Կրոնական պատերազմները՝ անխուսափելի՞ – Անկարա-Բաքու-Թեհրան ճամփաբաժնում միջկրոնական (իսլամականություն-քրիստոնեություն) հակամարտությունից ավելի կատաղի՝ ներկրոնական (շիա-սուննի) հակամարտության շեմին… Սիրիական փխրուն հրադադարի ճանապարհին…

Բաքվի քաղաքապետարանը բարեկարգման պատրվակով հերթական պատմական մզկիթն է քանդել, որի շուրջ նորից աղմուկ է բարձրացվել: Իրանական «Արաննյուզ.իր» կայքը՝ հղում անելով ադրբեջանական «Maide.az» կայքին, նշել է, որ «Բաքվի քաղաքապետարանի կարգադրությամբ ապրիլի 11-ին քանդվել է «Նարիմանով փողոցում գտնվող Հաջ Աբդ ալ-Ռահիմ Բեյքի մզկիթը»:

Հետաքրքիր է, որ այդ մզկիթը ներառված է Ադրբեջանի մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության ցուցակում: Ինչեւէ, նույն պատրվակով՝ բարեկարգման աշխատանքների, կքանդվի նաեւ մեկ այլ՝ «Հաջ Ջավադ» մզկիթը:

Կարծում ենք՝ այստեղ ոչ միայն իրանական հետքերը վերացնելու խնդիր է լուծում Բաքուն, այլ եղբայրական Թուրքիայի հետ մտածված ներկրոնական հեղափոխություն են ցանկանում իրականացնել: Հայտնի է, որ իրանցիները իսլամի շիա ուղղության հետեւորդներ են, իսկ թուրքերը՝ սուննի: Ոչ միայն Կովկասի, այլեւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում դարերով ականատես ենք շիա եւ սուննի ուղղությունների հակամարտությանը: Այն հաճախ ավելի կատաղի ու արյունալի ընթացք է ստանում, քան՝ բուն մահմեդականություն-քրիստոնեություն հակամարտությունը…

Իսկ ադրբեջանցիները շիա ուղղության հետեւորդներ են ու նրանց հավատավորների մեծ մասը իրանական հակվածություն ունի, ինչը փորձում են վերացնել համաթուրքական միասնությամբ: Անկարան շատ կցանկանար, որ գրչի մի հարվածով Բաքուն սուննի ուղղությունը հաստատեր Ադրբեջանում, բայց դա այնքան էլ հեշտ չէ: Բացի այդ, Ադրբեջանում միայն ադրբեջանցիներ չեն բնակվում եւ նրանք ոչ միայն չեն ցանկանա դառնալ սուննի ուղղության հետեւորդ, այլեւ կզգուշանան թուրք-ադրբեջանական քաղաքական խաղերից, որ փորձում է ներթափանցել կրոնի մեջ: Չի լռի նաեւ Իրանը:  

Եվ ահա, մի նոր որոշման են հանգել Անկարան ու Բաքուն՝ քանդել իրանական մզկիթները, որտեղ շիաները իրենց հոգեւոր կարիքներ են բավարարում եւ կամաց-կամաց նրանց կտրել շիա ուղղությունից: Երեւի թե շուտով թուրքական սուննի ուղղության հավատավորների համար մզկիթներ կկառուցվեն Բաքվում եւ այլ բնակավայրերում, որպեսզի իրանական կրոնական ազդեցությունը կարողանան հեռացնել Ադրբեջանից: Բայց կրկնենք, դա այնքան էլ հեշտ չէ բազմատարր Ադրբեջանում:

Սա կարող է նաեւ լուրջ հարվածի տակ դնել Ադրբեջանի ներկրոնական կայունությունը, քանի որ սուննիներն ու շիաները արդեն իրենց զինված ուժերն են ստեղծում Մերձավոր Արեւելքում: Այն երկրները, որոնք իսլամի սուննի ուղղության հետեւորդներ են, հզորացնում են սուննիների բանակը, իսկ շիա հետեւորդներ ունեցող երկրները՝ շիաների բանակը:

Հիշեցնենք, որ Թեհրանը ֆինանսավորում է նաեւ Լիբանանի տարածքում գտնվող ավելի քան 10 հազարանող «Հեզբալլահ»-ին, որը պարբերաբար վերազինվում է եւ անգամ պատերազմական գործողությունների լուրջ փորձ ունի, որ ձեռք է բերել Իսրայելի հետ առճակատումների ժամանակ:

Սա կարո՞ղ է նպաստել հայկական հարցերի կարգավորմանը: Ինչ-որ առումով այո, քանի որ միջկրոնական հակամարտությունը՝ իսլամականություն-քրիստոնեություն, կարող է հայտնվել երկրորդ դերում, իսկ առաջին գծում կհայտնվի ներկրոնական՝ շիա-սուննի հակամարտությունը:

Սա կթուլացնի նաեւ համաթուրանականությունը համաիսլամականությամբ ամրացնելու ջանքերը: Նույն ազդեցությունը կունենա համաթուրանականության եւ համաարաբականության մերձեցման գործում: Հայաստանի եւ Արցախի վրայից կհանի Անկարայի եւ Բաքվի պարբերաբար հնչող «ջիհադի» կոչերի առաջնահերթությունը «Իսլամական համաժողով»-ում եւ այլն:

Սակայն, պետք է գիտակցենք, որ եւ շիա եւ սուննի ուղղության հետեւորդների մեջ կան Հայաստանին բարեկամ երկրներ, ինչը պետք է հաշվի առնել այս կամ այն քայլը նախաձեռնելիս:

Օրինակ՝ ցուցադրական նմուշ է մայրաքաղաք Երեւանում «Կապույտ մզկիթի» գոյությունը, որն ապրում է նաեւ կրոնական կյանքով: Այստեղ կարող են իրենց հոգեւոր բավարարմունքը ստանալ որ միայն իրանցիները, այլեւ Հայաստան այցելող շատ մահմեդականներ:

Իսկ Արցախում փորձում են փրկել մի մզկիթի կյանք, որը նաեւ պատմական նշանակություն ունի: Արցախի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն արձագանքել է Շուշիի Գոհար Աղա /Վերին Ջումա/ Մզկիթի շրջակայքում հնագիտական պեղումների մզկիթի եւ վերականգնողական աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանում շրջանառվող մեկնաբանություններին:

Նա ասել է. «Արցախում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան մեր երկրի ու ժողովրդի սեփականությունն է, եւ այդ թվում՝ պարսկական մշակույթի հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը մեր առաջնահերթ խնդիրներից է: 2015թ. Արցախի Հանրապետությունը միացել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական եւ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիաներին, ինչը նշանակում է, որ  այդ բնագավառում արցախյան կողմն իր վրա է վերցրել պարտավորություններ, որոնց անվերապահորեն հետեւում է: Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ամբողջ գործընթացը համապատասխանում է վերոհիշյալ կոնվենցիայի դրույթներին:

Իրանական կողմն էլ իր աջակցությունն է հայտնել՝ օժանդակելու համար, քանի որ Արցախում  պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման եւ վերականգնման ծրագրերը մշակվում եւ իրականացվում են անկախ ցանկացած երրորդ կողմի (այս դեպքում՝ Ադրբեջանի) վերաբերմունքից ու մեկնաբանություններից:

Իսկ պաշտոնական Թեհրանը Բաքվի ուղղությամբ ստիպված եւս մի հայտարարություն է արել, որ «Բաքվում կայացող Իսլամական խաղերից հետո Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականություն վարող իշխանությունները Բաքվի պատմական մզկիթը կքանդեն»: Հավելենք, որ օրերս Ադրբեջանի հարցերով իրանցի փորձագետ Համեդ Սոլթանփուրը, անդրադառնալով Բաքվում անցկացվող իսլամական խաղերին, մասնավորապես ասել է. «Ադրբեջանում մի շարք հոգեւորականների, ինչպես նաեւ Նարդարանի դեպքերին առնչվող մասնակիցների նկատմամբ անարդարացի դատական որոշումներ են կայացվել: Դա մարդու իրավունքների բացահայտ խախտում է»: Շարունակելով խոսքը՝ փորձագետը նշել էր. «Ադրբեջանցիներից շատերն Իլհամ Ալիեւի իշխանության՝ կրոնի ու մշակույթի նկատմամբ գործած դավաճանության մասին տեղյակ չեն: Իլհամ Ալիեւի իշխանությունն Ադրբեջանի հասարակության նկատմամբ մեծ դավաճանություն է գործել»…

Հայկ Թորգոմյան

Սիրիան խաղաղության ճանապարհի՞ն

Վերջապես հնարավոր է փոքր ինչ մեղմվի սիրիական խնդիրը: Երկար ժամանակ է բանակցություններ էին ընթանում, եւ ահա մայիսի սկզբներին Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Սիրիայի շուրջ բանակցությունների ընթացքում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում արաբական այդ երկրում լարվածության թուլացման մասին հուշագիր ստորագրեցին։ «Վերջին երկու օրերի ընթացքում Աստանայի բանակցությունների մասնակիցները հրադադարի ռեժիմի եւ մարտական գործողությունների ռեժիմի համաձայնագրերի իրականացման քննարկում են անցկացրել։ Արդյունքում երաշխավոր երկրները համաձայնել են հուշագիր ստորագրել Սիրիայի Արաբական Հանրապետությունում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու մասին»,- տեղեկացրել է Ղազախստանի ԱԳՆ-ն:

Սիրիական հիմնախնդրի շուրջ Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված հուշագրի մասին լուրը արագ տարածվեց աշխարհում, քանզի զինադադարից սպասումները մեծ են:

Համաշխարհային մամուլը արագ տարածեց, թե «Աստանայում մայիսի 3-4-ը տեղի ունեցած բանակցային հանդիպումների ընթացքում կազմված հուշագիրը ենթադրում է Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում»: Նման գոտիների ստեղծումը բարդ գործ է, սակայն եթե կողմերը պահպանեն պայմանավորվածությունները, ապա դա հնարավոր է, չնայած կա նաեւ քրդական գործոնը:

Նշենք, որ սա Աստանայում սիրիական հիմնախնդրի շուրջ բանակցությունների արդեն 4-րդ փուլն է:

«Լուսանցք» թիվ 17 (450), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։