Լը Պենը հայտնել է Nouvelles d՛Armenie-ին տված հարցազրույցում: «ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն եւ առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»,- նշել է «Ազգային ճակատի» առաջնորդը:

Նախագահի թեկնածու ֆրանսուհին կարծում է, որ իր երկիրը պետք է շարունակի մի շարք պետությունների հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով նաեւ տարբեր երկրների հետ ունեցած պատմական կապերը: «Մերձավոր Արեւելքում Ֆրանսիան պետք է վերագտնի իր առաջնակարգ դերը, մասնավորապես որպես Արեւելքի քրիստոնյաների պաշտպան, ինչպիսին նաեւ եղել է դեռեւս Ֆրանսուա I-ի օրերից, սակայն այդ դերն արհամարհվել է վերջին տասնամյակներին»,- ընդգծել է նա:

Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին Լը Պենը նշել է Nouvelles d՛Armenie-ն տված հարցազրույցում: «Ավելին, 1915թ. բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարեւոր իրադարձություն էր մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք մեծ ներդրում ունեցան նաեւ Առաջին աշխարհամարտից հետո մեր երկրի վերակառուցման գործում»,- ընդգծել է Լը Պենը:

«Կարեւոր է նաեւ, որ 1915թ. ցեղասպանությունը լայնորեն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, իսկ Թուրքիան ի վերջո պետք է սկսի լրջորեն վերանայել իր պատմության այդ ահավոր էջը: Ֆրանսիան պետք է անպայման աջակցություն ցուցաբերի ճանաչման այս պայքարում ինչպես մարդու իրավունքների հայրենիքի իր կարգավիճակի պատճառով, այնպես էլ հանուն այն մեծաթիվ հայերի, ովքեր ապաստան գտան այստեղ եւ հաջողությամբ ինտեգրվեցին»,- շարունակել է Մարին Լը Պենը, ապա կարեւորել է հայ համայնքի դերը, չնայած, որ իրեն «դուր չի գալիս համայնք արտահայտությունը»: «Ես ողջունում եմ բոլոր այն ֆրանսիացիներին, ովքեր այսքան լավ ներգրավվում են եւ իրենց ներդրումն են ունենում ամենատարբեր ոլորտներում, ինչպես օրինակ մշակույթը, գիտությունը եւ նույնիսկ քաղաքականությունը: Նրանք ինձ համար կատարյալ օրինակն են այն բանի, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ՝ ֆրանսիացի ազգությունը ժառանգում են կամ դրան արժանանում»,- շեշտել է նախագահի այս թեկնածուն:

Միաժամանակ նշվել է, որ հստակորեն պետք է դեմ լինել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Հիշեցրել է, որ «Ազգայն ճակատից» ընտրված եվրապատգամավորները մշտապես դեմ են քվեարկել Թուրքիայի հետ ԵՄ-ի բանակցություններում նոր գլուխների բացմանը:

Իսկ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը պատասխանելով Nouvelles dArmenie լրատվական կայքի հարցերին՝ նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հարցին՝ աջակցո՞ւմ է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, պատասխանել է. «2016թ. ապրիլին, 6 օր շարունակ Հարավային Կովկասը կրկին բռնկվեց: Օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից, Ադրբեջանը փորձեց ուժով հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը: Այդ մահաբեր հարձակումը ավարտվեց փխրուն հրադադարով: Այսօր մեր ֆրանսահայ համաքաղաքացիները անհանգիստ են, եւ ես նույնպես, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը վառոդով տակառ է: Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Ստալինի պատճառով է, որը 1921թ. կամայականորեն անջատել է այն Հայաստանից հօգուտ Ադրբեջանի: Այժմ չկա այլ ընտրություն, քան ՄԱԿ-ի միջոցով գտնել խաղաղ ու երկարատեւ լուծում»:

Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Հանրապետականների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ապրիլի 24-ը կհիշատակի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես իր նախկինները: «Կարեւոր է հազարավոր զոհերին չմոռանալը: Այս ցեղասպանության զոհ դարձան Օսմանյան կայսրության արեւելյան… Փոքր Ասիայի նահանգներում բնակվող շուրջ 1,5 միլիոն հայեր, որը կազմում էր հայ բնակչության շուրջ Է 3/4-րդը»,- նշել է Ֆիյոնը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայում պաշտոնապես ընդունված նման հիշատակի օրերը 11-ն են, այդ թվում՝ ապրիլի 24-ը: Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հիշեցրել է, որ իր երկիրը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է դեռեւս 2001թ. հունվարի 29-ին: «Ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Ֆրանսիայի Հանրապետությունը այն նաեւ խորհրդանշորեն ամրագրել է մարդկության կոլեկտիվ հիշողության մեջ»:

Նրա խոսքով ճանաչումն, այնուամենայնիվ, չի կարող լինել վերջնական ձեռքբերում, անհրաժեշտ է կատարել նաեւ հաջորդ քայլը՝ «խուսափելու համար ֆրանսիական օրենքներով ճանաչված ցեղասպանությունների զոհերի ու նրանց ժառանգների հանդեպ անհավասար վերաբերմունքից ու հիշողության մրցակցությունից»: Ֆիյոնը հիշեցրել է, որ Շոայի զոհերի ժառանգները ժխտողականությունից պաշտպանվել են օրենքով, ինչը չի արվել հայկական ծագմամբ շուրջ 500 հազար ֆրանսիացիների դեպքում, ովքեր հաճախ պաշտպանել են Ֆրանսիան իրենց արյամբ:

«Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն առերեսվել են եզակի մի երեւույթի՝ պետական ժխտողականության: Թուրքիան մեծ սխալ է գործում իր անցյալին չառերեսվելով: Բոլոր ազգերն ունեն իրենց ստվերը եւ հաղթանակում են դրանք ճանաչելով,- շեշտել է Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածուն եւ հավելել,- Ֆրանսիան պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, ուստի ցեղասպանության ժխտողականության քրեականացման համար պետք է վերսկսել օրենսդրական գործընթացը: «Ժխտողականության դեմ այս պայքարը պետք է ի վերջո ավարտին հասցնել պատգամավորների ու սենատորների մոբիլիզացման միջոցով»,- ամփոփել է Ֆիյոնը:

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայկական համայնքը համարում է ինտեգրման, հաջողության եւ հայրենասիրության օրինակ: Նրանք բոլորը սիրում են Ֆրանսիան, բայց եւ բոլորի սրտի մի մասը Հայաստանում է: «Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիայի հայերի հիշողությունը եւ քաջությունը հայտնի դառնա եւ չլինի անանուն: Նրանք պայքարել են ճշմարտության, արժանապատվության եւ սոցիալական հաջողության համար: Նրանք մասնակցել են մեր ազգային պատմության շինարարությանը, ինչպես շեշտել է Շառլ Ազնավուրը, նրանց հաջողվել է մնալ «100 տոկոս ֆրանսիացի եւ 100 տոկոս հայ»: Ես ցանկանում եմ հարգանքի տուրք հատուցել նրանց»,- ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի պատմության խոշորագույն իրադարձություններից մեկն է, այն հոգեցնցում էր ողջ մարդկության, եւ հատկապես հայկական ծագմամբ ֆրանսիացիների համար, ուստիեւ՝ Ֆրանսիայի համար: Նման հայտարարությամբ Nouvelles d՛Armenie-ի հետ հարցազրույցում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Բենուա Ամոնը: Նա խոստանում է նաեւ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու պարագայում շարունակել մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին, քանզի «այն չպետք է մոռացվի»: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այս ուղղությամբ Ֆրանսիայի հայ համայնքի եւ առհասարակ բոլոր համայնքների ներդրած ջանքերը հրաշալի եւ իրավական է համարում: Բենուա Ամոնը շեշտել է, որ նույնիսկ եթե ցեղասպանության ժխտման քրեականացման ճանապարհին որոշակի արգելքներ են առաջանում, չի կարելի ձեռքերը վայր իջեցնել: «Բազմաթիվ ճանապարհներ կան այս հիշողությունը կենդանի պահելու համար, ինչպես նաեւ նման զանգվածային հանցագործությունների կրկնությունը կանխելու համար: Ահա թե ինչու ես կողմ եմ Հանրապետության օրացույցի մեջ զանգվածային հանցագործությունների հիշատակի օրվա ամրագրման համար: Այս գործընթացն իրականացվում է պատմաբան Վինսեն Դյուկլերկի ղեկավարած առաքելության կողմից: Սա նաեւ ցույց կտա հանրապետական արժեքների հանդեպ մեր հարգանքը»:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 15 (448), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։