Թուրքիա եւ Հայաստան. հենակետային ասպարեզ.- Տարածաշրջանում ռազմա-քաղաքական մրցակցության տեսլականներ – Մի՞թե Գերմանիան է հակաթուրքական ճակատի առաջատարը Եվրոպայում… Այդ ընթացքում, հայկական հարցը պիտի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը թույլ կտա Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց պահանջատիրությունը…

Պաշտոնական Անկարան Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում ամենաքիչը մտահոգ էր Գերմանիայի ուղղությամբ, նաեւ վստահ էր, որ Բեռլինն ամեն կերպ կխոչընդոտի Եվրոպայում հայկական հարցի ծավալմանը: Մի երկար ժամանակահատված այդպես էլ կար, սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ փոփոխական է այս աշխարհի քաղաքականության մեջ, եւ Գերմանիան նախապես ընդունելով Կայզերական Գերմանիայի մեղքը՝ Օսմանիան Թուրքիայի նկատմամբ հանդուրժողական գտնվելու եւ հայերի զանգվածային ջարդերի դեմ քայլեր չձեռնարկելու համար, նախորդ տարի թուրքական վայրագությունները հայերի նկատմամբ ճանաչեց ու դատապարտեց որպես ցեղասպանություն:

Սա Թուրքիային զրկեց Գերմանիային մեղադրելու, Բեռլին-Բաղդադ երկաթուղին կառուցելու համար Արեւմտյան Հայաստանում հայերի սպանդի մասին չբարձրաձայնելու եւ այլ բացասական երեւույթների համար, ինչն ավելի կատաղեցրեց թուրքական՝ բռնակալության գնացող էրդողանյան իշխանությանը:

Անկարան ամեն քայլի դիմեց. որպեսզի Գերմանիան ետ կանգնի իր որոշումից, քանի որ եվրոպական եռյակի՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Իտալիա համատեղ որոշմամբ կարող են թուրքերի համար ոչ նպաստավոր ծավալումներ սկսել եվրոպական ուղղությունից:

Սակայն, ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնպես էլ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը հավաստեցին, որ Գերմանիան ճիշտ որոշում է կայացրել, ու Թուրքիան պարտավոր է առնչվել իր անցյալի հետ: Բունդեսթագի նախագահը նաեւ ԵԽ-ում անդրադարձավ Հայոց ցեղասպանության բանաձեւին:  

Թուրքական գործելաոճը նաեւ գերմանացիները զգացին, պատգամավորներից շատերը ստիպված եղան դիմել ոստիկանության պաշտպանությանը, քանի որ այդ ժամանակ նրանք մշտապես սպառնալիքների էին ենթարկվում գերմանաբնակ թուրքերի կողմից, ովքեր նշում էին, թե «այդ հարցում իր ներգրավվածությունն է ունեցել նաեւ այն ժամանակ Գերմանիայի կայսրությունը»։

Գերմանիայի խորհրդարանում «Կանաչների կուսակցության» համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը եւս հանդես եկավ ելույթով՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի՝ միաժամանակ ընդունելով Գերմանիայի մեղսակցությունը այս զանգվածային ոճրագործության մեջ: Գերմանաբնակ թուրք այս գործիչը հիշեցրեց բոլորին Գերմանական կայսրության կանցլեր Բեթման Հոլվեգի սառնասիրտ ու դաժան խոսքերը. «Մեր միակ նպատակը Թուրքիային պատերազմի ընթացքում մեր կողքին պահելն էր եւ նշանակություն չուներ՝ հայերը կբնաջնջվեին, թե ոչ»: Կանաչների կուսակցության» համանախագահը Թալեաթի ու Էնվերի նմաններին ոճրագործներ է անվանել:

Հիշեցնենք, որ հաճախ է մեջբերվում նաեւ նացիստական Գերմանիայի պարագլուխ Ադոլֆ Հիտլերի խոսքերը, ով հրեաների ողջակիզումը նախաձեռնելով, մտահոգ կուսակիցներին ասել էր, թե ամեն բան իր ժամանակն ունի եւ «հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության, միլիոնավոր զոհերի մասին»…

Հաջորդ խնդիրը, որ բարձրաձայնել է թուրքական ծագումով գերմանացի խորհրդարանականը, այն է, որ իրեն ցավ պատճառող ամենատգեղ արտահայտությունը «Թուրքիայում «հայ» բառի գործածումն է իբրեւ հայհոյանք»: «Նրանք ինձ հարցնում են, թե արդյո՞ք ես հայ եմ: Հայ լինելը իբրեւ անարգանք չեմ ընդունում: Սերելով սուննի մահմեդական ընտանիքից, Արեւելյան քրիստոնեությունը ինձ անհանգստություն չի պատճառում»… Նա  մեջբերել է իր ստամբուլահայ բարեկամ Հրանտ Դինքի խոսքերը, ով սպանվել էր Ստամբուլում՝ թուրք ծայրահեղականի կողմից. «Եթե այսօր հայերն ապրեին Վանում, այդ քաղաքը կդառնար Արեւելքի Փարիզը»:

Այս ամենը հնչել է գերմանական խորհրդարանում եւ սա մեծապես ազդել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա: Շատերն էին մտահոգ, թե Գերմանիայի Բունդեսթագի որոշումը կունենա Ռուսաստանի Դումայի նմանատիպ որոշման ճակատագիրը: Այսինքն՝ կմնա որպես Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւս մեկ փաստաթուղթ: Բայց այդպես չեղավ, ինչքան էլ Գերմանիայի շուրջ 3,5 միլիոն թուրք բնակչությունը պաշտոնական Անկարայի հետ դա պահանջեց: Ավելի քան 2,5 միլիոն ռուսաստանաբնակ հայերն էլ չկարողացան մեր բարեկամ ու գործընկեր համարվող երկրում գոնե մեկ քայլ առաջ տանել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Դումայի որոշումը, ինչը շատ անտրամաբանական է թվում այսպես կոչված բարեկամ երկրում ապրող ամենամեծ հայկական սփյուռքի առումով…

Եվ այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո, այդ երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն  Գերմանիայի իշխանությունների գործողությունները նմանեցրել էր նացիստական գործելաոճին: «Իսկական բռնապետական համակարգ է: Փորձել են չեղարկել Համբուրգում հարսանյաց սրահում միջոցառում անցկացնելու համաձայանությունը»: Նա հոխորտացել էր, թե մեկնելու է Գերմանիա եւ իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել…

Իրավիճակը այն աստիճանի էր սրվել, որ Բունդեսթագի ղեկավարը հայտարարեց, թե Գերմանիան կարող է ետ կանչել իր զինված ուժերը Թուրքիայից: Իսկ Անկարան պաշտոնապես թույլ չէր տվել, որ Գերմանիայի խորհրդարանականները այցելեն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված Բունդեսվերի զինվորականներին: Գերմանական ԶԼՄ-ները նշել էին, որ Անկարայի նման պահվածքի պատճառը Գերմանիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւն էր:

Այսօր էլ լարված են թուրք-գերմանական հարաբերությունները, այն կրկին ռազմա-քաղաքական ենթատեքստ ունի: Եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան արգելեցին թուրք քարոզիչներին իրենց երկրներում քարոզարշավ ծավալել նոր սահմանադրական բարեփոխումների համար, ինչը Անկարան դիտարկեց հակաթուրքական քայլ եւ մարդու իրավունքների ոտնահարում: Այդ բարեփոխումներ ասվածը Թուրքիան դարձրել է միապետական համակարգ՝ նախագահ Էրդողանին տալով ամենալայն հնարավորությունները: Իսկ դա պետք է նախագահին, որպեսզի իր բացարձակ իրավունքներով դառնա թուրքական տեսակի նոր հայրը: Աթաթուրքը եւ հանրապետական Թուրքիան հետզհետե անցնելու են պատմության գիրկը, որպեսզի իսլամական Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձի վերականգնել Օսմանյան Թուրքիան՝ մինչեւ «Մեծ Թուրանի» ստեղծումը:

Այս անգամ Թուրքիայի նախագահը շատ առաջ գնաց եւ հայտարարեց, թե Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում եւ այլ երկրներում չի վերացել հիտլերիզմն ու նացիզմը… Եվ այժմ Գերմանիայում պահանջում են նախագահ Էրդողանին անցանկալի անձ՝ «պերսոնա նոն գրատա» հայտարարել: Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել Գերմանիայի կառավարությանն արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր, որոնք Բեռլինի գործողությունները համեմատել էին նացիստական մեթոդների հետ:

Սաքսոնիայի վարչապետ Անխալթ Ռայներ Խազելոֆը հայտարարել է, որ պետական իշխանությունները չպետք է սպասեն համայնքային իշխանությունների որոշմանը եւ պետք է անհապաղ մերժեն թուրք գործիչների մուտքը, ովքեր հակաժողովրդավարական քարոզներ են պատրաստվում իրականացնել: Սաքսոնիայի վարչապետը նաեւ նշել է, որ վերոնշյալ հարցի շուրջ ակնկալում է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի համապատասխան գործողությունները եւ կանցլեր Անգելա Մերկելի ավելի հստակ ձեւակերպումները: Իր հերթին Գեսենի վարչապետ Ֆոլկեր Բուֆյեն պահանջել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Գերմանիայում հայտարարել «պերսոնա նոն գրատա»: «Էլ ինչ պետք է կատարվի, որ մենք վերջապես ասենք, որ բավական է»,- նշել է նա: Թուրքիայի նախագահը անցանկալի հյուր է իրենց երկրում, իսկ եթե նա ամեն դեպքում գա, պետք է արգելել նրա ելույթները, քանի որ դրանք կարող են սպառնալ Գերմանիայի անվտանգությանը:

Այս ամենը սկսվել էր դեռ ապրիլին, այսօր էլ շարունակվում է, իսկ Թուրքիայի նախագահը իր հաջորդ քայլերի մասին երկար սպասեցնել չտվեց. ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Դոնալդ Թրամփ – Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումից հետո, Թուրքիայի դեսպանատուն մեկնելու ճանապարհին Թուրքիայի նախագահի թիկնապահներն ու կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա եւ ծեծի ենթարկել:

Եվրոպացիները չեն պատրաստվում այս ամենը հանդուրժել իրենց երկրներում եւ սա լուրջ հակամարտության կարող է հանգեցնել:

Գերմանիայում նորից նախատեսում են Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս բերել իր 250 զինվորականներին, ինչպես նաեւ ռազմական ինքնաթիռներն ու տեխնիկան: Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով, գերատեսչությունը ցանկանում է շարունակել Թուրքիայում իրենց առաքելությունը, սակայն «Ինջիրլիք» բազային կա այլընտրանք», իսկ այլ մանրամասներ չի հաղորդվել: Չնայած տեղեկություն կա, որ Գերմանիան որպես այլընտրանք դիտարկում է Հորդանանի կամ Կիպրոսի բազաները:

««Տորնադոյի» եւ լիցքավորող ինքնաթիռներին Բունդեսվերը կպարտադրի ընդհատել դեպի Սիրիա եւ Իրաք հետախուզական թռիչքները՝ առնվազն 2 ամիս ժամկետով: Բացի այդ ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը Հորդանանում եւ Կիպրոսում ավելի թանկ կարժենա եւ տեխնիկապես դժվար, քան Թուրքիայում»,- գրում են գերմանական թերթերը: Նշենք, որ Թուրքիան հունիսին Գերմանիայից հետ կանչեց իր դեսպանին Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո: Ապա հայտարարեց, որ ցանկալի չէ գերմանացի պաշտոնյաների այցը ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» բազա:

Անկարան գերմանացի պատգամավորներին կթույլատրի հանդիպել «Ինջիրլիք»-ում ծառայություն անցնող գերմանացի զինծառայողների հետ, միայն այն պայմանով, եթե Գերմանիան պաշտոնական Անկարային արտահանձնի այն անձանց, ովքեր գերմանական իշխանություններից ապաստան են խնդրել: Հիշեցնենք, որ ԵԽ-ն խստորեն քննադատել է Անկարային՝ այլախոհությունը ճնշելու եւ ընդդիմադիրներին բանտերում պահելու համար: Բեռլինը տեղեկացրել է, որ ներկայումս Թուրքիայից 450 հոգի ապաստան խնդրելու դիմում է ներկայացվել, որից 80-ը բավարարվել է:

Բացահայտ է, որ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար Անկարան «Ինջիրլիք»-ի բազան դարձնում է սեփական շահերի գործոն, ինչը ՆԱՏՕ-ին կարող է դուր չգալ: Գերմանիայից հետո հերթը հասավ ԱՄՆ-ին՝ Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիք»-ի ավիաբազան ամերիկյան ուժերի համար:

ԱՄՆ-ի խնդիրն էլ կապված է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի»՝ Ռաքքայի դեմ պլանավորվող գործողությանը հնարավոր մասնակցության հետ: Ռաքքայի դեմ պլանավորվող ռազմագործողության հետ կապված բանակցություններ են ընթանում ամերիկյան կողմի հետ եւ Թուրքիան պնդում է այն առանց քրդական այդ ուժերի իրականացման մասին: «Ինջիրլիք»-ի ռազմաբազան կարեւոր նշանակություն ունի ամերիկյան օդուժի՝ Սիրիայում եւ Իրաքում Իսլամական պետության դեմ գործողությունների իրականացման համար: Թուրքիան տարբեր առիթներով շահարկում է ռազմաբազայի փակման խնդիրը՝ փորձելով դրանով ինչ-ինչ նպաստավոր գործոններ ապահովել իր համար:

Եթե Գերմանիան դիտարկում է Հորդանան կամ Կիպրոս տեղափոխել իր զինուժը, ապա ԱՄՆ-ն Սիրիայի «Տաբկա» օդանավակայանը է դիտարկում որպես թուրքական «Ինջիրլիք»-ի այլընտրանք: ԱՄՆ-ը մտադիր է հենց Ռաքքայի գործողության ընթացքում «Ինջիրլիք»-ի փոխարեն օգտագործել հենց «Տաբկա»-ի օդանավակայանը: Այդ նպատակով Սիրիա են ժամանել ամերիկացի ինժեներներ, որոնց օգնությամբ արդեն սկսվել է ռազմական գործողությունների արդյունքում զգալիորեն վնասված օդանավակայանի վերանորոգումը:

Թուրքական այս խաղերը մեկ այլ ծայրահեղության են հասնում, ինչը կարող է լրջորեն վնասել նաեւ թուրք-ամերիկյան շահերը: Թուրքիան կարող է Ռուսաստանին թույլ տալ օգտվել« Ինջիրլիք» ռազմաբազայից՝ ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական պայքարի շրջանակներում: «Իսլամական պետության դեմ պայքարում ակտիվորեն ներգրավվելու ցանկություն ունեցողների համար մենք բացել են Ինջիրլիքի ռազմաբազան: Ինչու նաեւ չհամագործակցել Ռուսաստանի հետ, խոսքն ահաբեկչական կառույցի մասին է, որը մեր բոլորի թշնամին է եւ մենք պետք է պայքարեն դրա դեմ»,- հայտարարել է Մեվլութ Չավուշօղլուն:

Ռուսաստանի պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Անդրեյ Կրասովն արդեն արձագանքել է Թուրքիայի այս առաջարկին՝ նշելով, որ դա բարեկամական քայլ է Թուրքիայի կողմից, եւ որ ռազմաբազան կարող է օգտագործվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ռուս պաշտոնյան միաժամանակ հայտարարել է, որ ռազմաբազայից օգտվելու շուրջ որոշման կայացման իրավունքը այդուհանդերձ պատկանում է Ռուսաստանի զինվորական բարձրագույն ղեկավարությանը:

Միայն պատկերացնելը, թե ինչպես են կողք-կողքի մարտնչում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի զինուժերը, արդեն անհավանական են թվում, իսկ վերջին ժամանակներս ՆԱՏՕ-ի դիրքավորումները Ռուսաստանի եվրոպական սահմանների երկայնքով, բոլորովին այլ բան է ասում:

Գուցե հենց «Ինջիրլիք»-ն էլ դառնա Արեւմուտք-Ռուսաստան բախման հենակետ: Եթե՝ ոչ, ապա գուցե Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային զուգահեռ նաեւ ՆԱՏՕ-ական ռազմաբազա տեղակայվի եթե ոչ Թուրքիայի, ապա Ադրբեջանի հետ սահմանագլխին…

Իսկ այդ ընթացքում, հայկական հարցը պիտսի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը հնարավորություն կտա Թուրքիայի, գուցե նաեւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց Դատը՝ իր պահանջատիրական բոլոր իրավունքներով ու պարտավորություններով:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 20 (453), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։