Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական քաղաքականություն ծավալելու ջանքերը: Նյու-Յորքում ամերիկահայ հանրության հետ հանդիպման ժամանակ հայի ինքնության միասնականացմանն ուղղված խոսքերը շատ կարեւոր են եւ մշտառկա: Մենք միշտ կարեւորել եւ քարոզել ենք ՀԱՅ լինելու գաղափարը:

«Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է…», – ՀՀ նախագահի այս խոսքերը կուզենայինք, որ նախ բանաձեւ դառնար յուրաքանչյուր պաշտոնյայի համար, հետո՝ ամեն հայի: Այո’, հայի ինքնությունն այսօր բազմազան է, եւ պիտի հանդուրժող լինենք բոլորս: Հնարավորինս հանդուրժող՝ հենց մեր ինքնությունը եւ պետականությունը չկորցնելու առումով: Վստահ ենք՝ կգա մի օր եւ ՀՀ նախագահները կխոսեն նաեւ արիական հայի մասին, որն իր ներաշխարհում կրում է հենց հավաքական հայի ամբողջականությունը:

Հայ Արիական Միաբանությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է անում շարունակել նման քաղաքականությունը եւ այդ գործում հայտնում է իր աջակցությունը:

Մեր կարծիքով, իրական հաջողության հասնելու համար արտաքին համահայկական դրսեւորումները պիտի զուգորդվեն ներքին հայկականությամբ եւ ամրագրվեն մարդկային, ազգային ու պետական բոլոր ոլորտներում:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

30.09.2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։