Հայաստանին վերաբերող ոչ հայաստանյան ընտրություններ – Մեր արտաքին քաղաքականությունում քիչ դեր չի կատարում այն հանգամանքը, թե որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը ինչպես են վերաբերում Հայաստանին, հայության խնդիրներին ու նպատակներին…

Մեր արտաքին քաղաքականությունում քիչ դեր չի կատարում այն հանգամանքը, թե որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը ինչպես են վերաբերում Հայաստանին, հայության խնդիրներին ու նպատակներին: Սրանք մշտապես փոխլրացնող ու փոխհարաբերություններ կերտող իրողություններ են:

Այս առումով մեր բախտը ցայսօր չի բերել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի առումով, սակայն, եթե առաջին երկուսը խրոնիկ հակահայեր են (թշնամու դեպքում այդպես էլ պիտի լիներ. մեր տարածքների վրա են մեզ հարեւան դարձել), Վրաստանը կարող է որոշակիորեն փոխվել: Ըստ իրավիճակային քաղաքականության, ինչպես հիմա, երբ Եվրոպան կարիք է զգում Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Բուլղարիա կամ Ռումիանիա ճանապարհով նավթ, գազ, կենցաղային եւ այլ ապրանքներ, գյուղմթերքներ եւ այլն հասցնելու համար…

Այսօր մեզ բարեկամորեն տրամադրված եվրոպական երկու հզոր երկրներում եւս ընտրություններ եղան: Ֆրանսիայում նախագահ ընտրվեց՝ Էմանուել Մակրոնը, Գերմանիայում՝ ՏԻմ ընտրություններ էին, որտեղ, փաստորեն իր դիրքերն ամրապնդեց կանցլեր Անգելա Մերկելը, ինչը ներկա միջազգային իրավիճակում ձեռնտու է Հայաստանին: Ֆրանսիայի դեպքում հարմար էին գրեթե բոլոր նախագահի թեկնածուները, սակայն ստորեւ դեռ կանդրադառնանք այդ երկրի նորընտիր նախագահին:  

Բայց մինչ այդ գանք մեր տարածաշրջանի բարեկամ երկրի՝ Իրանի նախագահական ընտրություններին: Մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման առաջին շրջանն ավարտվում է, եւ նա հնարավորություն ունի եւս մեկ անգամ մասնակցել ընտրություններին:

Նախորդ՝ 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 460-ից ավել թեկնածու էր գրանցվել, սակայն Սահմանադրության պահապանների խորհրդի կայացրած որոշմամբ ընտրություններին մասնակցեց 8 թեկնածու:

2017-ին Իրանի նախագահի պաշտոնի համար կմրցի 6 թեկնածու, որոնց հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը՝ շուրջ 1400 առաջադրված թեկնածուներից:  Նախորդ տարի մերժվեցին ԻԻՀ նախկին նախագահներ Հաշեմի Ռաֆսանջանիի եւ Մահմուդ Ահմադինեժադի թեկնածությունը: Այս տարի վերջինս նորից էր առաջադրվել ու մերժվել իր տեղակալ Համիդ Բաղայիի հետ միասին:

Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հավանության արժանացած թեկնածուներն են ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին, Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Էբրահիմ Ռայիսին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Սեյյեդ Մոսթաֆա Միր Սալիմը, ԻԻՀ արդյունաբերության նախկին նախարար Սեյյեդ Մոսթաֆա Հաշեմի Թաբան:

Ի տարբերություն նախորդ՝ 2009 եւ 2013 թթ. Իրանի նախագահական ընտրություններին՝ այս տարի ուղիղ եթերով բանավեճ չի կազմակերպվել: Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը նախագահական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել,- հաղորդում է իրանահայ համայնքի «Ալիք» օրաթերթը: Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին: «Իրանահայությունն Իրանի հասարակության պատկերն է, հետեւաբար տարբեր տեսակետ, տարբեր կարծիք ունեցող մարդիկ ու հոսանքներ կան համայնքում, որոնք քաղաքական զանազան դիրքորոշումներ կարող են ունենալ եւ ունեն: Հետեւաբար, չի կարելի ասել ինչ դիրքորոշում կլինի որոշակիորեն որեւէ թեկնածուի օգտին, եւ սա է հարցի հետաքրքիր կողմը, որովհետեւ իրանահայությունը եւս, ինչպես Իրանի ժողովուրդը, իր ապագան կապում է տարբեր թեկնածուների քաղաքական ծրագրերի հետ:

Սա չի նշանակում պասիվություն, այլ նշանակում է, որ մենք կարողանանք մեր խնդիրները եւ պահանջները ներկայացնել թեկնածուներին, որոնք երկրի հավանական նախագահները կլինեն»,- հայտարարել է հայազգի պատգամավորը:

«Ալիք»-ի փոխանցմամբ՝ օրերս Թեհրանի ազգային առաջնորդարան են այցելել եւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպել ինչպես գործող նախագահ Հասան Ռոհանիի, այնպես էլ նրա մրցակից Էբրահիմ Ռայիսիի նախընտրական շտաբի ներկայացուցիչները:

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին «Իմամ Հոսեյնի» անվան ռազմական համալսարան կատարած այցի շրջանակներում, անդրադառնալով մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին, նախագահի թեկնածուներին իր խորհուրդներն է տվել եւ հաջողություն մաղթել: Դժվար է ասել, թե Իրանի նախագահի թեկնածուներից որն է Հայաստանի համար ավելի ընդունելի, սակայն մի բան պարզ է, որ նոր նախագահի ընտրվելու դեպքում էլ Հայաստանի հետ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն լինի, նաեւ կշարունակվեն նախորդ ձեռքբերումներն ու պայմանավորվածությունները:

Ինչ վերաբերում է Իրանում հայ համայնքի դիրքորոշմանը նախագահական ընտրություններում, եթե համեմատենք ամերիկահայ կամ ֆրանսահայ համայնքի հետ, ապա կա հսկայական տարբերություն՝ Իրանում հայկական համայնքն ընդհանրապես հանդես չի գալիս որեւէ թեկնածուի օգտին, ազատ են իրենց դիրքորոշումն արտահայտել եւ քվեարկել ցանկացած թեկնածուի  օգտին, այսինքն՝ չկա դասական իմաստով լոբբիզմ: Բայց հայ համայնքում մեծամասնությունը կողմնակից է բարեփոխականներին…

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը առաջիններից շնորհավորեց ընտրություններում իր մրցակից Էմանուել Մակրոնին նախագահական ընտրություններում հաղթելու առիթով, ինչը հավաստում է, որ ֆրանսիական հանրությունը կխուսափի ներքաղաքական բարդություններից, ինչը ավելորդ ճոխություն կլիներ այսօրվա լարված աշխարհի առկայության պայմաններում:

Էմանուել Մակրոնը Ֆրանսուա Օլանդից պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պարտականությունները:

Հիշեցնենք, որ Մակրոնը որպես նախագահի թեկնածու շատ դրական էր խոսել հայության մասին, կարեւորել էր Հայաստանի հետ հարաբերությունները, Արցախի խնդրի հայանպաստ կարգավորումը եւ հավաստել էր, որ Հայոց ցեղասպանության մերժողականությունը քրեականացնող օրենքի հաստատման կողմնակիցը կլնի:

Ֆրանսիայի նորընտիր նախագահը նախագահական առաջին այցը Բեռլին է արել եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հավաստել են եվրոպական փոփոխությունների շարունակական ընթացքը:

Գերմանիայի իշխանությունները համաձայն են փոխել Եվրամիության պայմանագրերը, եթե դա պահանջվում է: «Ես համաձայն եմ դրանով զբաղվել, բայց նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում բարեփոխել»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը, ապա հավելել է, որ Եվրամիության ուժը կախված է Ֆրանսիայից: Համատեղ հայտարարել են, որ Եվրամիությունը պետք է ընդլայնել, եւ իրենք կկարողանան հաղթահարել Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից:

* * *

Համացանցում հրապարակվել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեաթերթիկների լուսանկարներ, որտեղ երեւում է, այդ երկրում ապրող թուրքերը քվեաթերթիկում ավելացրել են իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Որոշ ֆրանսիաբնակ թուրքեր նույնիսկ քվեաթերթիկի վրա թողել են Էրդողանի պատկերն ու նրան ուղղված գրառումներ արել:

Հիշեցնենք, որ Էրդողանին զանգվածային ընտրել էին նաեւ մարտի կեսերին Նիդերլանդներում կայացած համապետական ընտրությունների ժամանակ: Սա զայրացրել էր հոլանդացիներին, ինչպես այսօր զայրացած են ֆրանսիացիները:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։