Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանում դարձավ Հայաստանի գավաթակիր… Հիշեցնենք, որ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 խաղափուլ – Մրցաշարային աղյուսակը 28-րդ փուլի խաղերից հետո… Անգլիական ակումբի եւ հայ ֆուտբոլիստի հաղթանակները… Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշով – «Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է»… Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը՝ Մխիթարյանին… Մարզական այլ լուրեր…

Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանում դարձավ Հայաստանի գավաթակիր

Մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը: Գյումրիի «Շիրակ»-ը 3:0 հաշվով ջախջախեց Երեւանի «Փյունիկ»-ին եւ իր պատմության մեջ 2-րդ անգամ տիրեց պատվավոր մրցանակին:

Գյումրեցիները բոլոր գոլերը խփեցին 1-ին խաղակեսում, 2 անգամ աչքի ընկավ Կիրիան Նվաբուեզեն, իսկ 1 գոլ խփեց 17-ամյա Վահան Բիչախչյանը: Խաղից հետո անմիջապես հրավառություն տրվեց հաղթողների պատվին, որից հետո նոր տեղի ունեցավ պարգեւատրման արարողությունը: Նշենք, որ 2 թիմերն էլ եվրոգավաթների ուղեգիր նվաճեցին ու գալիք մրցաշրջանում Հայաստանը կներկայացնեն միջազգային մրցասպարեզում:

Ետխաղյա մամուլի ասուլիսում «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ասել է, որ շատ դժգոհ է իր սաների ցույց տված խաղից: Իսկ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշել է, որ չնայած խոշոր հաշվին, հաղթանակն այնքան էլ հեշտ չտրվեց իր թիմին:

 – Հիշեցնենք, որ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 խաղափուլ: «Գանձասար-Կապան»-ը դեռ հույսը չի կորցրել, որ կարող է անցնել առաջատար «Ալակերտ»-ից:  

 Մրցաշարային աղյուսակը 28-րդ փուլի խաղերից հետո.

Թիմ                                   Խ      Հ      Ո      Պ      ԽԳ      ԲԳ        Մ

  1. «Ալաշկերտ»                 28     17     7        4       52        24       58
  2. «Գանձասար-Կապան»  28     16      5       7       36        23       53
  3. «Շիրակ»                       28     16      4       8       30        21       52
  4. «Փյունիկ»                      28    10      9       9       31        26       39
  5. «Բանանց»                     28      5      6      17      17        40       21
  6. «Արարատ»                    28      3      3      22      15        47       12

Անգլիական ակումբի եւ հայ ֆուտբոլիստի հաղթանակները

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում հանդիպեցին հոլանդական «Այաքս»-ի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները: Դիտարժան խաղն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:  Գոլի հեղինակներ են դարձել Պոլ Պոգբան ու Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է խաղալ ու նաեւ հաղթել Եվրալիգայի խաղերում, միաժամանակ դառնալ նաեւ գոլի հեղինակ, որը եւս կգրանցվի որպես հայ ֆուտբոլիստի՝ Եվրալիգայի եզրափակիչ խաղում խփած առաջին գնդակ:

Ստոկհոլմում, խաղի մեկնարկից առաջ, թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են «Մանչեսթեր արենա» ստադիոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Իսկ Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները  կազմակերպել էին բողոքի ցույց՝ ընդդեմ ահաբեկչության, ընթացքում նրանց են միացել նաեւ մանչեսթրյան մյուս հանրահայտ՝ «Մանչեսթեր Սիթի» ակումբի երկրպագուները: Ակումբների երկրպագուները միավորելով իրենց ուժերը, կատարել են ապարկեշտ երգ՝ նվաստացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ ցույցի տեսանյութը համացանցում արդեն ավելի քան 2,5 միլիոն դիտում ունի եւ ամբողջ աշխարհի ինտերնետ-օգտատերերեի շրջանում բուռն քննարկումների առիթ է տվել, նաեւ քննադատական ալիք բարձրացրել համացանցում: Հիշեցնենք, որ մայիսի 22-ի լույս 23-ին ահաբեկչություն է եղել Մանչեսթրում, զոհվել է 22 մարդ:

– Մանչեսթրում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունից հետո անվտանգության նկատառումներից ելնելով նախօրին ստուգել են «Carrington՛s Aon» մարզաբազա մեկնող «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բոլոր ֆուտբոլիստների մեքենաները եւ ավտոբուսը: Ստուգվող մեքենաների թվում էր նաեւ Հենրիխ Մխիթարյանի «Մերսեդես»-ը:

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշով

Հայ ֆուտբոլիստը մրցանակը նվիրել է նաեւ բոլոր հայերին: «Այնքան, այնքան ուրախ եմ մեր այսօրվա հաղթանակի առիթով: Ես նվիրում եմ  այս մրցանակը իմ ընտանիքին, Մանչեսթրին եւ բոլոր հայերին»,- Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքս»-ին  հաղթելուց եւ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է»

Հեղինակավոր New York Times պարբերականը հրապարակել է Ռորի Սմիթի «Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է» վերնագրով հոդվածը, ուր անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անցած ուղուն եւ Հայրենիքի հետ նրա ունեցած կապին: Հոդվածը հրապարակվել է Եվրոպայի լիգայի եզրափակչի նախօրեին, որտեղ հանդիպեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու հոլանդական «Այաքս»-ը:

Ըստ հայ ֆուտբոլիսի, որ խոսել է եզրափակիչ խաղից առաջ, իր ակումբի հնարավոր հաղթանակը ոչ միայն մեդալ կբերի իրեն, այլեւ հնարավորություն կտա շատերին պարզելու, թե ինչ է Հայաստանը եւ որտեղ է այն գտնվում:

Պարբերականը պատմում է Հենրիխ Մխիթարյանի մասնագիտական որակների մասին՝ նշելով, թե ինչպես իր կարիերայի սկզբում նա խաղերից 3 օր առաջ անջատում էր հեռախոսը՝ խաղի վրա կենտրոնանալու համար: Այժմ 28 ամյա ֆուտբոլիստը գիտակցում է, որ նման ծանրաբեռնվածությունը անառողջ էր: Նա հաճախ խաղերից հետո երկար ժամանակ տխուր էր՝ վերհիշելով թույլ տված սխալները, փնտրելով իր մեղավորությունն ամեն մի պարտության մեջ եւ հաճախ պարտությունից գոյացած իր զայրույթը ուղղելով դեպի իր ընկերներն ու հարազատները:

Այժմ նա համոզվել է, որ այդ ամենն անարդյունավետ է, քանի որ դա ավելի շատ վնասում էր իր ֆիզիկական պատրաստվածությանը, քան օգնում՝ մշտական լարվածության մեջ պահելով իրեն,-  գում է The New York Times-ը: Ըստ պարբերականի, այժմ հայ ֆուտբոլիստը փորձում է ազատ ժամանակ լիցքաթափվել ֆուտբոլից որքան հնարավոր է: Նա պարբերաբար ընթրում է իր թիմակիցներ Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի հետ, հաճախում կինոթատրոն, սակայն անկախ իր զբաղվածության աստիճանից, 34 միլիոնանոց ֆուտբոլային աստղը պարտադիր ժամանակ է հատկացնում՝ YouTube-ով Հայաստանի ֆուտբոլային ակումբների խաղերը դիտելու համար:

Պարբերականը նշում է, որ Հայաստանում ակումբային ֆուտբոլը ցածր մակարդակի վրա է, ուր խաղում են ընդամենը 6 ակումբներ, ուստի նա խաղերի դիտումից հաճույք չի ստանում: Մասամբ դրանք դիտում է ի նշան հավատարմության դեպի իր հարազատ «Փյունիկ» ակումբը, որտեղից սկսել է իր ֆուտբոլային կարիերան, ինչպես նաեւ դեպի իր ընկերների, ովքեր շարունակում են խաղալ այնտեղ: «Սակայն գլխավորապես նա դա անում է, քանի որ անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում կամ ով է դարձել, Հենրիխ Մխիթարյանի մի մասը մշտապես Հայաստանում է՝ տանը»,- գրում է New York Times-ը:

Պարբերականը պատմում է նաեւ Հենրիխի ֆուտբոլային անցած ուղու մասին, որի ընթացքում նա հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ» եւ «Շախտյոր», ինչպես նաեւ գերմանական Դորտմունդի «Բորուսիա» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբներում: Այդ ընթացքում, ըստ պարբերականի, նա սովորեց եւս 4 լեզուներ՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն, ի հավելում հայերեն, ֆրանսերեն ու պորտուգալերեն լեզուների: «Ուր էլ հայերը գնան, նրանք իրենց շուրջ ստեղծում են նոր Հայաստան»,- մեջբերում է Հենրիխի խոսքերը New York Times-ը՝ ֆուտբոլիստի հետ զրուցելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդական ակադեմիայում: Նույն կերպ վարվել է հայ ֆուտբոլիստը Մանչեսթերում: New York Times-ը գրում է, որ նա դարձել է քաղաքում գործող հայկական the Armenian Taverna պանդոկի մշտական հաճախորդը, որով մեծ ճանաչում է շնորհել 1968թ. գործող պանդոկին: Ինչպես նշում է պարբերականը, Հենրիխի այնտեղ շաբաթական մեկ անգամ այցելությունների պատճառով, այն հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:

New York Times-ը նշում է, որ Հայաստանի հետ նրան կապում են նաեւ այլ հիշողություններ: Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ այցելել է կինոթատրոն՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը դիտելու համար, որը խորապես ցնցել է նրան: Նա չի քննարկել այն իր թիմակիցների հետ՝ մտածելով, որ ֆիլմը նրանց հետաքրքիր չի լինի: «Մի կողմից տխուր էի, սակայն մյուս կողմից՝ հպարտ ֆիլմը դիտելուց հետո»,- ասում է հայ կիսապաշտպանը: New York Times-ը ընդգծում է, որ հայ ֆոււտբոլիստը իրավացիորեն կարող է հպարտ լինել, որ անգամ եթե աշխարհի ամենահայտնի հայը չէ, ով, հավանաբար Քիմ Քարդաշյանն է, ապա գոնե իր երկիրը լավագույն ներկայացնողների շարքում է: Թերթը նշում է, որ չնայած Հենրիխը հասել է շատ մեծ բարձունքների, նա չի մոռացել իր մեկնարկային կետը, որտեղից սկսել է իր ուղին:

Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը՝ Մխիթարյանին

Ֆուտբոլի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն (Ֆրանսիայի հավաքականի կազմում) հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայում հաղթելու կապակցությամբ:

«Մի օր դու ինձ ասացիր, որ կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան, իմ ընկեր, շնորհավորում եմ»,- Թվիթերի իր էջում գրել է ֆրանսիահայ հանրահայտ ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Յուրի Ջորկաեֆի հարցը ժամանակին քննարկվում էր Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների ընտրության ժամանակ:

Հայ բազկամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 13-22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, առաջնության մրցանակակիրներ դարձել են` մեծահասակներ. Աշոտ Ադամյան (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյան (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյան (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ), երիտասարդներ (մինչեւ 21 տարեկան). Դավիթ Մադոյան (+90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական):

Հայաստանի հավաքականը ներկայացնում էր տասը մարզիկ:

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ այժմ  հայ բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ուշուի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 10 մեդալ

Մայիսի 20-ին Թբիլիսիում ավարտվել է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են 820 մարզիկներ մայրցամաքի 28 երկրներից: Հայաստանը ներկայացել է 16 մարզիկներով, որոնք մրցել են ցինդա, տաոլու (շարժողական վարժությունների համալիր) եւ վին-չուն ձեւերում:

Մեծահասակներից Սվետլանա Մոսոյանը արժանացել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին, իսկ Արմեն Համբարձումյանը նույն ձեւում դարձել է փոխչեմպիոն: Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել նաեւ վին-չուն ձեւում հանդես եկած Կարո Կարապետյանը, իսկ Սայաթ Բաղդասարյանը շարժողական վարժությունների համալիր վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: Ցինդայում չեմպիոնի տիտղոսին է արժանացել Հայկ Գասպարյանը:

Երիտասարդներից Վարդան Սարգսյանը նվաճել է ցինդայի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Ռեբեկա Բալասանյանը եւ Դավիթ Դանիելյանը նույն ձևում դարձել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ:

Պատանիներից Արսեն Բաղրյանը ցինդա ձեւում նվաճել է Եվրոպայի ոսկե մեդալը, իսկ Արթուր Ուդումյանը նույն ձեւի բրոնզե մեդալը:

Հայ ուշուիստները պատրաստվում են օգոստոսին կայանալիք ունիվերսիադային (2 մարզիկ) եւ աշնանը նախատեսված աշխարհի առաջնությանը (8 մարզիկ):

Հայաստանի աթլետները որոշեցին ուժեղագույններին

Մայիսի 19-21-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են Երեւան, Արտաշատ, Կապան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի քաղաքների եւ Արցախի 115 մարզիկ-մարզուհիներ: Այդ մասին հայտնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Կանանց առաջնությունում ՀՀ չեմպիոններ են դարձել այս մարզուհիները.

100 մ վազք՝ Մարիանա Բաղյան (12.3 վրկ)

200 մ վազք՝ Գայանե Չիլոյան (24.7 վրկ)

400 մ վազք՝ Գայանե Չիլոյան (56.8 վրկ)

800 մ վազք՝ Լիլիթ Հարությունյան (2.20.8 րոպե)

1500 մ վազք՝ Լիլիթ Հարությունյան (4.57.6 րոպե)

3000 մ վազք՝ Անգելինա Ավագյան (11.35.6 րոպե)

100 մ արգելավազք՝  Էլլադա Ալավերդյան (16.1 վրկ)

400 մ արգելավազք՝ Էլլադա Ալավերդյան (1.05.8 րոպե)

Հեռացատկ՝ Մարիետա Մինասյան (5.61 մ)

Եռացատկ՝ Մարիետա Մինասյան (12.02 մ)

Բարձրացատկ՝ Վալենտինա Լուկինա (1.65 մ)

Տղամարդկանց մրցումներում աչքի է ընկել Տիգրան Մկրտչյանը, որը հաղթել է երեք մրցաձեւում:

100 մ վազք՝ Արամայիս Սարգսյան (11.4 վրկ)

200 մ վազք՝ Տիգրան Մկրտչյան (22.1 վրկ)

400 մ վազք՝ Տիգրան Մկրտչյան (48.5 վրկ)

800 մ վազք՝ Տիգրան Մկրտչյան (1.57.3 րոպե)

1500 մ վազք՝ Երվանդ Մկրտչյան (3.59.3 րոպե)

3000 մ վազք՝ Երվանդ Մկրտչյան (8.30.4 րոպե)

400 մ արգելավազք՝  Նարեկ Ղուկասյան (54.7 վրկ)

Հեռացատկ՝ Գոռ Ներկարարյան (7.19 մ)

Եռացատկ՝ Լեւոն Աղասյան (16.02 մ)

Բարձրացատկ՝ Արտյոմ Ալեքսանյան (1.90 մ):

Մյուս մրցաձեւերում լավագույններն են. սկավառակի նետում՝ Հերմինե Ավետիսյան (42.28 մ) եւ Մանուկ Մանուկյան (49.27 մ), գնդի հրում՝ Հերմինե Ավետիսյան (11.73 մ) եւ Ալբերտ Մարտիրոսյան (15.87 մ), նիզակի նետում՝ Իրինա Պապիկյան (30.70 մ) եւ Մելիք Ջանոյան (58.0 մ), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյան (50.36 մ):

Տղամարդկանց 4×100 մետր փոխանցավազքում 45.6 վրկ արդյունքով լավագույնն է ճանաչվել Երեւանի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը: 4×400 մետր փոխանցավազքում հաղթել է Գյումրու Ռ. Էմմիյանի անվան աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տղամարդկանց թիմը եւ Վանաձորի կանանց թիմը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 20 (453), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։