Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ. Առաջատարի հետապնդումը շարունակվում է… Արցախի ֆուտբոլի վետերանները՝ մրցաշարի հաղթող… Շարք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հենրիխ Մխիթարյանի մասին… Հայ մարզիկները ձյուդոյի, սամբոյի ուշու-ի մրցաշարերում… Ըմբշամարտիկների, հեծանվորդների, գեղասահորդների, հրաձիգների եւ այլ մրցաշարերի մասին…

Առաջատարի հետապնդումը շարունակվում է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ փուլի վերջին խաղում «Շիրակ»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ «Բանանց»-ի նկատմամբ։ Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Սոլոմոն Իմե Ուդոն։

«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: Առաջատարի համար անսպասելի խաղ սկսվեց, բայց կարողացավ խուսափել պարտությունից… 1-ին խաղակեսում հյուրերը անսպասելի առաջ անցան, ինչը ամրապնդեցին 2-րդ խաղակեսում: Չնայած առաջինն աչքի ընկան Աբրահամ Խաշմանյանի սաները (13-րդ րոպե), հյուրերի սխալից հետո Միհրան Մանասյանը հարվածային դիրք է դուրս եկել, բայց փոխանցել է Զավեն Բադոյանին, ով էլ գրավել է անպաշտպան դարպասը: Բայց խաղային 11 րոպեների ընթացքում «Փյունիկ»-ը 3 գնդակով է պատասխանել: 1-ին կեսի վերջնամասում աչքի են ընկել Արթուր Քարտաշյանն (37) ու Վարդան Պողոսյանը (38), իսկ 2-րդ կեսի սկզբում՝ Նարեկ Ասլանյանը (48)՝ 3:1: Միայն դրանից հետո Հայաստանի չեմպիոնները սթափվել են ու փրկել հանդիպումը, 2 գոլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը, ով նախ եզրափակել է Արթուր Եդիգարյանի փոխանցումը, իսկ քիչ անց հստակորեն իրացրել է Լեսթեր Պելտիերի վաստակած 11-մետրանոցը: «Ալաշկերտ»-ի սայթաքումից օգտվել է «Գանձասար-Կապան»-ը, որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության է մատնել վերջերս թափ հավաքած «Արարատ»-ին:

Այս հանդիպումներից հետո «Ալաշկերտ»-ը 55 միավորով շարունակում է զբաղեցնել 1-ին տեղը, «Գանձասարն» ունի 52 միավոր եւ կրկին լրջորեն հավակնում է չեմպիոնի կոչմանը: «Շիրակ»-ը 49 միավորով 3-րդ տեղում է, Փյունիկ»-ը 38 միավորով 4-րդն է: «Բանանց»-ը 21 միավորով՝ 5-րդ տեղում է։, իսկ «Արարատ»-ը 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հ.Գ. - «Ալաշկերտ»-ը եւս մեկ քայլով մոտեցավ ոսկե մեդալներին – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացել է 28-րդ փուլի առաջին հանդիպումը: Հանրապետության չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ ջախջախեց նախավերջին տեղում գտնվող «Բանանց»-ին: Բոլոր գոլերը գրանցվեցին 2-րդ խաղակեսում: Այդպիսով, ալաշկերտցիները վաստակեցին 58 միավոր եւ ավելի ամրապնդեցին իրենց դիրքը առաջին հորիզոնականում: 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ն այժմ առաջատարին զիջում է 6 միավորով:

Կկայանան փուլի մնացած 2 հանդիպումները, որտեղ «Արարատ»-ը սեփական դաշտում կհանդիպի «Շիրակ»-ին, ապա «Գանձասար-Կապան»-ը ուժերը կչափի «Փյունիկ»-ի հետ:

Հ.Գ. –  «Արարատ»-ը տանը զիջեց «Շիրակ»-ին – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ փուլում հարաբերությունները պարզեցին հանրապետության ամենահին 2 ակումբները: Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում ընդունեց Գյունրիի «Շիրակ»-ին: Արարատցիները չնայած սկզբում 3 գոլ բաց թողեցին, սակայն մինչեւ վերջ պայքարեցին եւ փորձեցին միավոր վաստակել: Հյուրերը, սակայն, ուժեղ գտնվեցին եւ կարողացան պահպանել հաղթական հաշիվը՝ 3:2: Շիրակցիները վաստակեցին 52 միավոր եւ հավասարվեցին 2-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապան»-ին: «Արարատը» 22-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Արցախի ֆուտբոլի վետերանները՝ մրցաշարի հաղթող

Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը հաղթանակներ է գրանցել: Կիսաեզրափակիչ խաղում Արցախի թիմը հանդիպել է Սոչիի (Ռուսաստան) թիմի հետ եւ վստահ հաղթել՝ 3:0 հաշվով: Եզրափակիչ հանդիպումը, որտեղ Արցախի մրցակիցը Պյատիգորսկի թիմն էր, որին հաղթեցին 2:0 հաշվով:

Անցած տարի ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի եւ գավաթի: Այս տարվա մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լեւոն Մկրտչյանը, լավագույն հարձակվող՝ Արսեն Սարկիսյանը (9 գոլ) եւ լավագույն դարպասապահ Ալեքսանդր Մելքումյանը: Մրցաշարին մասնակցում էր 9 թիմ՝ Արցախից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ամենաուրախ ֆուտբոլիստը Հենրիխն է

Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի թիմակիցներ Ջեսի Լինգարդի ու Անդեր Էրերանի հետ հյուրընկալվել է «Ամեն ինչ, բացի ֆուտբոլից» հաղորդաշարին:

Հաղորդավարը հարց է ուղղել 3 ֆուտբոլիստներին, թե ո՞վ է թիմի ամենաուրախ ֆուտբոլիստը, Էրերան պատասխանել է՝ Լինգարդը, իսկ Լինգարդի խոսքով ամենաուրախը  Մխիթարյանն է: Մխիթարյանն էլ պատասխանել է. «Ես ինքս» եւ ծիծաղով հավելել, որ իր պատասխանը ճիշտ է։ Մյուս հարցին, թե ով է ամենանորաձեւ խաղացողը, նրանք պատասխանել են՝ Պոլ Պոգբան:  

«Երազում էի խաղալ եվրագավաթներից մեկի եզրափակչում»

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուն՝ «Երբ երեխայի էի, երազում էի, որ մի օր կխաղամ եվրագավաթներից մեկի եզրափակչում: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում էին մեզ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում»,- ասել է նա: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց իսպանական «Սելթա»-ի հետ եւ դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին: Երկու խաղերի 2:1 ընդհանուր հաշվով «կարմիր սատանաները» եզրափակիչում են: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում:

Փոքր Հայաստանի մեծ աստղը. ֆիլմ Հենրիխ Մխիթարյանի մասին

ԾՈՑփ ՁԹ-ն հերթական փաստագրական ֆիլմն է պատրաստել Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Երեւանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառներով. հայկական էքսպրես Հենրիխ Մխիթարյանը, որտեղ եւ ո՞վ է նրան սովորեցրել այսպես խաղալ. ֆիլմը պատմում է այս ամենի մասին, բացահայտում, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում: Ֆիլմի հեղինակներն այցելել են Երեւանում գտնվող նրա տուն, զրուցել հարեւանների հետ, իսկ այդ ամենում նրանց օգնել է Երեւանի «Արարատ»-ի նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը: «Բոլորը սիրում են նրան, նա տաղանդավոր է բոլոր ասպարեզներում»,- ասել է Աշոտ Սահակյանը:

Այնուհետեւ ֆիլմում ներկայացվում են Ուկրաինայի, Գերմանիայի եւ Անգլիայի առաջնություններում Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները, անդրադառնում նրա՝ երգելու կարողություններին, տարբեր լեզուների տիրապետելուն: «Ես սիրում եմ լեզուներ սովորել եւ փառք Աստծո, ինձ հաջողվել է սովորել մի քանի լեզու»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Ֆիլմի հեղինակներն այցելել են նաեւ այն դպրոց, որտեղ հաճախել է Հենրիխը, Երեւանի «Փյունիկ»-ի մարզադպրոց, որտեղ ֆուտբոլի առաջին քայլերն է կատարել 28-ամյա կիսապաշտպանը:

«Հնարավոր է՝ պարադոքս է, բայց ես նրա հետ երբեք որեւէ կոնֆլիկտ չեմ ունեցել, նրա հետ շատ հեշտ է, քանի որ նա պրոֆեսիոնալ է: Երբեմն ինձ հարցնում են, թե ինչումն է նրա ֆենոմենը, այո նա արագ, է, շատ լավ դրիբլինգ ունի, գոլեր է խփում, կատարում գոլային փոխանցումներ, բայց իմ կարծիքով՝ նրա ամենամեծ ֆենոմենը իր փիլիսոփայությունն է, մենթալիտետը, բնավորությունը»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նա նաեւ պատմել է, որ Հենրիխը ունեցել է կոնկրետ առաջարկ Մախաչկալայի «Անժի»-ից, երբ թիմի գլխավոր մարզիչը Գուս Հիդինկն էր, բայց ընտրել է Եվրոպան եւ, ճիշտ էլ արել է:

«Մխիթարյանն ունի տեխնիկա, բնավորություն, տակտիկա եւ նախկին ԽՍՀՄ տարածքում նրանից լավ ֆուտբոլիստ չկա: Նա փոքր Հայաստանի մեծ աստղն է»,- նշել է ֆիլմի հեղինակը:

Հենրիխ Մխիթարյանը կպարգեւատրվի խաղադաշտում

Եվրոպայի ֆուտբոլային միությունը հիշելով հին ավանդույթները, որոշում է կայացրել եվրոգավաթների եզրափակիչների պարգեւատրումները կրկին անցկացնել խաղադաշտում: Նման առաջարկով հանդես է եկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Այն հաստատվել է գործադիր կոմիտեի կողմից եւ ուժի մեջ կմտնի մայիսի 24-ից, երբ Ստոկհոլմում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը: Նախկինում եզրափակիչների մասնակիցներին պարգեւատրում էին մարզադաշտի բարձրաստիճան հյուրերի օթյակում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասնակցիներից մեկը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ-ից մեդալ կստանա (անկախ խաղի ելքից) անմիջապես խաղադաշտում, ինչպես ընդունված է եղել մրցաշարի ստեղծման օրվանից սկսած: Իզուր չեն ասում, որ լավագույն նորը մոռացված հինն է:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը լավագույն է ճանաչել Հենրիխ Մխիթարյանի գոլը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» անցած մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին:

Խոսքը վերաբերում է անցած տարվա դեկտեմբերի 26-ին «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով շրջադարձ հարվածով խփած գնդակին: Հենրիխ Մխիթարյանին հանձնվել է հատուկ մրցանակ:

Հավելենք, որ այդ գնդակը միաժամանակ հավակնում է Անգլիայի պրեմիեր լիգայի լավագույն գոլի մրցանակին:

Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր ունենք

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Օրենբուրգում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ բրոնզե մեդալակիր: 3-րդ տեղի համար գոտեմարտում հայ ձյուդոիստը հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սամուել Զինգոյին:

Թիմը մասնակցում է  հետեւյալ կազմով` Գոռ Մկրտչյան (60 կգ), Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Վահագն Հովսեփյան (60 կգ), Շահեն Աբաղյան (60 կգ), Ռոբերտ Գաբրիելյան (73 կգ), Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ), Դավիթ Սարգսյան (81 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ): Թիմի գլխավոր մարզիչն է Արմեն Նազարյանը:

Հայ սամբիստները նվաճել են 5 մեդալ, 2-ը՝ ոսկե

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մարտի 23-ից 26-ն անցկացված սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում հայ սամբիստներ, 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան) եւ 62 կգ քաշային Սամվել Բադալյանը (անձնական մարզիչ՝ Սլավիկ Հարությունյան), գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը՝ նվաճել են ոսկե մեդալ:

Հայաստանը ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը  (անձնական մարզիչ՝ Ազատ Անդրյան) զբաղեցրել է 2-րդ տեղը: Մեր մյուս մարզիկները՝ 52 կգ քաշային Ջոն Բալյանը (անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան) եւ 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Մարտին Միրզոյան), դարձել են հուշամրցաշարի բրոնզե մեդալակիրներ:

Նշենք, որ այս մրցաշարին Հայաստանի Հանրապետությունը ներկայացել է 6 սամբիստներով: Մեր հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը:

Հաղթելով ադրբեջանցի Սամեդովին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումների առաջին օրը մեր մարզիկներից գերազանց հանդես եկավ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը: Սպորտային սամբոյի 52 կգ քաշային կարգի մրցումներում մեր մարզիկը հաղթելով բոլոր մրցակիցներին՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակիչում Տիգրան Կիրակոսյանը 5:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին: Մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկած Հարություն Սարգսյանը գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզի մեդալի:

Հ.Գ. – Մինսկում ընթացող սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնության երկրորդ օրը Հայաստանի պատվիրակները նվաճեցին 3 պարգեւ: Մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգի մրցաշարում մեր սամբիստ Կոլյա Կարապետյանը գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին սպորտային սամբոյի մեր 2 ներկայացուցիչները՝ 57կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եւ 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը: Ի դեպ, վերջինիս հաղթարշավը ընդհատեց Բուլղարիան ներկայացնող մեր հայրենակից Աշոտ Մարտիրոսյանը, ով ի վերջո դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Սամբոյի Եվրոպայի առաջնություն

2017թ. մայիսի 19-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվի Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց եւ մարտական սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության շուրջ 300 մարզիկ-մարզուհիների: Մայիսի 18-ին մրցավայր կմեկնի նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որում ընդգրկված է 18 մարզիկ:

Մարզական սամբո

  1. Տիգրան Կիրակոսյան 52կգ քաշային կարգ /Վանաձոր/
  2. Մաքսիմ Մանուկյան 57 կգ ք/կ /Գյումրի/
  3. Արթուր Սահակյան 62 կգ ք/կ /ԲԿՄԱ /
  4. Ռաֆիկ Մանուկյան 68 կգ ք/կ /Վանաձոր/
  5. Արսեն Ղազարյան 74 կգ ք/կ /Վանաձոր/
  6. Միշա Նազարյան 82 կգ ք/կ /Գյումրի/
  7. Էդիկ Պետրոսյան 90 կգ ք/կ /Սպիտակ/
  8. Գառնիկ Սարոյան 100 կգ ք/կ /Սպիտակ/
  9. Արթուր Բունիաթյան +100 կգ ք/կ /Սպիտակ/

Կանայք

  1. Ասյա Լալազարյան 48 կգ ք/կ /Երեւան/
  2. Սոսե Բալասանյան 52 կգ ք/կ /Արցախ/

Մարտական սամբո

  1. Գրիգոր Մխիթարյան 52 կգ ք/կ /Գյումրի/
  2. Հարություն Սարգսյան 57 կգ ք/կ /ԲԿՄԱ /
  3. Կոլյա Կարապետյան 62 կգ ք/կ /Երեւան/
  4. Վաչիկ Վարդանյան 68 կգ ք/կ /Եղվարդ/
  5. Մավրիկ Նասիբյան 74 կգ ք/կ /Արցախ/
  6. Մհեր Կարապետյան 82 կգ ք/կ /Աբովյան/
  7. Էդգար Մեհրաբյան 90 կգ ք/կ /Աբովյան/

Մեր պատվիրակության կազմում են նաեւ մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ Միքայել Հայրապետյանը, Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Հ.Գ. – 1 ոսկի, 2 արծաթ եւ 5 բրոնզ… – Բալառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի սամբիստները եւս 3 մեդալ նվաճեցին: Մարտական սամբոյի 90 կգ քաշային կարգում մեր մարզիկ Էդգար Մեհրաբյանը զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե պարգեւի: Իսկ 52 կգ քաշային Գրիգորի Մխիթարյանը եւ մարզական սամբիստ, 62 կգ քաշային Արթուր Սահակյանը, մտան եզրափակիչ, որտեղ հանդիպեցին Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Ավաղ, մեր սամբիստները պարտություն կրեցին եւ ստիպված բավարավեցին արծաթագույն մեդալներով: Այդպիսով, Հայաստանի սամբիստներն այս տարվա Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 8 պարգեւով՝ 1 ոսկի, 2 արծաթ եւ 5 բրոնզ:

Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում 8 մեդալ են նվաճել

Թբիլիսիում այսօր կավարտվի ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցումային վերջին օրը հայ ուշուիստները եզրափակչի չորս գոտեմարտերից 3-ում հաղթանակ տարան:

Ոսկե մեդալ նվաճեցին` Արսեն Բաղրյանը (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյանը (56 կգ, երիտասարդներ) եւ Հայկ Գասպարյանը (56 կգ, մեծահասակներ): Ռեբեկա Բալասանյանն արժանացավ արծաթե մեդալի (65 կգ, երիտասարդներ):

Հայաստանի հավաքականը ներկայացնում էր 14 ուշուիստ ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5) եւ վին-չուն (2) դիսցիպլիններում: Ընդհանուր առմամբ մեր հավաքականը նվաճեց 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մայիսի 20-ին կկայանա պարգևատրման եւ մրցաշարի փակման արարողությունը:

«Ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր մարզիկների ելույթներից,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը,- մենք առաջին անգամ հանդես եկանք ավանդական, ոչ թե սպորտային ուշուում (սանդա): Արդյունքներն իրենցն ասում են: Հիմա կպատրաստվենք Ունիվերսիադային (Թայբեյ, օգոստոսի 19-ից 30-ը) եւ աշխարհի առաջնությանը (Կազան, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը): Ունիվերսիադային մենք 2 մարզիկ կունենանք, իսկ աշխարհի առաջնությանը նախատեսում ենք հանդես գալ նվազագույնն 8 մարզիկով:

Ընտրվել է Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նոր կազմ

Ըմբշամարտի  ֆեդերացիայի նախագահության եւ մարզչական խորհրդի նիստում ընտրել են ֆեդերացիայի երկու փոխնախագահներին: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի անցկացրած նիստում որոշվել է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում տարվող աշխատանքները կհամակարգի Արսեն Բադալյանը, ազատ ոճի ըմբշամարտինը՝ Ռոբերտ Խաչատրյանը:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ է ընտրվել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ՝ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը:

Ընտրվել են նաեւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը եւ Երեւանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Արայիկ Բաղդադյանը, իսկ Երեւանի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Խաչատրյանը, որը նիստի ընթացքում Հրաչյա Ռոստոմյանի հրամանով  նշանակվել է նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի խորհրդական:

«Շարունակելու ենք աշխատել համախմբված՝ մեկ ընտանիքի նման: Միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողանալու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն եւ հասնելու ենք նորանոր հաջողությունների՝ մեդալների եւ մարզական նվաճումների»,- ասել է  Հրաչյա Ռոստոմյանը:

3 պատանի հեծանվորդ կմասնակցեն օլիմպիական փառատոնին

Հայաստանի խճուղային հեծանվավազի առաջնության արդյունքներով որոշվել են այն 3 պատանի հեծանվորդների անունները, որոնք Հունգարիայում մասնակցելու են օլիմպիական փառատոնին: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ թիմում ընդգրկվել են Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը եւ Հենրիկ Երանոսյանը, իսկ Արման Ազիզյանը կլինի պահեստային: Մեր մյուս հեծանվորդները պատրաստվում են հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը (հուլիսի 18-23, Պորտուգալիա): Հավաքականի վերջնական կազմը կորոշվի հեծանվահրապարակի ներքին առաջնությունից հետո:

«Խճուղու Հայաստանի առաջնությանը մեր հեծանվորդները լավ հանդես եկան: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը եւ օլիմպիական փառատոնը, պատրաստվելու ժամանակ ունենք: Աշխատելու տեղ կա, կփորձենք լրացնել բոլոր բացերը: Մինչեւ աշխարհամասի առաջնությունը հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- ասել է մարզիչը:

Արմեն Գյոզալյանը նշել է, որ այսօր մեր առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հետ կմեկնի Ռուսաստան: Ստեփանյանը Տուլա քաղաքում կմասնակցի Գրան Պրիի, որից հետո Մոսկվայում հանդես կգա Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարում: Մարզիչը նշել է նաև, որ այս տարի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին նախատեսվում է Հրաչյա Շաբոյանի մասնակցությունը:

Առաջատար հեծանվորդները հաղթեցին նաեւ խմբակային մրցավազքում

Ավարտվեց Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնությունը: Մրցումային երկրորդ եւ  երրորդ օրերը մեծահասակները ու երիտասարդները մրցեցին 120 կմ, իսկ պատանիները` 70 կմ խմբակային մրցավազքում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Մրցանակային տեղեր գրավեցին.

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան (ԲԿՄԱ), Էդգար Սարգսյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց), Սերգեյ Պողոսյան («Հայաստան» ՄՀԿ)

Երիտասարդներ. Լեւոն Լավչյան («Հայաստան» ՄՀԿ),  Ռոբերտ Խաչատրյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց), Ժորա Մարգարյան («Հայաստան» ՄՀԿ)

Պատանիներ. Հովհաննես Երանոսյան, Ամու Ասուբով, Նելսոն Գրիգորյան (3-ն էլ` Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց):

Բոլոր առաջատար գեղասահորդները՝ Գեղասահքի Հայաստանի առաջնությունում

Մայիսի 22-23-ը Երեւանի` Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում կընթանա մարզաձեւի Հայաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 100 գեղասահորդներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Ուզբեկստանից: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտնեց, որ այդ օրերին Երեւանում կլինի Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից: «Ալեքսանդր Ռաֆաիլովիչն առաջնության պատվավոր հյուրը կլինի: Նա կուսումնասիրի մեր ենթակառուցվածքները, կհանդիպի մարզիկների եւ մարզիչների հետ: Նրա խորհուրդները մեզ համար շատ օգտակար կլինեն»,-նշել է ՀԳՖ նախագահը:

Հանրապետության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար գեղասահորդները` Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Կժամանի մենասահորդ Կոնստանտին Մելնիկովը (Ռուսաստան), որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ հանդես է գալու մեր դրոշի ներքո: Հանդիսատեսին անակնկալ է սպասվում, քանի որ ժամանելու է նաեւ Վազգեն Ազրոյանը, որը 2006թ. Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում Անաստասիա Գրեբյոնկիանայի հետ, Հայաստանի դրոշի ներքո ելույթ է ունեցել զուգապարերում: «Հիմա Ազրոյանը մարզչական աշխատանքով է զբաղվում: Նա Հայաստան կգա դստեր` Վիկտորյայի հետ: Պատանի գեղասահորդուհին 15 տարեկան է, Ֆիլիպ Խարիսովի հետ հանդես է գալիս զուգապարեր մրցաձևում: Երեւանում մենք անձամբ կարող ենք տեսնել նրանց ելույթը»,- ասել է Մելանյա Ստեփանյանը:

ՀԳՖ նախագահի հրավերով Երեւան կժամանի նաեւ ՉՄՄ տեխնիկական մասնագետ Սարգիս Թեւանյանը՝ Լեհաստանից: Թևանյանը կլինի առաջնության գլխավոր մրցավարը եւ մրցավարական սեմինար կանցկացնի: Մրցավարության համար ֆեդերացիան հրավիրել է նաեւ Վահիկ Ղազարյանին (Բարսելոնա) եւ Սիմոն Սիմոնյանին (Ավստրիա): Նրանք բոլորը գեղասահքի հայկական դպրոցի սաներ են: Նրանց կօգնի տեղացի մրցավար Էմիլ Դանիելյանը: Հայաստանում միայն նա միջազգային մրցաշարերում աշխատելու իրավունք ունի:

6 հայ հրաձիգ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը

Երիտասարդ հրաձիգները պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Սակայն մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը, մարզիկները լավագույնի կոչման համար պայքարել են Հայաստանի առաջնությունում: Հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ լավ արդյունքներ են գրանցել այն մարզիկները, որոնց հետ հույսեր են կապում: Հենց այդ լավագույններից վեցն էլ մասնակցելու են աշխարհի առաջնությանը.

«Աշխարհի առաջնությունում հանդես կգան Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը և Հայկ Բաբայանը (3-ն էլ` օդամղիչ հրացան), Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան), Բենիկ Խլղաթյանը եւ Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ): Հայաստանի առաջնությունում նրանց մասնակցությունից շատ գոհ եմ: Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց, Բենիկ Խլղաթյանը չեմպիոն դարձավ, առաջ անցնելով իրենից ավելի փորձառու Զավեն Իգիթյանից:

Եթե նման արդյունքներ ունենանք աշխարհի առաջնությունում` կլինենք եզրափակիչներում: Կմասնակցենք ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարին:

Հայաստանի առաջնությունում շատ լավ հանդես եկավ նաեւ Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ): Նա, 2 վարժություններում բարձր ցուցանիշներով զբաղեցրեց առաջին տեղը»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը:

Մինչև աշխարհի առաջնությունը՝ երիտասարդ հրաձիգները հագեցած ծրագիր ունեն. «Հունիսի 7-10-ը կմասնակցենք Լեհաստանի բաց առաջնությանը: Այնուհետև նույն երկրում հավաք կանցկացնենք Լատվիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականների հետ: Մեր հրաձիգները կմարզվեն բարձրակարգ մարզիկների հետ եւ փորձ ձեռք կբերեն»:

Աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 22-29-ը Գերմանիայի Զուլ քաղաքում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։