Հայաստանում դրանք անվճար ու վճարովի կգործեն.- Հրաձգության մարզաձեւի զարգացումը՝ օրախնդիր… Ըստ այդմ, Երեւանում եւ մարզերում 2018-2024թթ. (անհրաժեշտության պարագայում՝ շարունակաբար) ուսուցողական-մարզումային հրաձգարաններ կկառուցվեն, որոնք կգործեն անվճար հիմունքներով…

Մեր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համոզմամբ, «ներկայիս աշխարհա-քաղաքական բարդ իրավիճակում հայ ժողովրդի ազգային մշակույթի անքակտելի մասը պետք է կազմի հրաձգություն մարզաձեւը՝ որպես համար մեկ ռազմավարական մարզաձեւ, քանի որ յուրաքանչյուր հայ մարդու համար կրակելու հմտություններին տիրապետելը անհրաժեշտություն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքը եւ սահմանները պաշտպանելուն պատրաստ լինելու համար»:

Այդ իսկ պատճառով նախորդ տարեվերջին գործադիրը համապատասխան որոշումով հաստատեց՝ մեր երկրում հրաձգություն մարզաձեւը պետք է զարգանա (այս խնդրին մանրամասն անդրադարձել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ուստի կրկնությունները չեն բացառվում):

Ըստ այդմ, Երեւանում եւ մարզերում 2018-2024թթ. (անհրաժեշտության պարագայում՝ շարունակաբար) ուսուցողական-մարզումային հրաձգարաններ կկառուցվեն, որոնք կգործեն անվճար հիմունքներով: Վճարովի հիմունքներով ժամանցային հրաձգարաններ (վճարովին տիր կոչենք) էլ կկառուցվեն, որտեղ ոչ միայն կծանոթանան զենքին, կսովորեն նշանառություն ու կրակել, այլեւ պարբերաբար վարժանքներ կանցկացնեն:

Իսկ ի՞նչ կլինի եղած հրաձգարանների հետ: Դրանք կվերանորոգվեն, զինամթերքով կապահովվեն: Անհրաժեշտ են համարել տարեկան 3-4 հրաձգարան վերանորոգել:  

Նախարարությունը հրաձգություն մարզաձեւի զարգացման կարեւորագույն նախապայմաններից է համարում ուսումնական հաստատություններում կրակելու հմտությունների ուսուցանումը նախնական զինվորական պատրաստության դասաժամերին: Եվ որպեսզի այն ուսուցանվի տղաներն ու աղջիկներին համահավասար: Տեղեկացնենք նաեւ, որ խոսքը վերաբերում է ուսումնական հաստատություններին՝ անկախ հաստատության սեփականության ձեւից:

Ուսումնական հաստատությունների սովորողների կրակելու ուսումնառության գործընթացը կանցկացվի նոր կառուցվող եւ վերանորոգվող հրաձգարաններում՝ համագործակցելով ՊՆ որոշակի զորամասերի հետ՝ համատեղ օգտագործելով դրանց ուսումնանյութական բազան ( Սյունիքի մարզում՝ Կապանի, Գորիսի, Սիսիանի,  Վայոց ձորի մարզում՝ Վայքի, Արարատի մարզում՝ Արարատի, Արմավիրի մարզում՝ Բաղրամյանի, Լոռու մարզում՝ Վանաձորի, Տավուշի մարզում՝ Դիլիջանի, Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի,  Շիրակի մարզում՝ Գյումրու եւ Երեւանում՝ Նուբարաշենի: Տեղանքները ներկայացված են ՊՆ կողմից)): Սովորողները տարեկան երկու անգամ կհաճախեն հրաձգարան եւ յուրաքանչյուր սովորող կկրակի տասական փամփուշտ:

Միջանկյալ կարեւոր հավելում

Ինչպես տեղեկանում ենք պատկան մարմնի տվյալներից, այժմ շատ քիչ են մեր երկրի տարածքում գործող հրաձգարանները: Հանրապետությունում ներկա պահին գործում են 13 հրաձգարաններ, որոնցից մեկը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցինն է (մեկ 10-մետրանոց, մեկ 25-մետրանոց, մեկ 50-մետրանոց եւ հրաձգարան «վազող թիրախ» վարժության համար), 4-ը գործում են հանրակրթական դպրոցներում նախնական զինվորական պատրաստության դասի պահանջների շրջանակներում, 1-ը բարձրագույն ուսումնական հաստատությունում (Վանաձորում), 2-ը պատկանում են «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հ/կ-ին, իսկ 4-ը այլ ենթակայության են: «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»-ին պատկանող մյուս 9 հրաձգարանները չեն գործում՝ համապատասխան զենքի բացակայության պատճառով: Նշված  գործող 12 հրաձգարանների ցուցակից լիարժեք գործում են 3-ը, մյուսները թերի են գործում վերանորոգված չլինելու կամ զենք, զինամթերք  չունենալու պատճառով:

Գուցե ահանջա՞րկ չկա: Պատկան մարմինը ճիշտ հակառակն է վստահեցնում. «Հրաձգարանների  պահանջարկը Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի մեծ է»:

Շարունակենք ներկայացնել վիճակը:

Դավթաշենի 2-րդ թաղամասում գործում է «Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիա»-ին պատկանող բարվոք վիճակում գտնվող հրաձգարան: «Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիա»-ին պատկանող հրաձգարանում կա եւ գործածվում է նշանառություն սովորելու էլեկտրոնային վարժասարք: Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում մշակվել է նշանառություն սովորելու իրենց էլեկտրոնային վարժասարքը: Նշված էլեկտրոնային վարժասարքերը ձեռք բերելու հնարավորություն ունենալու դեպքում դրանք հանձնարարելի են կրակել սովորելու համար:

Խորհրդային տարիներին հրաձգությունը, որպես մարզաձեւ, ուշադրության կենտրոնում է եղել:

Բազմաթիվ գործող հրաձգարաններ ու տիրեր կային Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Հայաստանի բոլոր շրջաններում գործում էին ԴՕՍԱԱՖ-ին պատկանող հրաձգարաններ:

Խորհրդային տարիներն անցան, ԴՕՍԱԱՖ-յան ժառանգությունն էլ մնաց այնպես ու այն վիճակում, ինչպես ու ինչ վիճակում մնացին սովետական շատ ժառանգություններ՝ անվանումից սկսած: ԴՕՍԱԱՖ-ը հապավում է ռուսերենից, որ նշանակում էր բանակին, ավիացիային եւ նավատորմին կամավոր օգնություն ցուցաբերելու կազմակերպություն (ՊՏոՐՏՉՏսՖվՏպ ՏոքպրՑՉՏ րՏՊպռրՑՉՌÿ ՈՐՎՌՌ, ՈՉՌՈՓՌՌ Ռ ՒսՏՑց-ԺԿհԸԸՂ): Եվ, փաստորեն, ինչպես տեսնում ենք, ԴՕՍԱԱՖ-ը միայն խոսակցական լեզվում չէ որ մնացել է: Նաեւ գրանցված այդպիսի հ/կ է կա՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»… Սա դիտարկենք փակագծերում իբրեւ հավելում եւ անցնենք առաջ:

Մեր ունեցածն ու չունեցածը

Փոքր ինչ մանրամասնենք ոլորտում վիճակը՝ հասկանալու համար հետագա քայլերը: Երեւանում այժմ 4 գործող հրաձգարան կա:  Մեկը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին, 2-ն էլ պատկանում են  «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»-ին: ԿԳՆ-ի «Հրաձգության հանրապետական մարզադպրոց»-ը հրաձգարան չունի, եւ մարզումներն անցկացվում են «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»-ի հրաձգարանում (խոսքը Կոմիտասի անվան զբոսայգու հրաձգարանի մասին է): Չորրորդն էլ՝ պրակտիկ հրաձգության հրաձգարանը գործում է Դավիթաշենի 2-րդ թաղամասում եւ պատկանում է «Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիա»-ին: Մեկ չգործող հրաձգարան էլ կա ՊՆ ենթակայությամբ (Երեւանի Շենգավիթ համայնքի Չարբախ թաղամասում):

Նկատենք, որ Երեւանում մինչեւ 1990-ական թվականները գործել են 9 հրաձգարաններ՝ «Դինամո», «Սպարտակ» մարզական ընկերությունների, գյուղատնտեսության եւ պոլիտեխնիկական ինստիտուտների, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի, հնգամարտի մարզադպրոցի, արհեստագործական ուսումնարանների եւ հանրակրթական դպրոցների ենթակայությամբ: Մայրաքաղաքում նախկինում տեղակայված բոլոր տիրերը գործել են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ենթակայությամբ:

Գյումրիում հիմա 1 հրաձգարան գործում է, որը պատկանում է անհատի եւ տրամադրվում է վարձակալման սկզբունքով, նախկինում պատկանել է ԴՕՍԱԱՖ-ին։ Բայց Գյումրում թիվ 23 հիմնական դպրոցն ունի 50-մետրանոց գերազանց վիճակում գտնվող փակ հրաձգարան, որը չունի մարզագույք եւ չկան մարզվողներ: Այդ հրաձգարանում կազմակերպվում են նախարարության մարզական զանգվածային միջոցառումների ծրագրերով նախատեսված օդաճնշիչ հրացանով հրաձգություն մրցաձեւի տարածաշրջանային ու մարզային փուլերի մրցումները: Գյումրու թիվ 37 ավագ դպրոցն էլ ունի 10-մետրանոց եւ 25-մետրանոց 2 փակ հրաձգարան, որոնք ունեն հիմնանորոգման կարիք, մեկում իրականացվում են դպրոցի ուսումնական աշխատանքները, մյուսը չի օգտագործվում: Այս դպրոցը, նաեւ Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոցը ունեն «Նշանակետ-մենամարտ» էլեկտրոնային վարժասարքեր: Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցն ունի 25-մետրանոց փակ հրաձգարան, որտեղ հաճախում են 8-11-րդ դասարանների աշակերտներ եւ երկրապահների խմբակը: Պարապմունքներն անցկացվում են միայն օդաճնշիչ հրացաններով: Իսկ նախկինում՝ մինչեւ 1991թ., Շիրակի մարզի տարածքում գործել են 7 հրաձգարաններ եւ 2 տիրեր: Դրանք այն ժամանակ եղել են ԴՕՍԱԱՖ-ի Լենինականի  քաղաքային եւ Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ու Ամասիայի շրջանային խորհուրդների ենթակայության: Նշված հրաձգարանների, տիրերի շենքերն ու տարածքները ներկայումս անհատների սեփականություն են եւ բացառությամբ Գյումրի քաղաքի հրաձգարանի՝ օգտագործվում են այլ նպատակներով:

Արարատ քաղաքում «Արարատի պետական քոլեջ»-ի հրաձգարանը չի գործում եւ կիսակառույց է: Արտաշատում գործում է «Պապ Վաղարշակ» ընկերությանը պատկանող փակ հրաձգարան (10 մ): Արարատի մարզի Այգեզարդ գյուղում գտնվում է բացօթյա հրաձգարան ստենդային հրաձգության համար, որի շենքը կիսակառույց է: Նույն մարզի Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 25-մետրանոց փակ հրաձգարան, որտեղ նշանառություն են սովորում:

Ալավերդիում կա մասնավոր անձի պատկանող չգործող հրաձգարան, որն ունի վերանորոգման կարիք եւ չունի մարզագույք: Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցն ունի 3 հրաձգարան՝ էլեկտրոնային՝ 10-մետրանոց, որտեղ կրակում են վարժասարքերով, օդաճնշիչ հրացանի 10-մետրանոց հրաձգարան եւ փոքր տրամաչափի հրացանի 25-մետրանոց հրաձգարան: Վերջինում մարզումներ չեն անցկացվում զենքի բացակայության պատճառով: Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի նկուղային հարկում գործում է 10-մետրանոց փակ հրաձգարան: Վանաձորում գործում է Վանաձորի պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության (ՊՄՏՀԿ) հրաձգային ակումբը, որը 10 մ կրակագծով եւ 6 կրակակետերով փակ սենյակ է:

Կապանի ավտոդպրոցն ունի 6-մետրանոց երեք կրակակետերով փակ հրաձգարան, որը անմխիթար վիճակում է:

Գեղարքունիքի մարզի «Գավառի ավտոդպրոց» ընկերությունն ունի 10-մետրանոց փակ հրաձգարան, որը վերանորոգված չէ, մարզագույք չունի: Այս մարզի Ճամբարակ քաղաքում նախկինում գործել են մեկական տիր եւ հրաձգարան, Սեւանում էլ է գործել հրաձգարան։ Բոլորն էլ մասնավորեցվել են եւ չեն գործում:

Էլի հրաձգարաններ կան, որոնք մինչեւ 1991թ. գործել են, բայց հետո տարիներ շարունակ չօգտագործվելու պատճառով կամ փլատակների են վերածվել, կամ տարածքները վաճառվել են:

Այս ամենով հանդերձ՝ պետությունը որոշել է շտկել վիճակը եւ մասսայականացնել հրաձգություն մարզաձեւը՝ դա շատ անհրաժեշտ համարելով: Ի՞նչ առավելություններ կտա դա մեզ, ի՞նչ հրաձգարաններ կկառուցվեն, որտե՞ղ: Այս կարգի այլ հարցերից կխոսենք հաջորդիվ:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։