Հայ-վրացական խճանկար՝ Երեւան-Թբիլիսի.

էլի ախպե՞ր ենք

Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի եւ հանդիպեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: Երկու երկրների նախագահները նշել են, որ չնայած բարեկամական եւ գործնական հարաբերությունների առկայությանը, դեռ կա չիրացված մեծ ներուժ: Քննարկվել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող բազմակողմանի հարցեր, նաեւ սահմանազատման խնդիրներ:

Հռետորական երկու հարց ուղղենք նախագահներին՝ 1. Հետաքրքիր է՝ այդ մեծ ներուժն առ այսօր ու՞մ մեղքով եւ ու՞մ պատվերով չի իրացվել: 2. Հայերն էլի՞ շարունակում են մնալ Վրաստանի համար վտանգավոր քաղաքացիներ, ինչպես դա Միխայիլ Սահակաշվիլու նախագահ դառնալու ժամանակներում էր հնչում, թե՞ Վան Բայբուրդի նման վրացահպատակները փոխել են այդ կարծիքը… հաճախ անթույլատրելիորեն խոսելով ոչ միայն վրաստանահայերի, այլեւ՝ հայաստանահայերի անունից: Իսկ գուցե «Ոսկե գեղմ» շքանշանով (օտարերկրյա քաղաքացիներին տրվող Վրաստանի բարձրագույն պետական շքանշան) պարգեւատրելով Սերժ Սարգսյանին՝ մի նո՞ր փափուկ բարձ են դնում գլխներիս տակ…

Վրաստանահայերի եւ ջավախքահայերի հավաք դեսպանատանը

Հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ Վրաստանում Հայաստանի դեսպանատան կողմից կազմակերպված հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար պատվիրակություն էր հրավիրված նաեւ Ախալքալաքի շրջանից: Այդ հանդիպմանը մասնակցել են ՀՀ նախագահը, վրացի հյուրեր եւ հայկական համայնքների մոտ 150-200 ներկայացուցիչներ, որից 8-ը՝ Ախալքալաքից:

Ջավախքի կազմը կընդլայնվի՞

Վրաստանի վարչատարածքային բաժանումը դեռ ավարտված չէ, քանզի այդ հարցը դեռ կապված է Հարավային Օսիայի ու Աբխազիայի չլուծված խնդիրներ հետ: Այսինքն՝ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը դեռեւս բաց է մնում: Այսպես է կարծում «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ՀՀԿ պատգմավոր Շիրակ Թորոսյանը: Իսկ, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի հիմնականում հայերով բնակեցված Ծալկայի շրջանը, որն այսօր ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածշրջանի կազմում է, մտնի հայաբնակ Սամցխե Ջավախքի կազմ, Շ. Թորոսյանի խոսքերով՝ «Վրաստանն այսօր հայտարարում է, որ պատրաստ է իր կազմում լայն ինքնավարություն տալ Աբխազիային ու Հարավային Օսեթիային: Երբ այդ խնդրի լուծումը հստակ հիմքերի վրա դրվի, ջավախահայերը կբարձրացնեն իրենց եւս ինքնավարություն տալու խնդիրը, ինչպես նաեւ կառաջարկեն Ծալկայի շրջանն ընդգրկել Ջավախքի կազմում»:

Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Վրաստանին հատկացվող գումարներից 112 միլիոն դոլար Ջավախքի խնդիրների լուծմանը տրամադրելուն՝ «Ջավախք» հայրենակցական միության ղեկավարը նկատեց, որ մասնավորապես այդ ծրագրով նախատեսված Ախալցխա-Ախալքալաք ճանապարհի միայն 10%-ն է այսօր կառուցված, թեեւ այն արդեն պետք է ավարտված լիներ: Նինոծմինդա-Ծալկա եւ Նինոծմինդա-Բավրա ճանապարհների կառուցման ուղղությամբ էլ ոչինչ չի արվել, ինչն այդ ծրագրով նույնպես նախատեսված է: Իսկ դրա ավարտի վերջնական ժամկետը 2010թ. է: Շ. Թորոսյանը կասկած հայտնեց, որ այդ ծրագրերը կարող են եւ կիսատ մնալ:

Մշակույթի տունը՝

նոր տեխնիկայով

Ախալքալաքի շրջանային վարչության կողմից տրամադրված օգնությամբ քաղաքի մշակույթի տան՝ շուրջ 20 տարվա վաղեմության տեխնիկան վերջապես փոխարինվել է նորով: Տնօրեն Ալիկ Քսպոյանը նշել է, որ երկարամյա գործունեության ընթացքում իրենք կառավարության ուշադրությանը երբեւէ չէին արժանացել, իսկ հիմա, կարծես այդ բնագավառը սկսել է կարեւորվել: Թեեւ մշակույթի տան հին խնդիրներն այսօր ուշադրության կենտրոնում են, սակայն, դրանք վերջնականապես լուծված չեն. «Խնդիրները որոշակիորեն լուծվել են, բայց ոչ ամբողջովին: Այսօր մշակույթի տունը փոխադրամիջոցի խնդիր ունի, «Ջավախք» համույթը՝ հանդերձանքի: Ստիպված ենք բոլոր պարերը նույն շորերով պարել, մինչդեռ ամեն մի պարի համար առանձին հագուստ պետք է լինի», – ասել է համույթի ղեկավարը:

Իսկ գուցե մշակույթի տան «բարեփոխումը» Ջավախքի երիտասարդական ռադիոյի շենքի ավերումից (վրացական հատուկջոկատայինների կողմից) հետո ցուցադրական «փոխհատուցու՞մ» է միայն… Ա՜յ, եթե ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականների դիմումը բավարարվի եւ Վրաստանին հատկացված դրամական օգնությունից (վրաց-ռուսական պատերազմի հետեւանքները վերացնելու նպատակով տրամադրած) որոշակի հատկացումներ արվեն Ջավախքին, ապա հաստատ այնտեղ բազմաթիվ խնդիրներ կլուծվեն:
Սակայն, դատելով վրացական կառավարության՝ անգամ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի ֆինանսավորմանը մասնակցելու անկարողությունից, հույսեր փայփայել պետք չէ…

Նարե Մշեցյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։