ՍԴ-ն մերժեց դիմումներից մեկը – ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, քաղաքացիների եւ ՀԿ-ների դիմումը… ՍԴ-ում քննվում է Կոնգրես-ՀԺԿ բողոքը – ըստ ամենայնի այն եւս կմերժվի… Երեւանի ավագանու նիստում – Հերոսի ընտանիքն անտուն չի մնա… Արծվի ճախրանքն անմոռանալի է… Միասին մաքրենք մեր տունը…

Սահմանադրական դատարանը մերժեց դիմումներից մեկը

Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքե-լություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, քաղաքացիների, ՀԿ-ների դիմումը.- «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է նախաձեռնության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Այդ նախաձեռնությունը ՍԴ-ից պահանջում էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Դատարանը մերժել է, վերադարձրել է դիմումը՝ համարելով, որ ««Քաղաքացի դի-տորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ»:

Փաստաբանի խոսքով, Դատարանի աշխատակարգային որոշումը բողոքարկել են, սահմանված կարգով դիմել են ՍԴ նախագահին՝ խնդրելով հարցը քննության հանձնել դատական կազմին: «Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծում ստանա: Եվ հաշվի առնելով, որ քաղաքացիները չեն ընդգրկված, չեն կրում  կուսակցական շահեր, պետք է ինչ-որ ձեւով ունենան ընտրությունների արդյունքները բողոքարկելու ձեւեր: Հարցը վերաբերում է քաղաքացիների իրավունքի իրացմանը»:

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ներկայացված դիմումը, որի քննությունը մեկնարկեց ապրիլի 25-ին: Տիգրան Եգորյանն ասել է, որ երկու դիմումների միջեւ որոշակի տարբերություններ կան, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումում կան վստահված անձանց, ԶԼՄ-ների, ՀԿ-ների կողմից հավաքագրված փաստեր՝ խախտումների մասին: «Հիմնական ուղղությունները հետեւյալ են, այս ընտրական գործընթացում հիմնականում դիտարկվել է ու շատ մեծ ծավալի է հասել ընտրելու իրավունք ունեցող անձանց կամքի ազատ արտահայտման նկատմամբ ազդեցությունները, որոնք կիրառվել են խմբերով տեղամասեր տեղափոխելու, տեղամասերում ուղղորդելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու միջոցով»,- նշել է փաստաբանը:

Մինչ հետխորհրդարանական կրքերը մոտենում են հանդարտման կետին, սկսվել է Երեւանի ավագանու ընտրության քարոզչությունը:  

ՍԴ-ում քննվում է Կոնգրես-ՀԺԿ բողոքը

Սահմանադրական դատարանն սկսել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը, որով դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ՝ ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու մասին որոշումը հակասահմանադրական ճանաչել։ Բանավոր քննության զեկուցողը ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանն է, իբրեւ պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ ի դեմս նախագահ Տիգրան Մուկուչյանի, քարտուղար Արմեն Սմբատյանի, ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս Հովհաննես Քոչարյանի, ՀՀ գլխավոր դատախազությունն՝ ի դեմս Հայկ Ասլանյանի, Կարեն Բիշարյանի, Վաղարշակ Մկրտչյանի։ Դիմումը ՍԴ ներկայացնում են ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը, փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը։

Երբ Լեւոն Զուրաբյանը սկսեց իր խոսքը եւ խոսեց իշխանության զավթման, իշխանությունների ապօրինությունների եւ այլնի մասին, ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ասելով. «Սա ԱԺ նիստ չէ, սա ելույթների ժամը չէ, որ քաղաքական հայտարարություն անեք, ՍԴ-ին գնահատական տաք։ Խոսեք ձեր դիմումի մասին ու փորձեք հիմնավորել ու ապացուցել, որ ԿԸՀ-ն այլ որոշում պետք է կայացնի։ Ես այլեւս չեմ ընդհատի, բայց ասածս նկատի ունեցեք»: Ի պատասխան Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ այն, ինչ ասում է, հենց դիմումի քննությանն է վերաբերում. «Խնդիրը լայն է ու համակարգային բնույթ է կրում։ Իմ խոսքը գործի էության մասին է ու այն, ինչ ասում եմ, հաստատվում են փաստերով։ Մեր երկրում խորը անվստահություն կա ընտրական մեխանիզմների նկատմամբ՝ հաշվի առնելով նախորդ ընտրություններին կատարվածը եւ այն, որ իրավական գնահատականներ չեն տրվել։ Այն, ինչ տեղի ունեցավ 2017թ. ԱԺ ընտրություններին, պետականորեն կազմակերպված համատարած ընտրակեղծարա-րություն էր։ Օգտագործելով վարչական ռեսուրսը, կրիմինալը, ոստիկանությունը՝ ապօրինի ազդեցություն եղավ ընտրողների կամքի վրա։ Բաժանվել է ընտրակաշառք՝ 10 հազար դրամ, թեեւ որոշ տեղերում այլ չափ է եղել»: Զուրաբյանը նշեց որ բավական ուշագրավ դիտարկում կա, ըստ որի այն ընտրատեղամասերում, որտեղ եղել են տեսախցիկներ, ապա ՀՀԿ-ն հավաքել է 48,8%, իսկ որտեղ չեն եղել, ապա՝ 57, 36 տոկոս. «Այսինքն ընտրակեղծարարության այսպես ասած բոնուսը կազմել է մոտ 9%»: Լեւոն Զու-րաբյանը անդրադարձավ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ օգտին ցուցակագրումների ձայնագրություններին՝ նշեց, որ այդ քարոզը տնօրենները կարող էին անել իրենց բարեկամների, հարեւանների, բայց ոչ երբեք՝ իրենց սաների ծնողների շրջանում. «Ինչու են ԱՄՆ-ում արգելված դասախոսի եւ ուսանողի միջեւ սեռական հարաբերությունները, քանի որ այդպիսով կխաթարվի տվյալ կրթօջախի հեղինակությունն ու հարցականի տակ կդրվի տվյալ դասախոսի անաչառությունը»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ տարածքային ցուցակով ընտրված Արտակ Սարգսյանի շտաբի աղմկահարույց ձայնագրությանը, ապա Լեւոն Զուրաբյանը նշեց, որ 5-րդ գումարման ԱԺ-ում այս պատգամավորը պահպանել է լռության ուխտ ու ոչ մի բառ չի ասել. «Ու այսքանից հետո զարմանալի է, որ նա հավաքում է այդքան ձայն։ Նրանից բացի, կան էլի լռության չեմպիոններ՝ Արայիկ Գրիգորյան, Սամվել Ալեքսանյան եւ այլն»:

Լեւոն Զուրաբյանը ՍԴ-ին միջնորդեց ստեղծել հատուկ հանձնախումբ՝ ստուգելու 1500 ընտրատեղամասի տեսախցիկների ձայնագրությունները, որոնցից յուրաքանչյուրը 30 ժամանոց է:

Սեփ. Լրատվություն

Հերոսի ընտանիքն անտուն չի մնա

Երեւանի ավագանու հերթական՝ ապրիլի 26-ի նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երեւանի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69,55 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016թ. ապրիլին, ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երեւանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյան, մայրը՝ Նարինե Կիրակոսյան):

Որոշման նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զոհված զինծառայողի ծնողները ներկա-յում բնակվում են 43,8 քմ մակերեսով բնակելի տանը, որտեղ նրանց հետ համատեղ ապրում է եւս 19 անձ: Զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքի կեցության համար ավագանու սույն որոշմամբ կապահովվեն բնակարանային անհրաժեշտ պայմաններ:

Արծվի ճախրանքն անմոռանալի է

Երեւանի ավագանու նույն օրվա նիստում ավագանին քննարկել եւ հաստատել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջարկված մայրաքաղաքի հ. 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագիծը:

Նշվել է, որ Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում:

Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկե-լու համար, նիստը վարող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է որպես քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու եւ նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարեւոր քայլ:

Հիշեցնենք, որ ցուցաբերած բացառիկ քաջության եւ արիության համար Ռոբերտ Աբաջյանը հետմահու 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով եւ «Ոսկե արծիվ» շքանշանով։

Միասին մաքրենք մեր տունը

Երեւանի քաղաքապետարանում ապրիլի 25-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ օր Երեւանում ներքին շաբաթօրյակներ անել՝ կարեւորելով մեր համաքաղաքացիների մասնակցությունն այդ նախաձեռնությանը։

Քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը, կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների համապատասխան ծառայություններին գույքագրել աղբի կուտակումների քրոնիկ վայրերը, իսկ աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը, ինչպես նաեւ քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին՝ ուշադիր լինել քաղաքացիների կողմից համացանցում մատնանշվող հասցեներին եւ օպերատիվ փոխանցել կոմունալ ծառայություններին։

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։