Համաշխարհային փոփոխությունների շեմին մեր երկրի դռներն ավելի ամուր պիտի լինեն… Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական… Մոսկվան հույս է հայտնել, որ Բաքուն ու Երեւանը փոխադարձ զիջումների կգնան…

Հանրային խորհրդում (ՀԽ) օրերս քննարկվեցին սահմանամերձ գոտիների զարգացման եւ անվտանգության բարձրացման խնդիրները: «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանը մշակել եւ ՀԽ է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ գոտիները (եւ Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգ:

ՀԽ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ եւ ապրիլի 14-ին խնդրո առարկայի շուրջ անցկացվել է քննարկում, որը ղեկավարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Մասնակցել են նաեւ հայեցակարգի հեղինակ Հրայր Մելքոնյանն ու  պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը:

Հեղինակը համառոտ ներկայացրել է հայեցակարգի ընդհանուր սկզբունքներն ու դրույթները, սահմանամերձ համայնքներում տնտեսության կազմակերպման մոդելը, նախատեսվող միջոցառումները, համաշխարհային փորձը եւ այլն: Նա համոզված է, որ սահմանամերձ գոտում անվտանգության ապահովման միջոցառումները չեն կարող դիտվել որպես առանձին, իրարից անկախ գործողությունների շարք, այլ պետք է մշակվեն եւ իրագործվեն իբրեւ կայուն ու ամբողջական համակարգ:  

Ներկաները մտքեր են փոխանակել հայեցակարգի վերաբերյալ, քննարկել դրա իրականացման հնարավորությունները, արդյունքները եւ ներկայացրել լրացուցիչ առաջարկներ: Այնուհետեւ ՊՆ պաշտոնյան ներկայացրել է սահմանամերձ համայնքների զարգացան ու պաշտպանության բարձրացմանն ուղղված այն ծրագիրը, որը նախատեսում է իրականացնել կառավարությունը: Աշոտ Բալասանյանը հայտնել է, որ փետրվարի 13-ին գործադիրի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ սահմանամերձ համայնքների համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով: Նախարարության ներկայացուցիչը նաեւ որոշ մանրամասներ է ներկայացրել սահմանամերձ համայնքների պաշտպանական, սոցիալական եւ ենթակառուցվածքային հարցերի լուծման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ:

ՀԽ անդամները նպատակահարմար են գտել, որպեսզի ներկայացրած հայեցակարգը քննարկվի նաեւ միջգերատեսչական հանձնաժողովում, քանի որ հեղինակի առաջարկները կարող են լրացնել եւ սկզբունքային առումով առավել ամբողջական դարձնել այն ծրագիրը, որը նախատեսում է իրականացնել կառավարությունը:

ՊՆ ավագ օգնականը, ով նաեւ միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավարն է, նշել է, որ պատրաստ են քննարկել ոչ միայն ներկայացված ծրագիրը, այլեւ այս խորհրդակցության արդյունքում մշակվելիք բոլոր առաջարկներն ու եզրակացությունները եւ ներկայացնել դրանք առաջիկայում տեղի ունենալիք միջգերատեսչական հանձնաժողովի նիստին:

Հիշեցնենք, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ գյուղերում թաքստոցներ ու պատնեշներ կառուցելու մասին մեր երկրի կառավարությունն արդեն որոշում է կայացրել: Դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կկառուցվեն պատնեշներ, նաեւ թաքստոցներ՝ հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Նպատակ կա նաեւ սահմաններին իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն, որն իրականում սահմանապահ ծառայություն է:

Կարեն Բալյան

Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանը Արցախի դեմ նախաձեռնել է 1994թ. զինադադարից ի վեր աննախադեպ մասշտաբներով հարձակում։ Այդ հարձակումն ավարտվեց ռազմական անհաջողությամբ, ինչը եւս մեկ անգամ կարեւորում է հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է տեղի ունենա երկու կողմերի՝ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական երկխոսության հաստատման միջոցով։

Բարեկամության շրջանակը նաեւ հիշեցնում է, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց հարձակման ընթացքում Արցախի սահմանամերձ գյուղերի հայ քաղաքացիական բնակչության դեմ իրականացրեցին բազմաթիվ հանցագործություններ: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս ընդունել եւ ընթացք է տվել արցախցի քաղաքացիների կողմից ներկայացված քսաներեք դիմում-բողոքների, որոնց հարազատները ենթարկվել են դաժան խոշտանգումների եւ ապա սպանվել ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ Կասկած չկա, որ կանոնավոր զինված ուժերին բնորոշ վարքագծին հակասող այդ խոշտանգումներն Իլհամ Ալիեւի վարչակարգի հայատյաց քաղաքականության հետեւանքն են եւ հստակ հրահանգների արդյունք»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Բարեկամության շրջանակը նշում է, որ նման գործողությունները միմիայն նպաստում են անվստահություն մթնոլորտի ամրապնդմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարի հետաձգմանը: «Ահա թե ինչու նախապայմաններ պետք է հանդիսանան Արցախի միջազգային ճանաչումը եւ բանակցային սեղանի շուրջ նրա վերադարձը եւ ոչ թե Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատմանն ուղղված իրականացվող հիպոթետիկ միջոցառումները»,- եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Բարեկամության շրջանակը կարծում է, որ մարտի 28-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը մեկ քայլ առաջ է այդ ուղղությամբ եւ աջակցում է Մինսկի խմբի առաջարկները, ինչպիսիք են՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչ եւ դեսպան Անդրեյ Կասպրշիկի դերակատարության ամրապնդումը, ինչպես նաեւ նրա գրասենյակին՝ հրադադարի վերահսկման եւ միջադեպերի ծագման վերստուգման նպատակով իրական հնարավորությունների տրամադրումը:

* * *

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Բաքուն եւ Երեւանը կկարողանան փոխադարձ զիջումների քաղաքական կամք եւ պատրաստակամություն դրսեւորել: «Դա անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացը լինի արդյունավետ: Առաջխաղացման կարեւոր պայման է մնում հակամարտության գոտում լարվածության ընդհանուր նվազեցումը եւ դրա լուծման ուժային մեթոդների փորձերից հրաժարումը: Մոսկվան պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որն ընդունելի կլինի ներգրավված բոլոր կողմերի համար»,- ասել է նա՝ կրկին ակնարկելով երկու երկրների նախագահների հանդիպումների վերսկսման մասին…

«Լուսանցք» թիվ 17 (450), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։