Երբ «խառնում» են թացն ու չորը – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագրի արձագանքը «Առավոտ»-ի գլխավոր խմբագրի նախաբանին՝ թե ինչու դեռ Հայաստանում չեն զատում ազգայնականությունը ազգայնամաոլությունից… Աշխարհն ազգայնանում է եւ վախենում են ապազգայինները միայն… Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել, միայն հա՛յ մարդ լինելով կարող ես դառնալ համամա՛րդ…

Հիշեցնեմ, որ ազգայնականությունը գաղափարախոսությամբ առաջնորդվող այն եզակի քաղաքական ուղղությունն է, որ երբեք տեղ չի տվել «10 հազարանոցների հետեւորդ ընտրողներին», եւ նման այլ ծախուներին, առավել եւս «ավելի քան 90% լյումպեններ ունեցող հասարակությանը»…

Եվ հիմա հասարակ-ությունների եւ հատուկ-ությունների ճակատամարտն է հասունանում…

* * *

«Լուսանցք»ն իր հրատարակման առաջին իսկ օրից հայտարարել է, որ դառնում է հայկական արժեհամակարգի կրողն ու պաշտպանը, առավելապես փորձելու է ներկայացնել հայ դասական ու կառուցողական ազգայնականության տեսակետները, քանի որ մեզանում ինչպես մեր ազգային արժեհամակարգը, այնպես էլ ազգային գաղափարաբանությունը ներկայացվում են լղոզված, օտարի հայացքով, իսկ առավել հաճախ չեն էլ լուսաբանվում:

Ո՛չ լավը, ո՛չ էլ վատը՝ հայ ազգայնականության մասին: Սա էլ քարոզչության ձեւ է, անտեսման քարոզչության, իբր հայ ազգայնականություն չկա ու չի կարող լինել:

Բայց երբ Հայաստանում արդեն իշխող կուսակցությունը խոսեց ազգային գաղափարախոսությունից, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքից, հայկական լրատվամիջոցները սկսեցին որոշակիորեն տեղ հատկացնել այդ թեմաներին: Դե ինչ կարող էին անել, իշխանության համար պիտի գրվեր արդեն, առավել եւս՝ հո իշխանության դեմ չէի՞ն գրի…

Բայց, ցավոք, հաճախ անգամ պատվիրված հոդվածներում կամ վերլուծություններում այդպես էլ մեզանում չզատեցին թացը՝ չորից, ազգայնականությունը՝ ազգայնամոլությունից, միջազգային ձեւակերպմամբ՝ նացիոնալիզմը՝ շովինիզմից:

Այս մասին ինձ խոսելու առիթ տվեց իմ գործընկերոջ՝ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի վերջին համարներից մեկում գրված նախաբանը:

Նա գրում է. «Ինձ թվում է, մոտակա պատմական ապագայում Հայաստանում հաջողության են հասնելու ազգայնական քաղաքական ուժերը: Չգիտեմ, թե երբ է դա տեղի ունենալու, գուցե 10 կամ 20 տարի հետո»:

Դեռ 1930-ականներին Գարեգին Նժդեհը, գրելով իր ցեղակրոն ուսմունքը, նշել է, որ «աշխարհն ազգայնանում է» ու պետք է պատրաստ լինել դրան, որպեսզի կարողանանք դիմակայել գաղափարախոսական ու բարոյախոսական ներխուժումներին: Եվ աշխարհը տեսավ 19301940ականների գերմանական նացիզմի եւ իտալական ֆաշիզմի առաջխաղացումն ու ձախողումը: Մեծն Նժդեհը դա եւս կռահել էր, որ եթե ազգայնականությունը վերաճի ազգայնամոլության, ապա այն կստանա կործանարար կերպար եւ կգնա ինքնակործանման…  

Այդպես էլ եղավ, գերմանական նացիզմն ու իտալական ֆաշիզմը հենված էին ոչ թե ազգային ինքնագիտակցության (այստեղից էլ նաեւ արիական տեսության ընկալման) ճանաչմանն ու հզորացմանը, այլ առաջնորդվում էին մեծապետական եւ այլամերժական սկզբունքներով: Ազգայնականությունը չի մերժում այլոց գոյությունը, մինչդեռ ազգայնամոլությունը ամբողջովին ներծծված է այլոց ոչնչացման եւ ձուլման տեսությամբ (այսօր էլ կան՝ մեծ(վելիկո) ռուսական եւ ամերիկյան տեսություններ):

Գործընկերս այս տարբերակումներին տեղ չի հատկացրել եւ շարունակել է. «Բայց հետեւելով մեր երկրի եւ աշխարհի զարգացումներին, կարելի է կանխատեսել հետեւյալը. եթե հայտնվի լուրջ ազգայնական ուժ, ապա այն կստանա շատ լայն աջակցություն, եւ դրա դեմ անզոր կլինեն փողը, ճնշումները եւ կեղծիքները: Գուցե դա լինի խիստ մոդիֆիկացված Դաշնակցությունը, գուցե ձեւավորվի նոր շարժում, բայց, կարծես թե, այդ ճանապարհն է երեւում»:

Զարմանալի չէ, որ բացի «մոդիֆիկացված Դաշնակցությունից» մեր լրատվամիջոցները, այդ թվում՝ «Առավոտ»ը ոչ մի ազգայնական ուժ չեն տեսնում Հայաստանում: Զարմանալի չէ, քանի որ հենց «Առավոտ»-ի կազմակերպմամբ Հայաստանում գործող ամենաարմատական ազգայնական ուժին՝ Հայ Արիական Միաբանությանը բոյկոտ հայտարարեցին գրեթե բոլոր (եղան, իհարկե, բացառություններ) լրատվամիջոցները, կարծես մի հրահանգով էին աշխատում… Անգամ այս կազմակերպության առաջնորդի դեմ հայց ներկայացվեց ԱԱԾ, եւ ոստիկանություն, ապա դատախազություն, դատարան եւ հասան բանտարկության… Իսկ դատարանում մեղադրանքներն Արմեն Ավետիսյանի հոդվածներում հնչեցրած պատմաքաղաքական տեսակետները, վերլուծությունները, մտքերն էին… Ազատ մամուլի որոշ ներկայացուցիչներ, ովքեր այսօր չեն դադարում խոսել օտար արժեքների ներխուժումներից ու մեր ազգայինից եւ հայրենասիրությունից, դատարան էին մտել հայ ազգայնականի խոսքի ազատությունը սահմանափակելու հստակ պատվերով՝ թե՛ ներսի, թե՛ դրսի:

Սակայն, սա չէ սույն հոդվածի թեման, դա նշեցի պարզապես, որպեսզի հստակ լինի, թե ինչպես է ցայսօր փակ մնում հայ ազգայնականության թեման, առավել եւս նշված կառույցի գործունեությունը:  Թեեւ մեր օրերում փակը հարաբերական է. համացանցում տարբեր լեզուներով հեղեղված են նյութերը Հայ Արիական Միաբանության՝ որպես հայ ազգայնական կառույցի մասին: Ուստի հստակեցնենք՝ փակը Հայաստանում լուսաբանմանն է վերաբերում:

Իսկ 10-15 տարի առաջ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանն արդեն բարձրաձայնել էր 1930-ականներին հնչեցրած Նժդեհի խոսքի մասին՝ «աշխարհն ազգայնանում է»՝ հիմնավորելով, որ աշխարհը կրկին գնում է այդ ճանապարհով, քանզի ժողովրդավարական ու քրիստոնեական համաշխարհային արժեքները այլեւս գործում եւ գոյատեւում են բիրտ ուժի կիրառմամբ: Այսօր էլ նա բերում է Եվրոպայում կատարվող փոփոխությունների օրինակը, համոզված լինելով, որ հաջորդ Եվրամիությունը ազգայնական է լինելու: Հայ արիների ղեկավարը եւս կոչ է անում պատրաստ լինելու, սակայն այսօր էլ լսող չկա (չնայած հետզհետե հայտնվում են): Իսկ հայ ազգայնականները վաղուց բանակցությունների մեջ են ինչպես եվրաամերիկյան, այնպես էլ ասիական ազգայնական ուժերի հետ…

Այս մասին «Առավոտ»ի իմ գործընկերը չի գրել, ինչպես շատերը չեն նշում (թեեւ բոլորն էլ տեղեկացվում են Միաբանության գործունեության մասին), եւ պատճառաբանել է. «Անձամբ ինձ այդ ճանապարհը (ազգայնական,-

Հ.Թ.) դուր չի գալիս՝ ես շատ ուրախ կլինեմ, եթե մանր եւ միջին սեփականատերերը՝ մարդիկ, որոնք հարուստ չեն, բայց կարողանում են «գլուխները պահել», կարողանան ինքնակազմակերպվել եւ ձեւավորել իշխանություն, որը կարտահայտի իր շահերը: Այդ խավն է ազատական գաղափարախոսության հիմքը, ոչ թե մերօրյա ֆեոդալները՝ աղքատիկ ներաշխարհով եւ նույնքան աղքատիկ բառապաշարով: Օլիգարխներին խաղի կանոններ պետք չեն, նրանց պետք են արտոնություններ, անվերահսկելիություն եւ «անթափանցություն»:

Երեւի խոսքը այն ազատականության մասին չէ, որ հետզհետե դառնում է սանձարձակություն, բայց դե ի՞նչ իմանամ: Կամ՝ ի՞նչ ուղիղ կապ կա ազգայնականների եւ ֆեոդալների միջեւ: Եթե ազգայնական ասելով իմ գործընկերը հասկանում է ճոռոմաբանող կենացասացներին, ապա նկատեմ, որ նա ազգայնականություն եզրույթը հիմնովին սխալ է ընկալում:

Իսկ որ սխալ է ընկալում, պարզից էլ պարզ է, քանզի գրում է, թե «թասիբով», «ջիգյարով» եւ «մաղարիչով» կապիտալիզմ չես կառուցի, այն հնարավոր է կառուցել արժանապատվությամբ, ինքնազսպմամբ եւ բծախնդիր պարկեշտությամբ: Ո՞վ է Արամ Աբրահամյանին ասել, թե բառախաղով հնարավոր է շեղել ընթերցողին, «թասիբն» ու «արժանապատվությունը» հականիշներ չեն, պարզապես «թասիբը» հայերեն չէ, իսկ արժանապատվորեն ու բծախնդիր աշխատանքով երկիր կառուցելու մասին ամեն օր են հայ ազգայնականները խոսում:

Մի նկատառում էլ. ով ով, Արամ Աբրահամյանը քաջատեղյակ է, թե կապիտալիզմ ինչպես են կառուցել այլ երկրները, ի՞նչ է, հրեշտակներ են, «մաղարիչ» չե՞ն վերցնում: Վերցնում են, պարզապես վերցնելիքի ձեւակերպումներն են այլ…

Շարունակեմ: Ասում է, թե «Ստալինի, Հիտլերի կամ Պինոչետի տարբերակը Հայաստանում չի անցնի՝ ռեսուսրներ չկան»: Ասվածը, թող ներվի, բայց մի քիչ պարզունակ է մատուցված: Վաղուց հայտնի է, թե ինչպես են իշխանության գլուխ բարձրացել Ստալինն ու Հիտլերը, ինչ ուժերի օգնությամբ (Պինոչետի հարցը՝ Չիլիում կամ Ֆրանկոյինը՝ Իսպանիայում դեռ թողնենք): Այստեղ ռեսուրսների խնդիրը չէ, հարցն ու պատասխանը համաշխարհային կարգերի տարածքում են, իսկ ռեսուրսներ միշտ էլ կարող են հայտնվել, եթե լինի ֆինանսական լուրջ հոսք:

Ու, առհասարակ, ոչ Ստալինը եւ ոչ էլ Հիտլերը ազգայնականներ չեն եղել:

Առավել քան վստահ եմ, որ Արամ Աբրահամյանը գիտի՛ սա: Ուրեմն հարց է ծագում՝ ինչու՞, ի՞նչ միտումով է նա թյուրիմացության մեջ գցում շարքային ընթերցողին՝ ազգայնականներին խառնելով Ստալինի ու Հիտլերի հետ: Ով չգիտի, որ Ստալինը ազգայնականներին աքսորավայրերում էր թաղում եւ հանդես էր գալիս որպես ինտերնացիոնալիստ: Իսկ Հիտլերը հանդես էր գալիս ոչ թե որպես նացիոնալիստ, այլ՝ նացիստ, այն է՝ շովինիստ կամ ֆաշիստ, հայերեն ասած՝ ազգայնամոլ:

Արամ Աբրահամյանը, ճիշտ է, հայկական կրթություն չունի, բայց տարբերում է ազգայնականությունը ազգայնամոլությունից: Ի՞նչ հեռահար նպատակով է դրանք կրկին խառնում իրար:

Եվ, ցավոք, վերոնշյալ հոդվածի վերջաբանում կրկին ազգայնականության եւ ազգայնամոլության չգիտակցման հարթակն է վեր հառնում: Եվ հեղինակն այսպես է տրամաբանում. «Ուրեմն պետք կլինեն ինչոր գաղափարներ, եթե ուզում ենք՝ մոլորություններ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի: Դրանք, ենթադրում եմ, կլինեն ազգայնական գաղափարները: Մի քանի օլիգարխ, մի քանի տոկոս միջին խավ եւ ավելի քան 90% լյումպեններ ունեցող հասրակությանը անհնաժեշտ են պատրանքներ, որոնց հետեւից այդ ճնշող մեծամասնությունը կգնա: Առայժմ այդ «արժանահավատ պատրանքները» չկան: Հակառակ դեպքում մեծամասնությունը չէր գնա 10 հազարանոցների հետեւից: Վաղը դրանք կերեւան: Նկատի ունեմ մոտակա 10-20 տարում: Այդ պատրանքները կարող են հանել պետությունը ճահճացած վիճակից: Իհարկե, դրանք նաեւ շատ վտանգավոր են: Բայց ուրիշ ճանապարհ առայժմ չեմ տեսնում»…

Այսինքն՝ այն գաղափարաբանությունը, որը հենված է հայոց ծագումնաբանության, տեսակի ինքնության ու էության վերաճանաչման, հայրենիքբնօրրանի առաջացման եւ հարատեւության, հոգեւոր ոլորտի՝ ազգային տիեզերահաս հավատի վերաընկալման, մշակութային ու կեցակարգային արժեքների վերաարժեւորման… Հայի՝ մարմնական, մտավոր ու հոգեւոր տեսակի՝ իր հայրենիքում ինքնահաստատման խնդիրներին, կարելի է դիտարկել «գաղափարներ, եթե ուզում ենք՝ մոլորություններ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի՞»…

Վերջաբանի փոխարեն հիշեցնեմ, որ ազգայնականությունը գաղափարախոսությամբ առաջնորդվող այն եզակի քաղաքական ուղղությունն է, որ երբեք տեղ չի տվել 10 հազարանոցների հետեւորդ ընտրողներին», առավել եւս «ավելի քան 90 տոկոս լյումպեններ ունեցող հասարակությանը», քանի որ վերոհիշյալ հայ ազգայնական կառույցը, որին դեռ փորձում են մոռացության մատնել հայկական զլմների մեծ մասը՝ վաղուց ունի տարբերակում այսօրվա հասարակ-ությունից, ապավինում է հատուկ-ության կարգավիճակում հայտնված մարդկանց եւ խմբերին կամ միավորումներին:

Ովքեր իրենց հասարակ (պարզունակ) զանգվածների ժողովրդավարական ճնշումներից ազատ մտածել ու գործել գիտեն: Ովքեր իրենց տեսնում են ազգային «եսի» մեջ: Մարդը անհատականություն է, ով, սակայն, ունի ազգային ինքնագիտակցություն:

Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել, միայն հա՛յ մարդ լինելով կարող ես դառնալ համամարդ:

Իսկ Հայ Արիական Միաբանության կենսադրույթներից մեկն ասում է. «Զատի՛ր թացն ու չորը եւ համատեղ մի՛ այրիր, զի թացը դեռեւս վառելիք չէ եւ կրակի համար պղծություն է: Թացի տեղը կրակի կողքին չորանալն է»:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։