Խորհրդարանական Հայաստան – Ժամացույցն աշխատեց ներքաղաքական խմորումներով… Նոր պայմաններում կայացավ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: -Այն տեղի ունեցավ խորհրդարանական Հայաստանի կարգավիճակի անցած՝ նոր վարչա-քաղաքական պայմաններում…

Երեկ նոր պայմաններում կայացավ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: Այն տեղի ունեցավ խորհրդարանական Հայաստանի կարգավիճակի անցած՝ նոր վարչա-քաղաքական պայմաններում: Խորհրդարանական Հայաստանի համար, ի տարբերություն՝ նախկին կիսանախագահականի, Ազգային Ժողովն այն բարձրագույն մարմինն է, որն ընտրում է երկրի առաջին դեմքին: Նորացված Սահմանադրությամբ՝ դա երկրի վարչապետն է:

Իհարկե, այս ամենը որպես պատմա-քաղաքական նորույթ, պետք է արձանագրել, ինչը թույլ կտա հետագայում դիտարկել նախկին եւ ներկա  պետական համակարգերի լավ ու վատ կողմերը, համակարգը շտկումների ենթարկելու կամ վերափոխելու մտադրությունները: Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ը մասամբ կողմ էր Հայ Արիական Միաբանության առաջարկած՝ սահմանադրական բարեփոխումներին, որտեղ կենտրոնաձիգ նախագահական համակարգ էր առաջարկված՝ ամբողջովին նոր Սահմանադրությամբ, որը կոչվում էր Ազգային Սահմանադրություն: Սա էլ էր փոփոխման ենթակա, երբ պատրաստ լիներ Համազգային Սահմանադրությունը եւ հաստատվեր համահայկական քվեարկությամբ:

ԱԺ անդրանիկ նիստը մայիսի 18-ին կայացնելու մասին խոսվել էր այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանում՝ 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ մերժողական որոշումը հրապարակվեց: Ելնելով գործի քննության արդյունքներից՝ ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի 2017թ. ապրիլի 9-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողնել ուժի մեջ: Այնուհետեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց այն քաղաքացիների անունները, ովքեր պիտի ստանային պատգամավորի մանդատներ: ՀՀ կառավարության ընդունելությունների տանը նա նորընտիր պատգամավորներին հանձնեց պատգամավորական մանդատները:

Այսպիսով, նորընտիր խորհրդարանն ունի 105 պատգամավոր՝  58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:

Նշենք, որ ԱԺ-ում 105 պատգամավորից 18-ը կանայք են, 4-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:  

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ «նոր խորհրդարանն ավելի հետաքրքիր եւ ինտելեկտուալ է», որ «Ժողովրդի ընտրության պատկերը կա նոր խորհրդարանում», ինչից էլ ակնկալում է, որ սուր եւ գաղափարական պայքար է լինելու: Փաստորեն, ՀՅԴ-ն կրկին դարձել է ՀՀԿ-ի գործընկերը եւ քաղաքական դաշինք են կազմել այս կուսակցությունները, ինչը, կամա թե ակամա, ընդդիմադիր դաշտ է մղում «Ելք» դաշինքին: «Ծառուկյան» դաշինքը ինչպես բազմաշերտ ու բազմերանգ կազմվեց, նաեւ առանց գաղափարական ընդհանրության, այդպես էլ շարունակում է գործել: Վերջին օրերին մեկ տասնյակից ավել պատգամավորների ընդվզումը ինքնաբացարկի դիմումների հետ կապված, ինչպեսեւ դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին չենթարկվելը, մեկ անգամ եւս հավաստեց, որ այս դաշինքը իշխանական նախագիծ է եւ 50/50 հարաբերակցությամբ կմասնակցի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քայլերին:

Իհարկե, շատերը կպնդեն, թե նույնն էլ  կարելի է ասել «Ելք»-ի մասին, սակայն այստեղ որոշակի տարբերություններ կան գործնական առումով, հատկապես քաղաքական ու գաղափարախոսական հայացքների համադրության, ինչը չի կարելի ասել «Ծառուկյան» դաշինքի մասին, որտեղ դրանք ավելի շատ հակադրության, քան համադրության մեջ են:

Մի բան էլ առանձնացնենք, որ հավանականության շարքից է՝ իշխանության հետ համագործակցությունը: Եթե ոչ այս տարի, ապա մյուս տարվա մեջ, երբ ՀՀ նախագահի ընտրությունը եւս կկայանա, գրեթե կասկածից վեր է, որ «Ծառուկյան» դաշինքը մաս է կազմելու կառավարությանը, չի բացառվում, որ պաշտոնապես միանա գործող իշխանական դաշինքին:

Ինչ մնում է իշխանական դաշինքի գաղափարական համադրությանը, ապա դա կարող է ստացվել մի դեպքում միայն, եթե ՀՀԿ-ական եվրապահպանողական (մասամբ՝ նժդեհյան ցեղակրոն) գաղափարները եւ դաշնակցական հայդատական տեսակետները դառնան խորհրդարանում քննարկվող բոլոր օրենքների եւ որոշումների աներեւույթ մասնակիցը…

Օրենքը եւ որոշումը ազգային բնույթ են ստանում, երբ գրված (գրվող) օրենքները համադրվում են չգրված, բայց հազարամյակներ շարունակ իր գոյությունն ու կիրառումը արդարացրած օրենքների հետ: Կարիք չկա հիշեցնել, որ ցայսօր Հայաստանում գործում են չգրված հարյուրավոր ավանդական օրենքներ, իսկ մի քանի կնիքներով ամրապնդված օրենքները փոփոխվում են տարին մի քանի անգամ…

Վերոնշյալ դասավորումներին կարող են զուգակցվել նաեւ ներիշխանական հակասությունները: Խոսքն արդեն իշխանությունից հեռացած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կամ իշխանության «հեղինակություններից» մեկի՝ Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագոյի) մասին չէ, ովքեր գուցե այլեւս չկարողանան մոտենալ իշխանությանը, այլ նրանց մասին է, որ տարիներ շարունակ աջակցել են իշխանություններին եւ այսօր էլ են դա անում, բայց որոշակի պայմաններով: Մի դիտարկում էլ այստեղ անենք, օրինակ՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը հայտնի է իր մեծ աջակցություններով: Այսօր էլ նա փորձում է օգտակար լինել իշխանությանը՝ երկրի տնտեսական համակարգում ծավալելով գործունեություն: Սամվել Կարապետյանը ֆինանսական ներդրումներ է արել նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետության ընթացքում, սակայն տեղեկություններ կան, որ առժամանակ դադարեցնում է այն: Ինչպես մամուլն է արձանագրել, փաստորեն հայտնի գործարարը վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի հովանավորությունն է ստանձնած եղել, ինչը «սառեցված» է:

Հայտնի է, որ Սամվել Կարապետյանը երկար տարիներ է ինչ փորձում է Հայաստանի պետա-քաղաքական դաշտում ամրացնել եղբոր՝ Կարեն Կարապետյանի դիրքերը եւ հույս ունի, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կողքին կավելանա եւս մեկ Կարեն Կարապետյան, բայց՝ ԱԺ նախագահ: Ինչպես ասում են՝ գնդակը նախագահ Սերժ Սարգսյանի դաշտում է:

Որոշակի հարցեր են կարծես առաջացել նաեւ այն գործարարների շրջանում, ում իբր Սամվել Կարապետյանը ստիպողաբար է բերել Հայաստան: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մի նեղ շրջանակում ասել է, թե համոզված չէ, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ներդրումային ակումբում հայտնված մարդիկ ի վիճակի կլինեն խոստացված փողը Հայաստան բերել։ Ըստ Արա Աբրահամյանի, նա բոլոր գործարարներին անձամբ է ճանաչում, ու «բացի  Սամվել Կարապետյանից այդ ակումբում նորմալ ու անկախ գործ անող ու փող աշխատող մարդ չկա Ռուսաստանում, բոլորը վարկերի տակ կքած են ու շատերին Սամվել Կարապետյանն է անձամբ ֆինանսապես օգնում վարկերի պատճառով չսնանկանալու համար»։

Չնայած այս ամենին, Ռուսաստանի հայերի միության նախագահի ասածն այնքան էլ վստահելի չի հնչում, քանի որ նա նույնպես փորձեց ռուսաստանաբնակ հայերի տնտեսական մի խումբ բերել Հայաստան, ինչը խաթարվեց, երեւի թե այն պատճառով, որ Արա Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից առաջ փորձեց Հայաստանում քաղաքական ուժ ձեւավորել՝ ընտրություններին մասնակցելու համար:

Բայց քանի որ այս անձը Հայաստանում դիտվում է որպես «Պուտինի մարդ», քաղաքական հարցով բարդությունների հանդիպեց: Անգամ տեսակետ կար, որ Արթուր Բաղդասարյանի հետ է փորձում հայափրկիչ քաղաքականությամբ զբաղվել՝ ՕԵԿ-ը «Ազգային վերածննդի» կուսակցության վերածելով, բայց… երեւի  հասկացավ, որ պետք է հեռու մնա Հայաստանի քաղաքականությունից, իսկ այդ միության գաղափարը վնասեց նաեւ ՕԵԿ-ի նախկին նախագահին, ով առաջին անգամ չկարողացավ իր ղեկավարած քաղաքական կազմակերպությանը ԱԺ տանել…

Վարչապետ Կարեն Կարապետյանը եւս ստեղծել է նորդրողների փակ ակումբ, որը պիտի նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչը չնայած առավելապես  առնչվում է Ռուսաստանի հայ գործարարների հետ, սակայն եվրա-ամերիկյան ուղղություններով եւս աշխատում է: Չի բացառվում, որ ասիական ուղղությամբ եւս ծավալվի. քանզի Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, արաբական մի շարք երկրներ եւ այլն, ունեն համագործակցելու ցանկություններ:

Ինչ մնում է ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյան ու վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպմանը, ապա խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը եւ ՀՅԴ-ի համար նախատեսված պաշտոնները: Վարչապետը 3 երիտասարդի է առաջարկել, որոնց ՀՅԴ-ն կարող է ներկայացնել կուսակցության կողմից: Սա զայրացրել է Հրանտ Մարգարյանին, ով արտահայտվել է այսպես. «Դաշնակցությունը «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի եւ ինչպես ուզի անի»:

Իսկ ՀՀԿ-ում երկար ժամանակ է պայքար էր ընթանում խորհրդարանի պաշտոնների եւ հանձնաժողովների նախագահնրի աթոռների համար: ԱԺ նախագահի պաշտոնում մի շարք անուններից հետո քննարկվում էին Կարեն Կարապետյանի, Արփինե Հովհաննիսյանի եւ Էդուարդ Շարմազանովի անունները:

Սակայն առաջինը հերքել է ԱԺ նախագահ ընտրվելու ցանկությունը. Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ արդեն քանի տարի է լրագրողները իրեն կամ ԱԺ նախագահ են նշանակում կամ՝ երկրի վարչապետ:

Կարելի է ենթադրել, որ նախագահ Սերժ Սարգսյանը այս խառնաշփոթով թուլացնում է Ռուսաստանահայ գործարարների համատեղ քայլերի հնարավարությունը, ինչը երբեք չի կարելի բացառել, որ կնախաձեռնվի Մոսկվայի կողմից:  Չի կարելի բացառել, որ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվող Կարեն Կարապետյանը 2018-ին կփոխարինի Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում (այլապես Սամվել Կարապետյանը դժվար շարունակեր գործունեությունը Հայաստանում): Իսկ գործող նախագահն, ըստ այս իրավիճակի տրամաբանության, կանցնի վարչապետական աշխատանքի:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.