Համահայկական Երեւան – Մայրաքաղաք՝ առանց իմ ու քոնի… Երեւանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլ այսօրվա մեր երկրի բնակչության մոտ կեսն ապրում կամ գործում է մայրաքաղաքում – Իրականում Երեւանի քաղաքապետը կարող է փաստացի համարվել Հայաստանի փոխնախագահը՝ առանց չափազանցության…

Երեւանի ավագանու ընտրություններն անցան համեմատաբար հանգիստ եւ ոչ այնքան մարդաշատ պայմաններում: Իհարկե, կարճ ժամանակ առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններն ավելի կարեւոր էին համարվել քաղաքական ուժերի կողմից, հատկապես, որ Հայաստանը դարձել է խորհրդարանական երկիր, քան մայրաքաղաքի ավագանու ընտրությունը:

Բայց դա ճիշտ չէ, Երեւանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլ այսօրվա մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում կամ գործում է Երեւանում: Այսինքն՝ իրականում Երեւանի քաղաքապետը կարող է փաստացի համարվել Հայաստանի փոխնախագահը՝ առանց չափազանցության:

Մինչեւ ավագանու ընտրության որոշակի մանրամասների անդրադառնալը, նշենք, որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ամփոփել է բոլոր 474 տեղամասերի նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 70 հազար 731 քվե կամ  21,00%, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 26 հազար 109 քվե կամ 7,75% եւ «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն՝ 240 հազար 036 քվե կամ 71,25%:

Հիշեցնենք, որ «Ելք»-ի կողմից քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի»-ի կողմից՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ի կողմից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նախնական տվյալներով, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է՝ 345 հազար 226 քաղաքացի  կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99%-ը:

Հիշեցնենք, որ Երեւանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 842 հազար 151:

Անճշտությունների գումային չափը՝ 46: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 8259: Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 842 հազար 147: Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 4:  

Տեղեկատվություն՝ ըստ վարչական շրջանների. Աջափնյակ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 84 հազար 522, քվեարկության մասնակիցների թիվը՝ 38 հազար 279 կամ 45,29%: Ավան վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 39 հազար 848, քվեարկության մասնակիցների թիվը՝ 21 հազար 021 կամ 52,75%: Արաբկիր վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 95 հազար 573, քվեարկության մասնակիցների թիվը՝ 37 հազար 105 կամ 38,82%: Դավթաշեն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 32 հազար 356, քվեարկության մասնակիցների թիվը՝ 14 հազար 131 հազար կամ 43,67%: Էրեբունի վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 93 հազար 154, քվեարկության մասնակիցների թիվը՝ 37 հազար 916՝ կամ 40,70%: Կենտրոն վաչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 95 հազար 855, քվեարկության մասնակիցների թիվը՝ 36 հազար 925 կամ 38,52%: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 107 հազար 779,  քվեարկության մասնակիցների թիվը՝ 35 հազար 874 կամ 33,28%: Նոր Նորք վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 100 հազար 481, քվեարկության մասնակիցների թիվը՝ 41 հազար 236 կամ 41,04%: Նորք Մարաշ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 10 հազար 700, քվեարկության մասնակիցների թիվը՝ 5 հազար 422 կամ 50,67%: Նուբարաշեն վարչական շրջան՝ քվեարկելու

իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 8133, քվեարկության մասնակիցների թիվը՝  4 հազար 283՝ կամ 52,66%: Շենգավիթ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 114 հազար 935, քվեարկության մասնակիցների թիվը՝ 53 հազար 493 կամ 46,54%: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 58 հազար 811, քվեարկության մասնակիցների թիվը՝ 19 հազար 541 կամ 33,23%:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետ է կապում Երեւանի ավագանու ընտրություններին ցածր մասնակցությունը, արդյո՞ք հասարակության շրջանում հիասթափություն է տեսնում, պատասխանել է. «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ընտրություններին մասնակցում էր ընդամենը 3 քաղաքական ուժ, ինչն, իհարկե, իր ազդեցությունը կարող էր ունենալ մասնակցության թվի վրա»: Ըստ նրա, բազմաթիվ քաղաքացիներ, ըստ էության, գնում են ընտրական տեղամաս՝ բացառապես ելնելով այն հանգամանքից, թե որքանով են վերջիններս ուզում իրենց կողմ քվեն տալ այս կամ այն կուսակցությանը: Եվ այդ գործոնը նույնպես ունեցավ որոշակի ազդեցություն մասնակցության թվի հետ կապված: «Իսկ հիասթափություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես իրացնի իր ընտրական իրավունքը: Եթե մարդ որոշում է, որ իր ընտրական իրավունքը պետք է իրացնի ընտություններին չմասնակցելով, դա վերջինիս իրավունքն է»,- նշել է ԿԸՀ նախագահը:

Փաստորեն, այն ընդդիմադիր ուժերը, որոնք մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, չցանկացան իրենց ձայները տալ 2 ընդդիմադիր ուժերից որեւէ մեկին, ինչը եւս սակավաթիվ դարձրեց այս ընտրությունը: Չնայած կարծիք էլ կա, որ այդ ուժերը որոշակիորեն աջակցել են ընդդիմադիր ուժերին, այլապես «Ելք»-ը եւ «Երկիր Ծիրանի»-ն այսքան ձայներ էլ չէին հավաքի Երեւանում: Ավագանու ընտրություններում, ըստ «Ելք»-ի ներկայացրած թվերի, դաշինքն ավելի քան 1000 ձայնով ավելի է ստացել, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երեւանից ստացած ձայներն էին, ինչը եւս հավաստում է, որ որոշ ընդդիմադիրներ անցել են այս կամ այն կողմը…

«Խորհրդարանական ընտրությունների համեմատ այսօր ընտրողների պասիվություն է նկատվում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Դրա վերաբերյալ երկու մեկնաբանություն կա՝ պոզիտիվ ու նեգատիվ: Նեգատիվն այն է, որ մարդիկ մնացել են տանը ու չեն ցանկանում մասնակցել ընտրությանը, պոզիտիվը՝ վերջին օրերի գործողությունների արդյունքում մեզ հաջողվել է որոշակիորեն դանդաղեցնել ընտրակաշառքի բաժանումը, մեքենան չի կարողացել ամբողջ թափով անել իր աշխատանքը»,- այսպես էր բացատրել Նիկոլ Փաշինյանը: Քաղաքապետի այս թեկնածուն մի անգամ էլ կոչ արեց այդ օրը անպայման գնալ ու մասնակցել ընտրությանը, իսկ ովքեր մասնակցել են, նրանք էլ հորդորեն այդպես վարվել նաեւ իրենց հարազատներին ու բարեկամներին: Բայց… Ինչեւէ, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ինքը ինքնաբացարկ է ներկայացնելու եւ պատգամավոր է աշխատելու է Ազգային ժողովում: Ի դեպ, այսօր արդեն պարզ է, որ խմբակցության ղեկավարն է նաեւ:

Ինչեւէ, Երեւանի ավագանու մանդատների բաշխման բանաձեւը հեշտ է՝ ավագանու 65 մանդատը բաժանվել է 3 քաղաքական ուժի միջեւ՝ նրանց  ստացած ձայներին համամասնական: Այսպես՝ ՀՀԿ-ն ստացել է 46 մանդատ, «Ելք»-ը՝ 14, «Երկիր Ծիրանի»-ին՝ 5:

Չնայած չի բացառվում, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրաժարվի իր մանդատներից. կազմակերպությունը դեռ չի շտապում մայիսի 14-ին կայացած ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ: Դիմել է ավագանու ընտրությունները չեղյալ համարելու պահանջով, քանի որ Զարուհի Փոստանջյանը հաստատ այսքան քիչ մանդատի չէր սպասում, եւ գուցե պարզապես հրաժարվելու փոխարեն ապավինեն ընտրությունների անարդարացի հայտարարման ձեւին…

Այս առումով՝ «Ելք»-ի նորընտիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հանդիպմանը հնչած՝ «Երկիր Ծիրանի»-ի հետ համագործակցության հարցին պատասխանել է. «Ինչու՞ է Զարուհի Փոստանջյանը վերցնում մանդատները։ Ես զարմանում եմ, ինքը մեզ ասում էր, որ եթե վերցրել ենք ԱԺ մանդատները, ուրեմն ծախված ենք, դե հիմա ուրեմն էդ իր ասածը իրեն էլ է վերաբերում»…

Ինչ մնում է ընդդիմադիրների՝ ՀՀԿ-ի հերթական հաջողությունը գրանցելու հանգամանքին, ապա միեւնույն կարծիքն է, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրությունները կողծվել են, խախտումները շատ էին եւ այլն: «Ելք» դաշինքը անգամ մինչեւ ընտրություններն էին դիմել ԿԸՀ՝ ՀՀԿ-ի մասնակցությունը կասեցնելու համար, սակայն հանձնաժողովը չբավարարեց դիմումը՝ այն համարելով չփաստարկված:

Իսկ ընտրակաշառքների վերաբերյալ բոլոր հայտարարությունները սուտ եւ մերկապարանոց համարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք, ի տարբերություն որոշ գործիչների եւ որոշ դաշինքների, ո՛չ նաղդով, ո՛չ էլ նիսյայով գումար ժողովրդին չենք խոստացել»,- հավելել է ՀՀԿ խոսնակը:

Ընդդիմությանը հակառակ մեղադրանքով էր հանդես եկել ՀՀԿ ցուցակով ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը, նա հաշվարկել է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը որպես պատգամավոր ինչքան են անտեղի մսխել ժողովրդի փողերը: Ըստ նրա՝ «երկու ժամկետի ընթացքում մոտ 70 հազար դոլար ենք մենք տվել Զարուհի Փոստանջյանին, ի՞նչ ենք ստացել դիմացը՝ ոչ մի բան՝ խոսակցություն՝ բալտավնյա… Իսկ մեկ ժամկետի համար Նիկոլ Փաշինյանին տվել ենք 40 հազար դոլար… Չաշխատող մարդն է մեծ կոչեր անում: Չի պատկերացնում էդ ինչ գործ է: Ես որ ավագանի չէի, ես էլ էի փնթփնթում, դժգոհում էի տանը, դուրսը»…

Ինչեւէ, ընտրություններն ավարտված են:

2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ԿԸՀ-ում հավատարմագրվել էր 17 տեղական հասարակական կազմակերպության թվով 5138 դիտորդ: Քվեարկության օրն ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել էր 32 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 436 ներկայացուցիչներ:

«Երեւանի ավագանու ընտրություններն աննախադեպ են եղել նաեւ այն առումով, որ մինչեւ քվեարկության օրը ստացվել է 2 դիմում»,- ասել է ԿԸՀ Իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: Նշել է, որ երկուսն էլ ներկայացված է եղել ընտրություններին մասնացող քաղաքական ուժերից մեկի կողմից: «Դիմումներից մեկը վերաբերում էր մեկ այլ քաղաքական ուժի գրանցումն ուժը կորցրած ճանաչելուն, մյուսով էլ առաջարկվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեռնարկել օպերատիվ միջոցներ կանխելու համար հնարավոր խախտումները»,- ասաց Լիլիա Հակոբյանը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.