Աղբային խնդիր սրանից ազատվելու համար՝ միայն տուգանք – Սա է հասարակությանը կրթելու լավագույն ձեւը… Մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա – տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի…

Մենք մեր երկիրը աղբ ենք դարձրել: Բառի ուղիղ իմաստով: Որտեղ հարմար ենք գտնում, աղբանոց ենք սարքում՝ մեծ ու փոքր տարածքներում, հարթ վայրերում ու սարալանջերին, գետաբերաններին ու լճափերին: Քանի որ գրավոր խոսքում մշտապես կիրթ եմ, ավելորդություն թույլ չտալու համար պարզապես արձանագրեմ, որ հասարակությանը կրթելու լավագույն ձեւը տուգանքն է: Ի վերջո վարչական իրավախախոտւմների մասին օրենսգրքով սահմանված է դա: Հենց տուգանվեց, միանգամից «բարեկիրթ» կդառնա: Այլապես մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա: Տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի:

Չնայած, բարոյախոսությունն էլ պիտի ճիշտ ձեւով արվի: Լինում են ակցիաներ, ցուցադրանքներ զանազան. աղբ թափողի հետեւից իր թափածը հավաքիր, նա կամաչի: Անկեղծ ասած՝ դաստիարակության այս մեթոդը չեմ ընդունում, այն կեղծ մեթոդ է: Նախ՝ թափողը չի ամաչի: Եվ հետո՝ հանրության գերակշիռ մասը կեղտոտում է քաղաքը, եւ եթե ես բոլորի հետեւից հավաքեմ, ուրեմն աշխատանքս պիտի փոխեմ ու գնամ «Սանիթեքում» աշխատեմ, որպեսզի նաեւ վճարվեմ դրա համար:

Աղբ թափողը (ոչ սահմանված վայրում) չի ամաչելու, ծիծաղելու է հավաքողի վրա: Հավաքողը թե ես լինեմ, այդ ծիծաղի համար մի լավ քոթակելու եմ: Ի՞նչ է անելու աղբ թափողը: Քոթակն ուտելուց հետո աղբը բերանից է թափելու ու սկսելու է հայհոյել: Այս անգամ էլ այնպես եմ քոթակելու, որ էլ բերան չի մնալու, որ աղբ հավաքվի: Ի՞նչ ստացվեց: Աղբ թափող խոզի համար խնդիր եմ ունենալու ոստիկանության հետ:

Այլ տարբերակներ էլ, իհարկե, կարող են լինել: Բայց սա էլ է տարբերակ՝ ցույց տալու կեղծ բարոյախոսության, քաղաքավարության վնասները: Ուրեմն՝ որպեսզի ոչ խոզի բերանը ջարդվի, ոչ ջարդողը ոստիկանությունում հայտնվի, տուգանքի տարբերակը լավագույն եւ օրինական միջոցն է: Ամեն աղբ թափողի ձեռքը կարելի՞ է բռնել: Իհարկե, կարելի է: Դրա մեխանիզմներն էլ կան, եւ այդ մեխանիզմները առաջարկելու համար համապատասխան կառույցներ կան: Ծավալվել չեմ ուզում, քանզի քննարկման խնդրո առարկան դա չէ:  

Եթե գամ աղբահանությանը, ապա պետք է ասեմ, որ այստեղ մխիթարվելու բան ունենք, քանզի աղբահանությունը խնդիր է շատ երկրների համար, նույնիսկ՝ զարգացած: Թեեւ շատ երկրներ արժանահիշատակ արդյունքի հասել են ոլորտում: Խոսքն այս պահին կոշտ կենցաղային թափոնների եւ դրանց կառավարման մասին է:

Այսպես է անում աշխարհը

ԵՄ երկրներն, օրինակ, կենցաղային թափոնը տեսակավորելու, դրա երկրորդային մշակման եւ իբրեւ էներգիայի աղբյուր օգտագործման առումով էական հաջողություններ արձանագրել են: Ինչը հանգեցրել է այն բանին, որ հնարավորինս քիչ աղբ է մնում թաղելու: Սա էլ, իր հերթին, բնապահպանական վնասներն է նվազեցնում: Ի դեպ, այս ամենի համար թանկարժեք բարձր տեխնոլոգիաներ են գործածվում, բայց բնությունը հնարավորինս քիչ վտանգելը ամենաթանկ բանն է համարվում (այս մասին մամուլում հրապարակումներ արել եմ):

Իսկ այ Ճապոնիան փորձում է վերանայել ամբողջ դաշտը՝ աղբահանության խնդիրը ուղղակիորեն դիտարկելով տնտեսական շղթայում: Սա ժամանակատար եւ ծախսատար գործընթաց է, բայց արդարացված՝ վերջնական արդյունքի տեսակետից:

Այս երկրում խրախուսական մեխանիզմներ կկիրառվեն բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր այնպիսի արտադրանք կթողարկեն, որ վերջում, իբրեւ աղբ վերամշակվելով, հնարավորինս քիչ մնացորդ թողնի: Մանավանդ, երբ խոսքը տոքսիկ մնացորդի մասին է:

Ի տարբերության նշյալ երկու փորձերի՝ ԱՄՆ-ն պրագմատիկ մեթոդ է ընտրել՝ տնտեսական պատկերացումներում արժեքային վերլուծության հիմամբ: Այս մոտեցմամբ էլ թափոների թաղումը ամենատարածված լուծումն է: ԱՄՆ-ն դա արդարացնում է հետեւյալ երկու հիմնավորմամբ: Առաջինը համեմատաբար ոչ խիտ բնակեցվածության մակարդակն է, երկրորդը՝ աղբի կառավարման այլընտրանքային մշակման թանկությունը:

Երբ ուսումնասիրում ենք ոլորտում այլ երկրների փորձը, հիմնականում կոշտ կենցաղային թափոնի կառավարման երկու ուղի ենք տեսնում. բոլոր այն երկրները, ովքեր հողային տարածությունների սահմանափակումներ ունեն, ԵՄ փորձին են հետեւում (Հոնկոնգ, Սինգապուր, Ճապոնիա), իսկ այն երկրները, ովքեր հողային տարածքների սահմնափակումներ չեն դնում, հետեւում են ԱՄՆ օրինակին (օրինակ՝ Ավստրալիան):

Զարգացող երկրներում թափոնների կառավարման ոլորտում հստակ քաղաքականություն չկա:

Շատերն անգամ չգիտեն՝ ինչպես վարվել թափոնների հետ:

Այստեղից էլ բազում խնդիրներ են ծագում առողջապահության եւ շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում:

Ռուսաստանը փորձում է հետեւել Ճապոնիայի օրինակին: Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի աշխատակազմի չինովնիկները մասնագիտացված աղբայրիչ գործարան կառուցելու ծրագիր են մշակում: Եվ այդ գործարանը պետք է լինի ճապոնական տեխնոլոգիաներով: Երբ տարեսկզբին ռուսաստանյան պաշտոնյան եղել էր Տոկիոյում եւ տեսել, թե ինչպես են ամբողջովին մշակում կոշտ կենցաղային թափոնները, ցանկություն էր հայտնել ճապոնական ձեւը կրկնօրինակելու:

Այսպես ենք անում մենք

Առաջիկա 20 տարիներին կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարություն է մշակել Հայաստանը: Միասնական ռազմավարության անհրաժեշտությունը մի քանի գործոնով է պայմանավորված: Բանն այն է, որ մինչ այժմ ձեռնարկված քայլերը կամ առաջարկվող լուծումներն ունեցել են հատվածային բնույթ եւ հիմնականում վերաբերել են աղբը հավաքելուն: Աղբը բնակավայրերից հեռացվել է առանց տեսակավորելու եւ խտացվելու:

Այո, չենք ժխտում, մասնավոր կամ համայնքային նախաձեռնություններ եղել են միջազգային հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ, բայց դրանք վերաբերել են միայն թափոնների կառավարման առանձին բաղադրիչների: Ասենք՝ պլաստիկ շշերը հավաքվել եւ առանձնացվել են աղբից: Սակայն դրանք խնդրին խորքային լուծում չեն տվել եւ կրել են այսրոպեական բնույթ: Մինչդեռ ընդհանուր եւ համակարգված լուծում է պետք: Հստակեցման կարիք ունեն նույնիսկ աղբավայրերի շահագործման, արտոնագրման հարցերում պետական կառավարման տարբեր մարմինների լիազորությունները: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կարծիքով, «հատվածային եւ ոչ լիարժեքորեն համակարգված բնույթ են կրում միջազգային ֆինանսական հաստատությունների եւ դոնոր երկրների (կազմակերպությունների) կողմից տրամադրված աջակցությունները. առկա են դեպքեր, երբ տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում ընդգրկված տարբեր փորձագետներ միմյանց բացառող լուծումներ են առաջարկել»:

2016թ. հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի 896 համայնքներից 489 համայնքներ (54.6%), իրենց բյուջեներում աղբահանության գումար են նախատեսել: Սակայն, հաշվի առնելով, որ աղբահանությունը, հիմնականում, իրականացվում է մեծ համայնքներում, աղբահանության ծառայություններից օգտվում է ՀՀ ընդհանուր բնակչության 89 տոկոսը:

Այս առումով ամենաբարվոք վիճակը Երեւանում է՝ 100%, Կոտայքի (83.5%) եւ Արարատի (83.4%) մարզերում: Աղբահանության ամենացածր տոկոսը Արագածոտնի մարզում է՝ 65%, Շիրակի մարզի բնակչության մեծ ներգրավվածությունը պայմանավորված է Գյումրիի մեծ տեսակարար կշռով: Մինչդեռ Շիրակում համայնքների ներգրավվածությունը խիստ ցածր է, օրինակ՝ Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում աղբահանություն կազմակերպված է միայն մեկական համայնքներում:

Աղբահանության մակարդակը հեռու է բավարար լինելուց (խնդրո առարկայում Երեւանը չենք դիտարկում): Մեքենաներն ու սարքավորումները գրեթե պիտանիությունից դուրս են: Աղբը հավաքվում է բաց աղբամաններում, ինչը սանիտարահիգիենիկ, բնապահպանական, ինչու ոչ, նաեւ էսթետիկ խնդիրներ է առաջացնում: Աղբը աղբամաններից բեռնատարներ է բարձվում բահերի միջոցով: Բեռնատարների զգալի մասն էլ բաց թափքով է, աղբը տեղափոխելիս այն ցրվում է նաեւ: Խնդիրն առավել լուրջ է գյուղերում, երբ աղբը թափվում է համայնքի մերձակա տարածքում կամ հենց համայնքում՝ բնակիչների որոշած մի տարածքում կամ էլ, որ ամենավտանգավորն է, ոռոգման ջրանցքներում: Այս ամենին հավելենք, որ աղբը գյուղերից ուշ-ուշ է տարվում՝ այն էլ խախտումներով հաճախականությամբ: Տարվելու դեպքում էլ տեղադրումն է լուրջ խնդիր:

Ինչպես տեղեկացնում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, «Հայաստանում գործում է առավել քան 450 աղբավայր:  Աղբավայրերը քարտեզագրված չեն, նրանց սահմանները հստակ չեն, աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալներն ու բաղադրությունը հայտնի չեն: Աղբավայրերի մեծ մասը որոշակի առանձնացված տարածքներ են, որտեղ որեւէ կառավարում չի իրականացվում, կամ իրականացվում է խիստ սահմանափակ ծավալով կամ ոչ բավարար որակով: Արդյունքում՝ ստեղծվել է մարդու եւ բնության համար անբարենապաստ միջավայր»:

Նախարարի գնահատմամբ, կոշտ կենցաղային թափոնների ոլորտում կապիտալ ներդրումներ կամ չեն արվել, կամ արվել են ոչ բավարար ծավալով, կամ էլ ընտրողաբար՝ մի քանի համայնքներում: Աղբահանության դիմաց վարձավճարների հաշվառման եւ գանձման ոչ բավարար մակարդակը էապես նվազեցնում է աղբահանության իրականացման եւ համակարգի արդիականացման համար հասանելի միջոցները: Համայնքային միջոցների սղությունն ու մասնավոր հատվածի կողմից հետաքրքրվածության բացակայությունը բավարար չեն բարձրորակ ծառայություններ մատուցելու համար, իսկ ֆոնդային միջոցների բացակայությունը պատճառ է ներդրումների բացակայության: ՏԻ մարմինները պատասխանատու են աղբահանության համար, սակայն պատասխանատու չեն իրենց վարչական տարածքներում գտնվող աղբավայրերի շահագործման համար: Վարչական իրավախախտումների օրենսգրքի 431 հոդվածը վարչական պատասխանատվություն (տուգանք) է նախատեսում աղբահանության ոչ ժամանակին կազմակերպման, ինչպես նաեւ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար, սակայն այդ տուգանքներն էլ հիմնականում, կիրառվում են ընտրողաբար եւ շատ հազվադեպ:

Մի խոսքով, համակարգում շատ բան փոխելու կարիք կա:

Այսպես անելու ենք մենք

2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության նպատակն այն է, որ մեր երկրի տարածքում ստեղծենք կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող համակարգ, որը, ինչպես նախարարությունն է ասում, տեխնիկական, ֆինանսական եւ բնապահապանական առումներով կայուն ու ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանն ու հիմնարկներին: Կոշտ կենցաղային թափոնների կառավարման նոր համակարգը բաղկացած կլինի սահմանափակ թվով տարածաշրջանային ենթահամակարգերից (ոչ ավելի քան 10 տարածաշրջանային՝ ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրի շահագործում եւ ենթահամակարգի համայնքներում աղբահանության իրականացում) եւ կսպասարկի երկրի տարածքի 100%-ը: Կհավաքվի գեներացվող աղբի առնվազն 95%-ը: Նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն գործող աղբավայրերը (եթե դրանց արդիականացումը դիտվի ոչ նպատակահարմար):

Ամենակարեւոր հարցը, որ կհուզի այս պահին մեր բնակչությանը, աղբահանության դրույքաչափն է: Նախարարությունն ասում է, որ մասշտաբի էֆեկտի շնորհիվ կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը: Ռազմավարության իրականացումը չի պահանջի աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն:

Թե ինչ քայլեր կրվեն այս ամենին հասնելու ուղղությամբ, կխոսենք հաջորդիվ:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։