Ռուսաստանյան զլմ-ները հայտնել են, որ Սեւ ծովում մեկնարկել է «Թուրքական հոսք» գազամուղի ստորջրյա հատվածի շինարարությունը, այն սկսվել է ռուսական ափերից: Սեւ ծովի հատակին յուրաքանչյուր հոսքի համար կտեղադրվի 900 կմ երկարությամբ խողովակ:
Գազամուղը ընդհանուր առմամբ կունենա տարեկան 30 մլրդ. խմ թողունակություն: Շինարարությունն իրականացնում է Allseas ընկերությանը պատկանող Audacia նավը:
Գազամայրուղու 2 ճյուղ է նախատեսվում կառուցել Սեւ ծովի հատակով՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ. խմ հզորությամբ: Մի ճյուղը նախատեսված է անմիջականորեն թուրքական շուկա գազ մատակարարելու համար, մյուսը՝ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ մատակարարելու:
Շինարարության ավարտը նախատեսված է 2019-ի դեկտեմբերին: Այդուհանդերձ առայժմ բաց է մնում հարցը՝ արդյոք կկառուցվի տարանցիկ ցամաքային ճյուղ, քանի որ դրա իրագործումը կախված է ռուսական գազով Եվրոպայի շահագրգռվածությունից:
«Ծրագիրն իրականացնելիս խստորեն հետեւելու են գրաֆիկին, 2019թ. վերջին թուրք եւ եվրոպացի գործընկերները կարող են ռուսական գազի ներկրման նոր երթուղու հույս ունենալ»,- ասել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք»-ի պայմանագիրը Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ կնքվեց 2016թ. հոկտեմբերին: Գազամուղի առաջին խողովակը նախատեսված է ռուսական վառելիքը Թուրքիա, երկրորդը՝ Հարավային ու Հարավարեւելյան Եվրոպայի երկրներ հասցնելու համար:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները մարտին հանդիպեցին Մոսկվայում եւ նրանց օրակարգի հարցերից էր «Թուրքական հոսք» գազամուղի իրագործումը:
Վերլուծաբաններն ասում են, որ եվրոպական որոշ երկրներ, առաջին հերթին խոսքը բալկանյան երկրների մասին է (նախագիծն անգամ ոմանք կոչում են «Գազ Բալկանների համար»), շահագրգիռ են այդ ուղղությամբ գազի մատակարարումներով:
Ինչը, սակայն, դեռ չի պատասխանում այն հարցին, թե արդյո՞ք այդ գազամուղը կազատի Ռուսաստանին Ուկրաինայով տարանցման կախվածությունից:
Այս նախագծով շինարարության մասին հուշագիրը դեռ 2014-ի դեկտեմբերի 1-ին էր ստորագրվել, սակայն իրագործումը ձգձգվել էր մատակարարումների ծավալի եւ Թուրքիայի համար գազի գնի շուրջ վեճերի պատճառով: Ավելի ուշ նախագիծն ընդհանրապես սառեցվեց թուրքերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վատթարացման պատճառով:
Եվ միայն 2016թ. օգոստոսին ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերվեց, ավելի ուշ ստորագրվեց ու վավերացվեց միջկառավարական համաձայնագիր, որպեսզի նախագծի շուրջ չլուծված հարցեր չմնան:
Փաստորեն, Անկարան կարողացավ շահել ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ մեկ անգամ էլ հիշեցրեց Թուրքիայի տարանցիկ երկիր լինելու կարեւորությունը:
Իսկ Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությունը, ցավոք, դեռ չի անցնում ավելի գործնական քայլերի:
Արման Դավթյան
* * *
Էստոնիայում տեղի են ունենում «Գարնանային փոթորիկ-2017» լայնածավալ զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ դաշնակից երկրների զինծառայողների մասնակցությամբ. այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարարության կայքին։
Զորավարժություններն ընթանում են հիմնականում երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում, մասնակցում է շուրջ 9 հազար մարդ, որոնցից 2 հազարն արտասահմանցի զինծառայողներ են:
Մասնակից երկրների թվում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Դանիան, Կանադան, Գերմանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան եւ Վրաստանը:
Նախատեսվում է, որ «Գարնանային փոթորիկը» կտեւի ավելի քան 2 շաբաթ եւ կավարտվի մայիսի 25-ին: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները խոստացել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանակից եվրոպական պետություններին պաշտպանել ռուսական վտանգներից… եթե դրա կարիքը լինի:
«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



