Ֆրանսիայի նախագահի ընտրություն.- Կձեւավորի՞ Ֆրանսիան ազգայնական Եվրոպա – Թե՞ դեռ այս անգամ էլ պատրաստ չեն Եվրոպայում… Մարին Լը Պենը, ինչպես Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները, ավանդույթի համաձայն, շատ լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ…

Եթե կարելի է այսպես ձեւակերպել, Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված այն երկրներից է, որը այդ քաղաքականությունը կրում է   գրեթե անփոփոխ: Կովկասի եվրոպական բաժանումների ժամանակ, ինչպես Անտանտի դաշինքի տարիներին, 1-ին աշխարհամարտի ժամանակ, այնպես էլ հետագայում, նաեւ այսօր, երբ Եվրամիության եռյակը հսկողություն է իրականացնում մեր տարածաշրջանում, Վրաստանում՝ Գերմանիան է եվրանայողը, Ադրբեջանում՝ Մեծ Բրիտանիան, իսկ Հայաստանում՝ Ֆրանսիան: Դե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն էլ միշտ փորձում են ամբողջին տիրել, ամբողջը վերահսկել՝ հակադրվելով միմյանց…

Ֆրանսիան նաեւ այն եվրոպական երկրներից է, որ ունենալով պատասխանատվություն (անգամ միայն անտարբերությունն է անպատասխանատվություն) Հայոց ցեղասպանության իրականացման հարցում, այնուամենայնիվ, փորձեց կոտորածների վերջին պահերին օգնության հասնել՝ փրկել հայ փախստականների ու գաղթականների մի հատվածի… Այնուհետեւ հնարավորություններ ընձեռեց, որպեսզի ձեւավորվող հայկական համայնքը կազմակերպվի, վերագտնի իրեն ու կայանա ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկական ինքնությամբ: Ուստի՝ այս երկրում ընթացող նախագահական ընտրությունները պարբերաբար հետաքրքրում են նաեւ մեզ՝ հայերիս:

Հիշեցնենք, որ ընտրությունների 1-ին փուլն ավարտվել է եւ 2-րդ փուլը կորոշի հաղթողին: Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար 11 թեկնածու էր գրանցվել, սակայն մնացին 2-ը՝ Ֆրանսիայի նախկին էկոնոմիկայի նախարար, «Առաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Եվրոպայում որպես ազգայնական գործիչ հայտնի Մարին Լը Պենը:  

Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 23,75%ը, Մարին Լե Պենը՝ 21,53%-ը, չնայած նա որոշ ժամանակ առաջատարն էր:

Ֆրանսիայում ընտրությունների 2-րդ փուլը կայանալու է մայիսի 7-ին, որի արդյունքում կորոշվի երկրի 25-րդ նախագահը, ով կփոխարինի Ֆրանսուա Օլանդին, ով հրաժարվել էր առաջադրվել 2-րդ հնգամյա ժամկետով:

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է այն հարցին, որ եվրոպացիները արդեն քննարկում են նոր Եվրամիություն կազմելու խնդիրը, որը ամենայն հավանականությւամբ կունենա ազգայնական դեմք, քանի որ առաջատար եվրոպական երկրներում ազգայնականները սկսել են իրենց խորհրդարաններում մեծաթիվ դառնալ: 

Ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ Հոլանդիայում, Բելգիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Հունաստանում եւ այլ երկրներում ազգայնականները հետզհետե դառնում են 2-րդ քաղաքական ուժը:

Մարին Լը Պենը հաղթանակի տրամադրվածություն ունի մեծ, ինչը հեռու չէ իրականությունուից: Եվ նա արդեն ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին: Նրա հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնում նշանակելու է «Ոտքի, Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Նիկոլյա Դյուպոն-Էնյանին, ով եւս մասնակցում էր նախագահական ընտրություններին, 1-ին փուլի անհաջողությունից հետո Մարին Լը Պենին սատարելու հայտարարություն արեց: Նշենք, որ նա ստացել էր 4,7% ընտրաձայն:

Մարին Լը Պենը մի քանի անգամ հայտարարել է Ֆրանսիան ԵՄ-ից հանելու ու «այն գեղեցիկ ու երջանիկ երկիր դարձնելու» ցանկության մասին՝ նշելով, որ Եվրամիության կանոնները զրկում են անդամ երկրներին ինքնուրույնությունից եւ թելադրում են ընդհանուր կանոններ: Իսկ ըստ ազգայնական այս գործչի, դա թուլացնում է երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային:

Հիշեցնենք նաեւ, որ Մարին Լը Պենը, ինչպես Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները, ավանդույթի համաձայն, շատ լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ: Իսկ Արցախի հարցում ֆրանսուհին հայտնել է, որ «ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին»:

Իմիջիայլոց, նա ընդունել է նաեւ այն իրողությունը, որ Ղրիմի հանրաքվեն կասկածի տակ չի կարող լինել եւ Ռուսաստանի հետ միավորումը պիտի օրինական համարել: Այս հայտարարությունը նա արել էր Մոսկվա մեկնելուց առաջ, որտեղ Ռուսաստանի նախագահի հետ եւս բանակցել են նոր Եվրամիության ձեւավորման շուրջ:

«1915թ. ցեղասպանությունը լայնորեն պետք է ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, իսկ Թուրքիան ի վերջո պետք է սկսի լրջորեն վերանայել իր պատմության այդ ահավոր էջը,- ասել է նախագահի թեկնածու Մարին Լը Պենը եւ հավելել,- Ֆրանսիան պետք է անպայման աջակցություն ցուցաբերի ճանաչման այս պայքարում ինչպես մարդու իրավունքների հայրենիքի իր կարգավիճակի պատճառով, այնպես էլ հանուն այն մեծաթիվ հայերի, ովքեր ապաստան գտան այստեղ ու հաջողությամբ ինտեգրվեցին»:

Ֆրանսիայում Մարին Լը Պենի նախագահ ընտրվելու դեպքում Եվրահանձանժողովը չունի «պլան Բ», այս մասին հայտնել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրոկոմիսար Պեր Մոսկովիսին: «Ես երկար տարիներ զբաղվում եմ քաղաքականությամբ, իմ քաղաքական փորձն ասում է, որ չի կարելի խոսել «Բ պլանի» մասին: Եթե դա անում եք, նշանակում է, որ այլեւս չեք հավատում «Ա պլանին»»,- ասել է նա:

Եվրոկոմիսարը ֆրանսուհու հաղթանակը համարել է Եվրոպայի վերջը: Նա կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ցանկանում են քանդել, քանի որ ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին ձեռնտու է գործ ունենալ 27 պետության հետ, քան մեկ միասնական միավորի: Լե Պենը ԵՄ-ին նաեւ կոչ է արել հրաժարվել եվրոյից՝ ընդունելով նախկին էքյուն:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 17 (450), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։