Ինչու՞ են մասնավորեցվում միակները – Իսկ ինչքանո՞վ է ճիշտ մասնավորին թողնել տեղեկատվական հենքը, չէ՞ որ այս կենտրոնում է հանրապետության ամբողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում լինում… Իսկ ինչու՞ է մասնավորեցվում Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը…

Թե պետական ինչ գույք է մասնավորեցվելու առաջիկա չորս տարիներին, գործադիրն արդեն որոշել է (կառավարության նախորդ նիստից հետո այս խնդրին մասնակի անդրադարձել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ուստի իմ այն ընթերցողները, ովքեր իմ ստորագրությամբ նյութերը կարդում են երկու պարբերականներում՝ նշյալ օրաթերթում եւ մեզ մոտ՝ «Լուսանցք»-ում, խնդրում եմ ներողամիտ լինեն կրկնությունների համար: Պարզապես խնդրի կարեւորությունից ելնելով՝ կրկնակի անդրադարձը անհրաժեշտ եմ համարում,-Ա.Մ.): Օրինակ՝ մասնավորեցվելու են «Ագրոսպասարկում» ընկերությունն ու Գորիսի «Բերրիություն» ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Հայփոստն» ու «Հայավտոկայանը»:

Մասնավորեցման են դրված նաեւ «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, «Ընդունելությունների տունը», «Հրազդանի մարզահամալիրը», «Ձիասպորտի կենտրոնը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնեմասը, Երեւանի ջրամատակարարման ուղեմասը, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի պետական բաժնեմասը, «Երվերելակը»:

Առողջապահական ոլորտի որոշ ընկերություններ էլ են դրված մասնավորեցման: Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի, Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնի, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնի, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի, Հանրապետական անձավաբուժական կենտրոնի մասին է:  

Մի խոսքով, մասնավորեցման ցանկում են հայտնվել 47 ընկերություն:

Սրանց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Քանի որ հանրության շրջանում մասնավորեցման հանդեպ բացասական վերաբերմունքը դեռ կա, բնականաբար հարցեր են ծագելու հատկապես առողջապահական ոլորտի մի շարք ընկերությունների մասնավորեցման հետ կապված:

Ասենք՝ ինչքանով էր ճիշտ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում ներառել ուռուցքաբանական ազգային կենտրոնը՝ հաշվի առնելով դրա նշանակությունը (սոցիալապես ապահովները այդ կարգի ծառայություններից արտերկրում են օգտվում):

Գործադիրը դա հետեւյալ կերպ է մեկնաբանում. հաշվի առնելով, որ վերջին տարիներին ընդլայնվել է ուռուցքաբանական ծառայությունների աշխարհագրությունը, եւ, ներկայումս, թվով 8 բժշկական կազմակերպություններում եւս ուռուցքաբանական հիվանդների բժշկական օգնություն ու սպասարկում է արվում, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ակտիվ քաղաքականություն ծառայությունն առավել մրցունակ դարձնելու նպատակով (նորագույն տեխնոլոգիաների եւ սարքավորումների ներդրումը կնպաստի առավել որակյալ եւ հասանելի բժշկական օգնության կազմակերպմանը), նպատակահարմար է դարձել մասնավորեցումը:

Իսկ ինչքանո՞վ է ճիշտ մասնավորին թողնել տեղեկատվական հենքը, չէ՞ որ այս կենտրոնում է հանրապետության ամբողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում լինում:

Սրա պատասխանն էլ կա. գործադիրն առաջարկում է մասնավորեցման գործընթացից առաջ տեղեկատվական ծառայությունը տեղափոխել ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոն, «քանի որ տեղեկատվական վերլուծական գործունեությունը ՀՀ տարածքում պետության մենաշնորհն է»:

Բացի այդ՝ առաջարկվում է նաեւ դիտարկել դիսպանսեր հսկողության գործառույթների ապակենտրոնացումն ուռուցքաբանական ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններում:

Ինչ վերաբերում է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնին, ապա ներկայումս այս ուղղությունը չի համարվում հազվադեպ հանդիպող, քանի որ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքներ առկա են բոլոր բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում, ինչպես նաեւ կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության եւ անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (գնահատականը գործադիրինն է):

Իսկ մասնավորեցման հետեւանքով ակնկալվում են ներդրումներ, նոր բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինում, որի արդյունքում, բժշկագիտության ոլորտի արագ զարգացմանը համահունչ, ծառայությունը կլինի առավել մրցունակ:

Այդ դեպքում ինչու՞ է մասնավորեցվում Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը, չէ՞ որ այն հանրապետական նշանակության է եւ այրվածքային ու ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի: Բացի այդ՝ սա այն կարգի հաստատություն է, որ հույժ անհրաժեշտ է լինում հատկապես արտակարգ իրավիճակների եւ ռազմական դրության ժամանակ:

Պետգույքի կառավարման վարչությունը հստակեցնում է, որ «պրոֆիլով միակի» գործոնը հաշվի առնելով առաջարկվում է մասնավորեցման գործընթացն իրականացնելիս որպես նախապայման դնել «պրոֆիլի պահպանումը, ինչպես նաեւ նախատեսել պարտականություն առ այն, որ ռազմական, արտակարգ իրավիճակների եւ հատուկ դրության ժամանակ կենտրոնն ապահովելու է սահմանված ծավալով բժշկական օգնությունը, հատկապես ճառագայթային վտանգի առկայության դեպքում, եւ ապահովելու է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողության անընդհատությունը»:

Նույն տրամաբանությամբ է մասնավորեցվում նաեւ Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնը, որը նույնպես ուղղվածությամբ միակն է մեր երկրում:

Բացի այդ՝ այս կենտրոնն է նաեւ զորակոչային փորձաքննություն իրականացնող միակ մասնագիտական կազմակերպությունը, որտեղ տարեկան իրականացվում են շուրջ 1000 հիվանդանոցային ու արտահիվանդանոցային փորձաքննություններ: Մասնավորեցման ակնկալիքը ներդրումներն են՝ նորագույն բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինման նպատակով: Պրոֆիլի պահպանումը կրկին լինելու է մասնավորեցման նախապայմանը:

Անշուշտ, գործադիրը բացատրությունը գտել է, բայց ինչքանով դա կկարողանա իրականացնել: Կամ՝ եթե ավելի ստույգ՝ ապա որտեղի՞ց է գտնելու ներդրող, որ եւ՛ այդքան ներդրում անի եւ՛ խելոք լսի մեր կառավարությանը: Կրկնում եմ՝ դառը փորձ կա մասնավորեցման դաշտում: Օրինակները հայտնի են. ասենք՝ Երիտասարդական պալատը, «Դվին» հյուրանոցը, «Սեւանը» նույնպես… Այս հանգամանքից ելնելով՝ կարո՞ղ եմ չհավատալ, որ մասնավորը կպահպանի «միակի» պրոֆիլը, միանշանակ կարող եմ:

«Օշական» մանկական վերականգնողական կենտրոնն ապահովում է հենաշարժական եւ մտավոր խնդիրներով գերազանցապես հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնություն՝ առողջարանային ռեժիմով: Այս կարգի ծառայություններ այլ՝ մասնագիտացված կենտրոններում էլ են մատուցում, նաեւ՝ այս կենտրոնը ներդրումների խիստ կարիք ունի: Ինչ վերաբերում է մանկական մեկ այլ կենտրոնի՝ դիլիջանյան հակատուբերկուլյոզային առողջարանին, ապա այն ընդամենը երկու հաստիք ունի եւ փաստացի որեւէ գործունեություն չի ծավալում։

Ի դեպ, ասեմ, որ հաշվի առնելով մասնավորեցման անհաջող օրինակների չկրկնվելու անհրաժեշտությունը՝ փորձեցի հասկանալ, թե որոնք են տնտեսության այն ճյուղերը, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում:

Պարզվեց, որ մասնավորեցման ենթակա չեն քաղաքացիական պաշտպանության եւ մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերեւութաբանության ոլորտների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները:

Նաեւ՝ պետական պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները: Մասնավորեցման ենթակա չեն նաեւ ստանդարտացման եւ չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները:

Սրանց հավելյալ՝ չեն մասնավորեցվի միջպետական եւ հանրապետական նշանակության երկաթուղիներն ու ավտոճանապարհները, Երեւանի մետրոպոլիտենը, գնացքների երթեւեկության եւ օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները:

Այս ամենը կցանկանայինք եզրափակել շատ կարեւոր մի հանգամանքով. այն է՝ մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվի, եւ դրանք կառանձնացվեն մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են ինժեներատեխնիկական կառույցներում, ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, սոցիալական եւ մշակութային ոլորտի օբյեկտներում (կօգտագործվեն վարձակալական հիմունքներով):

Թե ինչ կարեւորություն ունի այս դրույթը, այստեղ չենք անդրադառնա, կհավելենք  միայն, որ դրա նշանակությունը շատ ենք քննարկել, երբ անդրադարձել ենք անշարժ գույքի կադաստրային խնդիրներին:

Առիթով որոշ փակագծեր կբացեմ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։