Հայոց հյուրընկալության Վանատուր Աստծո տոնը՝ Հայոց մեծ տան վերամիավորման արարողությամբ – Հայկական Լեռնաշխարհը՝ Հայոց Հայրենիքը՝ Հայի Մեծ Տունն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է… «Եռատոն. Մայիսյան հաղթական տոները՝ դեպի Հայ Դատի ակունքներ»…

Վանատուր Աստծո տոնը՝ Հայոց մեծ տան վերամիավորման արարողությամբ

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից «Լուսանցք»-ին տեղեկացրեցին, որ հերթական անգամ կնշվի Վանատուր Աստծո տոնը մայիսի 13-ին:

Հաղորդագրությունում ասված է. «Զարմանալի էր, որ հարյուրամյակներ շարունակ հայ ընտանիքի ավանդույթները պահպանող հայությունը չէր հիշում Հայոց հյուրընկալության, օջախի, ընտանիքի Աստված Վանատուրի տոնը: Մայր Անահիտի, Վահագն ու Միհր Աստվածների եւ Աստղիկ Աստվածուհու տոներն էին մնացել ավանդապաշտ հայի հիշողության մեջ, այն էլ՝ Զատիկը, Տրնդեզն ու Վարդավառը հեթանոսական սովորույթներով նշելու պատճառով… Հատուկ էր մնացել միայն Վիշապաքաղ Վահագնի երկրային վերածննդի տոնը, քանզի հայի գենը եղել ու մնում է հենված արդար ու բարի ուժի հիմքի վրա:

Հայը չէր մոռացել արիադավան Զատիկի ձվերը բնության գունագեղությանը ներդաշնակ ներկելը եւ ամենուր տարածված ձվախաղը, Տրնդեզի կրակները վառելն ու վրայից թռչելը, Վարդավառին համատարած ջրոցի խաղալը եւ այլն… ինչքան էլ եկեղեցին այլ բան էր քարոզում, որոնք բացառապես կապված էին Քրիստոսի այս կամ այն հայտնության կամ նման այլ բանի հետ: Եվ հայը նաեւ Հայաստանյայց (Հայաստան այցելած,- ինչը մեղմ է ասված, իրականում Հայաստան ներխուժած) առաքելական եկեղեցուն պարտադրեց Զատիկի ձվերը ոչ միայն կարմիր ներկել, Տիառնընդառաջին էլ վահագնյա կրակներ վառել, իսկ Վարդավառին հարգել սրբազան ջրի խորհուրդը…

Վերջին տարիներին հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները վերականգնեցին բոլոր Հայ Աստվածների տոները եւ արդեն պահպանվածի՝ Աստվածամայր Անահիտի, Աստվածներ Վահագնի ու Միհրի եւ Աստվածուհի Աստղիկի տոներին ավելացան եւս 4-ը՝ լրացնելով 8 Աստվածների խորհուրդները, նաեւ՝ Աստվածահայր Արայի, Աստվածուհի Նանեի, Աստվածներ Տիրի եւ Վանատուրի տոները:  

Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ: Սա հայ արիներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային ու հայի Աստվածներին՝ հայոց հավատը վերստին կապելով Տիեզերակարգին, գնալով դեպի Տիեզերքի Արարիչը…

Հայ արիները Վանատուր Աստծո տոնը կնշեն մայիսի 13-ին՝ Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան տարածքների սահմանագծային հատվածներից մեկում:

Ծիսական արարողությունը կկազմակերպեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները, ովքեր կփառաբանեն Հայոց հյուրընկալության Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները միշտ հյուրընկալ պահելու, Հայաստան աշխարհը վերամիավորելու եւ լի ու առատ դարձնելու համար:

Հայ արիները կփառաբանեն նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ մեր Արարչակնիք եւ Աստվածազարմ Հայրենիքը բաժանող արհեստական սահմանները վերացնելու եւ Հայկական Լեռնաշխարհ-Բնօրրանը վերստին հայության Միացյալ Տունը դարձնելու ձոներգությամբ: Հայկական Լեռնաշխարհը՝ Հայոց Հայրենիքը՝ Հայի Մեծ Տունն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է…

Հայ Արիական Միաբանությունը մինչ այս, ինչպես միշտ մայիսյան հաղթական տոներին մեծարել է նաեւ բոլոր ժամանակների հայ հերոսներին, փառաբանել նրանց, ովքեր հաղթանակներ պարգեւելով՝ ապահովեցին Հայաստանի, հայության եւ հայ օջախների անդորրն ու զարգացումը:

Օրվա տոնական արարողությունը կշարունակվի ավանդական ուտեստների եւ ըմպելիքների համտեսմամբ, երգ ու պարով, ծիսական փառաբանումներով ու գինեձոներով»:

Հատվածներ ՀԱՄ հայտարարությունից.- «Եռատոն. Մայիսյան հաղթական տոները՝ դեպի Հայ Դատի ակունքներ…»

… Հայ Արիական Միաբանության (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի) եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները այս տարի եւս՝ Եռատոնի օրերին հայտարարում են, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտի ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

– Ավարայրը բնույթով կարծես կրոնական ճակատամարտ էր, բայց իրականում հանուն քաղաքական անկախության, պետականության պահպանման մղված վճռական մարտ էր, անչափ կարեւոր՝ տվյալ ժամանակի համար…

– Սարդարապատը վճռական մի մարտ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման: Այն հերոսամարտ էր, որ Լոռվա տարածաշրջանից Բաշ Ապարանով հասնում էր Սարդարապատ, որտեղ էլ եռամարտ հաղթանակն արձանագրվեց՝ հաստատելով հայի ուժը հայեց պետականության վերակերտման ճանապարհին…

– Շուշիի ճակատամարտը վաղուց սպասված մի հաղթանակ էր, որն ազատագրության ու հայրենատիրության շունչը բացեց հայի մեջ եւ վստահություն բերեց՝ գալիք ազատագրական ժամանակաշրջանին, հաղթական ապագային ուղղված…

Նախորդ տարի, մինչմայիսյան հաղթանակների նշումը, հայոց զինուժը մի նոր սխրանք գրանցեց, որը քառօրյա պատերազմ կոչվեց… Այստեղ սխրանքներ գործեցին արդեն հայկական կայացած բանակի 18-20-ամյա զինվորները եւ նրանց՝ տարիքով փոքր ինչ ավագ հրամանատարները: Այստեղ եւս եղան սխրանքներ, որոնք նույնպես ոսկե տառերով կգրվեն ինչպես մեր, այնպես էլ՝ համաշխարհային ռազմական պատմության մեջ…

Հայ արիները համախմբված հեթանոս ազգայնականների հետ Եռատոնը Եռաբլուրում՝ այս տարի էլ նշեցին քրմական հաղթության ծեսով:

– Մեր հայրերին ու պապերին, որ մարդկության մի մեծ հատվածի հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք աշխարհակուլ եւ իրականում հակաարիական ուժերի դեմ կռվեցին իրապես արիաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ: Հայությունը փրկվեց նաեւ նոր թուրքական սպանդից՝ քանզի 2-րդ աշխարհամարտի տարիներին Գերմանիայի դաշնակից Թուրքիան հարմար պահի էր սպասում Հայաստանի վրա հարձակվելու եւ Ադրբեջանի հետ ամբողջ Կովկասին տիրելու համար…

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շնորհավորել են նաեւ՝

– Մեր երկիրը պահողի՝ երկրապահ կամավորական ազատամարտիկի տոնը, որը տոնն է բոլոր կամավորականների, անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է ներկայանում հանրությանը՝ ֆիդայի, ազատամարտիկ, երկրապահ, ուղղակի կամավորական, թե մեկ այլ կերպ…

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։