Քաղաքական խնձոր՝ տնտեսական խայծով – «Լուսանցք»-ը տարիներ շարունակ ահազանգում է, որ չի կարելի նպաստել մեր թշնամի երկրների պետական բյուջեների հարստացմանը, ինչը անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածների գնդակոծմամբ, սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքի վտանգմամբ, հայ սահմանապահ եւ դիրքապահ զինվորների զոհվելով եւ վիրավորվելով, նախորդ տարվա պրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծմամբ եւ այլ վտանգներով… Տասնյակ տղաներ են զոհվում եւ վիրավորվում թուրք-ադրբեջանական հակահայկականությունից… Արձագանքներ՝ թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեմաներով…

«Լուսանցք»-ը տարիներ շարունակ ահազանգում է այն մասին, որ չի կարելի նպաստել մեր թշնամի երկրների պետական բյուջեների հարստացմանը, ինչը մեզ վրա անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածների գնդակոծմամբ, սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքի վտանգմամբ, հայ սահմանապահ եւ դիրքապահ զինվորների զոհվելով եւ վիրավորվելով, նախորդ տարվա պրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծմամբ եւ այլ վտանգներով: Տասնյակ տղաներ են զոհվում եւ վիրավորվում թուրք-ադրբեջանական համագործակցությունից:

Թուրքիայից ցայսօր շարունակում են ներկրել հագուստեղեն եւ կենցաղային սպասարկման պարագաներ, գյուղմթերք եւ այլ ապրանքներ: Երեւանում կան խանութներ, որ միայն թուրքական ապրանքներ են վաճառում, սրանց անգամ «թուրքական խանութ» են կոչում…

Պատերազմական վիճակում գտնվող երկրի անվտանգության մարմինները, իրավապահները, իշպանությունները, ընդդիմությունը, պատվարժան մտավորականները, ի վերջո շարքային հայ մարդը չի՞ նկատում սա, չի՞ զգում, որ այս թուրքասիրությունը վտանգում է մեր երկրին ու ժողովրդին: Հետո այդ վաճառքի հետեւանքները գումարի տեսքով հասնում են Անկարա, այտեղից էլ օգնության տեսքով Բաքու եւ դառնում են զինվորի հագուստ, տանկ, հրետանի, ինքնաթիռ, արկեր ու փամփուշտներ… եւ մեր գումարով ձեռք բերված զինամթերքը հարվածում է մեր զավակներին: Գուցե նաեւ նրանց զավակներին, ովքեր սա չհասկանալով խանութներում թուրքական պիտակներ են փնտրում՝ համ լավնա, համ էլ էժանա ասելով ( ՞ ):

Իսկ նրա որդին, բարեկամը, ազգակիցը, որ կանգնած է սահմանին, արդյո՞ք թանկ չէ այդ ամենից:  

Անգամ այն հայերը, որ գնում են զբոսաշրջության եւ Արեւմտյան Հայաստանից իրենց սերն ու կարոտն են առնում, անգամ նրանք են նպաստում թուրքական բյուջեի մեծացմանը, ինչպեսեւ այն աշխատուժը, որ Հայաստանից «գաղթել» է թշնամական երկիր: Պիտի մի անգամ էլ ասենք՝ անգամ հայ պոռնիկներն են Թուրքիայում աշխատելով, թուրքերին եւ այլոց սպասարկելով լցնում այդ երկրի բյուջեն…

Հիմա էլ նոր թուրք-ադրբեջանական ապրանքային բում է սկսվել, եւ նորից մեր երկրի սահմանները հսկող պաշտոնյաները «չեն նկատել» թուրքական եւ ադրբեջանական ապրանքների մուտքը… Ինչպես տարիներ առաջ չէին նկատել, որ ադրբեջանական տետրեր են հայտնվել մեր երկրում եւ դպրոցականների սեղանին դրվում էին տետրեր, որտեղ Ադրբեջանի քարտեզն էր իր փքվածությամբ փայլում՝ Արցախը եւ Հայաստանի որոշ տարածքներ ներառելով…

Այդպես էլ չլսեցինք, որ ինչ-որ մեկը պատժվեց դրա համար: Եվ ահա նոր՝ բանջարա-բոստանային համագործակցություն են արձանագրում թուրքական եւ ադրբեջանական ուղղությունների հետ: Արդեն կարեւոր չէ, Վրաստանից են ներկրել, Իրանից, թե Ռուսաստանից, բայց ներկրողները եւ վաճառողները հայեր են (ամեն դեպքում ազգանունների վերջում «յան» կա), մեր հստակ կարծիքով՝ դավաճան հայեր՝ ազգադավներ… Իսկ պետական անվտանգությունը նորից քնած է…

Թուրքական հագուստեղենն ու գյուղապրանքները քիչ էին, հիմա էլ ադրբեջանականն է ավելացել… Երբ հայ մարդիկ եւ լրատվամիջոցները աղմկեցին, հանկարծ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի, Բավրայի եւ Մեղրիի մաքսակետերում կանխեց մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր:

Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մասնավորապես վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում մի քանի դեպքով հայտնաբերել են շուրջ 1,5 տոննա թուրքական եւ վրացական ծագման լոլիկ: Մաքսանենգները համապատասխան ձեւակերպումներից խուսափելու նպատակով՝ ապրանքը թաքցրել են բեռնատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Վարչության աշխատակիցները կանխել են նաեւ անօրինական ճանապարհով շուրջ 600 կգ մաքրող միջոցների եւ 200 լիտր մեքենայի յուղի ներկրման փորձեր:

ՆՀՎ վարչությունը բացահայտել է չհայտարարագրված մի շարք ապրանքներ եւս, այդ թվում՝ կենցաղային իրեր, տեխնիկա, սննդամթերք, զարդեր եւ այլն: Եղել են նաեւ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման եւ մաքսային կանոնների խախտման փորձեր:

Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկ չներկրվելու հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը: «Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել»,- նման հայտարարություն է տարածել ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն ՊՈԱԿ-ը:

Հաղորդագրության մեջ նշվում  է. «Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից հասարակությանը չեն տրվել սպառիչ պատասխաններ առ այն, թե ինչ քայլեր են իրականացվել ներմուծված ապրանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաեւ առկա չէ տեղեկատվություն առ այն, թե արդյոք Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը ենթարկվում է առողջական ռիսկի գնահատման թե ոչ, եւ ինչ ռիսկեր են առկա ազգաբնակչության համար,ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ հնարավոր վտանգների բացահայտման եւ ռիսկի շրջանակի հատկորոշման նպատակով:

Կենտրոնի կողմից կապ է հաստատվել սննդամթերքի ռիսկերի գնահատման եվրոպական գործընկերների հետ՝ պարզելու, թե ընթացիկ տարում հայտնաբերվել են արդյոք վտանգներ թուրքական բուսական ծագման մթերքներում: Արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, այդ թվում՝ առողջության համար բարձր ռիսկ պարունակող մթերքներ, ինչի արդյունքում ԵՄ սահմանային հսկիչ մի շարք կետերում կասեցվել են Թուրքիայից արտահանված մի շարք բուսական ծագման մթերքներ, եւ բոլոր խախտումները ծանուցված են նաեւ սննդամթերքի ու անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալում (RASFF):

Բացի այդ ուսումնասիրվել է գիտական գրականություն՝ պարզելու՝ արդյոք առկա են հետազոտություններ

թուրքական բանջարեղենում, այդ թվում՝ լոլիկում թունաքիմիկատների պարունակության եւ վերջիններիս թունավորության գնահատման վերաբերյալ: Ռիսկի շրջանակի որոշման համար ուսումնասիրվել են ինչպես սննդի եւ անասնակերի արագ արձագանքման համակարգում առկա տեղեկատվությունը, այնպես էլ գիտական գրականությունը, համադրվել են ստացված տվյալները, եւ փաստվել, որ Թուրքիայում բույսերի հիվանդությունների պայքարում օգտագործվող թունաքիմիկատները հաճախ պարունակում են բարձր ռիսկ՝ սպառողների առողջության հետ կապված: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում իսկապես լայն տարածում է գտել թունաքիմիկատների ինտենսիվ կիրառությունը բանջարեղենի, այդ թվում լոլիկի արտադրության մեջ: Գիտական ուսումնասիրության արդյունքները իրականացվել են Թուրքիայում եւ հրապարակվել 2016թ.:

RASFF համակարգում եւս առկա է տեղեկատվություն թուրքական բուսական ծագման մթերքում քիմիական վտանգների բարձր մակարդակների հետ կապված, ինչի արդյունքում Թուրքիայից արտահանվող բուսական ծագման մթերքը, այդ թվում՝ թարմ-պտուղ բանջարեղենը, մերժվել են: Միայն 2017թ. ապրիլի 4-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է քիմիական վտանգների հետ կապված 10 դեպք, ինչի արդյունքում թուրքական ապրանքները կասեցվել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսպանիայի եւ Բուլղարիայի սահմաններում: Թունաքիմիկատներից հայտնաբերվել է պրոքլորազի, ացետամիպրիդի եւ տուբեկոնազոլի բարձր պարունակություններ տարբեր բանջարեղեններում՝ քաղցր պղպեղ, նուռ: Հայտնաբերվել են նաեւ այլ տիպի քիմիական վտանգներ՝ աֆլատոքսին Բ1, օխրատոքսին Ա եւ սուլֆիդներ՝ չրեղենում եւ քիշմիշի չամիչում:

Պետք է շեշտել, որ առանց քիմիական ռիսկերի գնահատման հնարավոր չէ պարզել՝ երաշխավորվել է արդյոք սպառողների անվտանգության ապահովումը: Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ն հայտարարել էր, որ այս տարի Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել: «Թույլ է տրվում անձնական օգտագործման նպատակներով՝ ուղեբեռով, որոշակի քանակություն բերել»,- ասացին ՍԱՊԾ-ից:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ստեղծված իրավիճակում դժվարանում է որեւէ խորհուրդ տալ սպառողներին: Նրա խոսքով, սննդամթերքի անվտանգության պետական ծառության անգործության հետեւանքով, այսօր հայաստանյան շուկայում թուրքական լոլիկը իրացվում է տեղականի անվան տակ, եւ դժվար է սպառողին խորհուրդ տալ՝ չգնել թուրքական լոլիկ: «Սպառողներին խորհուրդ եմ տալիս փորձել հնարավորինս տեղեկատվություն պարզել ապրանքի ծագումնաբանության մասին: Լիազոր մարմինը պետք է հետեւեր աշխարհի ռիթմին, հասականար, թե ինչ վտանգներ են հայտնաբերում աշխարհի մյուս երկրները թուրքական գյուղմթերքում: Այդ վտանգների նկատմամբ մինչեւ ներմուծելը պետք է փորձաքննություն իրականացներ: Պետք է ստուգեր ոչ թե այն տարերը, որոնք մինչ այս է ստուգվել, այլ այն, ինչ հայտնաբերել է աշխարհը»,- ասել է ՀԿ նախագահը: Նա հավելել է, որ այդ փորձաքննությունը բավարար չէ սնունդն անվտանգ համարելու համար:

Գանք ադրբեջանական խնձորին. Երեւանի տարբեր խանութներում ու սուպերմարկետներում ադրբեջանական խնձորների առկայության մասին ահազանգերից ու սոցցանցերում լուսանկարների հրապարակումից մի քանի օր անց էլ՝ Երեւանի կենտրոնում՝ Սայաթ Նովա փողոցի խանութներից մեկում սպառողը կրկին ադրբեջանական խնձոր էր լուսանկարել:

Բաբկեն Պիպոյանը այս առումով նշել է. «Սահմանային հսկողությունն իրականացվում  է «Մեկ պատուհան» սկզբունքով: Սահմանի վրա ծառայությունն ու ՊԵԿ-ն ունեն աշխատակիցներ: Հետեւաբար, սահմանով անցնող բեռը կամ նկատել են միասին, կամ չեն նկատել միասին: Եթե բեռը եկել է մաքսանենգ ճանապարհով, ապա այն պետք է ստուգվի իրացման ցանցում: Նա օրինակ է բերել, որ դեղատներում մաքսանենգ ճանապարհով հայտնված դեղամիջոցը հայտնաբերում է առողջապահության նախարարությունն ու հայտարարում դրա մասին: Ուստի՝ եթե ադրբեջանական խնձորը եկել է ոչ մաքսանենգ ճանապարհով, ապա սահմանին այն պետք է ուսումնասիրվեր, հետազոտվեր ու լաբորատոր փորձաքննության ենթարկվեր: Եթե սահմանով չի եկել, ապա իրացման ցանցում հայտնված ապրանքի վաճառքը լիազոր մարմնի կողմից պետք է կասեցվի՝ որպես անհայտ ծագմամբ ու կասկածելի անվտանգություն ունեցող մթերք: Եվ եթե սա չի արվել, «մնացածն ընդամենը դատարկ հայտարարություններ են՝ սեփական անգործությունը թաքցնելու, խնդիրն այլ դաշտ տեղափոխելու փորձ»:

ՍԱՊԾ-ն արձագանքել է, թե լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում եւ արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում: «Արդյունքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երեւան քաղաքի եւ մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան եւ Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում եւ այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը եւ հանձնարարել ոչնչացնել դրանք»,- հայտնել են ՍԱՊԾ-ից, ապա նշել, որ այս տեղեկատվությունը՝ կից լուսանկարներով, փոխանցել է նաեւ պատկան այլ մարմինների՝ հետագծելիության սկզբունքով ներկրողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որեւէ բեռ, այդ թվում եւ՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան:

ՍԱՊԾ-ն կվերահսկի, որ խնձորի ամբողջ խմբաքանակը հանվի շուկայից ու ոչնչացվի, ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել եւ ոչնչացվել նաեւ հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) եւ Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում:

Ադրբեջանական խնձորի հայտնաբերման աշխատանքներին մեծապես նպաստել են սպառողների կողմից ՍԱՊԾ «Թեժ գծին» ուղղված զանգերը: «Լուսանցք»-ը եւս միանում է բոլոր հնչած կոչերին, դիմում աչալուրջ մեր սպառողներին՝ շարունակել հետեւողական լինել ու անմիջապես զանգահարել ՍԱՊԾ թեժ գծին՝ 010.20 60 40 շուրջօրյա հեռախոսահամարով:

Թույլ չտանք հայ հորջորջվող ընչաքաղցներին եւ փողն իրենց աստվածը կարգած պաշտոնյաներին վտանգել բոլորիս կյանքն ու մեր երկրի ապագան…

Արման Դավթյան

Հ.Գ. – խմբ. կողմից - Փաստորեն, այս պահի դրությամբ, ոչ ՍԱՊԾ-ն եւ ոչ էլ ՊԵԿ-ը, համենայնդեպս, իրենց հայտարարությունների համաձայն, տեղյակ չեն, թե այդ խնձորը ինչպես է հայտնվել հայկական շուկայում: Սա իրականում ՊԵԿ-ի «բացթողումն» է հիմնականում, բայց քարերը շպրտվեցին ՍԱՊԾ-ի վրա: ՍԱՊԾ-ն էլ իր հերթին լռեց եւ չխոսեց իրական պատճառի մասին:

Դե, մեր առեւտրականների մասին էլ չխոսեմ՝ անարժանապատվորեն (բացառությունների մասին չէ խոսքս) առաջ են քաշում «առեւտուրը ազգություն չի ճանաչում» կարգախոսը: Շա՜տ են լիբերալ ու արժանապատվությունից զուրկ:

Բայց գլխավոր մեղավորը պետությունն է, որ թույլ է տալիս մաքսանենգային խաղերի գնալ եւ թշնամի երկրից ապրանք ներկրել:

Բայց մի հարց ենք ուզում ուղղել պատկան մարմիններին: Իսկ հնարավո՞ր է. որ խնձորն ամենեւին էլ ադրբեջանական չէ, պարզապես դրված է եղել «ադրբեջանական արկղերում»՝ փորձնական մի բան ստուգելու համար: Դե, ասենք, ինքանով հայ հասարակությունը կընդունի ադրբեջանական ապրանքը: Եթե ապրանքը մարսեց, հետո կգա քաղաքական մարսումների ժամանակը… Ինչպես որ Արեւմուտքի երկրներն էին փորձում Հայաստանում թուրքական ու ադրբեջանական կինոնկարների փառատոն կազմակերպել… որ խայտառակ կերպով տապալվեց, այն էլ մի քանի անգամ:

* * *

Գործադիրի երեկվա նիստից հետո ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծառայությունը Երեւանի եւ մարզերի մի շարք վայրերում շրջայց է արել ապրիլի 23-ին ստացված հաղորդագրությունների հիմամբ եւ ադրբեջանական խնձորի վաճառքի դեպքեր է արձանագրել: Ուսումնասիրությունները շուկայում դեռ ընթացքում են: Բայց արձանագրված դեպքերով պարզվել է, որ ապրանքը չի ունեցել  անվտանգությունը հավաստող փաստաթղթեր եւ, ըստ այդմ, հանվել է շուկայից:

Այժմ ՍԱՊԾ-ն ՊԵԿ-ի հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերջնական խմբաքանակը բացահայտի: Համատեղ հայտարարությամբ խնդրին դեռ կանդրադառնան:

Իսկ ո՞րն է եղել ներմուծող ընկերությունը: Պարզվում է՝ «ներմուծող ընկերություն չկա»: Լիարժեք տեղեկատվությունը կներկայացվի շրջայցի ամփոփումից հետո: Այնուամենայնիվ, ՍԱՊԾ պետի խոսքով՝ ենթադրվում է, որ ադրբեջանական խնձորը ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե դրա ներկրման փաստաթղթեր ՍԱՊԾ-ի բազայում առկա չեն: Բանն այն է, որ օրենսդրությամբ թույլատրվում է առանց փաստաթղթի ներկրել մինչեւ 50 կգ համապատասխան գյուղմթեք: Ներկայում քանակները, որոնք շուկայից հանվել են, համադրվում են եւ ՊԵԿ-ի հետ վերլուծություն է արվում:

Եթե ներմուծողն ընկերություն չէ, ուրեմն անհատ է: Ո՞վ է: ՍԱՊԾ պետը երկրորդեց, որ չի կարող պատասխանել հարցին՝  ինչպես է ներկրվել այդ խնձորը, «քանի որ սահմանային հսկողության շրջանակներում ՍԱՊԾ տեղեկատվական բազայով որեւէ տեղեկատվություն նշված խմբաքանակի  ներկրման վերաբերյալ առկա չէ»:

Լրագրողներից մեկի այն հարցին ի պատասխան, թե վտանգավո՞ր է եղել ադրբեջանական խնձորը, ՍԱՊԾ պետը համառոտեց. «Կատարվում է փորձաքննություն»:

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։