Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել.- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն… 25 հազար ՀԴՄ՝ դաշտը փակելու համար… Փողը ուզողին են տալիս… Տավուշում գարեջուր կարտադրեն…

Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել.- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն

Վերջերս շատ է խոսվում Հայաստանում արեւային ֆոտովոլտային կայաններ կառուցելու մասին: Մեր երկրում ընդհանրապես արեւային էներգետիկան զարգացնելու մասին նախ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ապա ավելի ուշ՝ «Լուսանցք» շաբաթաթերթում մեկ անգամ չէ, որ գրել եմ: «ՀՀ»-ում այս թեմային անդրադարձել եմ դեռ այն տարիներին, երբ այդ մասին ոչ ոք չէր խոսում (օրվա հրամայականը չէր): Քայլ առ քայլ ներկայացրել եմ, թե ինչու է անհարժեշտ օգտագործել արեւային էներգետիկան, ինչպես է աշխարհն այն օգտագործում, արեւային էներգիայի ներուժի առումով ինչ առավելություններ ունենք մենք այն երկրներից, որոնք վաղուց արդեն ունեն արեւային կայաններ, մանրամասն անդրադարձել ենք երջանկահիշատակ գիտնական Պարիս Հերունու «Արեւ» ծրագրին (որ, սակայն, կիսատ մնաց, բայց պատճառներից խոսելը մեր այս նյութի քննարկման առարկան չէ) եւ, վերջապես, արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման հեռանկարին: Ի դեպ, առանց ավելորդ համեստության ասեմ, որ երբ «ՀՀ»-ում խոսում էի այդ մասին, ոլորտի զարգացման մասով էներգետիկայի նախարարությունում դեռ հավաքական տեղեկատվություն էլ չկար: Ինչեւէ, տարիներն անցան, անհրաժեշտությունը զգացին նաեւ մեր պատկան մարմինները, եւ գործադիրը նախորդ տարեվերջին հավանություն տվեց արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին: Ինչ-որ առումով սա նաեւ մեր հաղթանակն է (իբրեւ ապացույց՝ «ՀՀ»-ի այդ տարիների եւ իմ անձնական պահոցը):  

Որպեսզի հասկանանք, թե ինչ է ենթադրում գործադիրի հաստատած ծրագիրը եւ իրապես ինչ հարց կարող է լուծել, մի փոքր շրջայց անենք: (Քանի որ այս թեմայով հրապարակումներ մամուլում արել եմ, հաճախակի կրկնությունները չեն բացառվում): 15-16 տարի առաջ երբ մի քանի մասնագետներ մեզ հետ «կոկորդ էին պատռում»՝ ի շահ արեւային էներգետիկայի զարգացման, հետաքրքիր մի դեպք եղավ. ինձ խորհրդային տարիներից (60-80-ական թվականներ) մի աղյուսակ ցույց տվեցին, որն ապացուցում էր վերականգնվող էներգետիկայի այդ ճյուղը զարգացնելու հրամայականը: Ըստ այդ աղյուսակի, 30 տարվա դիտարկում էր երեւում, հանրապետության 8 դիտակետերում իրականացված արեւափայլի տեւողության մասին ուղղիղ չափումների ընդհանրացնող տվյալները: Աղյուսակում բերվում էին. արեւափայլի բազմամյա միջին տարեկան տեւողությունը (ժամ/տարի եւ % չափողականությամբ), արեւափայլի միջին օրական տեւողությունը (ժամ/օր) եւ ամպամած օրերի միջին տարեկան թիվը: Բացի այդ, աղյուսակում բերվում էին տվյալ դիտակետի աշխարհագրակյան դիրքի համար բնորոշ արեւափայլի տեսական առավելագույն արժեքը (ժամ/տարի եւ %/տարի չափողականությամբ), ինչպես նաեւ չափումների հարաբերությունը տեսական առավելագույն արժեքին (%): Ինչպես պարզ բացատրում էին մասնագետները, երեւում էր, որ հանրապետությունում 1քմ  հորիզոնական մակերեւույթի վրա արեւային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ (համեմատելու համար ասենք՝ միջին Եվրոպականը 1000 կՎտժ է), իսկ Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/քմ տարի ինտենսիվությամբ արեւային էներգիայի պաշարներով: Հայաստանն ունի արեգակնային էներգիայի զգալի ներուժ՝ արեւափայլի տարեկան մոտ 2500 ժամ տեւողություն : Արեւային ճառագայթման ներուժի տեսակետից Հայաստանի լավագույն շրջաններից մեկը համարվում է Սեւանա լիճը շրջապատող տարածքը:

Այսօր արդեն այս մասին շատերն են խոսում. միայն Սեւանա լճի ավազանում արեւային ճառագայթումը գտնվում է 1700 – 1800 կՎտժ/քմ տիրույթում: Ավելին՝ ավազանի որոշ լեռնային տարածքներ ունեն 1900 կՎտժ/քմ ներուժ: Այս տվյալները ապացուցում են, որ տարածքը լավագույններից մեկն է արեւային էներգիայի տեխնոլոգիաների առումով՝ թե արեգակնային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների եւ թե’ արեգակնային ջրատաքացուցիչների կիրառման տեսանկյունից, ինչպես նաեւ արեւային պասիվ ճարտարապետական լուծումների համար: Արեւային ժամերի միջին թիվը տարածքում տարեկան ավելի քան 2600 ժամ/տարի է: Այլ արեւոտ տարածքներ էլ կան՝ կրկին բավարար ներուժով: Մենք պարզապես Սեւանի օրինակը բերեցինք:

Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ֆոտովոլտայիկ մոդուլն էլ մեզ համար նորություն չէ: Մի քանի տարի առաջ Երեւանի հայ-ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի ինստիտուտ) տանիքի վրա տեղադրվել էին Գերմանիայի եւ ԱՄՆ-ի տեխնոլոգիաներով պատրաստված պոլիմերային ֆոտոէլեկտրական փոխակերպիչներ, որոնց ընդհանուր  մակերեսը կազմում էր  200 քմ, հզորությունը՝ 9.8 կՎտ: Էլի օրինակներ կան: Ընդհանրապես, արեւային էներգետիկայի զարգացումը խթանելու նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը ՀԲ եւ Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել էին «Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել են Ֆոտոէլեկտրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում: Հիմնադրամը հավաստիացնում էր (եւ է), որ ֆոտովոլտային համակարգերի զարգացման անհրաժեշտությունը Հայաստանում խիստ հիմնավորված է: Դա բացատրվում է հետեւյալ պատճառներով՝ 1.էլեկտրաէներգիայի  պահանջարկի կտրուկ աճ համաշխարհային մակարդակով: 2. Վերականգնվող էներգետիկայի  խիստ պահանջարկ: 3. Հումքի առկայություն (բարձրորակ ավազ եւ սիլիցիում), էժան աշխատուժ, քաղաքականապես կայուն երկիր: 4. Արեգակնային երկարատեւ ճառագայթման օրեր, 2500 ժամ արեւոտ օրեր տարվա ընթացքում: Նշյալ՝ հիմնադրամի ուսումնասիրությունը բացահայտեց, թե Հայաստանում արդի արեգակնային ՖՎ համակարգերի զարգացման ինչ ներուժ ունենք եւ որոնք են ՖՎ տեխնոլոգիաների հեռանկարները:

Ըստ այդմ, ընդհանրապես մեր երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտը քիչ է զարգացած, քանզի «գոյություն չունի շուկայական այն քարշակ ուժը, որի պարագայում այս ոլորտները կարող են զարգանալ»: Ինչ վերաբերում է ՀՀ-ում արեւային ֆոտովոլտային տեխնոլոգիաների հեռանկարներին, ապա տեխնոլոգիական այդ շղթան ներառում է պոլիսիլիկոնի եւ խորը զտման մետաղագործական բարձրորակ սիլիկոնի (ԶՄԳ) խառնուրդի հիման վրա ֆոտոէլեկտրական արեւային մոդուլների արտադրությունը: Մասնագետները բացատրում են, որ շղթան ամփոփում է քվարցիտի հանքահանումը, մետաղագործական սիլիկոնի մշակումը, ԶՄԳ սիլիկոնի եւ պոլիսիլիկոնի արտադրությունը, խառնման պրոցեսը, ձուլուկների արտադրությունը, նրբաթիթեղների եւ արեւային ֆոտոէլեմենտների արտադրությունը՝ ՖԷ մոդուլների արտադրման նպատակով:

Ըստ նույն աղբյուրի, Հայաստանն ունի ՖԷ տեխնոլոգիաների փորձ եւ հումք նյութի էական պաշարներ, եւ իր արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքով (որոշակի արդիականացման ու ձեւափոխման հարկ կա), տեղական գիտահետազոտական ու նախագծային կազմակերպությունների փորձով եւ հմտություններով, Հայաստանը կարող է բավարարել ՖԷ արդյունաբերության զարգացման պահանջներին:

Պարզվում է՝ Հայաստանը նաեւ մրցունակ կարող է լինել այս ոլորտում: Բանն այն է, որ մեր երկրի տարածքում սիլիցիումային հումքի ընդարձակ բազմազանությունը կարելի է դասել այն խոշորագույն գործոնների շարքին, որոնք ՀՀ-ն մրցունակ են դարձնում ՖԷ տեպնոլոգիաների զարգացման ասպարեզում: Ըստ այդմ էլ, տնտեսապես առավել կենսունակ տարբերակ է համարվել ՖԷ արեւային մոդուլների արտադրությունը‘ պոլիսիլիկոնի եւ խորը զտման մետաղագործական կարգի սիլիկոնի խառնուրդի հիման վրա:

Նկատի ունենանք, սակայն, որ այս ամենն ասվում էր այն ժամանակ, երբ մեր պետությունը՝ ի դեմս էներգետիկայի նախարարության, դեռ հույս ուներ աշխատեցնելու «Նաիրիտ»-ը (այդ տարիների էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ խոսել էր այդ մասին: Նշվում էր, որ մետաղագործական սիլիկոնի եւ պոլիսիլիկոնի արտադրության հնարավոր իրագործման տեսանկյունից արդյունաբերական կառուցվածքով, տեխնիկական, նաեւ տարածքային հնարավորություններով Հայաստանի ամենապատրաստված գործարաններն են «Նաիրիտ»-ն ու վանաձորի քիմիական համալիրը,- Ա.Մ.):

Ի՞նչ քայլեր են արվելու հիմա, երբ պետությունն արդեն որոշել է, որ արեւային ֆոտովոլտային կայաններ պետք է կառուցվեն եւ հաստատել է ներդրումային ծրագիրը: Մի բան հաստատ է. պետությունը հասատատեց իր պատրաստակամությունը՝ արեւային էներգետիկայի զարգացմամբ եւս մեկ աստիճանով տարաշերտ դարձնելու  մեր էներգետիկ համակարգը եւ եւս մեկ մակարդակով բարձրացնելու էներգետիկ անվտանգությունը:

Իսկ քայլերի ու սպասելիքի մասին, նաեւ՝ թե որտեղ են կառուցվելու այդ կայանները, հաջորդիվ կխոսենք:

Արմենուհի Մելքոնյան

25 հազար ՀԴՄ՝ դաշտը փակելու համար

Կառավարության երեկվա որոշմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսավարողներին ապահովելու նպատակով 180 մլն դրամ հատկացվեց Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին՝ 1000 հատ նոր ՀԴՄ ձեռք բերելու նպատակով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ դա կապահովի տնտեսավարող սուբյեկտներին ՀՀ կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի շարունակականությունը:

«ՓՄՁ սուբյեկտներին եւ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են արտոնյալ պայմաններով, իսկ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ անվճար»,- հայտնեց ՊԵԿ նախագահը:

Քանի՞ ՀԴՄ է անհրաժեշտ ամբողջ դաշտը փակելու համար: Այս հարցն էր հետաքրքրում վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ի պատասխան ՊԵԿ ղեկավարն ասաց, թե անհրաժեշտ է 25 հազար ՀԴՄ, որի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել մինչեւ տարեվերջ:

Գործադիրը երեկվա նիստում փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ազատականացնելով ՀՀ-ում շահագործվող ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման գործընթացը: Որոշմամբ նախատեսվում է, որ ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման կազմակերպումը կիրականացվի ՀԴՄ-ների ներդրման գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջոցով: Սահմանվում է նաեւ ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման համար իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի գրանցամատյանում գրանցման, գրանցումից հանման, ինչպես նաեւ այդ գրանցամատյանի վարման կարգը: Ամրագրվում է, որ ՀԴՄ-ների տեխսպասարկման գների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել  կառավարության 2012թ. համապատասխան որոշմամբ հաստատված գների համապատասխան չափերին:

Փողը ուզողին են տալիս

Խոսելով Վաշինգտոն այցից՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ կառավարությունում փաստեց, որ հայկական կողմն այնտեղ մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին: Այս կարգի հարթակները կարեւոր են, որպեսզի  հեղինակավոր կառույցների հետ  հանդիպումների ընթացքում ներկայացնես  երկրի տնտեսական քաղաքականությունը: «Ներդրումներն իրենք իրենց չեն գալու,-շեշտեց ֆինանսների նախարարը,- այնպես չի լինելու, որ մենք մեր աշխատասենյակներում նստած, որեւէ գործողություն անելով որեւէ արտաքին ներդրողն իմանալու է այդ մասին: Նշանակում է՝ դու պետք է կոմունիկացվես»:

Տավուշում գարեջուր կարտադրեն

Տավուշի մարզում գործարկվելու է գարեջրի նոր գործարան, որտեղ կբացվի 120 նոր աշխատատեղ։

Գործարանի առաջին արտադրանքը կթողարկվի մեկ ու կես ամսից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գարեջուրը շուկա է մտնելու «Դիլիջան» անվանմամբ:

Ի դեպ, Տավուշում գարեջրի գործարանն ամբողջությամբ պատրաստ է՝ նոր շենքով, գերմանական ու չեխական ժամանակակից սարքավորումներով ու հոսքագծով:

Դիլիջանցիներին գարեջուր պատրաստելու տեխնոլոգիան կսովորեցնեն մայրաքաղաքից հրավիրված մասնագետները:

«Լուսանցք» թիվ 17 (450), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։