Ինչ անել 2300 չկառավարվող աղբանոցի հետ – «Մաքուր Հայաստան»-ը մաքուր պահելու բանաձեւը… Մեր երկիրն այնքան ենք կեղտոտել, որ հիմա մաքրելու համար գործողությունների ծրագիր ենք մշակել, անունն էլ դրել՝ «Մաքուր Հայաստան»… Սանիտարական տեսուչի հոգին դուրս կգա…

Մեր երկիրն այնքան ենք կեղտոտել, որ հիմա մաքրելու համար գործողությունների ծրագիր ենք մշակել, անունն էլ դրել՝ «Մաքուր Հայաստան»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը այս տարվա փետրվարի 16-ին կառավարության նիստում հանձնարարական տվեց տարածքային կառավարման եւ զարգացման ու բնապահպանության նախարարություններին:

Ճիշտ այս օրերին կոշտ կենցաղային թափոնների կառավարման հարցի համապատկերում «Լուսանցք»-ը քննարկում էր աղբային խնդրից ազատվելու տարբերակները, միջազգային փորձը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այս խնդիրը արագ լուծելու համար ոչ մի երկրում հասարակության գիտակցության վրա հույսը չեն դրել: Կիրառել են վարչական տույժ եւ տեսել արդյունքը: Եվ միայն հետո է հետեւել հանրությանը կրթելու գործը:

Մենք մեկ անգամ չէ, որ տարբերակ ենք առաջարկել՝ ստեղծել բնապահպանական ոստիկանների կամ հատուկ հսկիչների մի կառույց, որոնք քաղաքացիական հագուստով կշրջեն քաղաքում եւ կտուգանեն քաղաքն աղտոտողներին: Ինչեւէ, մերոնք տեղից շարժվեցին, երբ Վրաստանում հանանման կարգ կիրառվեց ու հիմա մեզ մոտ էլ է սանիտարական տեսուչների մասին խոսվում:

Վարչապետի հանձնարարականին երկու ամիս անց հետեւեց երկու նախարարությունների համատեղ մշակած՝ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը: Գործող աղբանոցների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու եւ այդ աղբանոցները փակելու նպատակով գույքագրվել ու անձնագրավորվել են մեր երկրի տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով:  

Մինչ հասկանալը, թե մաքուր Հայաստան ունենալու համար ինչ քայլեր են արվելու, ասենք, որ ծրագրի շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության, հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաեւ ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում գործելու է թեժ գիծ՝ 010-511-328 հեռախոսահամարով, ժամը 9:00-ից մինչ 18:00-ն:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համոզմամբ, ըստ էության, պետություն – համայնք – մասնավոր – քաղհասարակություն լայնաֆորմատ համագործակցության արդյունք է եւ կոչված է համախմբելու Հայաստանի բնակիչներին, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին եւ ՀԿ-ներին՝ Հայաստանն աղբից մաքրելու ու աղբահանության համար չնախատեսված վայրերում դրա հետագա կուտակումները կանխելու նպատակի շուրջ: Ամեն մարզ կմշակի միջոցառումների առանձին ծրագիր: Ընդհանուր ծրագիրը կարվի պետական եւ համայնքային բյուջեների, ինչպես նաեւ մասնավոր միջոցների հաշվին: Ծրագրի գործողությունները նախարարը 3 պայմանական խմբի է բաժանում՝ նախապատրաստական, ուղղիչ (շաբաթօրյակներ, աղբանոցներից աղբի տեղափոխումը գործող աղբավայրեր) եւ կանխարգելիչ (էկոկրթություն):

Ցավալի է, բայց փաստ: Փաստորեն, կրկնենք, մեր երկիրն այնքան ենք կեղտոտել, որ մաքրելու համար արդեն ծրագիր ու միջոցներ պետք եկան: Մեր երկիրն այնքան ենք կեղտոտել, որ այդ աղբի ծավալն արդեն խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը: Միայն մեկ թիվ նշենք: Մենք ավելի քան 40,000 պատմա-մշակութային վայրեր ունենք, որոնք ներքին ու արտաքին զբոսաշրջության ծավալների աճի էական ներուժ կարող են լինել: Բայց այդ բնակավայրերից շատերը ոչ պատշաճ պահպանման  ու աղբահավաքության հետեւանքով աղտոտված են  կենցաղային աղբի կուտակումներով:

Զբոսաշրջության զարգացման գործոնը մի կողմ թողնենք. այդ աղբը էկոհամակարգերի վրա էլ է ազդում: Որպես աղբանոցներ  են  ծառայում  ճանապարհամերձ տարածքները, ձորակները, անտառները, շահագործված հանքերից հետո մնացած հանքախորշերը եւ նույնիսկ ոռոգման ջրանցքներն ու գետերը:

Սկզբի համար նախ պետք է հասկանալ՝ այդ 2300 աղբանոցների (բացի Երեւանից) հետ ինչ անել՝ հողով ծածկել, տեղափոխել, թե օգտագործել:

Յուրաքանչյուր աղբանոցի համար անձնագիր է կազմվել:

Օրինակ, Արագածոտնի մարզի Փարպի համայնքի աղբանոցի անձնագրից իմանում ենք, որ սա քաղաքացիներն են գործածում, կազմակերպված աղբահանություն չի արվում, որեւէ ընկերության կողմից չի սպասարկվում եւ աղբավայր է դարձել 1990թ.-ից: Կուտակված աղբի առավելագույն բարձրությունը 0.3 մ է, հեռավորությունը մոտակա բնակելի շինությունից՝ 0.3 կմ Համայնքի միակ աղբավայրը չէ: Մոտավոր մակերեսը 0.05 հա է: Չի այրվում, ցանկապատված չէ, տնային կենդանիների համար էլ հասանելի է: Շրջակա միջավայրին հասցվող վնասի աստիճանը միջին է գնահատվում:

Եվ այսպես 2300 անձնագիր, 2300 աղբանոց, որոնց մեծ մասը հասանելի է ընտանի կենդանիների համար: Այդ 2300-ից 1175-ն ունեն 0.01-0.05 հա տարածք: 260 աղբանոց արդեն 1 հա-ից ավելի է: Քանի որ մենք խնդրո առարկայի շուրջ միջազգային փորձն ուսումնասիրել ու մասամբ ներկայացրել ենք, ասենք, որ կա կարեւոր մի գործոն, որն անտեսել չենք կարող: Լավ, ասենք աղբավայրը հողով ծածկեցինք կամ տեղափոխեցինք, ի՞նչ ենք անելու, որ այդ վայրը կրկին աղբանոցի չվերածվի: Սովորույթի ուժը չպետք է անտեսել:

Ըստ այդմ, նախ պետք է հասկանալ, թե ինչու է այդ վայրը դարձել աղբանոց: Դրանից հետո միայն կհետեւեն այլ հարցերն ու պատասխանները՝ օրենսդրական դաշտի զուգահեռ վերլուծությամբ:

Դա էլ թույլ կտա բացահայտել ներկայիս աղբապատված շրջակա միջավայրի պատճառ համարվող իրավական եւ ինստիտուցիոնալ բացերը: Նախնական  վերլուծությունները, ըստ նշյալ նախարարության, ցույց են տալիս, որ  այդպիս պատճառներ կարող են լինել աղբահանության պատասխանատու մարմինների կողմից աղտոտողների բացահայտման դժվարությունները, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ավանդույթների բացակայությունը, աղբահանության, դրա համար սահմանված վայրերի անորոշությունը, սանմաքրման, սանիտարական սխեմաներ կազմելու փորձի բացակայությունը կամ դրա պակասը, աղբավայրերի շահագործման կանոնների նորմավորման անհրաժեշտությունը  եւ, ընդ որում, այդ բոլորը հանրապետական, տարածքային ինքնակառավարման մակարդակներում:

Ի դեպ, առանձին խնդիր է նաեւ կենցաղային վտանգավոր թափոնների տարանջատման անհրաժեշտությունը:

Տնտեսական  զարգացման եւ ներդրումների նախարարությունը նախաձեռնել է պոլիէթիլենային փաթեթվածքների փուլային կրճատման ծրագիր, մինչդեռ իրենց արտադրանքների առաջացած թափոնների հետհավաքման սոցիալական պատասխանատվությունը պետք է կրեն բոլոր կենցաղային վտանգավոր թափոն առաջացնող արտադրողներն ու ներմուծողները (այս մասին ապրիլի 13-ի կառավարության նիստում բարձրաձայնել է բնապահպանության նախարարը):

Եթե վերլուծությունը հանգեցրեց այն մտքին, որ աղբանոցը պետք է շարունակի իր գոյությունը, ապա դա պետք է հիմնավորվի եւ այդ աղբավայրի շահագործման համար կարգավորումներ մշակվեն:

Իսկ աղբանոցի փակումից կամ աղբանոցում գտնվող աղբի տեղափոխումից, անկանոն թափված աղբը հավաքելուց հետո կտեղադրվեն ցուցանակներ, որոնք  կարգելեն  աղբը թափել եւ կնախազգուշացնեն աղբը դրա համար չնախատեսած վայրերում  թափելու իրավական հետեւանքների մասին: Նաեւ կտեղեկացնեն մոտակա սպասարկվող աղբավայրի հասանելիության տեղադիրքի, հեռավորության մասին:

Եվ վերջում այն կարեւորի մասին, որի արդյունավետությանը չենք կասկածում՝ վարչական տույժի կիրառման: Պարզապես պետք է կիրառել համապատասխան օրենսգրքի պահանջը: Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43,1 հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու եւ չսահմանված վայրում աղբ թափելու համար:

«Մաքուր Հայաստան» ծրագիրը ենթադրում է որ խստորեն  կհետեւեն այս հոդվածի կիրարկմանը եւ վարչական պատիժ կսահմանեն թե՛ աղբ թափողների, թե աղբահանությունը պատշաճ կերպով չկազմակերպողների նկատմամբ (ներառյալ համայնքապետարանների եւ մասնագիտացված օպերատորների):

Աստղինե Քարամյան

Սանիտարական տեսուչի հոգին դուրս կգա

Կառավարության մայիսի 25-ի նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց:

Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ եւ իրականացվել են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ:

Միաժամանակ ակնկալում եմ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների եւ կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակացությունը ու լիարժեք աջակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

Այս ծրագրին մենք խիստ հետեւողակական ենք լինելու եւ այն կրելու է շարունակական բնույթ։

Մասնավորապես, մենք առաջարկում ենք համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը։

Մինչեւ 2017թ. վերջ նախատեսում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ»։

Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում տուգանքի կիրառումը ապահովող հատուկ ստորաբաժանման ձեւավորման վերաբերյալ։

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ամսական մանրամասն հաշվետվություններ կզեկուցվեն, այնուհետեւ կատարված աշխատանքների եւ հետագա միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի զանգավածային լրատվության միջոցներին:

Տարածքային կառավարման եւ զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ փակման ենթակա եւ կոնսերվացման դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակարպելու եւ աղբահանության ծառայությունները ապահովելու նպատակով համապատասխան ազդակիր համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ։

«Մենք համայնքներին առաջարկում ենք, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ:

Այն պետք է հստակ խաղի կանոններ, նորմեր սահմանի:

Այդ կառույցի բյուջեի աղբյուրները տուգանքներից են գոյանալու, որի մի մասը ուղղվելու է տեսուչների վարձատրմանը, մյուս մասը՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման գործառույթների իրականացմանը»,- նկատեց գործադիր իշխանության ղեկավարը:

Մենք թեման ուշադրության կենտրոնում կպահենք:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։