Երեւանի ավագանու ընտրություններ.- Երեւանի քաղաքապետարանը խորհրդարան չէ՝  այստեղ պետք է գործեն, ոչ թե խոսեն – ՀՀԿ-ից «զզվող» Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը «յախքեր» շաղ տալու փոխարեն պետք է արածն ու չարածը նշեն, «մենք այսպես կշտկենք»-ը ասեն… Իրականում ասելիք չունեն…

«Յախքեր» շաղ տալու փոխարեն

Երբ երկրում ընտրություններ են՝ նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ կամ Երեւանի ավագանու, ես, իբրեւ ընտրող, իբրեւ երկիրս երբեք չլքելու որոշում կայացրած մարդ (ի դեպ, աշխատանքային գերազանց առաջարկներ ունեցել եմ նույնիսկ կյանքի այն ժամանակահատվածներում, երբ, մեղմ ասած, շատ վատ եմ ապրել), առաջին բանը, որ ուզում եմ լսել թեկնածուներից, խնդիրներին տրվող լուծման նրանց տարբերակներն են:

Թո՛ղ որ ճիշտ, թո՛ղ որ սխալ, լավ ու վատ, բայց՝ նրանց տարբերակները: Ի՞նչ եղավ վերջին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե հակիրճ ու պարզ ձեւակերպմամբ, ապա նախ-ընտրական շրջանում հիմնականում խոսվում էր այն մասին, թե ինչ է արել ՀՀԿ-ն: Իմ պեսներին, ովքեր ամբոխահաճությունն ու հայհոյախոսությունը զազրելի բան են համարում, դա, բնականաբար, դուր չէր գալիս՝ անկախ ՀՀԿ-ի հանդեպ ոչ սիրառատ վերաբերմունքից: Հարգելի տիկին կամ պարոն, ելել ես խոսելու՞, քո՛ խոսքն ասա, խնդրին առաջադրած քո՛ լուծման տարբերակը ներկայացրու…

Հիմա այս տիկիններին ու պարոններին չմարսած՝ եկավ թեկուզ արդեն փոքրաթիվ, բայց էլի նույն ու նույնանման տիկինների ու պարոնների հերթական բեմելը: Ընթացքում է Երեւանի ավագանու ընտրության նախընտրական քարոզարշավը:

Սա կարեւոր ընտրություն է, որովհետեւ Երեւանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ համայն հայության մայրաքաղաքն է: Ինչ Երեւան կունենանք վաղը, կախված է մեր ընտրությունից: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ում ընտրել, բայց… նույն պատկերն է: Ու՞ր են խնդիրների լուծման տարբերակները:

Լուսնից չեմ իջել, հասկանում եմ, որ քաղաքականությունը նաեւ զվարճահանդես է, որ այո, կարելի է հեծանիվ քշել, ինչու ոչ, կարելի է բարձրանալ ավտոտնակի տանիքին ու գոռգոռալ, որ կարելի է ավտոբուսում երգել, հետո նորից գոռալ ու գոռալ, ընդօրինակել այն ամենը, ինչ անում են այլ երկրներում՝ առանց տեղային յուրահատկությունները հաշվի առնելու: Բայց զվարճահանդեսին պիտի հետեւի գործնականի ցուցադրանքը, այն է՝ ինչ անել, որպեսզի Երեւանը ավելի լավը լինի, քան հիմա:  

Իսկ ինչ են անում մեր թեկնածուները: Ձեռնպահ կմնամ, թող խոսեն հենց իրենք:

Այսպիսով, «Ելք»-ի Նիկոլ Փաշինյանը (երեւույթը պատկերում եմ առաջին դեմքերով) թիվ 22 երթուղու ավտոբուսում երգում է ու հետո թե՝ ՀՀԿ–ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ստեղծած «մահվան լիֆտերից, հուսահատության գազելներից, աղբից ու փոշուց ելք կա»: Դրանից առաջ այդ նույնը 1 թե 2 օր առաջ Ավանում էր՝ միայն մի բան ավելացրած՝ «ցանց դարձած տանիքներից ելք կա»: Սա էր ամբողջ տեքստը: Ուրեմն՝ մտնում են բակ, նայում շենքերի պատշգամբներին եւ բարձրախո-սով ասում, թե՝ «Ձեզ հետ խոսում է քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, այստեղ ինձ հետ են Էդմոն Մարուքյանը» եւ մի քանի այլ անուններ էլ է տալիս: Հետո շարունակում. «Երեւան ջան, ելք կա, երեւանցիներ ջան, ելք կա: Դուխով քվեարկեք: Ելք կա: Շնորհակալություն, բարեւեք ձեր ընտանքիների անդամներին»: Ու հեռանում էր:

Հա, չմոռանամ ասել, ձեռքով բարեւում էր երեխաներին եւ նրանց հարցնում՝ կողմնորոշվե՞լ են իրենց դիրքորոշման հարցում:

Հոգ չէ, որ երեխաները չեն քվեարկում, կարեւորը՝ ելք կա:

Ի դեպ, ասում է նաեւ, թե «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի համաձայն, ընտրվելու դեպքում քաղաքապետ Նիկոլ Փաշինյանը 5 տարվա ընթացքում բացելու է մետրոյի մեկ կայարան, լուծելու է հանրային տրանսպորտի խնդիրը, մարդիկ մեծ մասամբ երթեւեկելու են ավտոբուսներով, տրոլեյբուսներով եւ մետրոյով, տնկվելու է 500 հազար ծառ, ստեղծվելու են հանրային լողավազաններ: Սա է քաղաքային տնտեսության նրանց ծրագիրը, որ մեկնաբանման կարիք չի զգում:

Գամ «Երկիր Ծիրանիի» Զարուհի Փոստանջյանին: «Ինձ հաճախ ասում են, որ թիմում չկան հայտնի մարդիկ, բայց ես պատասխանում եմ, որ մեր թիմի մարդիկ հայտնի են իրենց ոլորտներում, եւ ես ուրախ եմ, որ մեր թիմում չկան այն հայտնիները, որոնք հայտնի են իրենց արատավոր գործերով այս 25 տարիների ընթացքում»,- նշում է Զարուհի  Փոստանջյանը։

Եթե չհավատայի, որ Փոստանջյանը իսկապես հավատում է իր ասածին, կմտածեի, «փոստ է անում»: Զարուհի Փոստանջյանը տեղեկացված չէ՞, որ իր թիմում կա մեկը, ով իր արատավորությամբ կարող է հաղթել Փոստանջյանի պատկերացրած շատ այլ արատավորների: Չէ, նա այնքան գորշ ու աննկատ մարդ է, որ չեմ ուզում նրա մասին գրել: Այդ կարգի մարդու համար թուքումուրն էլ գովազդ է: Կարեւորն այն է, որ նա հիմա կարդում է մեր թերթում գրվածը, իսկ նա հաստատ կարդում է եւ հասկանում է, որ դա իր մասին է: Լավ կանի, շատ արագ ջնջվի ցուցակից, այլապես նրան ճանաչողները Զարուհի Փոստանջյանին ջախջախիչ պարտություն են ցանկանալու… Թեեւ կռահում եմ՝ նա ինչ է խոստացել Փոստանջյանին, որ հայտնվել է ցուցակում…

Ի դեպ, Փոստանջյանը համոզված է, որ իրենք չունեն մրցակիցներ եւ ունեն մեկ թիրախ՝ ՀՀԿ-ն է:

Իսկ ծրագիր ունե՞ն: Ծրագի՛ր: Գանք դրան:

Զարուհի Փոստանջյանն ասում է, որ կա մետրոպոլիտենի անհրաժեշտություն: Բնական է, որ նա գիտե, որ մետրո մենք ունենք ու սխալ է արտահայտվել: Ծրագիրը նայեցի: Ասվում է, թե Երեւանի զարգացման գլխավոր պլանով մայրաքաղաքում պետք է լիներ մետրոպոլիտենի 32 կայարան եւ 3 գիծ: Առաջին գիծը պետք է բաժանվեր 3 կանգառների՝ Աջափնյակ, Նազարբեկյան եւ Դավիթաշեն, երկրորդ գիծը ներառում էր 12 կայարան՝ սկսած Հյուսիսային ավտոկայանից՝ Քանաքեռով, Երազ գործարանով, այնուհետեւ՝ Կոմիտաս, Արաբկիր, Բարեկամություն 2, Մաշտոցի պողոտա, այդտեղից անցում դեպի երրորդ գիծ՝ Հանրապետության հրապարակ 2, Խանջյան փողոց եւ երեք կայարան Էրեբունիում: Երրորդ գիծը պետք է ներառեր 7 կայարան՝ Ավանից մինչեւ Գայի պողոտա, այնտեղից դեպի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, դեպի Երիտասարդական 2, Մաշտոցի պողոտա 2, Կիլիկա, Մալաթիա: Սակայն 1996թ.  առ այսօր չի բացվել եւ ոչ մի նոր կայարան: Ներկայիս մետրոպոլիտենի խնդիրը կայացել է գոյություն ունեցող ցանցի պահպանությամբ: Առավել իրատեսական պլաններից է Երիտասարդական կայարանի 2-րդ մուտքի կառուցումը, որը ներառված էր նախագծում եւ իրականացվել է 60 տոկոսով: Երեւանի զարգացման եւ տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումն առաջնահերթություն է: Վերջ: Երկար-բարակ մետրոյի նախագիծը նկարագրեց ու վերջ:

Է հա, ոչ ոք չի ժխտում, որ առաջնահերթություն է: Իսկ ի՞նչ պիտի անի «Երկիր Ծիրանին»: Չկա այդ մասին: Չկա ոչ մի տառ:

Փոխարենը Զարուհի Փոստանջյանը հստակ գիտի, թե ինչ անել անտուն շների ու կատուների հետ: Անկեղծ եմ ասում՝ անտուն շների ու կատուների դեմ բան չունեմ: Ավելին՝ շատ եմ սիրում հատկապես կատուներին: Բայց ազնվորեն ասած՝ ինձ ավելի հետաքրքրում է անտուն մարդկանց ճակատագիրը: Մեկ էլ ափսոս, որ հորեղբորս կովը Երեւանի անտուն շների ու կատուների շարքին չի դասվում, թե չէ մի գոմ էր, բան էր, Զարուհուց կուզեինք: Հավատացեք, խոսքումս հեգնանք չկա: Պարզապես ինչպիսին ծրագիրն է, այնպիսին էլ՝ ազդեցությունը…

Ինչը չեմ ասի Նիկոլ Փաշինյանի մասին: Ի միջի այլոց, նա իր գործը վատ չի անում: Իր ժանրի մեջ է, ինչպես ձուկը ջրում: Օրինակ՝ խոստանում է «ձնամաքրման աշխատանքները սկսել ձյան տեղումներից առաջ»: Իմ խնդիրը չէ, թե նա իրականում ինչ է փորձել ասել: Իմ խնդիրը սպիտակի վրա սեւով գրվածը կարդալն է: Փաստորեն, դատարակ լողավազանում լողալ սովորելը՝ մինչեւ ջրի լցվելը ամենեւին անեկդոտի շարքից չէր: Կամ՝ մեկ այլ մեջբերում անեմ ծրագրից. «Երեւանի մետրոպոլիտենի կառուցումը դարձնել անընդհատ պրոցես՝ հնարավոր առավելագույն ծավալներով. մինչեւ 2022թ.պետք է գործարկվի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան»:

Ի՞նչ է նշանակում՝ «անընդհատ պրոցես՝ հնարավոր առավելագույն ծավալներով», պիտի մի կայարանում նստեն ու մինչեւ Մեղրի հասնե՞ն: Ախր նախընտրական ծրագիրը հո բառակույտ չէ, մի քիչ պետք է հարգել ընտրողին: Իսկ որ նոր կայարան պետք է, հաստատ է: Ոչ ոք չի ժխտում: Բայց ի՞նչ միջոցներով: Այս հարցի պատասխանն էլ չկա:

Քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Տարոն Մարգարյանն ավելի ազնիվ է, որ հստակ ասել է, թե դրա համար մեծ միջոցներ են պետք եւ առայժմ դա իրատեսական չէ:

Նկատեմ մի հանգամանք. անընդհատ միջազգային չափանիշներից խոսող քաղաքապետի մեր թեկնածուներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, ով հատկապես տեղյակ է դրսի դասերին, հստակ գիտեն, որ սեւ քարոզչությունը երբեմն նաեւ սպիտակ քարոզչություն է դառնում նրա համար, ում հասցեին ուղղված է սեւ PR-ը: Այնպես որ, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ընտրողն ավելի ուշադիր լինի Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրով առաջադրած խոստումների նկատմամբ: Տարոն Մարգարյանն անկեղծանում է. «Իհարկե, գիտակցում եմ, որ ընտրական գործընթացները սովորաբար ուղեկցվում են անիրատեսական ու շռայլ խոստումներով, բարձրագոչ ճառերով եւ մարդկության առջեւ ծառացած բոլոր խնդիրները մեկ հարվածով ու մեկընդմիշտ լուծե-լու հավաստիացումներով, բայց դա իմ ոճը չէ, ճառ ասելն իմ ներկայանալի տարերքը չէ: Ինձ համար միշտ նախընտրելի է եղել սրտամոտ, մտերմիկ զրույցը մարդկանց հետ, նրանց խնդիրը լսելը, հոգսը հասկանալը եւ միջոցներ ձեռնարկելը: Ես միշտ կողմ եմ անմիջական շփումներին, ու մեր բազում շփումները տվել են հստակ արդյունքներ»:

Նկատենք նաեւ, որ Տարոն Մարգարյանը քարոզարշավի ընթացքում մյուս թեկնածուներին մրոտելով չի զբաղվում: Ինչը չենք ասի մյուս կողմերի մասին:

Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանը Ազգային Ժողով չէ: Քաղաքապետարանում պետք է գործեն, ոչ թե խոսեն: Ու քանի որ սա գործի տեղ է, քարոզարշավը այլ ձեւով պիտի լիներ: Ասենք՝ ՀՀԿ-ից «զզվող» Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը «յախքեր» շաղ տալու փոխարեն պետք է ասեին. արվել է այսինչ գործը, սխալ է արվել, մենք այսպես կշտկենք կամ չի արվել այսինչ գործը, մենք կանենք այսպես:

Ինչեւէ, դեռ ժամանակ կա եւս մեկ անգամ անդրադառնալու քաղաքային տնտեսությանը վերաբերող նրանց պատկերացումներին եւ ընտրողին կողմնորոշելու ընտրության հարցում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։