Gallup-ը հույսեր չի տալիս ընդդիմությանը – Չմասնակցող ընդդիմադիրները չեն սատարելու մասնակցող ընդդիմադիրներին, իսկ ՀՅԴ-ն կսատարի ՀՀԿ-ին… Ընդդիմադիր ուժերի օգտին չի խոսում նաեւ Gallup-ի հարցումը – ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ 61,2%-ը, Նիկոլ Փաշինյանին՝ 11,5%-ը եւ Զարուհի Փոստանջյանին՝ 3,9%-ը…

Ըստ քաղաքագետների ու վերլուծաբանների, ընտրություններին մասնակից քաղաքական 3 ուժերի ներկայացուցիչները տարբեր կերպ են պատկերացնում մայրաքաղաքի ավագանու անդամ դառնալու եւ հետագայում քաղաքապետ ընտրելու ձեւն ու բովանդակությունը: Նրանցից շատերի կարծիքով՝ միայն «Ելք» կա բացականչելով ու Երեւանի փողոցներով քայլելով՝ որեւէ ելք չի գտնվի իրականում: Անգամ զարմացել են, թե ինչպես խորհրդարանական ընտրություններում ինչ-որ ելք տեսան ընտրողները, չնայած այս դեպքում կարծում են, որ մարդկանց հետ շփումներում «Ելք»-ի նաեւ մյուս քաղաքական ուժերի տեսակետները ունեցել են որոշակի ազդեցություն: Ինչ մնում է «Երկիր Ծիրանի»-ի հեծանվավազքին կամ նման այլ քայլերին, նշվում է, որ եթե դա կարող է ինչ-որ հաջողություն ունենալ Արեւմուտքում, որտեղ նաեւ ծավալուն ծրագրեր են ներկայացվում, ապա մեզ մոտ դա չի կարող լուրջ հաջողություն բերել: Հատկապես, որ կուսակցության ղեկավարը իրենց նպատակը հայտարարել է «ՀՀԿ-ի դեմն առնելը»: Սա տնտեսական ծրագիր չէ, եթե նման հայտարարությունները կարող են ԱԺ ընտրություններում քաղաքական ազդեցություն թողնել, ապա այս ընտրությունների՝ գրեթե ամբողջական տնտեսական միջավայրում անօգուտ հայտարարություններ են:

«Ազգային ժողովի ընտրություններից հետո տեղի է ունենում Հանրապետական կուսակցության ռեբրենդինգ, շատ պաշտոններում նշանակվում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Այս միտումը, ինչպես երեւում է շարունակակական է լինելու»,- ասել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ «խոսելով խորհրդարանի մասին, դժվար է ասել՝ ով կլինի ԱԺ նոր խոսնակը, սակայն առնվազն փոխխոսնակների դեպքում, հուսով եմ, ականատես կլինենք խորհրդարանական համակարգում նման պաշտոններ չզբաղեցրած մարդկանց նշանակման»: Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ քաղաքագետը շատ կարճ բնորոշեց՝ դրանք կանխատեսելի կլինեն. «Մենք կունենանք մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտում լուրջ խնդիրներ կլինեն»:

Փաստորեն, վերլուծաբաններից շատերի կարծիքով, Երեւանի ավագանու ընտրությունները կանխատեսելի են, հատկապես, եթե ընդդիմադիրները լուրջ խնդիրների են հանդիպելու, ապա ՀՀԿ ներկայացուցիչը՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ դժվարությունների չի հանդիպի, քանի որ նրա թիմը գործում է ավելի նպատակային:  

«Ելք» դաշինքի եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը դժվարությունները կապված են հատկապես այն փաստի հետ, որ ավագանու ընտրություններին չմասնակցող ուժերը առաջադրվածներից որեւէ մեկին չեն սատարում: Չմասնակցող ընդդիմադիրների պատասխանները գրեթե նույնն են. «Իրենց անդամները եւ համակիրները ազատ կամարտահայտմամբ կարող են գնալ եւ ընտրություն կատարել, որեւէ այլ մոտեցում չի լինելու»: Իսկ ահա, ՀՅԴ-ն, որը ՀՀԿ-ի հետ քաղաքական դաշինքի նոր ուղիներ է փնտրում, վստահաբար ներքին կարգով կգործի ՀՀԿ-ի օգտին, եթե անգամ հայտարարություն չանի:

Ընդդիմադիր ուժերի օգտին չի խոսում նաեւ Gallup-ի հարցումը: Երեւանում ապրիլի 12-20-ը 1044 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ 61,2%-ը, Նիկոլ Փաշինյանին՝ 11,5%-ը եւ Զարուհի Փոստանջյանին՝ 3,9%-ը: Ավելին՝ հարցվածների 62,3%-ը համոզմունք է հայտնել, որ հենց Տարոն Մարգարյանն է ունակ լուծել Երեւանի առջեւ ծառացած հիմնախնդիրները: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահություն է հայտնել հարցվածների 12,1, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ՝ 4.2%-ը:

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու խնդրին, ապա հարցվածների 54,3%-ը նշել է, որ միանշանակ  մասնակցելու է քվեարկությանը, մինչդեռ  9,4%-ը հայտարարել է, որ հաստատ չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին ասել է Gallup International Association-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ հաջորդ հարցումը կիրականցվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:

Հատկանշանական է, որ վերջին 4 տարիների ընթացքում մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխությունները լիովին դրական է գնահատել հարցվածների 9,4%-ը: Փոփոխություններն ավելի շուտ դրական է որակել հարցվածների 55,2%-ը, ավելի շուտ բացասական՝ 19,8%-ը: Հարցին՝ որոնք են իրենց համայնքի կամ շենքի հարակից տարածքների հիմնական խնդիրները, երեւանցիների 33,5%-ը պատասխանել է՝ մաքրությունը, 17%-ը՝ մուտքերի վատ վիճակը, 16,3%-ն էլ պատասխանել է՝ քաղաքային տրանսպորտի խնդիրները:

«Երեւանցիներից նաեւ հետաքրքրվել ենք՝ որոնք են իրենց կարծիքով վերջին տարիների դրական ծրագրերը, որ իրականացվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից: Հարցվածների 27,9%-ը պատասխանել է՝ քաղաքի տեսքի բարելավում, 20%-ը՝ բակերի բարեկարգում, 17,6%-ը՝ նստարանների տեղադրում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե քաղաքային իշխանությունների կողմից ինչպիսի միջոցառումներ կցանկանային իրականացված տեսնել, մարդկանց 32,2%-ը նշել է՝ կանաչապատ տարածքների ավելա-ցում, 20,3 %-ը՝ մշակութային ծրագրերի իրականացում»,- նշել է Արամ Նավասարդյանը:

«Էմ Փի Զի» ՍՊԸ-ի աշխատակիցները մայրաքաղաքի բնակիչներն խնդրել են 1-5 բալանոց սանդղակով գնահատել քաղաքային տրանսպորտի վիճակը, որտեղ 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր ցուցանիշ-ներն են: Ըստ այդմ՝ հասարակական տրանսպորտի վիճակը գնահատվել է 2,8 բալով, քաղաքի մաքրությունը 3 բալով, իսկ ահա լուսավորությունը 4 բալով: Հարցվածներին խնդրել են նույն բալային սանդղակով գնահատել նաեւ կանաչապատ տարածքների վիճակը: Ամենավատ վիճակն արձանագրվել է Շենգավիթ եւ Նուբարաշեն վարչակա շրջաններում, ամենալավ վիճակը՝ Ավանում եւ Դավիթաշենում: Ինչ վերաբերում է վարչական շրջանների ճարտարապետական տեսքին, ապա, ըստ 1-5 բալային համակարգով ամենալավ վիճակը՝ 4 բալ, արձանագրվել է Կենտրոնում: Մայրաքաղաքի ընդհանուր արտաքին տեսքը շատ լավ է  գնահատել հարցվածների 11,5%-ը, ավելի շուտ լավ՝ 69,3%-ը, ավելի շուտ վատ՝ 14,3%-ը եւ շատ վատ՝ 4,1%-ը:

Վերջում Արամ Նավասարդյանը հույս է հայտնել, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուները լրջորեն հաշվի կառնեն հարցման արդյունքները: Նա հիշեցրեց, որ ԱԺ ընտրությունների շեմի իրենց հարցումները կասկածի տակ էին դնում հատկապես «ՕՐՕ դաշինքը» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ իրենց կանխատեսումներում առավել քան ճիշտ էին:

Ինչ մնում է հաղթողի թեկնածու համարվող Տարոն Մարգարյանին, ապա նա լուրջ փորձություն չի համարում ընդդիմադիր ուժերի հետ ավագանիում աշխատելու հեռանկարը: Հաշվի առնելով այն, որ այս անգամ քաղաքապետարանում կլինեն նաեւ ընդդիմադիր ուժերը, նա պատասխանել է, «Եթե համագործակցեն, օգտակար կլինեն մեր քաղաքին, ինչի համար մենք շնորհակալ կլինենք»:

ՀՀԿ-ն իրեն մրցակից է համարում թե «Ելք»-ին, թե «Երկիր Ծիրանի»-ին, չեն թերագնահատում ոչ մեկին: Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե քաղաքապետի հարստության 90%-ը Երեւան քաղաքի բյուջեի հաշվին է գոյացել, Տարոն Մարգարյանը նշել է, որ ինքն այդ մասին չի լսել. «Անկեղծ ասած՝ չեմ լսել: Ես տեղյակ չեմ, թե ով ինչ մեղադրանքներ է հնչեցնում: Ինչ վերաբերում է իմ կարողությանը, ապա 2000-ականներից սկսած հայտարարագրում նշել եմ իմ կարողությունների մասին: Թող վերցնեն ու ուսումնասիրեն»: Իսկ այդ թեկնածուի հեծանիվ քշելու մասին քաղաքապետն ասել է, թե հեծանիվ վարելն ակտիվ քարոզչություն չէ, ինչպես հայտարարվում է, դա կարեւոր եւ առողջ ապրելակերպ է: Ակտիվ քարոզչությունն այն է, որ ժողովրդի հետ ենք շփվում:

Քաղաքապետը նշել է, որ վերջին 4 տարվա ընթացքում երեւանցիները տեսել են իր թիմի աշխատանքը. «Որն օրուգիշեր աշխատելն է: Մենք չենք ասում, որ Երեւանում խնդիրներ չկան, մեր ընդդիմախոսները տրանսպորտի կամ մի քանի խնդիրներից են խոսում,  իսկ ես կարող եմ բազմաթիվ խնդիրներից խոսել, որոնց մասին իրենք չգիտեն: Ըստ ՀՀԿ թեկնածուի՝ «Երեւանը շնչում է եւ զարգանալու շատ տեղ ունի: Մեր հաջորդ՝ 5 տարիների ծրագիրը ներկայացրել ենք հանրությանը, որն «Ավելի լավ Երեւան»-ի շարունակությունն է: Միշտ անելիքներ լինելու են, կարեւորը՝ քաղաքային իշխանությունը գոնե տեղյակ լինի այդ խնդիրների մասին, ինչպես նաեւ իմանա, թե ինչպես դրանք լուծեն»,- նշեց Տարոն Մարգարյանը: Նրա խոսքերով՝ պետք չէ միայն վատը տեսնել. «Եկեք մի օր միայն լավը տեսնենք»:

Հարցին, թե Երեւանի ավագանիում ընտրվելու դեպքում՝ չի կարծում, որ իրեն դժվար օրեր են սպասվում, Տարոն Մարգարյանը արձագանքեց, որ այդպես չի կարծում, «աշխատող մարդու համար միշտ էլ դժվար օրեր են, բայց աշխատանքում մենք դժվարություններից  չենք խուսափում, Երեւանում անելիքները միշտ շատ են»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։