Հակամարտություն, որ կարող է տարածաշրջանային մեծ պատերազմի վերածվել – Մեղավորը հայտնի է, բայց խնդիրը լուծելու նպատակ չի դրվում… Ադրբեջանական կողմը ապատեղեկատվական հիվանդություն ունի -հայկական կողմը միջազգային կառույցներին առաջարկում է հետաքննություն անցկացնել՝ սահմանագծում իսկությունը պարզելու համար…

Պաշտոնական Բաքուն արցախյան հարցում շարունակում է իր ապակայունացնող քաղաքականությունը՝ փորձելով սադրանքների միջոցով հասնել իր նպատակների իրականացմանը: Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտնող հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, որ հարեւան երկրի քարոզչամեքենան իր երեւակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից եւ յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը պատրաստվում էր Բաքվում իրականացնել «ահաբեկչական» գործողություն:

Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի քարոզչամեքենան իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այստեղ այն չէ, որ տարածվող տեղեկությունները, իրենց տարրական անգրագիտությանբ, ոչ միայն հավատ չեն ներշնչում օտարներին ու յուրայիններին, այլեւ բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն…»:

Արցախի պաշտպանության նախարարությունը նաեւ պաշտոնապես է հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թարթառի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների եւ բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը եւ հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն «ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ եւ կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է», հերթական հերյուրանքն է եւ իրականությանը չի համապատասխանում:  

«Արձանագրենք, որ նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը անհաջող կերպով փորձում է պարտակել իր զինված ուժերում առկա ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանքով հաճախակի առաջացող մահացու ելքերով դեպքերը: Ավելին՝ եթե ադրբեջանական կողմը այդքան վստահում է իր տարածած տեղեկատվության հավաստիությանը, առաջարկում ենք հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ հետաքննություն անցկացնելու եւ նշված հաղորդագրության իսկությունը պարզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 1-5-ը թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո ոչ միայն արցախա-ադրբեջանական, այլեւ հայաստանա-ադրբեջանական սահմանի ուղղությամբ է որոշակի լարում առաջացել: Մայիսի 6-ին, 7-ին եւ լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության կտրուկ աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ հարյուրավոր անգամներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի շուրջ 3000 կրակոց: Շփման գծի արեւելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (7 արկ): Լարվածությունը շարունակվել է նաեւ հաջորդ օրեին:

ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխաններ են տվել եւ շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում, վստահորեն իրականացնում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: Այդ օրերին հակառակորդը ՀՀ Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ Կրակել են տարբեր հրաձգային զենքներից եւ միայն պատասխան կրակից հետո են դադարեցվել գնդակոծումը: Հայկական կողմից տուժածներ չկան. այս մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

ՀԱՊԿ-ն կրկին մնացել է լուռ եւ որեւէ քննադատություն անգամ չի հնչեցրել Ադրբեջանի ուղղությամբ: Իսկ Հայաստանը շարունակում է անդամակցել այս կառույցին եւ կատարել իր պարտավորությունները: Ապրիլին աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Բիշկեկում մասնակցել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպմանը: Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը եւ միաձայն որոշում կայացրել ս.թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին: Պետությունների ղեկավարները նաեւ որոշում են կայացրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության 1-ին կարգի նշանով:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական եւ ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, ընդունվել մի շարք լրացուցիչ կարգադրություններ անվտանգության սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ: Բայց ինչպես տեսնում ենք, դրանք շարունակում են Հայաստանին չվերաբերել: Ի վերջո, ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ զորավարժություններից հետո է ադրբեջանական բանակը գնդակոծել Հայաստանի սահմանային դիրքերը: Իսկ դա ՀԱՊԿ-ի պաշտպանության օրակարգային հարց պիտի դառնար…

Ոմանք Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմամբ հույս ունեն փոփոխություններ տեսնել այս կառույցի գործողություններում: Երկար ժամանակ Հայաստանը չէր ցանկանում նշանակել իր ներկայացուցչին այս պաշտոնում, սակայն արդեն նշանակումը կա, մնում է հետեւել ընթացքին: «Յուրան սովետական բանակում մեծ ուղի է անցել, շատ գրագետ է, նա մեծ դեր է խաղացել մեր բանակաշինության գործում»,- անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուն, ասել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: «Մեր բանակը հիմնվել է սովետական բանակի վրա: Հիմա երբ հանդիպում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, բոլորի հոգեբանության մեջ սովետական բանակի համակարգն է, հասկանում ենք իրար, մի քանի տարի հետո դժվար կլինի: Յուրի Խաչատուրովը հարգանք ու պատիվ ունի: Սա շատ ճիշտ նշանակում էր»,- հավելել է Կոմանդոսը:

Արդեն մեկ տարի ավել է անցել քառօրյա պատերազմից, որից հետո Հայաստանի իշխանությունն իր դժգոհությունը հայտնեց ՀԱՊԿ կառույցից, որը ժամանակին չարձագանքեց ու գնահատականներ չհնչեցրեց: Հիմա ՀԱՊԿ ղեկավարը հայ է, բայց արդյո՞ք հասցեական գնահատականներ կլսենք այսուհետ: Կոմանդոսը հավատում է, որ «Յուրան կարող է հարցը լուծել՝ կարող է եւ՛ խոսել, եւ՛ ծեծել»:

Ինչեւէ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հերթական անգամ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ եւ ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին: Իսկ Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ «Սանկտ-Պետերբուրգում ձեռք են բերվել արցախա-ադրբեջանական շփման գծում խաղաղության եւ կայունության պահպանման հարցերի շուրջ պայմանավորվածություններ, բայց բանակցությունները շարունակ տապալում է ոչ թե հայկական կողմը, այլ Ադրբեջանը»:

Անդրադառնալով ռուսական «Նիզավիսիմայա գազետա»-ում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեղինակած հոդվածի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տեսակետներին,Դավիթ Բաբայանը նշել է, որ Էլմար Մամեդյարովը անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը նշել է, թե «Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները «որոշակի հույսեր էին ներշնչել, որ հայկական զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու ձգձգվող հարցը դրական լուծում կստանա։ Սակայն, ցավոք սրտի, այդ հանդիպումից հետո Հայաստանը ամեն կերպ, տարբեր պատճառաբանություններով խուսափում է բանակցությունները շարունակելուց»։

Հայկական կողմը մի անգամ չէ, որ հիմնավորել է, որ նախ եւ առաջ եւ՛ Սանկտ-Պետերբուրգում եւ՛ Վիեննայում նախագահների մակարդակով հանդիպումները եղել են ապրիլյան պատերազմից հետո: Այսինքն՝ հիմնական շեշտը չէր կարող դրվել կարեւորագույն, բարդագույն այնպիսի հարցերի վրա, ինչպիսին սահմանների, զորքերի դուրս բերման, կամ կարգավիճակի հարցն է: «Իսկ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում, անմիջապես պատերազմից հետո հիմնական շեշտը դրվել է կոնկրետ խաղաղության ու կայունության պահպանման եւ այդ առնչությամբ մեխանիզմների ներդրման վրա, մասնավորապես ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցն է, նրանց տեղակայման հետ կապված խնդիրներն են եւ այլն: Որեւէ այլ հարց չի քննարկվել»,- նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը եւ ընդգծել, որ հակառակորդ երկրի ԱԳ նախարարը «մի նոր սպեկուլյացիայի է ենթարկում խնդիրը»:

Եվ Երեւանը եւ Ստեփանակերտը միջազգային դիտորդներին ապացուցել են, որ Ադրբեջանն է տապալում բոլոր բանակցությունները՝ հրաժարվելով նախկին պայմանավորվածություններից ու որոշումներից: Սա համանախագահների եւ միջազգային հանրության համար պետք է վիրավորական լինի, սակայն բազմիցս համոզվել ենք, որ վիրավորվելու եւ պատժելու փոխարեն հնչել է անհասցե որեւէ հայտարարություն, որը մի հերթական փաստաթղթի է վերածվել: Բոլորն էլ գիտեն, թե ով է իրականում տապալում բանակցությունները, բայց ամեն բան մնում է ինչպես որ կա:

Դավիթ Բաբայանը անդրադառնարձել է նաեւ Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալ Մեհրիբան Ալիեւայի հայտարարությանը՝ ուղղված հայ մայրերին, նշել է, որ անգամ նման կերպ խաղաղության մասին խոսելիս Ադբեջանում չեն փոխում հայատյացության իրենց մոտեցումները, սա նշանակում է, որ նպատակը մեկն է՝ նորից ցեղասպանություն իրականացնել: «Բազմիցս հայտարարել ենք, որ չի կարող լինել վերադարձ անցյալին: Եթե այն ժամանակ Արցախյան հիմնախնդիրը գտնվում էր այն պայմաններում, որ սահմանների հարց չկար, մենք տեսանք, թե ինչեր արվեցին Ադրբեջանի կողմից Բաքվում, Սումգայիթում, ինչպես հայաթափվեցին Հարավային ու Հյուսիսային Արցախը, մենք տեսանք 1991-1994 թթ. պատերազմ եւ վերջապես տեսանք ապրիլյան պատերազմ, մենք տեսանք հանցագործների ու մոլագարների հերոսացում Ադրբեջանի կողմից, որոնք գլխատում էին մեր զինվորներին: Այս իրավիճակում խոսել այլ քայլերի մասին, ուղղակի, ճիշտ չէ»,- եզրափակել է խոսքը Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։