ԵԽԽՎ.- կաշառակերության ինքնամաքրու՞մ – Խավիարային դիվանագիտության թուրք-ադրբեջանական ջարդը… 56 ՀԿ-ներ կոչ են արել աջակցել կոռուպցիոն մեղադրանքների ամբողջա-կան, լիարժեք ու անկախ հետաքննության իրականացմանը՝ քաղաքացիական հասարակության լիակատար վերահսկողությամբ… ԵԽԽՎ կանոնակարգն այս պահին չունի որեւէ մեխանիզմ՝ առանց նախագահի ինքնակամ հրաժարկանի նրան զրկել այդ պաշտոնից…

Վերջերս «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը» ու եւս 55 քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային հասարակական կազմակերպություններ համատեղ կոչ էին ուղղել ԵԽԽՎ-ին՝ հետաքննել ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիոն մեղադրանքները, որոնք անմիջականորեն կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ։

Մտահոգությունը հիմնականում կապված է «Եվրոպական կայունություն նախաձեռնության» հրապարակած զեկույցների  հետ, որոնցում ասվում է, որ Ադրբեջանը կաշառում է ԵԽԽՎ անդամներին ու ազդում նրանց քվեարկությունների վրա՝ իր համար ցանկալի ձեւով։

Այս 56 ՀԿ-ները կոչ են արել աջակցել կոռուպցիոն մեղադրանքների ամբողջական, լիարժեք ու անկախ հետաքննության իրականացմանը՝ քաղաքացիական հասարակության լիակատար վերահսկողությամբ։ Կոչն ուղղված էր ԵԽԽՎ բյուրոյին, որից խնդրում էին անցկացնել քննարկում վեհաժողովում՝ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեկ Սավիցկու՝ անկախ հետաքնություն իրականացնելու առաջարկի շուրջ՝ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում (ապրիլի 24-28)։ ՀԿ-ները նաեւ կոչ էին արել ԵԽԽՎ անդամներին՝ միանալ դեռեւս նախորդ նստաշրջանում ընդունված հայտարարությանը, որը եւս կոչ էր անում հաստատել արտաքին, լիովին անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ պատգամավորների ոչ պատշաճ վարքագծի ու կոռուպցիայի բոլոր մեղադրանքներով։ Այս հայտարարությանը, սակայն, միացել էին ընդամենը 64 պատգամավոր։  

Կոչ է արվել նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ հանդես գալ խիստ հայտարարությամբ, որ չի լինելու կաշառակերության նկատմամբ ոչ մի հանդուրժողականություն։ «Օրենքի գերակայությանը, ամբողջականությանը, թափանցիկությանն ու հանրային հաշվետվողականությանը հանձնառությունը պետք է լինեն ԵԽԽՎ-ի աշխատանքի առանցքային սկզբունքները։ Եթե նման որոշում չի կայացվում, ապա ԵԽԽՎ-ի հեղինակությանը հասցված վնասը կարող է լինել անուղղելի՝ թույլ չտալով ԵԽԽՎ-ին իրականացնել Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության խնամակալի իր դերը»,-ասվում էր ՀԿ-ների նամակում։

Եվ ահա, երբ մեկնարկեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, ուշադրության կենտրոնում էր նաեւ «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցի քննարկումը։ Լուրջ քննադատական զեկույցում ասվում է, որ մոնիտորինգի հանձնաժողովը մտահոգված է այդ երկրում արտակարգ իրավիճակի շարունակմամբ, խորհրդարանականների ու լրագրողների ձերբակալմամբ, խոսքի ու ԶԼՄ-ների ազատության կրկնվող խախտումներով։ Կոմիտեն առավել եւս մտահոգություն է հայտնել անցկացված սահմանադրական փոփոխություների առումով։

Թուրքիայում տեղի ունեցող այս ողջ բացասական զարգացումների լույսի ներքո կոչ է արվում ԵԽԽՎ-ին՝ Թուրքիային հետ-մոնիտորինգային ընթացակարգից վերադարձնել մոնիտորինգի տակ, ինչն իսկապես հետընթաց կլինի Թուրքիայի համար։

Եվ այդպիսի որոշում էլ կայացվեց, ինչին կրկին աղմկելով պատասխանեցին Անկարայից:

Վեհաժողովում ընդունվեց «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը, որով որոշվեց վերաբացել մոնիտորինգի ընթացակարգը Թուրքիայի նկատմամբ, որ մինչ այս գտնվում էր հետ-մոնիտորինգային ընթացակարգում։ Այս ակնհայտ հետընթացը պայմանավորված է Թուրքիայում մարդու իրավունքների, օրենքի գերկայության, ու ժողովրդավարության հետ կապված «լուրջ մտահոգություններով»։

ԵԽԽՎ-ում զեկույցի ընդունումից հետո թվիթերում գրառում է կատարել Եվոպական խորհրդարանի պատգամավոր Քեթի Պիրին։

«Այն բանից հետո, երբ ԵԽ-ն որոշեց Թուրքիային ներառել մոնիտորինգի տակ, այժմ արդեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների կասեցման գործընթացը մեծ քայլով մոտեցավ»,- գրել է Պիրին, ով ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական կոմիտեի անդամ է ու Թուրքիայի հարցով զեկուցող։

ԵԽԽՎ-ում ելույթ ունեցան Իսպանիայի թագավորն ու Հունաստանի նախագահը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ներկայացրեց 2016թ. իր տարեկան զեկույցը: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պատասխանեց խորհրդարանականների հարցերին։ ԵԽԽՎ-ում ելույթ ունենավ ու հարցերի պատասխանեց Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսը՝ ԵԽ-ում Կիպրոսի նախագահության շրջանակներում։

ԵԽԽՎ այս նստաշրջանում առանցքային քննարկվող թեմաներից էր ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիայի պնդումները, որը քննարկվեց բյուրոյի նիստում։ Այս հարցը ներառված չէր նստաշրջանի օրակարգում, որի առաջարկով հանդես էին  եկել 56 միջազգային ՀԿ-ներ, բայց սույն թեմայով ԵԽԽՎ շրջանակներում առանձին քննարկում թր նախատեսված հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգի ու գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեի կողմից, որին ներկա էին լինելու նաեւ «Խավիարային դիվանագիտությունը» հեղինակած «Եվրոպական կայունության նախաձեռնության տնօրեն Ջերալդ Կնաուսն ու «Amnesty International»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօերն Ջոն Դալհուիսենը։

Գերմանիայի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն ասել է, որ ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ միացել են դեռեւս հունվարին ընդունված հայտարարությանը,  որով կոչ էր արվում առանց հապաղելու հաստատել արտաքին, լիովին անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ պատգամավորների ոչ պատշաճ վարքագծի ու կոռուպցիայի բոլոր մեղադրանքներով։ «Մենք իսկապես հայկական ցանց չենք։ Մենք ցանց ենք, որ փորձում է պայքարել մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակաության համար։ Այն որեւէ կառավարության ոչ դեմ է, ոչ էլ կողմ»,- ասել է Շվաբեն՝ նկատի ունենալով ադրբեջանական լոբբիի «բացահայտումները», թե իբր Շվաբեն, Օմցիգը ու մի շարք այլ պատգամավորներ Հայաստանի լոբբիստներն են։

Ջերալդ Կնաուսն էլ իր խոսքում նշել է, որ կազմակերպությունը 2012թ. հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը, որի 2-րդ մասն էլ հրապարակվեց վերջերս՝ հույս հայտնելով, որ կարիք չի լինելու հրապարակել 3-րդ մասը։ Կնասուը նշեց, որ ԵԽ-ում կոռուպցիայի պնդումները թափ առան Լուկա Վոլոնտեի գործի բացահայտումներից, որոնք վերջին 5 ամիսներին դարձան Ագրամունտի գործ։ «Այն, որ մենք դեռեւս քննարկում ենք հետաքննության մեխանիզմների ստեղծումը, արդեն իսկ սկանդալ է։ Երբ Վոլոնտեն իտալական հեռուստատեսությամբ խոստովանում է մեկ այլ պատգամավորից գումար ստանալը, արդեն իսկ վարքագծի կանոնների խախտում է։ Եվ երբ այս ամենը բացահայտվեց, ԵԽԽՎ նախագահն ու մյուսները պետք է անմիջապես հետաքննություն անցկացնեին՝ պարզելու իրականությունը, որը չարվեց ու դեռևս պարզ էլ չի՝ արդյո՞ք ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի շատ լավ առաջարկը կլինի հիմք հետաքննության մեխանիզմների ստեղծման համար»,-ասել է Կնաուսը։

Նա նշել է, որ այս վեհաժողովի ոչ մի անդամ այնքան հաճախ չի այցելել Ադրբեջան, որքան Պեդրո Ագրամունտը, ով «դիտարկել է» գրեթե բոլոր ընտրությունները 2003 թ. ի վեր, ով անգամ կամավոր էր մեկնում Ադրբեջան։ Քննարկման բոլոր բանախոսները միակարծիք են, որ պետք է ճնշումներ գործադրել ու ստեղծել ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիայի մեղադրանքներն ուսումնասիրող արտաքին, անկախ հետաքննության մարմին, որը պիտի անմիջականորեն իր գործունեությունը ներկայացնի ԵԽԽՎ-ին՝ նշելով, որ մի խումբ մարդկաց թույլ չեն տալու «ոչնչացնել» մարդու իրավունքների պաշտպանության այս տունը։

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը եւս մեկ հարցով էր հարվածի տակ հայտնվել՝ հաշվի առնելով զգալի թվով պատգամավորների պահանջը, համաձայնել է մասնակցել Սիրիա կատարած այցի վերաբերյալ առանձին քննարկմանը։

Քննարկումը բաց է եղել բացառապես Վեհաժողովի անդամների համար, քանի որ վեհաժողովում ինփիչմենտի վերաբերյալ բաց քննարկում անցկացնելու համար տեղի ունեցած քվեարկության արդյունքնում անհրաժեշտ 2/3 մեծամասնության ձայները չհավաքվեց։ Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը Ագրամունտը հայտարարեց, որ իր այցը Սիրիա եղել է սխալ ու ներողություն խնդրեց ԵԽԽՎ անդամներից։ Ագրամունտը նաեւ ասաց, թե ինքը մեկնել է Սիրիա որպես Իսպանիայի Սենատի անդամ։ Ագրամունտի այցը Սիրիա, ըստ տեղեկությունների, կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։ Վեհաժողովի անդամները կարծում են, որ այդ այցը, որը տեղի ունեցավ Իդլիբում քիմիական հարձակումից 2 շաբաթ առաջ, արատավորում է Եվրոպայի խորհրդի նկատմամբ արժանահավատությունը։ Պատգամավորները պահանջում էին նաեւ Ագրամունտի նկատմամբ վստահության քվեարկություն։

Ստեղծված իրավիճակի հետագա զարգացումները պարզ չեն, քանի որ, պարզվում է, ԵԽԽՎ կանոնակարգն այս պահին չունի որեւէ մեխանիզմ՝ առանց նախագահի ինքնակամ հրաժարկանի նրան զրկել այդ պաշտոնից։ Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը եւս քննադատեց Պեդրո Ագրամունտի գործունեությունը, հատկապես «Խավիարային դիվանագիտությունը»  եւ տարբերակ առաջարկեց նրան նախագահի պաշտոնից հեռացնելու համար: Քանի որ ԵԽԽՎ-ում չկա իրավական ճանապարհ, ապա պետք է դիմել՝ նրան ԵԺԿ-ից հեռացնելու համար, որից հետո նա առանց ԵԺԿ-ի անդամակցության ինքնաբերաբար դուրս կմնա նախագահի պաշտոնից:

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կրկին հայտարարեց, որ նախորդ ամիս իր այցը Սիրիա եղել է մեծ սխալ, այդ մասին ինքն այսօր եւս բացատրություններ է ներկայացրել ԵԽԽՎ բյուրոյում ու պատրաստել նաեւ գրավոր բացատրություն։ Ագրամոնտի ելույթից հետո հանդես եկան սոցիալիստների խմբի անդամներն ու պահանջեցին Ագրամոնտի իմփիչմենթը Սիրիա այցելելու համար։ Կրքերը թեժանում էին, Ագրամոնտն ասաց, որ այն պետք է քննարկել բյուրոյում, սակայն խորհրդարանականները պահանջեցին քննարկում նաեւ, թե ինչու է նա վարկաբեկում այս վեհաժողովը։ Ագրամոնտից պահանջեցին հրաժարական ու հանձնել նախագահությունը փոխնախագահին։ Նա ընդմիջեց նիստը 10 րոպեով, բայց այլեւս չվերադարձավ: Նշենք, որ սա աննախադեպ է ԵԽԽՎ պատմության մեջ, որի նախագահներն ընտրվում են ըստ խմբակցությունների միջեւ պայմանավորվածության ու փոխանցվում հերթականությամբ։

ԵԽԽՎ նախագահությունը ստանձնեց փոխնախագահը։ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Սավիցկին հայտարարեց, որ խորհրդարանականների պահանջած քննարկումը, ամենայն հավանականությամբ, կլինի ըստ ժամանակային հարմարության։ Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնավարումն ավարտվում է այս տարեվերջին։

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։