Թուրք-ադրբեջանական համաոհմակային ռազմական ստուգատես.- Եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել… Կովկասյան խաղաղության շուրջ…

Վերջերս Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել: Ներգրավված են եղել մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետեր, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունները տեղի են ունեցել Ադրբեջանում, 2017թ. մայիսի 1-5-ը:

Արցախի զինված ուժերը ուշի ուշով հետեւել են Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Պաշտպանության բանակը գտնվել է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշել է. «Անկախ ամեն ինչից՝ ԼՂՀ զինված ուժերը միշտ զգոն են։ Եթե զորավարժություններն ընթանան ծրագրված սցենարով՝ առանց որեւէ բարդությունների, բնական է, որ մենք պետք է միայն հետեւողի դերում լինենք։ Եթե այլ գործընթաց լինի, բնական է, որ պատասխան է լինելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանց այդ զորավարժությունների էլ բոլորը գիտեն՝ ինչ պետություն է։ Նա չի թաքցնում իր ֆաշիստական եւ զավթողական նպատակներն Արցախի նկատմամբ։  

Ըստ Դավիթ Բաբայանի, մայիսի 1-5-ն ընթացող զորավարժություններին Թուրքիայի մասնակցությունն աշխարհաքաղաքական առումով բավական վիճահարույց է։ «Չեմ կարծում, որ այս զորավարժությունները համապատասխանում են Ռուսաստանի, Իրանի ու ՆԱՏՕ-ի շահերին։ Իսկ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, փաստորեն, վատ դրության մեջ է դնում դաշինքին։ Դաշինքը հայտնվում է մի իրավիճակում, որտեղ նրա անդամներից մեկն ապակառուցողական քաղաքականությամբ խախտում է կանոնակարգը։ Ստացվում է՝ կա՛մ ՆԱՏՕ-ն չի կարողանում վերահսկել անդամներից մեկի քաղաքականությունը, կա՛մ Թուրքիան է իր վարքագիծը բարդում ՆԱՏՕ-ի վրա»,- ընդգծել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ Նա համոզված ասել է, որ եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել։

Վերլուծաբանները եւս անդրադառնում են այս համատեղ զորավարժություններին, սակայն կա ընդհանուր համոզվածություն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները թույլ չեն տա հայ-ադրբեջանական նոր ռազմական հակամարտություն, քանի որ տարածաշրջանային խնդիրները անչափ մտահոգող եւ բազմաշերտ են: Ներքին խնդիրներ ոչ ոք չի ուզում ունենալ:

Թուրքիան ակնհայտ ցույց է տալիս, որ Արցախի հարցում սատարում է Ադրբեջանին, ցանկանում է համոզել Հայաստանին, որ հնարավոր նոր պատերազմի դեպքում թուրք-ադրբեջանական լուրջ միասնություն է լինելու: Ինչպես քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն է նշել, «2014թ. զորավարժությունների ժամանակ թուրք-ադրբեջանական կողմերը նույնիսկ խոսում էին ՀԱՊԿ-2 ստեղծելու եւ նման բաների մասին, բայց այդ զորավարժություններին մասնակցող Վրաստանը, իր հավասարակշիռ կեցվածքով, չէր թողնում, որ նման ուղղվածություն լինի։ Այժմ մենք ունենք միայն ու միայն Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք այս անգամ արդեն ավելի բաց տեքստով են խոսում, քան 2014թ. ամռան ընթացքում նախատեսված զորավարժությունների ժամանակ»։

Փաստորեն, պիտի նշենք, այս տարիների ընթացքում, երբ որոշակիորեն փոփոխություն կրեց եվրոպական քաղաքականությունը Իրանի նկատմամբ, առաջնահերթ դարձավ Իրան-Հայաստան-Վրաստան հնարավոր տնտեսական համագործակցությունը՝ դեպի Եվրոպա. որի ժամանակ իրանական նավթ եւ գազ է առաքվելու հին աշխարհամաս, փոխվել է նաեւ Վրաստանի վերաբերմունքը Հայաստանի եւ Իրանի նկատմամբ: Վրաստանն այլեւս հանդես չի գալիս որպես Թուրքիայի եւ ադրբեջանի եղբայր պետություն, ինչը թուլացրել է թուրքական ազդեցությունը Կովկասում:

Եվ այստեղ կարեւոր էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեսիջը՝ ՆԱՏՕ-ին, որովհետեւ նման քաղաքականությամբ Թուրքիան վտանգում է ամբողջ ՆԱՏՕ-ի հավասարակշիռ քաղաքականությունը Կովկասում:  Իսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են նաեւ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման անհրաժեշտության մասին:

Չենք կարծում, որ ՆԱՏՕ-ն թույլ կտա Անկարային հանդես գալ իր շահերի դեմ, ինչը երբեմն փորձում է անել Թուրքիան՝ Ռուսաստանի հետ քաղաքական խաղեր նախաձեռնելով: 

Սակայն, պիտի հիշեցնենք, որ ռազմական այս ցուցադրական համապատկերին շատ վատ տպավորություն է թողնում այն փաստը, որ ադրբեջանական տնտեսությունը լուրջ անկումներիր մեջ է: Դեռ անցյալ տարի Բաքվի իշխանությունները հազիվ զսպեցին ժողովրդական հուզումները, որ տարբեր մարզերից Բաքու էին հասնում: Նավթի պաշարներն ակնհայտորեն ուռճացված էին, իսկ առանց այդ բնական վառելիքի Ադրբեջանի տնտեսությունը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանինը:

Նոր արտադրություններ կազմակերպելու փորձերը եւս տապալվեցին: Թուրքիան եւս ներքին խնդիրներ ունի եւ չի կարողանում օգնել իր եղբորը:

Եվ միայն Արցախի սահմաններին սադրանքների գնալով է Իլհամ Ալիեւը կարողանում իր այլեւս խանական երկիրը հեռու պահել միջկրոնական, ու միջէթնիկ ընդհարումներից եւ տարբեր գունավոր հեղափոխական ալիքներից:

Վերջին տարիներին Ադրբեջանի պետբյուջեն եւս տկարացել է, պակասել են նաեւ ռազմական ուղղությանը հատկացվող ծախսերը: Իսկ օրերս Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհի տարբեր պետություններում ռազմական ծախսերի մասին տարեկան զեկույց: 2016թ. ամփոփող զեկույցից պարզ է դառնում, որ նախորդ տարի ամբողջ աշխարհում ռազմական ծախսերը կազմել են մոտ 1,686 տրիլիոն դոլար: Փորձագետները պարզել են, որ մի շարք երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում ռազմական ծախսերը նախորդ տարիների համեմատ աճել են: Ռազմական ծախսերը նաեւ ավելացել են Արեւմտյան, Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում, ինչն, ըստ փորձագետների գնահատականների, պայմանավորված է ահաբեկչության սպառնալիքներով:

Միաժամանակ, զեկույցից պարզ է դառնում, որ նավթային հումքի վրա հիմնված տնտեսություններով երկրները զգալիորեն կրճատել են իրենց ռազմական ծախսերը: «2016թ. արձանագրված ռազմական ծախսերի լայնածավալ կրճատումներ են տեղի ունեցել Վենեսուելայում՝ -56%, Հարավային Սուդանում՝ -54%, Ադրբեջանում՝ -36%, Իրաքում՝ -36% եւ Սաուդիան Արաբիայում -30%, ինչը պայմանավորված է նավթի վաճառքից ստացվող ցածր եկամուտներով»,- նշված է զեկույցում:

Արամ Ավետյան

Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանը Արցախի դեմ նախաձեռնել է 1994թ. զինադադարից ի վեր աննախադեպ մասշտաբներով հարձակում։ Այդ հարձակումն ավարտվեց ռազմական անհաջողությամբ, ինչը եւս մեկ անգամ կարեւորում է հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է տեղի ունենա երկու կողմերի՝ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական երկխոսության հաստատման միջոցով։

Բարեկամության շրջանակը նաեւ հիշեցնում է, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց հարձակման ընթացքում Արցախի սահմանամերձ գյուղերի հայ քաղաքացիական բնակչության դեմ իրականացրեցին բազմաթիվ հանցագործություններ: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս ընդունել եւ ընթացք է տվել արցախցի քաղաքացիների կողմից ներկայացված քսաներեք դիմում-բողոքների, որոնց հարազատները ենթարկվել են դաժան խոշտանգումների եւ ապա սպանվել ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ Կասկած չկա, որ կանոնավոր զինված ուժերին բնորոշ վարքագծին հակասող այդ խոշտանգումներն Իլհամ Ալիեւի վարչակարգի հայատյաց քաղաքականության հետեւանքն են եւ հստակ հրահանգների արդյունք»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Բարեկամության շրջանակը նշում է, որ նման գործողությունները միմիայն նպաստում են անվստահություն մթնոլորտի ամրապնդմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարի հետաձգմանը: «Ահա թե ինչու նախապայմաններ պետք է հանդիսանան Արցախի միջազգային ճանաչումը եւ բանակցային սեղանի շուրջ նրա վերադարձը եւ ոչ թե Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատմանն ուղղված իրականացվող հիպոթետիկ միջոցառումները»,- եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Բարեկամության շրջանակը կարծում է, որ մարտի 28-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը մեկ քայլ առաջ է այդ ուղղությամբ եւ աջակցում է Մինսկի խմբի առաջարկները, ինչպիսիք են՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչ եւ դեսպան Անդրեյ Կասպրշիկի դերակատարության ամրապնդումը, ինչպես նաեւ նրա գրասենյակին՝ հրադադարի վերահսկման եւ միջադեպերի ծագման վերստուգման նպատակով իրական հնարավորությունների տրամադրումը:

* * *

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Բաքուն եւ Երեւանը կկարողանան փոխադարձ զիջումների քաղաքական կամք եւ պատրաստակամություն դրսեւորել: «Դա անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացը լինի արդյունավետ: Առաջխաղացման կարեւոր պայման է մնում հակամարտության գոտում լարվածության ընդհանուր նվազեցումը եւ դրա լուծման ուժային մեթոդների փորձերից հրաժարումը: Մոսկվան պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որն ընդունելի կլինի ներգրավված բոլոր կողմերի համար»,- ասել է նա՝ կրկին ակնարկելով երկու երկրների նախագահների հանդիպումների վերսկսման մասին…

«Լուսանցք» թիվ 17 (450), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։