Երեւանի ավագանու ընտրություն.- Ղալմաղալային պոպուլիզմի հետեւանքը… «Երեւանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ»… «Դե եկեք ու համեմատեք – Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»…

«Գիտեք, Երեւանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել: Ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ: Ղժժալը, մարդկանց անհարկի վիրավորելը համարում եմ չկայացած մարդու ոչ տղամարդկային կեցվածք: Երեւանը ղեկավարելու ամբիցիա ունեցող մարդը նախ պիտի կարողանա ինքն իրեն կառավարի, տիրապետի, արժանապատիվ հանդես գա: Կարեն Դեմիրճյանն էլ էր ընդդիմություն, Վազգեն Մանուկյանն էլ: Դե եկեք ու համեմատեք: Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»:

«Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին այսպես է արտահայտվել Երեւանի ավագանու անդամի թեկնածու, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:

Համաձայն եմ, թե ոչ, կարեւոր չէ՝ այս նյութի քննարկման առարկան չլինելու առումով, բայց տեսակետ է ու գոյության իրավունք ունի այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի եւ ցանկացածի ասածը, տեսակետը, կարծիքը… Բայց, այնուամենայնիվ, մի բան չեմ կարող չհարցնել: Հնարավոր է չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ զուսպ պահվածք ունենա եւ ավելի շահի: Հապա ինչու՞ չի անում: Թե՞ իսկապես չի կարողանում եւ իրենը, ինչպես Լ. Իգիթյանն է ասել, «ղժժալն» է: Եթե այսպես է, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմո՞վ է (ամբոխահաճություն) ուզում առաջատար լինել: Թեեւ պոպուլիզմում միշտ չէ, որ այդպիսի կեցվածքն «ուտվում» է: Եթե իր ասելով՝ հաղթելու է ու քաղաքապետ է դառնալու, էլի՞ այդպես գոռգոռացող կերպարով է լինելու: Չէ, բայց կարծես քաղաքապետ դառնալու հույսեր չունի, այլապես կհրաժարվեր պատգամավորական մանդատից…  

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը հիմնականում բաղկացած է ոչ թե «Ելք»-ի նախընտրական ծրագիրը եւ, ըստ այդ, Երեւանի խնդիրների լուծման ուղիները ներկայացնելուց, այլ՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին փնովելուց: Սա ճի՞շտ գործելաոճ է: «Ելք»-ի անդամներին քարոզարշավի այս ձեւը դու՞ր է գալիս:

Կամ՝ ասում են՝ Տարոն Մարգարյանը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել: Ելքցիներին անկեղծ մի հարց ուղղեմ: Իսկ ո՞վ կհամաձայնի Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել: Պատասխանն էլ ասեմ՝ նա, ով Նիկոլ Փաշինյանին նման կլինի, այն է՝ ով կգոռգոռա, ձեռքերը կթափահարի, էլի կգոռգոռա եւ այդպես շարունակ: Իսկ բանավեճը այլ բան է ենթադրում, բանավեճը կռիվ չէ, բազարի գոռգոռոց չէ: Ի վիճակի՞է Նիկոլ Փաշինյանը բանավիճելու: Այս պահի դրությամբ՝ ոչ, դա է վկայում նրա քարոզարշավի ձեւաչափը: Հետեւաբար, հարկ է ճիշտ ձեւակերպել, որ՝ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է «ղալմաղալի»: Այ այս դեպքում ճիտ կլինի ասել, որ Տարոն Մարգարյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի ղալմաղալի հրավերը:

Ինչ է անում «Երկիր Ծիրանիի» Զարուհի Փոստանջյանը: Այս քարոզարշավը հերթական անգամ ցույց տվեց, որ Զարուհի Փոստանջյանը դեռ չի գտել քաղաքական իր կերպարը: Երբ նա «Ժառանգություն»-ից էր, հանդես էլ գալիս, այսպես ասենք, արեւմտյան ազատականի վարկանիշով՝ բայց ավելի շատ «ձգում» էր ակտիվիստականի կերպարին: Մի ակտիվիստ կա, հիշու՞մ եք՝ Վարդգես Գասպարի են նրան ասում, որ ամեն ինչի լուծման իր ձեւն ուներ՝ այս ու այնտեղ պառկելը: Հենց ուզում էին այս ակտիվիստին նեղացնել, Զարուհի Փոստանջյանը գնում ու պառկում էր Վարդգեսի վրա՝ իր կրծքով պաշտպանելով նրան: Բայց անցան լիբերալի ու ակտիվիստի օրերը, հիմա Զարուհին փորձում է ազգայինի դաշտում հանդես գալ: Է՛լ Կարմիր բլուրում է ասուլիս անում, է՛լ ազգից ու հողից է խոսում: Ես էլ հիմա չեմ կողմնորոշվում՝ ո՞վ է Զարուհի Փոստանջյանը, ո՞րն է նրա կերպարը, որո՞վ է ուզում վարկանշավորվել: Հետեւաբար, չեմ հասկանում նաեւ, թե Տարոն Մարգարյանին  ո՞ր Զարուհի Փոստանջյանն է ընդդիմախոսում՝ լիբերա՞լը, ատիվի՞ստը, թե՞ ազգայինի շահերից հանդես եկողը:

Ու ստացվում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը զբաղված են ոչ թե սեփական ծրագրերից խոսելով, այլ՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի ելույթներով: Իսկ Տարոն Մարգարյանը ավելի ճիշտ ուղի է ընտրել՝ ի տարբերություն մյուս երկուսի: Նախ՝ նրանց չի փնովում եւ եթե լրագրողներն էլ հարցնում են՝ հանգիստ պատախսանում է, թե նրանց ասածն ընդամենը ականջ շոյող խոստումներ են ու վերջ, եւ անցնում է իր նախընտրական ծրագրի ներկայացմանը: Անկեղծ ասած՝ չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի պահվածքը: Իհարկե, կարող են ասել ծրագրերը բաժանել ենք, թող կարդան, կամ էլ՝ լրագրողները կարդան՝ ներկայացնեն: Որոշ չափով գուցե չեն սխալվում իրենց հաշվարկում, բայց չէ որ մեր հանրությունն ունի նաեւ ծրագիր չկարդացող ու լրատվական թողարկումներ չնայող մի շերտ, որ այնքան էլ փոքրաթիվ չէ:

Հետեւաբար, նրանց քվեն ստանալու միակ եղանակը հենց հանդիպումներում այդ ծրագրերը ներկայացնելն է, ինչը, ինչ խոսք, չի արվում կամ արվում է պարզապես 1-2 բառով եւ կրկին անցում է կատարվում դեպի Տարոն Մարգարյանը: Ինչպես ասում են՝ հետո բողոքող չլինի…

Անի Մարության

Հ.Գ. – Ի դեպ, ես երեւանյան գրանցում չունեմ, այն է՝ ավագանու ընտրությանը մասնակցել չեմ կարող: Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը ինձ «կողմնորոշմանս» մեջ մեղադրել չեն կարող: Ձայնը չունեմ, որ տամ… Իսկ թե ինչի կբերի նրանց՝ ղալմաղալային պոպուլիզմը, կերեւա մայիսի 14-ից մեկ օր հետո: Ու երեք բառանոց վերնագրիս երկու՝ ոչ հայերեն բառերի համար ընթերցողից ներողություն եմ խնդրում, պարզապես, ինչպես նախորդիվ «Լուսանցք»-ում ասվեց, ինչպիսին ծրագրերն են, այդպիսին էլ՝ ազդեցությունը:

«Լուսանցք» թիվ 17 (450), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։