Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե;ք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ… «Փառքի րոպեն» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը… Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը պարային միջազգային փառատոնում… «Զվարթնոց» տաճարի տարածքը վերածվել էր «մանկության մոլորակի»… Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին… Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում երաժշտական փառատոն հիմնել…

«Փառքի րոպեն» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը

Ռուսաստանի առաջին ալիքով անցկացվող «Փառքի րոպեն» շոու ծրագրի հաղթողներ, հայաստանցի կրկեսային ակրոբատներ Գեւորգ եւ Անդրանիկ Վարդանյան եղբայրները, այդ հաջողության մեջ բոլորից շատ կարեւորում են հոգեբանական բավարարվածությունը: «Այդ շոուին մասնակցեցինք մի նպատակի համար՝ որ հանրությունը տեղյակ լինի, որ կան հայ արտիստներ, որոնք հանդես են գալիս կրկեսում: Շոուի ֆինանսական կողմը մեզ բոլորովին չէր հետաքրքրում, քանի որ մենք աշխատում են Մոսկվայի ամենահայտնի կրկեսներից մեկում եւ նյութապես ապահովված ենք»,- կազմակերպված մամուլի ասուլիսին ասել են Վարդանյան եղբայրները:

Նրանք ծնվել են Երեւանում, կրկեսային ակրոբատիկայով զբաղվել են 4 տարեկանից, իրենց հորեղբոր՝ Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ: Հայոց բանակում ծառայելուց հետո Վարդանյան եղբայրները մեկնել են Ռուսաստան եւ աշխատել նախ Մոսկվայի ռուս-հայկական, ապա Գիյա Էրաձեի ղեկավարած թագավորական կրկեսում:

Այս հաղթանակից հետո շնորհալի եղբայները ունեն եւս մեկ երազանք՝ կապված իրենց մասնագիտության հետ: Նրանք ցանկանում են մասնակցել Մոնտե Կառլոյում անցկացվող կրկեսային փառատոնին: Եղբայրների երկրորդ երազանքը կապված է Հայաստանի հետ: «Մենք սպասում ենք, որ մեր կրկեսը կբացվի եւ մեզ կհրավիրեն դրա բացմանը: Մեծ հաճույքով կգանք: Դա կախված է մեր պետությունից ու հայ ազգից, որոնք պետք է ցանկանան բացման արարողությանը տեսնել ոչ թե կրկեսի արտասահմանցի արտիստների, այլ ամբողջ աշխարհում սփռված հայ տաղանդավոր մարդկանց»,- նշեց Վարդանյան եղբայրներից  կրտսերը՝ Անդրանիկը:

Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Մայիսի 23-28-ը Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը` Բոդրումում կայանալիք 18-րդ ամենամյա պարային միջազգային փառատոնի ընթացքում: Հայաստանը եւս ընդգրկված էր փառատոնում եւ այա տարի եռագույնը բարձրացնելու պատիվը տրվեց Աննա Շախկյանին եւ Վանուշ Կարապետյանին:  

Այս յուրահատուկ օրը տոնելու համար Բոդրումն ամեն տարի հյուրընկալում է հազարավոր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Այս տարի նույնպես, Բոդրումի 18-րդ միջազգային փառատոնը կայացավ միջազգային հարթակում: Այս գեղեցիկ նավահանգստային քաղաքում աշխարհի տարբեր մշակույթներ միավորեցին՝ պարողների, դերասանների, լրագրողների եւ կամավորների շնորհիվ: 2012թ. ի վեր Բոդրումի միջազգային պարի փառատոնը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային փառատոնների ցուցակում:

Հնգօրյա փառատոնը սկսվեց մայիսի 23-ին եւ հազարավոր պարողներ փառատոնի ընթացքում ներկայացան պարային ու երաժշտական տարբեր ոճերում: Փառատոնին մասնակցեց նաեւ Բոդրումի պարային ակումբը, որոնց անդամներն են նաեւ Աննան ու Վանուշը, ովքեր արդեն 1 ամիս է, ինչ Բոդրումում են՝ որպես EVS կամավորներ եւ պատրաստվում են փառատոնին: Նրանք իրենց  ակտիվությամբ աչքի են ընկել եւ արդեն հասցրել են ներկայացնել ծրագրի մյուս մասնակիցներին Հայաստանի մշակույթը, պատմությունը, ինչպես նաեւ բազմաթիվ պարային համարներ՝ ազգային տարազով: Նրանց շնորհիվ Բոդրումում շատերն են սկսել հայկական պարեր սովորել եւ  հետաքրքրություն ցուցաբերել  հայկական մշակույթի հանդեպ:

6 շաբաթվա ընթացքում ակումբի տարբեր երկրներից ժամանած մասնագետները համագործակցում էին եվրոպական 17  երկրներից եկած կամավորների հետ՝ միջոցառումը կազմակերպելու նպատակով: Երիտասարդների ուսուցումը եւ կացությունը ապահովվում էր Էրազմուս պլյուս ծրագրի շրջանակներում: Փառատոնի փակումը վստահվել էր Աննային, ով միջազգային հանդիսատեսին ներկայացավ հայկական ժողովրդական մենապարով։

Փորձերի ու ներկայացումների ժամանակ տարբեր երկրներից եկած կամավորները հնարավորություն ունեցան սովորելու բազմաթիվ ազգային պարեր եւ նոր պարային ոճեր՝ աշխարհին ցույց տալով պարերի մեջ թաքնված հեղափոխական ուժը: Ավելին, նրանք ծանոթանան այլ երկրների մշակույթներին ու սովորույթներին: Այս ամենը նրանց հնարավորություն կտա իրականացնել Էրազմուս պլյուս ծրագրի գլխավոր նպատակը, այն է՝բարելավել համագործակցությունը երիտասարդների ու երկրների միջեւ:

Նախքան փառատոնի սկսվելը կամավորները հիմնականում պարտականություններ ունեին տարածել իրենց երկրի մշակույթը, էրազմուս պլյուսի եւ Բոդրումի պարի միջազգային փառատոնի մասին տեղեկությունը տեղի մշակութային կենտրոններում, դպրոցներում եւ լրատվամիջոցներին: Հավելենք, որ ծրագիրը ֆինանսավորվում էր Էրազմուս պլյուսի կողմից եւ Հայաստանից պաշտոնական գործընկեր է հանդիսանում «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն: Մասնակիցներն ընտրվել էին մրցութային կարգով:

Նշենք որ Եվրոպական Կամավորական ծառայությունը ամբողջովին անվճար է եւ բաց է 18-30 տարեկան բոլոր երիտասարդների համար: Ծրագրերը իրականացվում են տարբեր թեմատիկ ոլորտներում՝ միչև 1 տարի ժամկետով:

«Զվարթնոց» տաճարի տարածքը վերածվել էր «մանկության մոլորակի»

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի մայրաքաղաքի տարբեր շրջաններում եւ ՀՀ այլ բնակավայրերում տասնյակ միջոցառումներ կազմակերպվեցին՝ ի պաշտպանություն երեխաների:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւս համախմբել էր փոքրիկներին, ինչպեսեւ` մեծերին: 7-րդ դարի տաճարի հարակից տարածքում տանտիրոջ իրավունքով, հաստատվել էին փոքրիկ ու չարաճճիները` իրենց խինդ ու ծիծաղով համակելով ամենքին։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունն արել էր հնարավորը՝ Թանգարանի տարածքում հեքիաթային մթնոլորտ ստեղծելու համար։ Դեպի տաճար տանող ճեմուղին վերածվել էր մեծ ցուցասրահի: Նկարակալների վրա ներկայացվել էին Էջմիածնի Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։

Փոքրիկ հրաշամանուկները նաեւ տոնական համերգային միջոցառման «տերերն» էին: Զվարթնոցի տաճարի հարթակում տոնական բարձր տրամադրությունն ապահովում էին հենց երեխաները: Ելույթներով հանդես եկան Էջմիածին քաղաքի Հայորդաց տան, «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղի, Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատի, Մակար Եկմալյանի անվան թիվ 1 եւ Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցների սաները։

Մինչ տաճարի հարթակում երաժշտական կատարումներ էին հնչում, արգելոց-թանգարանի տարածքում հավաքված բազմաթիվ փոքրիկներին հրաշքներ գործող ուրախ ծաղրածուն ու հեքիաթների հերոսները անակնկալներ էին մատուցում՝ զվարճալի խաղեր, պաղպաղակի հյուրասիրություն եւ այլն։ Ուրախ տոնախմբության վերածված միջոցառումը մանկության զարմանահրաշ աշխարհ էր տեղափոխել նաեւ մեծերին:

Երեւանում Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին

Օրերս Երեւանում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման եւ առաջին նախագծի մեկնարկի՝ Երեւանում ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին: Թանգարանի նպատակն է Մաեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգության պահպանությունը, ինչպես նաեւ ուսումնական ու սոցիալական ծրագրերի մշակումն ու իրագործումը: Կասկադում կայացավ պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձնման արարողությունը: Տոնական արարողությունը պատվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, նախագծի գործընկերները:

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրին հանձնեց կեցավայրի խորհրդանշական բանալին:

Միջոցառման սկզբում Շառլ Ազնավուրը նախ հայերենով ասաց. «Երբ որ միկրոֆոնը կվերցնեմ քովս, հայերենս կմոռնամ, չեմ կարող, միայն ֆրանսերեն կրնամ: Ֆրանսերեն պիտի խոսիմ»։ Ապա շարունակեց ֆրանսերենով. «Ինձ համար մեծ պատիվ եւ ուրախություն է լինել այսօր այստեղ, ստանալ տուն-թանգարանի, մշակութային կենտրոնի բանալիները: Շնորհակալ եմ ձեր շռայլ նվիրաբերության համար: Վստահութամբ եւ մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, եւ որդուս՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի 1988թ. մեկնարկած իմ բարեգործական գործունեությունը:

«Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը կլինի հենց թանգարանի հիմնումը, որը կլինի ոչ միայն ինտերակտիվ թանգարան, այլ նաեւ երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային կարևոր վայր: Մեծ վստահությամբ ու հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, քանի որ տեսել եմ, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում մեկը մյուսի հետեւից կյանքի կոչվում կրթական, պատմամշակութային շատ կարեւոր, առաջընթաց ապահովող ծրագրեր:

Այո, Շառլ Ազնավուր անունը հանրաճանաչ է, մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, սակայն այդ անվան ամբողջ պարունակած մշակույթը ևս պետք է գա Հայաստան: Ոչ միայն Ազնավուրի, այլ աշխարհասփյուռք ամբողջ հայության բոլոր գործերը պետք է թարգմավեն, լինեն այստեղ: Հայաստանում գտնվելով՝  հետեւում եմ հեռուստատեսությամբ, տեսնում եմ, որ հետընթաց չունենք, բավականին առաջ ենք թե գույների, թե ներկայացվող ծրագրերի առումով, կարեւոր է անպայման, որ մենք մշակույթը թարգմանենք, բերենք Հայաստան, որպեսզի Սփյուռք-Հայաստանը կապվեն նաեւ այդ կերպ»: Մաեստրոն իր խորին երախտագիտությունը հայտնեց  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, մշակույթի նաարարությանը, բոլոր աջակիցներին, ովքեր արդեն իսկ աջակցում են նախագծի իրականացմանը, IDeA հիմնադրամին, անձամբ համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, ով բոլոր ջանքերը ներդրել է կյանքի կոչվի այս ծրագիրը:

«Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից»,- նշեց հանրաճանաչ շանսոնյեն: Ազնավուրն ասաց, որ Հայաստանի և սփյուռքի հայերը պետք է բոլորը միավորեն իրենց ջանքերը ստեղծելու համար այնպիսի նախագծեր, կենսակայուն ծրագրեր Հայաստանում, որպեսզի հայ երիտասարդները հնարավորություն ունենան իրենց երազանքներն իրագործել Հայաստանում՝ շրջապատված հարազատներով:

Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում երաժշտական փառատոն հիմնել

Աշխարհահռչակ ռոք երաժիշտի Սերժ Թանկյանը, ով երգ է գրել «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության համար, մտադիր է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնել: Գրում է AFP-ն՝ մանրամասն  անդրադառնալով մրցանակաբաշխությանը: Թանկյանը, ով տեսաուղերձով շնորհավորել է մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիր Թոմ Քաթինային, նշել է, որ դա երախտագիտություն է բոլոր մարդկանց, ովքեր օգնել են զոհերին:
Լիբանանում ծնված Թանկյանը, ում նախնիներին Ցեղասպանությունից փրկվել են թուրք քաղաքապետն ու ամերիկացի միսիոներները, նշել է, որ մարդիկ շատ հաճախ դասեր չեն քաղում իրենց պապերի ցավից: Նա նշել է, որ ցանկանում է ավելին անել Հայաստանում, մտածում է երաժշտական փառատոն հիմնելու մասին:  Հույս ունի՝ Հայաստանը հնարավոր կլինի ինտեգրել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավորություն կտա արևմտյան խմբերին այցելել կովկասյան երկիր: «Ես միշտ երազել եմ Հայաստան միջազգային փառատոն հիմնելու մասին: Քանի որ ես փորձել եմ կատարել քաղաքական, սոցիալական աշխատանքներ, ցանկանում եմ անել նաև արվեստի ու երաժշտության հետ կապված գործ»,- ասել է Թանկյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ System of a Down խմբի  առաջին համերգը Հայաստանում կայացավ 2015-ին, երբ նշվում էր Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Այս տարի առաջին անգամը լինելով Արցախում նա հայտարարել էր. «Միշտ կպահեմ այս հիշողությունները Արցախ այցի մասինՀուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանաԻսկապես տպավորված եմ Արցախով»:

Հիշեղնենք, որ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը եւ շուրջ 2 տասնյակ նրանց ընկերները Ստեփանակերտում հանդես են եկել ավելի ծավալուն եւ գնահատող հաայտարարությամբ… Հիշեցնենք նաեւ, որ Արցախի նախագահն ընդունել էր Սերժ Թանկյանին ու Ատոմ ԷգոյանինՍերժ Թանկյանը նշել է, որ գեշնչվել ու երգ է գրել արցախցիների մասին

«Մշակութային կանգառ». Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգները՝ Արցախում

Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Ռոբերտ Մլքեյան/`ս.թ. հունիսի 6-7-ին համերգներով հանդես կգա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. Ստեփանակերտում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում եւ Շուշիում՝ Կերպարվեստի թանգարանում:

Ծրագրում ընդգրկված են հայ հոգևոր եւ աշխարհիկ, ինչպես նաեւ հայկական ժողովրդական երգերի ժամանակակից մշակումներ: Արցախյան ուղեւորությունից հետո երգչախումբը կպատրաստվի ՀՀ Տավուշի մարզի հուլիսյան հյուրախաղերին. հանդես կգա Դիլիջանում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Պառավաքարում եւ Բերդում:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս.թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։