Տարածաշրջանը՝ եռացող կաթսա – Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, բայց այն գաղտնակետից, որից սկսվել են աշխարհի վերաբաժանման (բաժանումների) համար, հիմնականում պահպանվում են…

Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, սակայն այն հիմքից, որից սկսվել են այդ խաղարկումները՝ աշխարհի հերթական վերաբաժանման համար, հիմնականում պահպանվում են:

Այսպես՝ քննարկելով մեր տարածաշրջանի խաղացողներից մեկի՝ Թուրքիայի հարցը, կարող ենք ասել, որ այն մտնում է որոշիչ փուլ: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը որոշ դրական ազդակներ են ուղարկում Անկարայի ուղղությամբ, իսկ եվրոպական համագործակցությունը հետզհետե մոտենում է հակաթուրքական կերպարին: Սա էլ նշանակում է, որ Եվրոպա-Թուրքիա հակասությունները մի պահի կհասնեն գագաթնակետին, եւ Վաշինգտոնն ու Մոսկվան կմտնեն վճռական խաղի մեջ՝ կայսերական նկրտումներ ունեցող Թուրքիան մասնատելու համար:

Սա կլինի մոտավորապես այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում, երբ եվրոպական հակազդեցությունը հանգեցրեց այն բանին, որ ռուսական կողմը վերցնելով իր հասանելիքը՝ Ղրիմը, որոշակիորեն պահպանելով իրավունքներ որոշ տարածքների վրա՝ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, մնացյալը՝ որպես արեւմտամետ Ուկրաինա, թողեց Արեւմուտքի տնօրինությանը:

Ինչպես նշել ենք «Լուսանցք»-ի թողարկումներում, համաշխարհային գաղտնի կառավարության տերերը ուկրաինական կազմաքանդումով մի քանի հարց լուծեցին:  

  1. Ոչնչացրեցին սլավոնական ազգայնականության (մասնակի շաղախված մեծռուսական ծավալապաշտությամբ) վեր հառնող ռազմա-քաղաքականությունը, որը կարող էր միավորել Արեւելյան Եվրոպայի (սլավոնական հատվածի՝ Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Բուլղարիա, Սերբիա, Սլովենիա, Խորվաթիա, Մակեդոնիա, Մոնտենեգրո-Չեռնոգորիա, անգամ Բոսնիա եւ Հերցեգովինայի մի մասը եւ Կոսովոն) ուժերը, ինչը հաստատ կարող էր ընդդիմանալ աշխարհի գաղտնի տերերի ծրագրերին: Իսկ այս ամենը հենված էր Ռուսաստան-Բելառուս-Ուկրաինա անխախտ համարվող առանցքի վրա, որ ամրացել էր դեռ ԽՍՀՄ տարիներին (որը նաեւ խորհրդային երկիրը փլուզելու պատճառներից մեկը եղավ):
  2. Կրկին սառեցրեցին Եվրոպա-Ռուսաստան հնարավոր երկխոսության հնարավորությունը, որի մի քանի փորձ եղավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: ԱՄՆ-ն Եվրոպա-Ռուսաստան շահերի բախում առաջացրեց՝ նախաձեռնելով Իրաքի դեմ երկու պատերազմները, Հարավսլավիայի մասնատումը, իսկ այն պահին, երբ թվում էր եվրոպական եռյակը՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Իտալիա, մոտ է Ռուսաաստանի հետ հարաբերությունների բարելավմանը՝ ամերիկյան ռազմական օդանավերը ռմբահարեցին Բելգրադը եւ սկսվեց Սերբիայի մասնատումը: Եվրոպան նորից վերադարձավ «սառը» քաղաքականությանը: Իսկ ռուսները լքեցին սերբերին:
  3. Այս ամենին զուգահեռ որոշակիորեն խարխլվեց նաեւ եվրոպական քրիստոնեական համերաշխությունը, երբ միակ իսլամական երկիր Ալբանիային միացան Բոսնիա եւ Հերցեգովինան ու բուն սերբական տարածք Կոսովոն: Բալկաններում ամրապնդվեց իսլամական գործոնը, որը կտարածվի ըստ նպատակահարմարության: Չնայած, առանց հակամարտությունների էլ ընթանում է եվրոպայի իսլամացումը՝ Աֆրիկայից եւ Ասիայից ներգաղթյալների ու փախստականների հոսքերով:

Ուկրաինական հակամարտությունը եւս խթանեց մահմեդական գործոնի աշխուժացմանը, Ղրիմի թաթարների խնդիրը քննարկվեց տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի իսլամականների ջանքերով:

Այսպես՝ եվրոպական մասով ապահովված է աշխարհի վերաբաժանման ընթացքը, որտեղ կարող են հայտնվել նոր խաղացողներ (արեւմտյան Եվրոպայում այսօր բացառվում է), ինչպես Լեհաստանը, Բելառուսը, Ռումինիան, Հունգարիան եւ այլն, քանի որ որոշակի տարածքային խնդիրներ կան առկա ինչպես Ուկրաինայի, այնպես էլ միմյանց հետ: Մերձբալթյան երկրների հետ եւս կան խնդիրներ, եւ Լիտվան, Լատվիան ու Էստոնիան շտապում են ամրացնել ՆԱՏՕ-ի դիրքերը տարածաշրջանում:

Այս երկրները անգամ նախատեսում են պատեր կառուցել Ռուսաստանի հետ սահմանային հատվածներում:

Հայտնի է, որ աշխարհի վերաբաժանման գործընթացների առանցքը Մերձավոր Արեւելքն է, ուստի եվրոպական շարժերը, եթե պիտի լինեն, ապա սպասելու են մերձավորարեւելյան ծավալումներին: Իրաքյան պատերազմները միայն սկիզբ դրեցին այդ գործընթացներին, իսկ «արաբական գարուն» անունը կրող հեղաշրջումների ալիքը դարձավ վերաբաժանման ընթացքը: Այսօր Սիրիան այդ ամենի շարունակությունը կրողն է եւ շուտով մասնատման ալիքը Սիրիայից կանցնի Թուրքիա եւ գուցե նաեւ Իրան:

Որպեսզի ազդեն այս ընթացքի վրա, Անկարան եւ Բաքուն ամեն գնով փորձում են տարածաշրջանային խնդիրը մեծացնել եւ արցախյան պատերազմի վերսկսումով վերաբաժանման քարտեզներում նոր ուղղումներ մտցնել՝ ի վնաս Հայաստանի:

Բայց այստեղ էլ են առկա մի շարք պատճառներ՝

  1. Անկարան եւ Բաքուն սա անում են ոչ միայն այն նպատակով, որպեսզի կարողանան առավել ազատ ծավալել համաթուրանական ծրագրերը՝ մինչեւ Չինաստան եւ ռուսական Սախա-Յակուտիա. այլ այն բանի համար, որպեսզի կասեցնեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավոր մասնատումները:
  2. Այս ծավալումները հնարավորություն կտան Անկարային՝ համաթուրանական քաղաքականությունը համադրել համաիսլամական եւ համաարաբական տեսակետների հետ, ինչն էլ թույլ կտա իսրայելա-պաղեստինյան եւ արաբա-իրանական հակասությունների արծարծմամբ լինել տարածաշրջանի գլխավոր խաղացող երկիրը…

Իսկ Հայաստանի եւ Վրաստանի հարցերը կփորձեն լուծել քրիստոնեություն-իսլամականություն հակամարտության ծիրում:

Չնայած այս ամենն ավելի քիչ կյանքի հնարավորություն ունի այսօրվա տարածաշրջանում, քան հակառակ գործընթացը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատումը, այնուամենայնիվ նման խնդիր դրել են թուրքերը, պիտի դիտարկենք նաեւ մենք:

Հատկապես չի բացառվոմ, որ ի տարբերություն Միացյալ Նահանգներ – Ռուսաստանի Դաշնության որոշումների, Եվրոպան հանդես գա բոլորովին այլ տեսակետով: Եվրոպական համագործակցության համար այսօր դժվար է հարաբերվել Թուրքիայի եւ Իրանի նման տարածաշրջանային գերտերությունիկների հետ, ինչը պահանջում է մասնատում, ինչպես արաբական երկրների դեպքում:

Բայց կա նաեւ մի հանգամանք. տարածաշրջանում պիտի լինի մի երկիր, որը կհետեւի Արեւմուտքի ու Ռուսաստանի շահերին, գուցե նաեւ այլ խաղացողների, որը պիտի ունենա վստահություն եւ քաղաքական ու տնտեսական, եւ հավատքային ու մշակութային առումներով: Իսկ այդպիսի երկիր Եվրոպայի եւ գերտերությունների համար կլինի միայն Հայաստանը:

Իրան-Հայաստան-Վրաստան տնտեսական առանցքի կայացումը կարող է դառնալ լուրջ գործոն վերոնշյալ ծավալումների համար:

Այս առանցքը կարող է շահավետ լինել ոչ միայն Եվրոպայի ու փոփոխվող տարածաշրջանի, այլեւ Սպիտակ տան ու Կրեմլի գերնպատակների համար, նաեւ համաշխարհային երրորդ բեւեռին ձգտող Չինաստանի համար:

Հայկական լեռնաշխարհն ունի այդ բնական հնարավորությունները:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 20 (453), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։