Այս դեպքում՝ խնձորը հենց ծառի տակ է ընկել.- Հայ արիները կսատարեն Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին – Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի տեղն առավելապես խորհրդարանում է, քան՝ գործադիր աշխատանքում, այն էլ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում («Լուսանցք»-ի հյուրն է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը)…

- Պարոն Ավետիսյան: Խորհրդարանական ընտրություններից առաջ Միաբանության անդամներին ազատ թողեցիք կողմնորոշման հարցում, բայց անձամբ Դուք չմասնակցեցիք խորհրդարանական ընտրություններին՝ պատճառաբանելով դա այն հանգամանքով, որ դեմ եք Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին: Ի՞նչ եք անելու Երեւանի ավագանու ընտրությունների մասով:

– Այո՛, սահմանադրական փոփոխությունների ամբողջ ընթացքում Հայ Արիական Միաբանությունն իր փաստարկներն էր բերում, որ այնպիսի տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, այնպիսի իրավիճակում, որ հայտնվել է հայությունը՝ թե՛ իր հայրենիքի մի հատվածի վրա կայացող պետություն հիմնած, թե՛ սփյուռքում սփռված, ինչպես նաեւ պատերազմական իրավիճակում հայտնված մեր դեռ կայացող պետությանը անհրաժեշտ էր ավելի կենտրոնաձիգ կարգավիճակ:

Մենք կիսանախագահական համակարգը պիտի փոխարինեյինք զուտ նախագահական համակարգով եւ ոչ թե խորհրդարանական, որտեղ շատ հնարավոր է արհեստական միջամտություններով ստեղծել քաղաքական ճգնաժամային իրավիճակ, երբ որեւէ ուժ չկարողանա Ազգային Ժողովում հավաքել համապատասխան ձայներ կառավարություն կազմելու եւ երկրի առաջին դեմքին՝ վարչապետին ընտրե-լու համար, ինչից կարող են օգտվել (ավելին՝ նպաստել) դրսից սնվող քաղաքական ուժերը, ստանալով նաեւ օտարահպատակ հասարակական կազմակերպությունների աջակցությունը: Իսկ մեր երկրում ոչ միայն տնտեսական կամ մշակութային գործունեությամբ զբաղվելու համար են դրսից դրամաշնորհներ ստանում, այլ՝ քաղաքական, հանրային ու քաղաքացիական օտարահաճ գործունեություն ծավալելու… Սրանք այնքան հայտնի բաներ են, որ խոսելն անգամ ավելորդ է:

Մենք նաեւ ամբողջական Սահմանադրության նախագիծ առաջարկեցինք՝ Ազգային Սահմանադրության, որը պիտի դառնար Համազգային Սահմանադրության հիմնասյունը: Բայց… իհարկե, հաճելի էր, երբ որոշակի քննարկումներ եղան Սահմանադրական դատարանում, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ, անգամ որոշակի հարցերում շատ էլ նման էինք մտածում, բայց… Ինչեւէ մեր որոշ առաջարկներ, համենայնդեպս տեղ գտան նորացված Սահմանադրության մեջ, իհարկե՝ փոքր ինչ այլ ձեւակերպումներով:  

Հայ Արիական Միաբանության  եւ Հայ Ազգայնականների Համախմբման համատեղ նիսում որոշվեց ազատ թողնել մեր հիմնական, համակիր եւ օժանդակ անդամներին՝ իրենց կամքով քվեարկելու համար: Իմ մտավախությունը, որ խորհրդարանական Հայաստանը դեռ ներքին լուրջ խնդիրներ կարող է ունենալ, որը կազդի նաեւ արտաքին քաղաքականության վրա, դեռ մնում է, ինչը հոգեբանորեն ինձ թույլ չտվեց քվեարկել այդպիսի պետության ստեղծման օգտին: Բայց չի բացառվում, որ ես սխալվեմ այդ հարցում, ուստի անձամբ դեմ եղա ընդհանուր բոյկոտին: Այստեղ հարցը այս կամ այն ուժին սատարելու մեջ չէր բոլորովին:

Իսկ հարցի երկրորդ մասով՝ Երեւանի ավագանու ընտրության, ասեմ, որ վերոնշյալ երկու ազգայնական կառույցների չմասնակցելը արդեն գաղափարաբանական պատճառներ չունի, այլ՝ զուտ ֆինանսական: Ինքս Աբովյան քաղաքի գրանցում ունեմ, չնայած բնակվում եմ Երեւանում, ուստի չեմ կարող մասնակցել քվեարկությանը, եթե անգամ ցանկանամ:

- Իսկ Միաբանության անդամները, որ գրանցված են մայրաքաղաքում, նորի՞ց ազատ են լինելու իրենց ընտրությունն անելիս:

– Այս հարցում քննարկումներն ավելի բուռն էին ի զարմանս ինձ, քան եղավ խորհրդարանական ընտ-րությունների ժամանակ: Խնդիրն այն է, որ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման շատ ներկայացուցիչներ տարիներ շարունակ, անմիջական ու լավ հարաբերություններ են ունեցել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, եղել է հայ ազգայնականության առաջխաղացմանը նպաստող լուրջ համագործակցություն, ինչը դեռ բոլորիս հիշողության մեջ է: Անդրանիկ Մարգարյանը մեր ընկերն ու գործընկերն էր ինչպես քաղաքական, այնպես էլ հոգեւոր՝ ազգային հավատի հետեւորդ լինելու իմաստով:

Իսկ հիմա ըստ էության, հենց հարցի մասին: Վերոնշյալ հանգամանքը չէր կարող մեզ չստիպել մի օր հասկանալու, արդյո՞ք մեր ընկերոջ որդին, ում հետ այդքան աշխատում եւ հույսեր էր կապում Անդրանիկ Մարգարյանը, չի հիշում այդ ամենը եւ չի շարունակելու հոր ազգային ճանապարհը… Կարեւոր չէ այսօր մանրամասնել, թե երբ եղավ առաջին հանդիպումը եւ ինչ թեմաներ քննարկվեցին, բայց պիտի ասեմ, որ ազդված էինք բոլորս: Եվ անձնական վերաբերմունքից, որն ստացանք որպես հոր ընկերներ, եւ այն կեցվածքից, որը նա դրսեւորեց մեր նկատմամբ, որպես ազգային կամ քաղաքական գործիչներ: Ըմբռնումը՝ ազգային հարցերի ու դրանց լուծումների վերաբերյալ եւս բավարարող էին այդ առաջին հանդիպման ընթացքում:

Իսկ հետո, երբ Տարոն Մարգարյանն ինքը նախաձեռնեց հաջորդ հանդիպումը եւ արդեն հանդես եկավ որպես պետության ներկայացուցիչ, գործի մարդ, հասկացանք, որ սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ «խնձորը ծառից հեռու չի ընկնում»:

Կանխարգելելով ոմանց «բարեխոսությունները», ասեմ, որ մենք նաեւ քննադատաբար ենք հանդես գալիս մեր հանդիպումների ժամանակ եւ փորձում ենք ինչպես խորհրդով, այնպես էլ օժանդակությամբ աջակցել մեր մայրաքաղաքի ծրագրերի իրականացմանը կամ այնպիսի ծրագրերի, որ կարեւոր նշանակություն ունեն երկրի համար… Այստեղ առայժմ չեմ մանրամասնի:

Այս ընտրապայքարի ընթացքում հետեւել եմ նաեւ «Ելք»-ի եւ «Երկիր Ծիրանի»-ի քարոզչությանը, սակայն հանգել եմ այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի տեղն առավելապես խորհրդարանում է, քան՝ գործադիր աշխատանքում, այն էլ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Երկուսն էլ, ինչպես նրանց շատ կուսակիցներ, արդեն թրծվել են Ազգային Ժողովում եւ քաղաքական ու իրավական հարցերով գոնե նախաձեռնություններ էին ունենում: Անկախ այն բանից, համաձայն էի դրանց հետ, թե՝ ոչ, բայց մարդիկ իրենց տեսակետները քաղաքական մարմնում կարողանում էին ներկայացնել: Բայց քաղաքապետարանը բոլորովին այլ տեղ է, այլ աշխատանքի համար: Ես ինքս էլ ինձ լավ չեմ պատկերացնում Երեւանի ավագանու անդամի կարգավիճակում, չնայած տարիներ առաջ, ՀՀՇ-ական տարիներին եղել եմ Աբովյանի ավագանու անդամ եւ շատ «ագրեսիվ», բայց առավելապես քաղաքական ու իրավական հարցերի շուրջ էինք համախմբվում ընդդիմադիր ավագանու անդամներով… Որոշները մի քանի անձնական ֆինանսա-տնտեսական հարցերի լուծումից հետո անգամ չ-ընդդիմադիր էին դառնում: Ասեմ, որ Աբովյանի քաղաքապետարանում էլ եմ աշխատել ժամանակին, կազմակերպչական բաժնում, 1990-ականների դաժան տարիներն էին: Այն ժամանակվա քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը ՀՀՇ կարկառուն անդամներից էր, բայց փորձեցինք համատեղ աշխատել ու մեր բնակչությանը պիտանի լինել, ցրտի, սովի ու ընկճվածության այդ տարիներին… Ինձ հաճախ էին ասում՝ դե արի ու ցույց տուր, թե ինչպես պետք է աշխատել առանց տալ-առնելու, ասելով հո չի՛… Գիտե՞ք, մի պահ ստացվեց, անգամ Աբովյանի քաղաքապետին մեղադրում էին յուրայինները, թե ՀԱԲ-ի Արմենին (այդ ժամանակ ինձ դեռ կապում էին Հայոց Ազգային Բանակ ռազմական կազմավորման հետ) ավելի շատ է լսում ու ազատ թողնում, բայց հետո ոչ միայն վերնախավային, այլեւ ներքնախավային ներքին լծակները ինձ առհասարակ չհանդուրժեցին…

Ասելս այն է, որ մեզանում ամեն բան քաղաքականացված է, անգամ շատ ընտանիքների անդամներ են «Սարոյան եղբայրներ»… Պարզապես պիտի լինել այնտեղ, որտեղ կարող ես իսկապես օգտակար գործ անել ազգիդ ու հայրենիքիդ համար, ոչ թե միայն խոսել ու մեղադրել… Այսօր էլ շատ բան չի փոխվել այս թեմաներում:

- Եվ ուրե՞մն…

– Եվ ուրեմն վերոնշյալ բոլոր հանգամանքները եւ ներկա իրավիճակը հանգեցրեցին այն բանին, որ ինչպես հայ արիականները, այնպես էլ համախմբված հեթանոս ազգայնականները որոշեցին սատարել գործող քաղաքապետին՝ Տարոն Մարգարյանին եւ իր թիմին, իհարկե, մեր երեւանյան կառույցների անդամների մասին է խոսքը: Եթե հիշողությունս չի դավաճանում, մենք ավելի քան 10 տարի ոչ մի քաղաքական ուժի ոչ մի ընտրության ժամանակ չենք սատարել: Հիմա սատարում ենք: Վստահ ենք՝ նա հնարավոր ամեն բան կանի երեւանցիների ու Երեւանի համար: Այն Երեւանի, որ աշխարհասփյուռ հայության մայրաքաղաքն է:

Զրույցը՝ Անի Մարությանի

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։