Ավագանին կաշխատի Երեւանը սիրելու եւ սիրել տալու համար – Երեւանի գործող քաղաքապետ եւ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյան ուղերձը… Սերժ Սարգսյանը հիմնարար փոփոխությունների կգնա միայն 2018-ի նախագահական ընտրություններից հետո… ԵԽ դիտորդները նկատեցին եւ նորարարությունները եւ ընտրախախտումները…

Ավագանին կաշխատի Երեւանը սիրելու եւ սիրել տալու համար

Երեւանի գործող քաղաքապետ եւ ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրությունները գնահատել է արդար եւ թափանցիկ եւ ուղերձ է հղել ընտրություններից հետո.

«Երեւանը սիրողների համար չկա իմը եւ քոնը.

Երեւանի ավագանու ընտրություններն ավարտված են, ու այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ ընտրություններին մասնակցելու համար: Շնորհակալ եմ, որ ձեր քվեով վերահաստատեցիք, որ Երեւանի զարգացման շարունակականությունն այլընտրանք չունի, ինչը թե՛ պատիվ է եւ թե՛ մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն՝ առաջիկա 5 տարիներին շարունակելու օր ու գիշեր աշխատել եւ, Հանու՛ն Երեւանի ու երեւանցու, կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ձեզ:

Շնորհակալ եմ նաեւ ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, բոլոր դիտորդներին, ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ու օրինականությունը ապահոված բոլոր մարմիններին, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավն ու ընտրական բուն գործընթացը լուսաբանած բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին: Շնորհակալ եմ նաեւ մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր, մասնակցելով ընտրություններին, իրենց նախապատվությունը տվել էին մեր մրցակիցների նախընտրական ծրագրերին: Անկախ նրանից, թե որ թիմի տեսլականին եք տվել ձեր նախապատվությունը, համոզված եմ, սիրելի համաքաղաքացիներ, որ բոլորիս նպատակը միայն մեկն է. հետզհետե լուծելով մայրաքաղաքում դեռեւս առկա խնդիրները՝ Երեւանը դարձնել ավելի բարեկարգ ու հարմարավետ եւ ավելի լավը:  

Վստահեցնում եմ, որ առաջիկա 5 տարիներին, ձեզ հետ միասին, մենք կշարունակենք բոլոր այն ծրագրերը, որոնց սկիզբն արդեն տրված է, նաեւ կյանքի կկոչենք այն ամենը, ինչը կապահովի մեր սիրելի քաղաքի զարգացումը: Երեւանը բոլորիս մայրաքաղաքն է ու, վստահաբար, համատեղ ջանքերով ենք լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք դեռեւս առկա են: Մեր սիրելի քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները եւս լինելու են բոլորինս, քանի որ, իմ խորին համոզմամբ, Երեւանը սիրողների համար չկա իմը եւ քոնը, կա մերը, ինչն էլ ավելի է մերձեցնում բոլորիս՝ վերահաստատելով, որ Երեւանը մեր մեծ տունն է ու հենց մեզանից, քաղաքի նկատմամբ ունեցած մեր սիրուց ու ջերմությունից է կախված համայն հայության մայրաքաղաքի, մեր սիրելի Երեւանի վաղվա օրը: Եվ ուրեմն, բոլորս ի գործ՝ Հանուն Երեւանի»:

* * *

Այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը հիմնարար փոփոխությունների կարող է գնալ միայն 2018-ի նախագահական ընտրություններից հետո, կարծես  իրական են: Երեւի թե գործող նախագահը որոշակի փորձաշրջան է նշանակել կամ՝ իր հետագա քաղաքական քայլերը ժամանակից շուտ չի բացահայտում:

Ինչեւէ, դեռ ամեն բան առջեւում է, իսկ երեկ իշխող կուսակցությունը աշխարհիկ խորհրդարանի անդրանիկ նիստում եկեղեցական պարտադիր (՞՞՞) ծիսակարգից հետո կրկին անցավ իր աշխարհիկ օրենքների կատարմանը…

Արա Բաբլոյանն ընտրվեց ԱԺ նախագահ: Փոխնախագահներ առաջադրվեցին ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը, «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը: Փակ քվեարկությունն այսօր է:

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը առաջարկեց փոփոխություններ կանոնակարգում, ըստ որի՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը նախատեսում է կրճատել 9-ի:

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Գագիկ Մինասյանին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանին, Տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանին, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հրայր Թովմասյանին, Ներքին գործերի եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյան, Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյանին:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում կլինի դարձյալ Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարի պաշտոնում՝ Գագիկ Մելիքյանը:

Այն պատգամավորներն ու պաշտոնյաները, ովքեր չեն ընդգրկվել ԱԺ-ում, չեն ընդգրկվելու նաեւ կառավարությունում, ամենատարբեր պատասխաններն են տալիս հարցումներին, ինչպես ասենք՝ Գագիկ Բեգլարյանը:

Նա պաշտոն կստանա ՀՀԿ ԳՄ-ում, «երեւի չգիտեք, ամենաբարձր պաշտոններից մեկը ՀՀԿ ԳՄ անդամն է։ Ավելի ցա՞ծր գնամ։ Սա լավ է»,- ասել է նա շատ գոհ կեցվածքով:

Երեկ օրվա վերջում նշանակում եղավ. վարչապետը կրկին Կարեն Կարապետյանն է:

«Լուսանցք» շաբաթաթերթ

ԵԽ դիտորդները նկատեցին եւ նորարարությունները եւ ընտրախախտումները

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 10 անդամից բաղկացած թիմը ավարտել է իր դիտորդական առաքելությունը Երեւանում…

Պատվիրակությունը հանդես է եկել հայտրարությամբ,ո րը ներկայացնում ենք ստորեւ.

Այս ընտրությունների ընթացքում, որոնք անցկացվեցին 2016թ.-ին լրամշակված Ընտրական օրենսգրքի համապատասխան,  ընտրողների նույնականացման սարքերը օգտագործվեցին երկրորդ անգամ  ապրիլի 2-ի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը  թույլ տվեց Կոնգրեսի պատվիրակությանը գնահատելու իրավական դաշտի փոփոխությունների եւ նոր էլեկտրոնային համակարգի իրացումը ընտրողներին բացահայտելու եւ ընտրակեղծիքները կանխելու համար.

Ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, Կոնգրեսի 4 թիմեր  այցելեցին մոտ 100 ընտրատեղամաս տարբեր վարչական շրջաններում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Էրեբունի, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Դավթաշեն, Աջափնյակ եւ Արաբկիր), որտեղ էլեկտրոնային տեխնիկական սարքերը աշխատել են անխափան ողջ քվեարկության ընթացքում:

Բացի վերոհիշյալ սարքերից, բոլոր ընտրատեղամասերում տեղադրված էին տեսախցիկներ՝ ընտրակեղծիքները, հատկապես բազմակի քվեարկության եւ ընտանեկան քվեարկության դեպքերը կանխելու, ինչպես նաեւ ընտրատեղամասերի բացման եւ քվեաթերթիկների հաշվելու ընթացքի թափանցիկությունն ապահովելու համար: Փոփոխված Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նաեւ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակում ընտրություններից հետո, քանի որ ընտրացուցակների ճշտությունը համարվում էր երկրի ընտրական համակարգի երկարատեւ մարտահրավերներից մեկը:

Բացի նոր տեխնոլոգիաներից, Կոնգրեսի անդամները նաեւ գնահատել են տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների, այդ թվում սարքի մասնագետի աշխատանքը։ Նրանք բոլորը վերապատրաստվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ինչը դրական է գնահատվել առաքելության կողմից: Ընդհանուր առմամբ, ընտրությունների օրը եղել է հանգիստ եւ բնականոն, բացառությամբ որոշ միջադեպերի, որոնք մասին զեկուցվել է Կոնգրեսի անդամներին՝ ներառյալ ընտրակաշառքների եւ կրկնակի քվեարկության վերաբերյալ մեղադրանքները:

«Փոփոխված Ընտրական օրենսգիրքը եւ նոր տեխնիկական միջոցները, իհարկե, բարելավել են իրավիճակը տեղամասերի ներսում: Սակայն, ժողովրդավարական կոնսոլիդացիա է անհրաժեշտ է նաեւ տեղամասերից դուրս: Ինչպես ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մեր պատվիրակությունը լսեց մեղադրանքներ ընտրակաշառքների եւ ձայներ գնելու մասին, ինչը համակարգային խնդիր է Հայաստանում: Բացի այդ,  կա ճնշում պետական ծառայողների վրա եւ վարչական ռեսուրսների չարաշահում: Մեր դիտորդների այցելության ժամանակ նկատվել են մարդկանց խմբեր, կուտակումներ ընտրատեղամասերի մոտ, ինչը ստեղծել է վերահսկվող քվեարկության մթնոլորտ: Նույնը վերաբերվում է նաեւ ընտրողներին ավտոբուսներով ընտրատեղամասեր բերելու փաստին, որը մենք նկատել ենք: Իշխանությունները պետք է լրջորեն վերաբերվեն բոլոր այս հարցերին, որպեսզի բարձրացնեն վստահությունը ընտրությունների եւ, ընդհանրապես, վարչակազմի նկատմամբ »,- հայտարարել է  պատվիրակության ղեկավար Լիզա Անսալան:

«Այն փաստը, որ կիրակի օրը ընտրողների միայն 40 տոկոսն է մասնակցել ընտրություններին շատ տագնապալի նշան է եւ ցույց է տալիս քաղաքական ապատիայի բարձր մակարդակը եւ քաղաքական համակարգի նկատմամբ անվստահությունը: Բարելավված ընտրական ոլորտը եւ նոր տեխնոլոգիաների կիրառումը ընտրությունների օրը կեղծիքները կանխելու նպատակով շատ ողջունելի է Կոնգրեսի կողմից եւ մեծացրել է թափանցիկությունը: Այնուամենայնիվ, շատ ավելին է պետք անել ապատիայի եւ քաղաքական դաշտի նկատմամբ հիասթափության հիմնական պատճառը հասկանալու համար,» ասել է Լիզա Անսալան:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։