Հրաչյա Հարությունյանին արտահանձնելո՞ւ են, թե՞ փոխանակելու – Ռուսական կողմը չընդառաջեց Հայաստանին, բայց պաշտոնապես հայտարարվեց, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի Հրաչյա Հարությունյանը – Որոշ տեղեկություններով, նրան ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում՝ ՀՀ ՔԿՀ-ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ…

Արդեն քանի տարի բարեկամական Ռուսաստանի հետ չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել Հայաստանի իրավապահները, որպեսզի հայ բանտարկյալն իր պատիժը շարունակի կրել Հայաստանում, քանի որ Հրաչյա Հարությունյանը վատառողջ է, կյանքին վտանգ է սպառնում:

Հիշեցնենք, որ նա իսկապես սրտացավորեն ընդունեց իր մեղքը, պատրաստ էր պատիժը կրելու, սակայն կար մի հանգամանք, որ պիտի մողմացուցիչ հարցեր առաջ քաշեր, բայց ռուսական կողմը հաշվի չառավ այն հանգամանքը, որ ավտոբուսը, որը պատկանում էր Ռուսաստանի մի ընկերության, ունեցել էր անսարքություն եւ չէր կարելի այն շահագործել: Վարորդին խնդրել են այս մի գործն էլ ավարտել եւ ապա մեքենան կտեղափոխեն վերանորոգման:

Այս ամենը հավաստել է հետաքննությունը, սակայն պատասխանատվությունը միայն հայ վարորդը կրեց:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 13-ին «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում Հրաչյա Հարությունյանը բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: 2014թ.օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման:

Արդեն 4 տարի անազատության մեջ գտնվող վարորդ Հրաչյա Հարությունյանի թեման մեկ անգամ չէ որ քննարկվել է համապատասխան իրավապահ մարմիններում, օրերս  քննարկվել է նաեւ Արդարադատության փոխնախարարի հետ: Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, շտապել էր նախապես տեղեկացնել, որ տեղի է ունենալու նման հանդիպում եւ արտահանձնման հարցն են քննարկելու: Ըստ  Վիկտոր  Մարտիրոսյանի, ապրիլի 15-ին ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկումները դա հաստատեցին։ Փաստորեն, հանդիպման նպատակը հարազատներին այդ մասին տեղեկացնելն է եղել։   

Հայ բանտարկյալի վիճակն իսկապես ծանր է, Հրաչյա Հարությունյանին այցելելուց հետո ՌԴ ՄԻՊ ներ-կայացուցիչները հունվարին հայտարարեցին, որ նրա գանգատների հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել 2017թ. հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կազմակերպել նրա հետազոտությունները եւ համապատասխան բուժումը: Հարազատները վախենում էին, որ մինչեւ արտահանձնման հասնելը հնարավոր է Հրաչյա Հարությունյանը մահանա:

Վիկտոր Մարտիրոսյանը հայտնել է, որ Հայաստանում լավ չեն զբաղվում այս հարցով, «Ես հետաքր-քրվում են,  բոլորին էլ զանգ եմ տվել, ասում են՝ դե սպասեք, մենակ էդ շաբլոն խոսքը, ուրիշ ոչ մի բան»: Փաստորեն, պիտի վիրահատեին փետրվարին, սակայն ոչ մի բան չի արվել, այդ վիճակում տարել են բանտ: «Նրա մոտ սարսափելի վիճակ է, բայց ո՞վ է հաշվի առնում: Մեր օմբուդսմենը մի անգամ այդ հարցով զբաղվել է, դրանից հետո ես զանգ եմ տվել, ասել, որ ձեր զբաղվելը ոչ մի օգուտ չտվեց: Ասել են կզբաղվենք, բայց արդյունքն այն է, որ ոչինչ չի փոխվել»,- նշել է Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, ի պատասխան՝ Հրաչյա Հարությունյանին հունվար-փետրվարին հետազոտելու եւ վիրահատելու խոստմանը, ասել է. «Սույն հարցով Ռուսաստանի մեր գործընկերների հետ կապ ենք պահում, նրանք իրենց մասով աշխատանքներ կտանեն՝ պարզելու ինչպիսի իրավիճակ է այս պահին, եւ կկարողանանք ավելի ամբողջական պատասխան տալ ավելի ուշ»:

Ինչեւէ, նշենք, որ հայ բանտարկյալին Հայաստան փոխանցելու հարցը կարծես մոտենում է հանգուցալուծմանը:

Չնայած արտահանձնման համար Հայաստանն ու Ռուսաստանը ունեն համապատասխան պայմանագրեր, կան միջազգային համաձայնագրեր: Ժամանակին անգամ օրինակ բերվեց հայասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին՝ Հունգարիայի կողմից:

Իսկ մեր քաղաքացու դեպքը հաստատ տարբերվում է դահիճ ադրբեջանցու սառնասիրտ սպանությունից, ով ՆԱՏՕ-ի ուսումնական հավաքի ընթացքում Բոդապեշտում կացնահարել էր քնած հայորդուն՝ Գուրգեն Մարգարյանին:

Ռուսական կողմը չընդառաջեց Հայաստանին: Բայց կարելի է ասել, որ ապրիլի 25-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի Հրաչյա Հարությունյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն, Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում՝ Հայաստանի ՔԿՀ-ներից մեկում իր պատիժը կրող Ռուսաստանի քաղաքացու հետ։

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։