Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ նա «Ավրորա»-ի պատվավոր հյուրն է… «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ պահպանեց չեմպիոնի կոչումը… Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը եղել է Կարպիս Զաքարյանը… Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնություն… Ազգային եւ միջազգային այլ մարզական լուրեր…

Հենրիխ Մխիթարյանը «Ավրորա»-ի պատվավոր հյուր

«Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ  եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Միջոցառումը վարողը նշել է, որ Հայաստանն աշխարհին տվել է գիտնականների, երաժիշտների, պայծառ ու տաղանդավոր շատ այլ մարդկանց: Եվ այսօր միջոցառմանը ներկա է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ում շնորհակալության են հայտնում մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

«Յուրաքանչյուր հանդիսատես, ով ներկա է այստեղ, տեսել է նրա փայլուն գոլերըը, հատկապես վերջինը, որ կարեւոր հաղթանակ բերեց իր թիմին: Շնորհավորում ենք նրան հաղթանակի առիթով»,- հայտարարել է միջոցառումը վարողը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւս ներկա են գտնվել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահը նշել է, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում հանդիպել էին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Վերջինս հաղթանակ է տարել 2:0 հաշվով եւ գոլի հեղինակ է դարձել նաեւ Հենրիխ Մխիթարյանը։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։ Հայ մարզիկը խաղադաշտ դուրս էր եկել Հայաստանի դրոշով։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում  էլ կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան, որին ինչպես եւ սպասվում էր, ներկա էր Շառլ Ազնավուրը, ով Հայաստան էր եկել «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Շանսոնյեի յուրաքանչյուր այցը Հայաստան, յուրաքանչյուր հանդիպում նրա հետ իրական ու սպասված տոն է: Դահլիճում ներկա գտնվողները բուռն ծափերով ողջունեցին նրան: Ներկա էին նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն ու հիմնադիրները, քանի որ բալետը ընդգրկված էր «Ավրորա»-ի պաշտոնական ծրագրում:

- Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: «Այնքան հաճելի է հանդիպել լեգենդար Մաեստրո Շառլ Ազնավուրին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը Հայաստան էր եկել մայիսի 27-ին: Նախօրեին նա Երեւանում հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման եւ առաջին նախագծի մեկնարկի՝ Երեւանում ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին:

- «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Հանրապետության տոնի առթիվ ստացած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի համար:

«Շնորհավորում եմ, Միկի»,- Հենրիխ Մխիթարյանի «Ինստագրամի» էջում տեղադրած լուսանկարի մեկնաբանություններում գրել է Պոլ Պոգբան, ով Ստոկհոլմում տարած հաղթանակի առաջին գոլի հեղինակն է:

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ պահպանեց չեմպիոնի կոչումը

Երեւանի «Ալաշկերտ»-ը 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն: Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացած 29-րդ փուլի վերջին խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեցին Գյումրիի «Շիրակ»-ին:   

«Ալաշկերտ»-ը վաստակեց 61 միավոր եւ անհասանելի դարձավ իր մրցակիցների համար: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց «Գանձասար-Կապան»-ը, իսկ ուժեղագույն եռյակը եզրափակեց «Շիրակ»-ը, որը օրեր առաջ հաղթել էր Հայաստանի գավաթի խաղարկությունում:

Ի դեպ, «Ալաշկերտ»-ն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ դարձավ երկրորդ թիմը, որը կարողացավ պաշտպանել չեմպիոնի կոչումը: Մինչ այդ դա հաջողվել էր միայն Երեւանի «Փյունիկ»-ին: Վերջինս կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի նկատմամբ՝ հաղթելով 2:1 հաշվով: Չնայած այս հաջողությանը, «Փյունիկ»-ը 42 միավորով շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականում: «Արարատ»-ը կրեց թվով 23-րդ պարտությունը, որն ավելի շատ է, քան առաջին 3 թիմերինը միասին վերցրած:

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Տաջիկստանին

Մայիսի 29-ին Սոչիում կայացավ Մ-16 հավաքականների միջև միջազգային մրցաշարի առաջին հանդիպումը Հայաստանի և Տաջիկստանի Մ-16 թիմերի միջեւ:

Հֆֆ-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեկ գոլի հեղինակ դարձավ Արամ Քոլոզյանը, եւս 2 գոլ խփեց Նարեկ Գրիգորյանը:

Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս եւ Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը,- տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)

Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)

Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը եղել է Կարպիս Զաքարյանը

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բիթլիսում ծնված ազգությամբ հայ Կարպիս Զաքարյանի մասին պատմող «Որտե՞ղ ես, Կարո» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա են եղել գրքի հեղինակ Էմինա Թեմելը, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաեւ անձամբ ինքը Զաքարյանը եւ մի շարք այլ մարդիկ:

Գրքում մասնավորապես ներկայացված է, թե ինչպես է հայ մարզիկն իր մարզական կարիերայի ընթացքում հասել մեծ հաջողությունների: Բացի այդ անդրադարձ է կատարվում նրա անձնական կյանքին: Մասնավորապես, հեղինակն ընթերցողին է ներկայացնում Կարպիս Զաքարյանի եւ Էրսիլյա անունով իտալացի մի աղջկա սիրո պատմությունը, որը, սակայն, երջանիկ ավարտ չի ունեցել: Գրքում նաեւ անդրադարձ է կատարվում Թուրքիայի պատմության սեւ էջերից մեկին՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում եւ Իզմիրում հունական ու հայկական համայնքների վրա թուրքական իշխանությունների թողտվությամբ կազմակերպված վայրենաբարո հարձակումներին:

Հնդկուհին 4 օրում 2 անգամ նվաճել է Էվերեստը

Հնդկաստանի 37-ամյա բնակչուհի Անշու Ջամսենպան չորս օրվա տարբերությամբ՝ մայիսի 16-ին եւ 21-ին, 2 անգամ հաղթահարել է Էվերեստի գագաթը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նա հավակնում է համաշխարհային նոր ռեկորդ սահմանել՝ մոլորակի ամենաբարձր գագաթը նվաճելու կնոջ երկակի հաղթանակը: Գինեսի ընթացիկ ռեկորդն է՝ 7 օրվա ընթացքում 2 անգամ գագաթի հաղթահարում:

Սա արդեն հնդկուհու 2-րդ երկակի վերելքն է. 2011-ին նա 10 օրվա ընթացքում 2 անգամ բարձրացել էր Էվերեստը: Հնդկաստանի բնակչուհին նաեւ 2013-ին է  բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռը՝  8848 մ։

Իսպանացի ալպինիստը բարձրացել է բոլոր 8000 մետրից բարձր լեռնագագաթները

Իսպանացի ալպինիստ Ֆերան Լատորեն դարձավ թվով 19-րդ լեռնագնացը, ում հաջողվեց հաղթահարել աշխարհի 8000 մետրից բարձր գտնվող լեռնագագաթները: Նա առաջին անգամ 8000-անոց գագաթ բարձրացել է 1999թ.: Սակայն աշխարհի 14 բարձր լեռնագագաթները հաղթահարելու խնդիրը Ֆերան Լատորեն իր առջեւ դրել է 2012թ.: Անվանի ալպինիստը վերջինը հաղթահարել է երկրագնդի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մ):

Հավելենք, որ առաջինը նման արդյունքի հասել էր իտալացի Ռեյնհոլդ Մեսները, 1986թ.: Դրանից հետո 17 հոգի կրկնել են նրա ցուցանիշը, ընդ որում՝ չորսը՝ միայն այս տարի:

Դատապարտյալը ռեկորդային վարժություն է կատարել

Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու եւ այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարեց վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով՝ դրանք կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ եւ ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12.782 անգամ:

ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ Արմեն Բադեյանը, «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Ղուկաս Ղուկասյանը Արթուր Կարապետյանին հանձնեցին պատվոգրեր եւ գավաթ: Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:

Արիանա Կաոիլին շախմատի սեանս է անցկացրել դատապարտյալների հետ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաեւ Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի եւ այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:

Շախմատային խաղին ներկա էր նաև «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթի խմբագրակազմը: Շուրջ 4 ժամ տեւած համառ պայքարն ավարտվեց Արիանա Կաոիլիի հաղթանակով:

Մայիսի 27-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿԻ-ի եւ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական ու իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Բացման խոսքից հետո «Նաիրյան վոկալ» համույթը հանդես եկավ կոմիտասյան եւ ժողովրդական երգերի ինքնատիպ կատարումներով:

Ներկայացված էին դատապարտյալների մատիտանկարները, գրչանկարներն ու գունանկարները, կավից եւ փայտից պատրաստված աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա էին Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ:

Հրանտ Մելքումյանը կես միավորով հետ է մնում շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարից

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության (398 մասնակից, 11 փուլ) 4-րդ փուլում ուկրաինացի գրոսմեյստեր Յուրի Կուզուբովը հաղթեց Արտաշես Մինասյանին եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

18 շախմատիստ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը, կես միավորով զիջում են առաջատարին: Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Արման Միքայելյանը վաստակել են 3-ական միավոր:

Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Արամ Հակոբյանը  3-րդն է աշխարհի պատանի աստղերի մեջ

Կիրիշիում ավարտվեց շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված էր 2 պատվիրակով: Միջազգային վարպետ Արամ Հակոբյանը, որը երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ցավոք, վերջին փուլում անսպասելի պարտություն կրեց եւ 7 միավորով զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Կիրիլ Շուբինը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ իր հայրենակից Սերգեյ Լոբանովից:

Մեր մյուս շախմատիստը՝ Շանթ Սարգսյանը, 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:

«Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը  հանդիսանում է Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»-ի խաղարկության 1-ին փուլը:

Ռաֆայել Վահանյանը կհանդիպի Անատոլի Կարպովի հետ

Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը Շվեյցարիայում կմասնակցի Բիլի հեղինակավոր շախմատային փառատոնին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, փառատոնի շրջանակում կանցկացվեն մի շարք մրցաշարեր: Մեր անվանի շախմատիստը հանդես կգա դասական եւ արագ շախմատի գլխավոր մրցումներում: Դասական մրցաշարում նրա ախոյանները կլինեն Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Դավիդ Նավարան (Չեխիա), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Էթիեն Բաքրոն (Ֆրանսիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Հոու Յիֆանը (Չինաստան), Նոել Շտուդերը եւ Նիկո Գեորգիադիսը (երկուսն էլ Շվեյցարիա):

Արագ շախմատի մրցաշարում մեր շախմատիստից բացի հանդես կգան աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը (Ռուսաստան), Նավարան, Հարիկրիշնան, Մորոզեւիչը, Յանիկ Պելետիեն (Շվեյցարիա), Հոու Յիֆանը եւ Վլաստիմիլ Հորտը (Գերմանիա):

Ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ՝ միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։ ՀԱՕԿ-ի կայքի հաղորդմամբ, հայ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել։

Երիտասարդները մրցել են մեծահասակների մրցաշարում։ Բելառուսում չեմպիոն են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ) եւ Գեղամ Գալստյանը (65 կգ)։ Արծաթե մեդալի են արժանացել Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։  Իսկ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ է տղաներից։ Մինչեւ Եվրոպայի առաջնությունը սխալները շտկելու ժամանակ ունեն։ Այժմ ազատ ոճի երիտասարդական հավաքականը Վլադիկավկազում է, որտեղ մինչեւ հունիսի 10-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Անդրե Աղասին առաջին մարզումն է անցկացրել Նովակ Ջոկովիչի հետ

Ամերիկահայ նախկին թենիսիստ Անդրե Աղասին Փարիզում առաջին մարզումն է անցկացրել աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչի հետ: Ինչպես նշում են լրատվամիջոցները, երկուսն էլ բարձր տրամադրություն են ունեցել պարապմունքի ժամանակ: Անդրե Աղասին մի քանի կոմբինացիաներ է խաղարկել սերբ թենիսիստի հետ՝ դրանք ընդմիջելով բանավոր խորհուրդներով:

Ինչպես արդեն նշել ենք, Նովակ Ջոկովիչը հրաժարվել է իր անձնական մարզչի՝ գերմանացի նախկին թենիսիստ Բորիս Բեքերի ծառայություններից: Անվանի մարզիկն առաջարկով դիմել է Անդրե Աղասիին՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում իրեն օգնելու նպատակով:

Մեր հայրենակիցն առաջին անգամ է փորձում իր ուժերը մարզչական բնագավառում:

Հայ աթլետները Վրաստանի բաց առաջնության չեմպիոն են դարձել

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանը եւ Էլլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Հարությունյանն 1-ին տեղ զբաղեցրել է 400 մ վազքում, իսկ Ալավերդյանը` 1500 մ:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշեց, որ առաջնությունն անցկացվել է մարզասրահում: Ֆուտբոլային հանդիպումների պատճառով ստադիոն չի տրամադրվել: Այժմ մեր հավաքականը պատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը: Մինչ այդ, Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը եւ Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների անհատական առաջնությանը:

Մեդալների մոտ 70 տոկոսը Վրաստանից եկավ Երեւան

Հայաստանի լողի մինչև 14 տարեկանների հավաքականը գերազանց հանդես եկավ Թբիլիսիում մայիսի 27-28-ին անկացված Վրաստանի լողի բաց առաջնությունում, որին ընդհանուր առմամբ մասնակցեց 110 մարզիկ: Չնայած Հայաստանը մրցավայր ժամանել էր 16 լողորդով, սակայն նվաճեց խաղարկվող մեդալների շուրջ 70 տոկոսը՝ 32 ոսկե,10 արծաթե եւ 10 բրոնզե:

Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ բոլոր մեդալակիրներին թվարկելը շատ ժամանակ կխլի եւ նշեց միայն նրանց անունները, որոնք առավել հաջող են հանդես եկել:

Տղաներ. Միխաիլ Շախնազարով և Տարոն Սքիզաս՝ 6-ական ոսկե մեդալ:

Աղջիկներ. Եվա Կարապետյան՝ 5 ոսկի, 1 արծաթ, Լուսինե Վասիլյան՝ 3 ոսկի, 2 արծաթ, Սյուզաննա Գրիգորյան՝ 3 ոսկի, 1 արծաթ:

Ջրացատկորդ Հարությունյան եղբայրները՝ Մադրիդի «Գրան Պրի»-ում

Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր: Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը: Ջրացատկորդներն այժմ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։