Հայկական զինուժը հզոր է նաե՛ւ բանակային նորարարությամբ – թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ համաթուրքական քայլ էր՝ զգուշացնելու Հայաստանին… ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները հավաստում են հայկական բանակի ռազմական պատասխան գործողություններ սկսելու մասին – «Լուսանցք»-ը բազմիցս նշել է ազգ-բանակ կամ համաժողովրդական-բանակ ստեղծելու կարեւորությունը…

Մայիսյան հաղթանակների եռատոնի այս օրերին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց Արցախի Հանրապետություն՝ մայիսի 8-9-ին մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Նշենք, որ տոներից առաջ, մայիսի 1-5-ն Ադրբեջանում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, ինչը փաստորեն համաթուրքական քայլ էր զգուշացնելու Հայաստանին, որ Արցախի խնդիրը թուրք-ադրբեջանական դաշինքը պատրաստ է լուծել ռազմական ճանապարհով: Ինչպես նշել էինք մեր նախորդ թողարկումում, զորավարժություններում ներգրավված են եղել մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետեր, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային համալիրներ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ անկախ ամեն ինչից՝ ԼՂՀ զինված ուժերը միշտ զգոն են եւ եթե զորավարժություններն ընթանան ինչպես ծրագրված է՝ առանց որեւէ բարդության, հայկական կողմը միայն հետեւողի դերում կլինի։ Միաժամանակ զգուշացրել էր, որ «եթե այլ գործընթաց լինի, բնական է, որ պատասխան է լինելու», իսկ զգուշացումը շատ խիստ էր հնչել. «եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել»:

Նման խոսքերը պարզապես ահազանգ կամ ահաբեկում չեն հնչում, հատկապես, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արդեն ասել են, որ աչք անգամ չեն թարթի եւ լուրջ վտանգի դեպքում գործի կդրվեն հանրահայտ «Իսկանդեր»-ները:  

Դրա հետեւանքները լավ են պատկերացնում Անկարայում եւ Բաքվում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում, որի պատասխանատուները թույլ չեն տա Թուրքիային ինքնուրույն քայլեր անել Արցախյան խնդրի ուղղությամբ: Հատկապես, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պարբերաբար զգուշացնում է այն մասին, որ փխրուն զինադադարը պաշտպանելու համար որեւէ քայլ չարվի առանց իրենց իմացության: Իսկ ՄԽ եռանախագահները Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը եւ Ֆրանսիան են, որոնց հակադրվելը վեր է Անկարա-Բաքու դաշինքի հնարավորություններից:

Հայաստանի պաշտպանության նախարարը Բաքվում Անկարայի նման գործունեությունը վտանգավոր է համարել նաեւ Մոսկվայի համար: «Հյուսիսարտլանտյան դաշինքի անդամ Թուրքիան ռազմաքաղաքական ակտիվ գործունեություն է ծավալում Ադրբեջանում՝ վտանգ ստեղծելով Ռուսաստանի համար,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը, ապա հավելել,- ես հասկանում եմ, որ Ռուսաստանի համար Թուրքիայի հետ երկխոսության զարգացման շատ դրական շրջան է, բայց ինքս աչքաթող չեմ անի նման լուրջ վտանգը»: Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի, Անկարան բացասական դեր է խաղում նաեւ արցախյան խնդրի կարգավորման հարցում՝ բացահայտ աջակցելով Բաքվին եւ՛ քաղաքականապես եւ՛ զենքի ու տեխնոլոգիաների մատակարարմամբ, ինչը տարածաշրջանում փոխում է իրավիճակը: «Դա լուրջ վտանգ է ստեղծում, այդ թվում նաեւ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ, քանի որ դա տեղի է ունենում Դաղստանի սահմանների մերձակայքում»,- ասել է մեր նախարարը:

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին՝ Շուշիում հանդիպում է ունեցել 2017թ. զորացրված, ինչպես նաեւ ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող եւ ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների եւ զորացրված սպաների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, լեգենդար զինվորականներ՝ գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը եւ գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, որոնց անցած ուղին օրինակ է ներկայիս զինծառայողների համար: Արդեն ավանդական դարձած այս ձեւաչափով հանդիպմանը նախագահը զինծառայողներին առաջարկել է անկաշկանդ խոսել իրենց անհանգստացնող խնդիրների, պաշտպանության ոլորտի արդիականացման, բարեփոխումների, հայրենիքի հետագա հզորացման ու զարգացման պատկերացումների մասին եւ ներկայացնել իրենց առաջարկությունները: Սերժ Սարգսյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել զինվորականների կարծիքները պաշտպանության նախարարի առաջարկած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» գաղափարների վերաբերյալ:

Այստեղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտի արդիականացման եւ բարեփոխումների շրջանակում իրականացվող հերթական խոշոր նախագիծը։ «Դիտակետ» անվամբ ծրագրի շնորհիվ, առաջին անգամ, բոլոր զորացրված զինծառայողները մասնակցելու են բազմաշերտ ու ընդգրկուն սոցհարցման՝ գնահատելու ծառայության պայմանների, արդյունավետության եւ ձեռք բերած փորձի հետ առնչվող բոլոր հարցերը, ինչպես նաեւ համակարգն առհասարակ։ Հարցման ընդհանրացված արդյունքները հենք կդառնան նպատակաուղղված բարեփոխումների համար։

«Բանակի արդիականացման ու զարգացման ճանապարհին պետք է համարձակ լինենք՝ ռազմավարական տեսանկյունից կարեւոր այս ոլորտը բերելու թափանցիկության եւ հաշվետվողականության դաշտ, միեւնույն ժամանակ պաշտպանության ոլորտը դարձնելով պետական կառավարման նոր մոտեցումների ձեւավորման հարթակ»,- ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ առաջադեմ հասարակություններում բանակի պես կարեւորագույն օղակը չի կարող դուրս լինել հանրային զարգացումներից։ Ծրագրի օրակարգում դրվում են հարցեր, որոնք տարիներ շարունակ անհանգստացրել են մեր քաղաքացիներին՝ սկսած զինվորի ծառայության պայմաններից, մինչեւ հարցադրումը, թե ի՞նչ է տալու բանակը զինվորին՝ ավելի չափելի ու շոշափելի տիրույթներում:

«Ի վերջո ամեն հայ ոչ միայն պարտավոր է, այլ պետք է նաեւ ցանկանա ծառայել բանակում։ Այդ նպատակն են հետապնդելու բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվելու են այս ծրագրի շրջանակում։ Բանակը մի ոլորտ է, որին առնչվում է ամեն հայ ընտանիք, ուստի այս ծրագրի շահառուները բոլորս ենք»,- նշել է Վիգեն Սարգսյանը։ Որքան հաշվետու եւ թափանցիկ լինի բանակը, այնքան համակարգված կլինի վերջինիս գործունեությունը։ Իսկ համակարգված կառույցները նաեւ ամենահզոր կառույցներն են։ «Ազգ-բանակ» գաղափարախոսության՝ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերից հետո արդեն երրորդ լայնամասշտաբ նախաձեռնությունը հենց սա է վերահաստատում։ Սերժ Սարգսյանը ողջունել է ծրագրի մեկնարկը եւ հանձնարարել պարբերաբար զեկուցել արդյունքների մասին՝ համապատասխան հետեւություններ անելու նպատակով:

Մինչդեռ Հայաստանում դեռ կան կազմակերպություններ, որոնք թեժ բանավեճ են ծավալել «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ… հասկանալի է՝ ինչպես միշտ միջազգային դրամաշնորհներից օգտվելով: Արթուր Սաքունցի (Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար) եւ Զառա Հովհաննիսյանի (իրավապաշպան, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ) նմանները առիթը չեն կորցնում պատվիրված հարցումներ հնչեցնելու, թե կնպաստի՞ արդյոք զինուժերի մարտունակության բարձրացմանը «Ազգ-բանակ»-ի գաղափարը: Այսինքն՝ չորս կողմից թշնամիներով (որոնց մեջ մեզ ցեղասպանած եւ այդ նպատակը հետապնդող երկրներ կան) շրջապատված Հայաստանը չպե՞տք է մտածի իր համազգային պաշտպանվածությունը հզորացնելու մասին…

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է ազգ-բանակ կամ համաժողովրդական-բանակ ստեղծելու կարեւորության մասին, մեր պարբերականը ցայսօր դեռ կարեւորում է ազատագրված Արցախը վերաբնակեցնելու հարցը: «Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում եւ պաշտպանում է այն»,- դեռ 25 տարի հետո այժմեական է հնչում Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի խոսքը: Նա եւս կարեւորում է հայկական տարածքները բնիկներով բնակեցնելու խնդիրը եւ այն ժամանակ արդեն ահազանգում էր. «Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով՝ Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ»: Այսօր նույնը պետք է ասել ազատագրված տարածքների համար:

Վերոնշյալ բանակային ծրագրերին կարող է նպաստել նաեւ պատրաստի դիպուկահարներով բանակը համալրելու հարցը:  Մեծ է դիպուկահարների ավանդը արցախյան պատերազմի հաղթական գործում: Այժմ մեծ դերակատարում ունեն հրաձգության մարզադպրոցները, որոնք ոչ միայն թույլ են տալիս պատանիներին ու երիտասարդներին կայանալ մեծ սպորտում, այլ նաեւ օգնում են վերջիններիս նախքան բանակ զորակոչվելը կրթվել ու տիրապետել զենքին (տե՛ս էջ 7): Գյումրու հրաձգության մարզադպրոցի սաները պատրաստի դիպուկահարներ են, ովքեր առաջիկայում համալրելու են Հայաստանի զինված ուժերի շարքերը, ինչը կարող է մեծապես նպաստել մեր սահմանապահ դիրքերի պաշտպանության ամրապնդմանը:

Նշենք նաեւ, որ ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ներկա է գտնվել Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին: Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը, կրթական այս ծրագրին մասնակցել են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ:

ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ այս նախաձեռնությունն իրականացվում է փետրվարից. «ԹՈւՄՈ-բանակ»-ը մեկնարկել է Դիլիջանի «ԹՈՒՄՈ» կենտրոնում, որտեղ զինվորներն արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ուսուցման 1-ին փուլը:

Ծրագիրը, պատասխանատուների հավաստմամբ, հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ եւ հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, թե՛ զորացրվելուց հետո։

Այս օրերին խոսել է նաեւ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Այն հարցին, թե ՊԲ մտնող նոր տեխնոլոգիաների հետեւում ովքե՞ր են կանգնած, ունե՞ք ծրագրավորողների խումբ, նա պատասխանել է. «Մենք ունենք բանիմաց, գրագետ, ներկա տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդներ, ովքեր բուհերից զորակոչվում են բանակ, եւ մենք այստեղ մեր մոտեցումները փոխել ենք։ Մի քանի ուղղությամբ կատարել ենք ընտրություն եւ անօդաչուների, եւ բարձր տեխնոլոգիաների կիրառման, եւ տեխնիկական վերազինման, եւ առաջնային գծի կահավորման։ Մենք համագործակցում ենք բուհերի հետ։ Նախքան զորակոչվելն արդեն իրենց հետ համատեղ անցկացնում ենք պարապմունքներ, ուսուցանում ենք, որից հետո զորակոչվելիս ըստ նշանակության կիրառում ենք։ Արդեն փորձ ունենք»:

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի դիտարկմանը, թե հակառակորդի գործողություններից երբեմն կարելի է ենթադրել, որ իրենք տեղյակ չեն, որ ՊԲ-ն գիշեր-ցերեկ առաջնագծի դիտարկում է անում, եւ փետրվարի 24-25-ի գործողության տեսանյութերը դիտելիս մտածում ես, որ ոչ գրագետ գործողություն են անում տեսանկարահանվող տարածքում, ՊԲ հրամանատարն աձագանքել է. «Չէի ասի, որ չգիտեին, քանի որ մեկ անգամ չէ, որ մենք մեր հակազդիչ գործողություններով հակառակորդին ցույց ենք տվել, որ իրենց կողմից ձեռնակվող ցանկացած սադրիչ քայլի հետեւում եւ անհրաժեշտության դեպքում պատասխան ենք տալիս: Այստեղ խնդիրը, երեւի այլ բանում է՝ նրանք, կարծես թե չեն պատկերացնում մեր կողմից իրականացված գործողությունների ծավալները»:

Արցախի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ պաշտպանական միջոցառումները, այդ թվում՝ ինժեներական, տեխնիկական եւ հարակից մյուս աշխատանքները իրականացնում են ամբողջական ծավալով, ինչը հնարավորություն է տալիս լիովին ու լիարժեք հսկողություն սահմանել ամբողջ առաջնագծի երկայնքով: Այլ հարց է, որ ի տարբերություն նրանց, մեր պաշտպանական համակարգերը տեղադրվում են բացառապես անտեսանելի ու բավականին լավ քողարկված տեղանքներում: «Ադրբեջանցիները չգիտեն տեսանկարահանող սարքերի տեղը, հակառակ դեպքում անիմաստ կլիներ խոսել դրանց կիրառման արդյունավետության մասին»,- ասել է նախարարը:

Մարտի 4-ին, երբ մեր կողմից խփվեց թշնամու հերթական անօդաչու թռչող սարքը, փաստորեն, հակառակորդը կարծես թե այլեւս ձեռնպահ է մնում դրանց կիրառումից: Դրանից հետո անօդաչու թռչող սարքերի թռիչք ընդհանրապես չի արձանագրվել։ Սահմանի հատում չի եղել։ Միգուցե իրենց մոտ ուսումնական նպատակով թռիչքներ կատարվել են, բայց այդ դեպքից հետո ոչ մի անօդաչու թռչող սարք մեր սահմանը չի հատել: Թշնամին համոզվել է, որ հայկական կողմը այս հարցում լավ է պատրաստված: Պետք է նշել, որ առաջատար ոչ բոլոր բանակներում են ի վիճակի խոցել նման անօդաչու թռչող սարքեր:

Ըստ Լեւոն Մնացականյանի, առաջնագիծն ամբողջությամբ ապահովված է դիտարկման սարքավորումներով, թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է վերահսկողության տակ: «Վստահությամբ կարող ենք ասել, որ առաջնագծում եւ խորքում դիտարկման սարքերի շնորհիվ գիշերային պայմաններում թշնամու յուրաքանչյուր շարժ լրիվությամբ վերահսկվում է մեր կողմից, իսկ ցերեկային պայմաններում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ անզեն աչքով իրականացնում ենք այդ դիտարկումները: Ցերեկային ժամերին մեր հիմնական ուղղություններում եւս տեխնիկական միջոցներ են տեղադրվել, եւ այդ աշխատանքները համարում ենք շարունակական»,- ընդգծել է Արցախի պաշտպանության նախարարը:

Աշխատանքներ են տարվում, որպեսզի բոլոր միջոցները ձեռք բերվեն այս եւ այլ կարեւոր ուղղություններով, վստահորեն նշվում է, որ 2017թ. վերջին արդեն տարբերությունն ավելի ակնհայտ կլինի։ Միաժամանակ նշվել է, որ այն, ինչ ձեռք են բերում ադրբեջանցիները, դա չի նշանակում, որ կատարելապես տիրապետում են դրանց կիրառմանը։ Նրանց մոտ այդ զենքերի կիրառման օգտակար գործողության գործակիցը, կարելի է ասել, շատ ցածր է՝ 0,2-0,3%։ Նման եզրահանգման է եկել Լեւոն Մնացականյանը հատկապես ապրիլյան առճակատումից հետո համակողմանի դիտարկման արդյունքում:

Այնպես որ, կա ոչ միայն ժամանակակից զինտեխնիկա ձեռքբերելու, այլեւ՝ այդ զինատեսակից առավելագույնս օգտվելու խնդիրը, որը հայկական կողմը փորձում է լուծել հիմնովին եւ առավելագույնս:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։