Կպատասխանի՞ Թրամփը Էրդողանին, թե՞ ԱՄՆ-ն նոր՝ իր քաղաքացիների պաշտպան նախագահ կփնտրի – Վերջերս Վաշինգտոնում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի հրահանգով իր դեմ բողոքի ցույց իրականացնող հայ, եզդի, քուրդ, թուրք, ասորի եւ այլ ամերիկաբնակ ցուցարարներին ծեծի են ենթարկել նրա թիկնապահներն ու համակիրները…

Վերջերս Վաշինգտոնում կայացած Դոնալդ Թրամփ եւ Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը անսպասելի ընթացք եւ ավարտ է ունեցել: Թե ինչ հետեւանքներ կլինեն, շուտով պարզ կլինի: Թուրքիայի նախագահը Միացյալ Նահանգներ է շտապել ավելի քան 20 հարցեր քննարկելու համար եւ կարծել է, թե ԱՄՆ-ի նախագահը գոնե մի քանի ժամ պետք է տրամադրի քննարկումների համար: Ի վերջո հարցերը համաշխարհային նշանակության են եղել, ինչպես Սիրիայի խնդիրը, Եվրոպա-Թուրքիա հակասությունները եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ՆԱՏՕ-ին առնչվող հարցեր եւ այլն: Հատկապես լուրջ քննարկման հարցեր են եղել կապված Անկարայի եւ Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության հետ կապված, որոնք սրվել են ԻՊ-ի դեմ կռվող սիրիական քրդերին զինելու՝ Թրամփի վերջին որոշման հետ: Անկարայում կարծում են, որ Սիրիայի քրդական կազմավորումները կապված են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, ինչը վտանգում է Թուրքիայի պետականության գոյությանը:

Որոշ տեղեկատվության համաձայն, Սպիտակ տան ղեկավարը հազիվ 20 րոպե է կարողացել տրամադրել ինքնահավան եւ իրեն բոլոր թուրքերի հայր պատկերացնող Թուրքիայի նախագահին, ինչը պարզապես շանթահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ստացվում է՝ ամեն հարցի շուրջ նա պետք է խոսեր 30-40 վայրկյան, որպեսզի մի 20-30 վայրկյանում էլ ստանար պատասխանները:

Այսինքն՝ իրականում Թուրքիայի նախագահը հասել է Վաշինգտոն, ձեռքի փաստաթղթերը հանձնել է ԱՄՆ-ի նախագահին եւ տուն վերադառնալու ճամփան բռնել… Սա, իհարկե համբերությունից հանել է առանց այն էլ մտագարությամբ տառապող Էրդողանին, ինչն էլ դրսեւորվեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն այցելելու ճանապարհին:  

Հայ դատի ամերիկյան հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց միջադեպի տեսանյութը, որտեղ հստակ երեւում է, որ Թուրքիայի նախագահի դեմ բողոքի ցույց իրականացնող հայ, եզդի, քուրդ, թուրք, ասորի եւ այլ ցուցարարների վրա հարձակում են գործել Թուրքիայի նախագահի թիկնապահներն ու կողմնակիցները: Այսինքն՝ ցուցարարների վրա հարձակվողները պարապած ու պատրաստված անձինք են եղել, մի խոսքով՝ Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ցուցարարներն այստեղ խնդիր չէին դրել քանակական առումով շատ երեւալու համար, պարզապես բողոքի այս ձեւն են ընտրել՝ իրենց խոսքը տեղ հասցնելու նպատակով:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը պատմել է, որ մի քանի տասնյակ ցուցարարներ՝ մեծ մասամբ հայեր ու թուրքեր բողոքի խաղաղ ցույց էին իրականացնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց, երբ անվտանգության աշխատակիցներն կտրել-անցել են փողոցը, եւ հարձակվել ցուցարարների վրա: Նշել է, որ ցուցարարների վրա հարձակվողներն ավելի շատ էին, քան ցուցարարները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահների կողմից ծեծի ենթարկված խաղաղ ցուցարարներից մեկը՝ Սեյիդ Ռըզա Դերսիմին, պատմել է միջադեպի մասին: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, 61-ամյա Դերսիմը պատմել է, ով 1992թ.-ից ապրում է Ամերիկայում. «Սա անկարելի է: Նրանք մեզ ոտքերով էին հարվածում, ես կարող էի մեռնել: Սա Ամերիկան է: Այսպիսի բաները անընդունելի են, եւ դա է ինձ վշտացնում»:

Տուժածը կատարվածի մեջ մեղադրել է Էրդողանի թիկնապահներին՝ նկարագրելով, թե ինչպես է սկսվել միջադեպը. «Մեզ մոտեցան կոստյումով մարդիկ եւ սկսեցին հայհոյել իմ կնոջը, մորը, տատիկին»: Դերսիմին պատմել է, որ սկզբում ինքը նկատել է, թե ինչպես են բռնել մի կնոջ կոկորդից ու դեմքին հարվածներ են հասցնում, նա փորձել է մոտենալ, օգնել: Բայց այդ պահին 4 մարդ հարձակվել են հենց Դերսիմիի վրա, վայր գցել ու ոտքով հարվածների տարափ տեղացրել: «Ես չկարողացա ոտքի կանգնել: Փորձեցի ձեռքերով ծածկել գլուխս: Չգիտեմ, թե որքան տեւեցին հարվածները: Հետո, երբ ոտքի կանգնեցի, արյունահոսում էի», – ասել է նա: 61-ամյա ցուցարարը այնուհետեւ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարել են նրա քիթը, գլխի վնասվածքի հետ կապված  բժշկական օգնություն ցույց տվել:

Դաժան ծեծի ենթարկված ցուցարարների մի մասը եւս լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմում դաժանորեն սպանված Քյարամ Սլոյանի հարազատը՝ ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ հարձակման էր ենթարկվել: «Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ»,- Հայաստանում ծնված, ԱՄՆ-ի եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը «Ամերիկայի Ձայն»-ին համաձայնել է պատմել Էրդողանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի եւ դրան նախորդած բոլոր մանրամասները. «Ցույցը սկսվեց Սպիտակ տան առջեւ, քանի որ մենք մտահոգված էինք Թուրքիայի նախագահի այցով Սպիտակ տուն՝ կարծելով, որ ժողովրդավարությունը չհարգող անձը չպետք է իրավունք ունենա հյուրընկալվել Սպիտակ տանը, որը ժողովրդավարության խորհրդանիշն է»:

Սպիտակ տան առջեւ ցույցի անվտանգությունն ապահովում էին բազմաթիվ ոստիկաններ եւ հատուկ ջոկատայիններ. «Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջեւ եւ բնականաբար որեւիցե կերպ չէինք սադրում»: ԱՄՆ-ի հայ, քուրդ եւ եզդի համայնքների կողմից կազմակերպված Սպիտակ տան առջեւի ցույցի ընթացքում գրանցվել էր ընդամենը մեկ չնչին միջադեպ, երբ ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները փորձեցին խլել քուրդ ցուցարարներից մեկի ցուցապաստառը, որից հետո իրավապահները բողոքարարների միջեւ բաժանարար գիծ ստեղծեցին: Սպիտակ տան առջեւից Էրդողանի այցի դեմ բողոքողները երթով շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանի նստավայր, որտեղ արդեն հավաքվել էր Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների մի խումբ:

«Մի քանի րոպե բողոքը խաղաղ էր ընթանում, սակայն, լինելով առաջնագծում, ես տեսա, որ Էրդողանի կողմնակիցների խմբին միացավ մեկ այլ խումբ: Այդ մարդիկ բացարձակապես այլ կերպ էին հագնված՝ խակի գույնի վերնաշապիկներով, վարժված, թիկնեղ, արեւային ակնոցներով եւ զինվորական կոշիկներով»: Լյուսի Ուսոյանի խոսքով՝ այդ մարդիկ վազեցին Թուրքիայի նախագահի դեմ ցուցարարների ուղղությամբ եւ սկսեցին հարվածել: Տեսագրությունում երեւում է՝ ինչպես են մի քանի տղամարդ հարվածում գետնին ընկած կարմիր վարտիքով Լյուսիին. «Հանկարծ ես գետնին հայտնվեցի՝ չգիտակցելով նույնիսկ, թե ինչպես են ինձ վայր նետել, եւ հաջորդ բանը որ հիշում եմ՝ ինչպես է ինչ-որ մեկն անընդհատ հարվածում գլխիս: Մի միտք էր այդ պահին գլխումս՝ չէ ՞ որ ես նույնիսկ չեմ էլ պաշտպանվում, ինչո՞ւ են ինձ հարվածում: Այնուհետեւ գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ բացեցի աչքերս, զգացի, որ գետնին եմ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արամ Համբարյանն է ինձ օգնել ոտքի կանգնել, եւ ես տեսա, որ մեր ցույցի մասնակիցներից շատերը վիրավորված են, արյունոտ, մի բան, որ ինձ ցնցեց, քանի որ ես նման բռնության պատրաստ չէի»:

«Ամերիկայի Ձայն»-ը հայտնում է, որ հարվածներից Լյուսի Ուսոյանը տրավմատիկ ուղեղի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար 6-8 շաբաթ կպահանջվի: Սակայն ամեն ինչ կարող էր էլ ավելի վատ ավարտվել, եթե տեղում չլինեին Վաշինգտոնի մի քանի ոստիկաններ. «Նրանք փոքր խմբով փորձում էին պաշտպանել մեզ, տեսագրությունում երեւում է, ինչպես է ոստիկանը փորձում քաշել ինձ հարվածող մարդկանց»,- հայտնել է տուժած ցուցարարը:

Ցուցարարները որեւէ կերպ չեն փորձել սադրել Էրդողանի կողմնակիցներին, այլ խաղաղ իրենց բողոքն ու քննադատությունն էին բարձրաձայնում փողոցի հակառակ կողմում. «Միգուցե, նրանք սովոր չեն քննադատության, դա կարող է լինել պատճառ: Սակայն մենք ապրում ենք ժողոովրդավար ժամանակաշրջանում, սա 21-րդ դարն է, եւ անհրաժեշտ է հանդուրժող լինել կամ էլ հաշվի առնել, թե ինչու են մարդիկ բողոքում»: Շատերի նման Լյուսին տեղի ունեցածն անընդունելի է համարում. «Մեր համոզմամբ՝ ոչ մի կառավարություն, ոչ միայն թուրքականը, չունի իրավունք գալ այս երկիր, ծեծի ենթարկել Ամերիկայի քաղաքացիների եւ անպատասխան մնալ»:

Այս բողոքի ցույցով Լյուսի Ուսոյանը դուրս էր եկել պահանջելու եզդիների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում. «Հայաստանն այն պետությունն է, որտեղ ես ծնվել եմ, եւ որը մեկ դարից ավելի բազմաթիվ եզդիների հայրենիքն է դարձել… Մենք՝ բոլոր հայաստանցիներս, պետք է ոտքի կանգնենք հանուն իրավունքի, արդարություն եւ Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջենք»:

Անհանդուրժողականությունն ու բռնությունը Վաշինգտոն բերելով՝ Էրդողանը բռնեց ամերիկացիների՝ ներառյալ կոնգրեսականների, եւ լրատվամիջոցների զայրույթը, խոսելով ԱՄՆ-ում մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի թիկնապահների արարքի մասին.- ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը: «Մենք իսկապես նախկինում նման բան չէինք տեսել: Ագրեսիան, որն ուղղված էր հայերի, քրդերի կամ նրանց ընդդիմությանը, բերեցին Վաշինգտոն, եւ մարդիկ իրենց աչքերով տեսան դա»,- ասել է նա՝ նշելով, որ գուցե նախկինում ԱՄՆ-ում մարդիկ չգիտեին, թե ինչպիսին է Թուրքիան եւ իր ղեկավարությունը: Ակնհայտ է, որ ցուցարարների վրա հարձակման հրամանը տվել է Էրդողանը, ով հետո անտարբեր հետեւում էր ծեծկռտուքին:

Ավելի ուշ համացանցում նոր տեսանյութ էր տեղադրվել, որում երեւում էր, թե ինչպես է Թուրքիայի նախագաը հեռվից դիտում, թե ինչպես են իր անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվում խաղաղ ցուցարարների վրա:

ԱՄՆ այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեքենայում նստած անձամբ է հետեւել խաղաղ ցուցարարների նկատմամբ իր ու այդ երկրում Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցների կողմից բռնություններին: «Turkishminute»-ի հաղորդմամբ, դրա վերաբերյալ տեսանյութ է տարածել «Ամերիկայի ձայն»-ը: Մինչ խաղաղ ցուցարարները բռնության են ենթարկվում, նրանցից մեկը մեքենայում նստած Էրդողանին ինչ-որ բան է ասում այն պահին, երբ բողոքի մասնակիցները բացականչում էին «մանկասպան Էրդողան»: Ավելի ուշ մեքենայից նա դուրս է գալիս, որոշ ժամանակ հետեւում ծեծկռտուքին, ապա շարժվում դեսպանի նստավայր:

Արձագանքերը ԱՄՆ-ում ուժգին են, եթե իհարկե հետզհետե չմարեն պետական քաղաքականության ինչ-ինչ պատճառներով: ԱՄՆ սենատար Ջոն ՄըքՔեյնը, ով Կոնգրեսում արտաքին քաղաքականության կարեւոր ձայներից է, կոչ է արել երկրից վտարել Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանին:

Մի շարք հանրապետական սենատորներ, որոնց թվում՝ Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Թոմ Քոթոնը եւ Մայք Լին, նույնպես դատապարտել էին ցուցարարների հանդեպ դաժան հարձակումը: Սենատոր Բեն Քարդինը եւս կոչ է արել Թուրքիային ներողություն խնդրել: «Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի, հավանաբար նրանք մոռացել են՝ մենք անքակտելի իրավունքներ ունենք այս երկրում»,- թվիթերյան էջում գրառել է սենատորը: «Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին մեր երկրից: Դիվանագիտական տեսանկյունից նման արարքը չի կարող անպատասխան մնալ»,- նշել են սենատորները:

Իսկ շաբաթվա սկզբին ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով կատարվածի առնչությամբ, եւ հաստատել, որ ծեծկռտուքի մեջ ներգրավված են եղել Թուրքիայի անվտանգության աշխատակիցները: «Սա անարգանք է նահանգի արժեքների եւ ամերաիկացիների իրավունքների նկատմամբ»,- ասել է Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը:

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը կանչվել է ԱՄՆ Պետդեպարտամենտ՝ Թուրքիայի անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ տեղի ունացած բախումների առնչությամբ պարզաբանումներ տալու համար: Թուրքիայի դեսպանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմ Շեննոնի հետ:

Անկարայում էլ ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Թուրքիան նոտա է հղել ԱՄՆ-ին: Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Բաասը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, ում ներկայացվել է թուրքական կողմի գրավոր բողոքը նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի թիկնազորի ծառայողների նկատմամբ ամերիկյան անվտանգության աշխատակիցների «ոչ պրոֆեսիոնալ ու ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ: Թուրքական կողմը դա որակել է որպես դիվանագիտական սկզբունքներին ու նորմերին որ համահունչ՝ ԱՄՆ-ից պահանջելով հետաքննություն սկսել եւ բացատրություններ տալ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«New York Times»-ն անդրադարձել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հանդիպմանը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, աղբյուրը նշում է, որ այդ հանդիպումից Էրդողանը փաստորեն Թրամփից չստացավ այն, ինչ ցանկանում էր: Նշվում է, որ կողմերը համաձայնության չեն եկել մի շարք հարցերում հենց Էրդողանի պահանջների պատճառով, որոնք թերթի գնահատմամբ, անտրամաբանական են: Մասնավորապես, նկատի է առնվում նրա այն պահանջը, որ Թրամփը հետ կանգնի Սիրիայի քրդերին զինելու որոշումից, ինչպես նաեւ, որ ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենը արտահանձնվի Թուրքիային, ով մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Վերջինիս հետ կապված ասվում է, որ ԱՄՆ-ն չի կարող առանց դատարանի որոշման արտահանձնել Գյուլենին: Եվ բացի այդ Թուրքիան մինչեւ հիմա ամերիկյան կողմին չի ներկայացրել գեթ մեկ հստակ ապացույց, որով հիմքեր կստեղծվեն Գյուլենի արտահանձման համար:

Բացի դրանից` հոդվածում հիշատակվում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ Էրդողանի թիկնապահների հարձակումը՝ հակաէրդողանականների դեմ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել այնտեղ: Եվ այդ առումով քննադատության է ենթարկվում հենց Թրամփը: «Այդ ընթացքում (բախումների,-խմբ) Թրամփը անտարբեր մնաց, երբ իր ժողովրդի դեմ Էրդողանը ճնշում գործադրեց»,- գրել է թերթը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 20 (453), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։