Եռատոն.- Մայիսյան հաղթական տոներ, որ տանում են դեպի Հայ Դատի ակունքներ… Մայիսյան տոները մեկնարկեցին հենց մայիսի 1-ից՝ Աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոնը նշելով…

Հայ Արիական Միաբանության (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի) եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները այս տարի եւս՝ Եռատոնի օրերին հայտարարում են, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտի ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

Սա կրկնում ենք հատկապես այս օրերին, երբ աշխարհի վերաբաժանման ալիքներն ավելի նկատելի են դառնում… Եվ մենք հիշում ու նշում ենք վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները, որպեսզի մեր նախնյաց ոգիների հետ ավելի խրոխտ գնանք դեպի Հայոց Բաղձանքը…

Շուշիի ազատագրումը իրապես բեկումնային էր ռազմական առումով, Արցախյան պատերազմում այն ամրագրեց մեր սերնդի հաղթական ուժը եւ ազատագրության կամքի վեհ զգացումը, հայոց պահանջատիրության կանչը: Շուշիի ազատագրումը Արցախի անկախությանը, դրանով էլ՝ մեր միացյալ հայրենիքի վերատիրմանը նոր լիցք հաղորդեց:  Իսկ ամենակարեւորը՝ այս հաղթանակը ապահովեց Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու բնական իրավունքը ներկայիս աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ամեն տարի կրկնվելով, ասում ենք գրեթե նույն խոսքերը, սակայն դրանք էական են իրենց ազդեցությամբ, որը կրում ու կրելու ենք սերնդե սերունդ՝ մեր մեջ ամուր պահելով հայրենասիրության ոգին ու հայրենատիրության կանչը… 

Եվ ուրեմն՝

- Ավարայրը բնույթով կարծես թե կրոնական ճակատամարտ էր, բայց իրականում հանուն քաղաքական անկախության, պետականության պահպանման մղված վճռական մարտ էր, անչափ կարեւոր՝ տվյալ ժամանակի համար…

- Սարդարապատը վճռական մի մարտ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման:  Այն հերոսամարտ էր, որ Լոռվա տարածաշրջանից Բաշ Ապարանով հասնում էր Սարդարապատ, որտեղ էլ եռամարտ հաղթանակն արձանագրվեց՝ հաստատելով հայի ուժը հայեց պետականության վերակերտման ճանապարհին…

- Շուշիի ճակատամարտը վաղուց սպասված մի հաղթանակ էր, որն ազատագրության ու հայրենատիրության շունչը բացեց հայի մեջ եւ վստահություն բերեց՝ գալիք ազատագրական ժամանակաշրջանին, հաղթական ապագային ուղղված…

Նախորդ տարի, մինչմայիսյան հաղթանակների նշումը, հայոց զինուժը մի նոր սխրանք գրանցեց, որը քառօրյա պատերազմ կոչվեց… Այստեղ սխրանքներ գործեցին արդեն հայկական կայացած բանակի18-20-ամյա զինվորները եւ նրանց՝ տարիքով փոքր ինչ ավագ հրամանատարները: Այստեղ եւս եղան սխրանքներ, որոնք նույնպես ոսկե տառերով կգրվեն ինչպես մեր, այնպես էլ՝ համաշխարհային ռազմական պատմության մեջ…

Հայ արիները համախմբված հեթանոս ազգայնականների հետ Եռատոնը Եռաբլուրում  այս տարի էլ նշեցին քրմական հաղթության ծեսով:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շնորհավորել են նաեւ՝

- Մեր երկիրը պահողի՝ երկրապահ կամավորական ազատամարտիկի տոնը, որը տոնն է բոլոր կամավորականների, անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է ներկայանում հանրությանը՝ ֆիդայի, ազատամարտիկ, երկրապահ, ուղղակի կամավորական, թե մեկ այլ կերպ…

- Մեր հայրերին ու պապերին, որ մարդկության մի մեծ հատվածի հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք աշխարհակուլ եւ իրականում հակաարիական ուժերի դեմ կռվեցին իրապես արիաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ: Հայությունը փրկվեց նաեւ նոր թուրքական սպանդից՝ քանզի 2-րդ աշխարհամարտի տարիներին Գերմանիայի դաշնակից Թուրքիան հարմար պահի էր սպասում Հայաստանի վրա հարձակվելու եւ Ադրբեջանի հետ ամբողջ Կովկասին տիրելու համար…

– Փա՛ռք բոլոր հայ նահատակներին՝ Ավարայրից մինչ Սարդարապատ, Բեռլին մտած եւ Շուշին ազատագրած հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի քաջարի հայորդիներին, ինչպես կամավորական, այնպես էլ հայկական բանակի զինվորներին…

– Փա՛ռք Հայքին ու Հային, փա՛ռք Հայ Աստվածներին, որ Վահագնյա ուժը ներդնեն հայոց ռազմուժի երակներում, որ հայն աստվածային զորությամբ ու լիարժեք արժանանա այն համաշխարհային վաստակին, որին հասել է մաքառելով… Սպարապետ Նժդեհը այսօր էլ կասեր՝ հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբեւէ…

Հայ Արիական Միաբանություն

08.05.2017թ. – Երեւան-Սարդարապատ-Շուշի

* Հիշեցնենք, որ Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականները մայիսը սկսել են շնորհավորանքներով եւ տոնակատարությամբ, քանի որ, մայիսի 1-ին աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոնը: Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ամեն տարի ասել եւ ասում են՝ հայ մարդը պետք է ապրի հզոր, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում:

Բնական ու ներքին կյանքի աղետները, հատկապես երկրաշարժի եւ պատերազմի դաժան տարիները, ինչպես նաեւ տասնամյակներ շարունակ պետության պատասխանատուների ու կառավարիչների ապազգային կամ ապաշնորհ գործունեությունը՝ հետեւողականորեն նոսրացել են աշխատավոր մարդկանց շարքերը, ինչը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել ինչպես հայ մարդու, հայ ընտանիքների, այնպես էլ հայոց պետականության կայացման ու զարգացման համար: Էլ չասնեք՝ Միացյալ Հայաստանի վերակերտմանը հասնելու համար…

Ի վերջո պիտի դրվի պետականության այն քարը, որը պիտի սկիզբ դնի արտագաղթի կանխմանը եւ ներգաղթի վերսկսմանը… Եվ փա՛ռք այդօրվա իշխանությանն ու հայրենակերտության նորարարներին…

Նախորդ տարիների պես Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը աշխատավորների տոնի առթիվ շնորհավորել են բանվորներին ու գյուղացիներին, ծառայողներին, գիտության մարդուն եւ մշակին, զինվորականին եւ հոգեւոր ոլորտի նվիրյալին, հայ բոլոր աշխատավորներին, ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող եւ արարող:

Ամենօրյա մաղթանքի պես ամեն մայիսմեկյան տոնի եւս նշում ենք, որ Հայաստանում չպե՜տք է լինեն մանկատներ ու ծերանոցներ, մուրացկաններ եւ անտուններ…

Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում, որտեղ յուրաքանչյուրը կարող է նպաստել իր քաղաքականուևթյան եւ տնտեսության, գիտության ու մշակույթի եւ բոլոր այլ ոլորտների իրական կայացմանն ու զարգացմանը:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։