Մոսկվան կրկին եւ՛ նալին է խփում եւ՛ մեխին – ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին – Հետաքրքիր զուգադիպությամբ, ապրիլի 26-ին ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի խմբաքանակ… Բաքուն կեղծիքը քաղաքական գործոն է դարձրել – Ադրբեջանը խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները եւ մեղադրում Հայաստանին…

Մոսկվան կրկին եւ՛ նալին է խփում եւ՛ մեխին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։

Ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը եւ լարվածության աճը Կորեական թերակղզում։

Առանձին հարթակներում քննարկվում են նաեւ Մերձավոր Արեւելքում ծայրահեղականության եւ ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները եւ այլն։

Շատ հետաքրքիր զուգադիպությամբ, ապրիլի 26-ին Ռազմինֆո-ն նշում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, թե ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Կից զետեղված է նաեւ տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաեւ տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ: Նշենք, որ նախկինում՝ 2007-2008թթ., Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել եւ ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների եւս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:   

Դառնալով համաժողովի աշխատանքներին՝ նշենք, որ այդ շրջանակում Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ։ Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան հակամարտությանը։ Հայաստանի ու Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եւս մեկ անգամ ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։

Նույն օրը կայացել է նաեւ Վիգեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջեւիչի հետ։ Ընդգծելով հայ եւ սերբ ժողովուրդների ընդհանրությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ դա հրաշալի նախադրյալ է հայ-սերբական հարաբերությունների խորացման համար։ Մասնավորապես, նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական եւ այլ ուղղություններով։ Որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ նշվել է միասնական գործունեությունը խաղաղապահ առաքելություններում։ Հայաստանի ու Սերբիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ առավել առարկայական դարձնելով քննարկումները երկկողմ փոխգործակցության խնդիրների շուրջ։

Սեփ. լրատվություն

Բաքուն կեղծիքը քաղաքական գործոն է դարձրել

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրի հարցին՝ «Բաքուն ասում է, թե իբրեւ Հայաստանը խուսափում է բանակցություններից, բայց ստիպված կլինի վերադառնալ բանակցային սեղանին։ ԻՆչպես կարձագանքեք այդ պնդմանը», ասել է հետեւյալը. «Ադրբեջանական կողմը պարզապես փորձում է, ինչպես ասում են «վատ խաղի ժամանակ դեմքի լավ արտահայտություն ընդունել», բայց դա էլ նրանց մոտ չի ստացվում։

Հայտնի է, որ Հայաստանը միշտ եղել է եւ մնում է բանակցությունների կողմնակից, նշել է նախարարը, ապա հավելել. «Հանրահայտ է նաեւ, որ հենց Ադրբեջանն է, որ մշտապես փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խուսափել բանակցություններից հրաժարվել հանդիպումներից, որոնք կազմակերպվում են համաձայնեցված ձեւաչափում եռանախագահների հովանու ներքո՝ բարդելով դա հայկական կողմի վրա»:

Հայկական կողմը բազմիցս է նշել, որ միգուցե  շինծու պնդումները անելուց առաջ Ադրբեջանը փորձի բացատրել, թե ինչպես է ստացվում, որ եթե հայկական կողմն է հրաժարվում այդ հանդիպումներից, ինչու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում հենց Բաքուն, ինչի ականատեսը եղան նաեւ միջնորդ համանախագահները անցյալ տարի Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հետ:

Ադրբեջանը միշտ փորձում է հրաժարվել անգամ մինիմալ համաձայնեցված քայլերի իրականացումից, դրա հետ մեկտեղ պահանջում է առավելագույնը, ինչպես ասում են՝ մաքսիմալիստական ինչ-ինչ պահանջներով է հանդես գալիս։ Ըստ մեր նախարարի, բոլորի մոտ հաստատվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանը ունակ չէ այլեւս բանակցելու: Բայց, չնայած հանդիպումներից հրաժարվելու փորձերին, ինչին վերջերս ականատես եղան միջազգային միջնորդները Մյունխենում, դրանից առաջ նաեւ Համբուրգում, «Հայաստանը միշտ եղել ու մնում է բանակցություններին կողմնակից, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, որ ապրիլի 27-ին սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Կա ընդհանուր ըմբռնում, որ այդպիսի հանդիպում է պետք կազմակերպել: Երբ լինի վերջնական համաձայնությունը, երբ ժամկետները ճշտվեն, մենք դրա մասին կհայտնենք»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են կազմակերպել նման հանդիպում, քանի որ միայն այդ հանդիպումից հետո կպարզվի՝ հնարավոր կլինի՞ վերականգնել Հայաստանի ու Սդրբեջանի նախագահների հանդիպումները:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։